ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Մարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Մարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում, մասնավորապես, ասել է․ «Պարո՛ն նախագահ,Հարգելի՛ դեսպաններ,Տիկնայք և պարոնայք, Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում: Ողջունում ենք անվտանգության մարդակենտրոն հայեցակարգը՝ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության ուղենշային մոտեցումը՝ «Հանուն մարդկանց» կարգախոսի ներքո։ Այն, թերևս, լավագույնս է ձևակերպված, քանի որ այս կազմակերպությունը ստեղծվել է առաջին հերթին մարդկանց շահերին ծառայելու և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Վստահեցնում եմ, որ Հայաստանը կաջակցի Ձեր բոլոր ջանքերին, որոնք կնպաստեն ԵԱՀԿ տարածքում ապրող մարդկանց համար ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս արտահերթ նիստը հրավիրելու և ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ խոսելու մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Պարո՛ն նախագահ, Ես կցանկանայի այստեղ՝ Մշտական խորհրդում, ներկայացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման հարցում, ինչպես նաև դատական համակարգից մինչև ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սոցիալական համախմբվածության և արդարության բարելավման ուղղությամբ լայնածավալ բարեփոխումների հաջող իրականացման գործընթացում Հայաստանի ձեռքբերումները։ Եվ հավատացեք, ես շատ բան կունենայի ասելու։ Ցավոք, 2020 թվականի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և դրան հաջորդած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային ճգնաժամն ու մարտահրավերները սպառնում են Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: Քանի որ 44-օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամ է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունենում Մշտական խորհրդում, կցանկանայի համառոտ անդրադարձ կատարել հակամարտության կարգավորման նպատակով ուժի այս լայնածավալ աննախադեպ կիրառման ազդեցությանը ԵԱՀԿ-ի, նրա սկզբունքների ու պարտավորությունների, համապարփակ ու անբաժանելի անվտանգության հայեցակարգի ընկալման վրա։ 44-օրյա պատերազմն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ, որոնք պատշաճ կերպով հետաքննված չեն, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը: Ավելին՝ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց ուժի՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցի կիրառման համար անպատժելիությանը՝ խախտելով ԵԱՀԿ սկզբունքները, նրա հիմնական փաստաթղթերում ամրագրված պարտավորությունները և հանգեցնելով միջպետական ու ներպետական հարաբերություններում բռնության լեգիտիմացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո ադրբեջանական կողմը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում գրավվեցին ևս երկու գյուղ և գերեվարվեցին հայ զինծառայողներ։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ 150 կմ քառ: Այսօր Լաչինի միջանցքի շրջափակմամբ ադրբեջանական կողմը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, իրենց պնդմամբ՝ իբր բնապահպան ակտիվիստներ, փակեցին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհը՝ այդպիսով փաստացի մեկուսացնելով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, որոնցից 30 հազարը երեխաներ են։ Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ: Այդ երեխաների մի մասը բաժանված է ծնողներից և ժամանակավորապես ապաստան է գտել Հայաստանում։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է, որն ուղղորդվում և ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ օգտագործելով, այսպես կոչված, «էկոակտիվիստների» քողարկումը՝ իրենց գործողությունների արժանահավատ հերքման համար։ Ադրբեջանի այս գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի բացահայտ խախտում են, որտեղ հստակ նշվում է, որ. «Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է փաստացի շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղ սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։ Նախկինում ամեն օր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են ներկրվել շուրջ 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հացահատիկ, ալյուր, բրինձ, բանջարեղեն, մրգեր, դեղամիջոցներ, մանկական սնունդ։ Այժմ՝ շուրջ հինգ շաբաթ շրջափակումից հետո, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների խիստ կարիք կա: Ավելին, ցրտաշունչ ձմեռային պայմաններում 3 օրով գազամատակարարման կանխամտածված ընդհատումը, դրան հաջորդած՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում էլեկտրականության և հեռահաղորդակցության գծերի շարունակական խափանումները, Ադրբեջանի իշխանությունների նախապես ծրագրված գործողությունների ևս մեկ վկայություն է։ Սա լրջորեն ազդում է մարդկանց առօրյայի վրա և հանգեցնում է հումանիտար բնույթի մի շարք անբարենպաստ հետևանքների, ինչպիսիք են էլեկտրականության բացակայությունը, դպրոցներում ուսումնական գործընթացի, պետական գերատեսչությունների գործունեության, բիզնեսի խաթարմանը, հիվանդանոցներում և կենսական կարևորություն ունեցող այլ հաստատություններում ջեռուցման խափանմանը: Մարդիկ զրկված են ջեռուցումից և տաք ջրից։ Իշխանությունները սահմանափակումներ են ներմուծել վառելիքի, իսկ այժմ նաև՝ պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար։ Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է: Հայաստանի խնդրանքով այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք Անվտանգության խորհրդի անդամներին և նաև Գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք սարսափելի իրավիճակի մասին և հորդորել մեր գործընկերներին՝ միջամտել ու դադարեցնել ծավալվող հումանիտար աղետը։ Իհարկե, ես ողջունում եմ մեր գործընկեր երկրների միանշանակ հայտարարություններն ու դիրքորոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերացնել շրջափակումը և ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անարգել տեղաշարժը։ Կարծում եմ՝ պետք է ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս: Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ լքել իրենց հայրենի հողն ու տները: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում է արտաքսել այն հայերին, ովքեր չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, վկայում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրության մասին։ Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։ Հարգելի՛ գործընկերներ, Ցուցաբերելով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ երեք ուղղություններով բանակցություններին, որոնք են` տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և սահմանների անվտանգությունն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության համաձայնագիրը։ Առաջին ուղղությամբ, որը վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը, մենք ձևավորել ենք եռակողմ աշխատանքային խումբ, մեր կողմից՝ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ։ Այս ձևաչափով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, քննարկվել են հնարավոր ճանապարհներին և երկաթուղային հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված այլ մանրամասներ։ Դժբախտաբար, Ադրբեջանի մոտեցումն այս գործընթացում ի սկզբանե եղել է ոչ կառուցողական։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած իր հստակ պարտավորությանը, Ադրբեջանն առաջ քաշեց Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրման չհիմնավորված պահանջ։ Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանը երբեք որևէ պարտավորություն չի ստանձնել կամ որևէ կերպ չի համաձայնել իր տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրմանը, և ադրբեջանական կողմի բոլոր պնդումները եռակողմ հայտարարությունների բովանդակության ակնհայտ խեղաթյուրում և մանիպուլյացիա են։ Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է թե ոչ։ Եվ նա ասել է, որ այս եզրույթն ինքն է ներմուծել նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է ընդունվել արագ՝ այն պահից, երբ Ադրբեջանն ընդունի, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության շրջանակներում։ Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։ Փաստորեն, սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։ Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ։ Հարաբերությունների կարգավորման երկրորդ ուղղությունը սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքն է։ Հանձնաժողովները ստեղծվել են 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից և դրան հաջորդած՝ Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո։ Հանձնաժողովները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։ Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը: Նախ, չնայած Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի և Եվրոպական Խորհրդի նախագահի կողմից հյուրընկալված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ հանձնաժողովը պետք է ունենա երկակի մանդատ և աշխատի սահմանազատման և սահմանակից տարածքների անվտանգության կայուն իրավիճակի շուրջ, Ադրբեջանը հրաժարվեց հանձնաժողովների վերնագրում ներառել «սահմանային անվտանգություն» տերմինը, ինչը բացահայտ ցույց էր տալիս նրա իրական մտադրությունները: Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։ Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։ Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներ։ Այս համատեքստում, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Լեհաստանի նախագահությանը, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Եռյակին և Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությանը տեղում իրավիճակը գնահատելու նպատակով ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու համար, ինչպես նաև բարձր գնահատել առաքելության բոլոր աջակիցների ջանքերը: Առաքելության զեկույցը հստակորեն բացահայտեց ավերածությունների ծավալն ու խորությունը, և մենք ի գիտություն ընդունեցինք դրանում պարունակվող եզրակացություններն ու հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է ծառայեն որպես ելակետ Հայաստանի հետ ԵԱՀԿ գործադիր կառույցների հետագա աշխատանքների և ներգրավվածության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու համար։ Մենք պատրաստ ենք այս հարցում հետագա համագործակցության։ Սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։ Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։ Բանակցությունների երրորդ ուղղությունը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի տեքստին, որը պետք է համակողմանիորեն հասցեագրի բոլոր խնդիրները և ստեղծի բարենպաստ անվտանգային միջավայր՝ տարբեր ուղղություններով քննարկումները շարունակելու համար։ Հայկական կողմը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: Ցավալի է, որ հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից։ Այս ամենի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ադրբեջանական առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու, հայկական կողմն առաջարկել է ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ։ Մենք պետք է ընդունենք այս խնդրի հսկայածավալ լինելը՝ հաշվի առնելով, որ ավելի քան 30 տարի երկու երկրների միջև փաստացի ոչ մի հարաբերություն չի եղել: Բայց մենք համոզված ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու կայունության ու դրանց հեռանկարների համար։ Այնուամենայնիվ, խնդրի կարգավորմանը հնարավոր չէ հասնել առանց հակամարտության խորքային պատճառների, մարդու հիմնարար իրավունքների հարցի հասցեագրման և հաշտեցման ուղղությամբ աշխատելու քաղաքական կամքի: Լաչինի միջանցքի շրջափակումը, որը քայլ է ճիշտ հակառակ ուղղությամբ և ավելի է հեռացնում այս բոլոր ուղղություններով ցանկացած առաջընթացի հեռանկարը, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը: Հարգելի՛ գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: Այս փաստը հաստատում են Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը:Հայաստանը նաև խիստ մտահոգված է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որի շուրջ քննարկումները շարունակվում են 2020թ. նոյեմբերից, դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է Կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել: Կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում:Շնորհակալություն»:
18:27 - 17 հունվարի, 2023
Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Անհապաղ և առանց պայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնում է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը։ «ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը․ այն է՝ անհապաղ և առանց պայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աշխատանքային այցով Վիեննայում է, ուր ընթանում է Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստը։  ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ նախատեսված են երկկողմ հանդիպումներ։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Այսօրվանից Արցախում սկսվում է սննդամթերքի կտրոնների տրամադրումը։ Արցախը շրջափակման մեջ է։   Լուսանկարը՝ ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության թվիթերյան էջից
16:07 - 17 հունվարի, 2023
Հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու հարցը․ Միրզոյանը՝ Գուտերիշին

Հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու հարցը․ Միրզոյանը՝ Գուտերիշին

Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։   Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:
22:40 - 16 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը և Ղադա Ֆաթի Վալին քննարկել են օտարերկրյա վարձկանների օգտագործման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները

Արարատ Միրզոյանը և Ղադա Ֆաթի Վալին քննարկել են օտարերկրյա վարձկանների օգտագործման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը:  Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում: Կողմերը քննարկել են կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Այս առումով կարևորվել է անցած տարի ստորագրված Հայաստանի ու ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը։ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։
20:11 - 16 հունվարի, 2023
ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես ասել էր, որ Հայաստանին Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության մաս կազմելու առաջարկ չի եղել։ Փաշինյանը, սակայն, ընդգծել էր, որ «իրականությունը այդքան պարզ չէ, և հաճախ պետք է դիտարկել հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը»։  Խոսելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ն ոչ պաշտոնական առաջարկ ստացել է Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ, Փաշինյանն ասել էր՝ «փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել»։ Անցած տարեվերջին էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսել այն թեմայի մասին՝ ասելով, որ Հայաստանի հանդեպ ճնշումներ կան Միութենական պետության մասով՝ չմանրամասնելով, սակայն, թե ում կողմից է ճնշումը և ինչ մակարդակով․ Գրիգորյանի այս հայտարարությունից հետո էին մենք հարցում ուղարկել ԱԳՆ։  Միութենական պետության հետ կապված Հայաստանի վրա գործադրվող ճնշումների մասին Factor.am-ին տված հարցազրույցում խոսել էր նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ Հայաստանին այդ պետության կազմ մտցնելու առնչությամբ նույնիսկ ժամկետներ են եղել, սակայն Հայաստանը կատեգորիկ մերժել է այդ առաջարկները։  Միութենական պետության թեման Հայաստանում սկսել էր ավելի ակտիվ քննարկվել դեռևս  անցած տարվա փետրվարին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով հետխորհրդային երկրների՝ Միութենական պետությանը միանալու հեռանկարների մասին, ասել էր․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք՝ ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... Այդ հզորության միավորման ավարտից հետո կամ միավորման ընթացքում... Իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... Իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։Բելառուսի ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը՝ նշելով, որ այդ հայտարարությունը ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը, ինչից հետո էլ  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետության հարց չկա։ Նանե Ավետիսյան
11:40 - 16 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հանգուցալուծման հրամայականին

Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հանգուցալուծման հրամայականին

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան` ընդգծելով, որ այն վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է միջ­խորհրդա­րանական մակարդակով ձևավորված սերտ համագործակցությունը և այս առումով առանձնահատուկ կարևորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի գործունեությունն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Երկուստեք անդրադարձ է կատարվել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծման հրամայականին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը: ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ տարբեր մակարդակներում և ձևաչափերում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշման համար:
14:02 - 14 հունվարի, 2023
G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել․ Արարատ Միրզոյանը՝ «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին

G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել․ Արարատ Միրզոյանը՝ «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն նախարար Ջայշանկար, Հարգելի գործընկերներ, Նախ, ես կցանկանայի շնորհավորել Հնդկաստանին G-20-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հայտնել մեր երախտագիտությունը «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» մասնակցության հրավերի համար: Անցյալ ամիս Նյու Յորքում ես ականատես եղա ՄԱԿ անդամ-պետությունների շրջանում միասնության և առաջընթացի խթանմանն ուղղված Հնդկաստանի դերակատարությանը՝ միտված մեր բոլոր ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով հասցեագրելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրությունը և դրա հիմնական սկզբունքները պահպանելուն: Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ արագ առաջընթաց է գրանցում շատ ոլորտներում, և գլոբալ ցնցումների այս ժամանակաշրջանում մենք գնահատում ենք Հնդկաստանի կայունացնող գործունեությունը: Աշխարհում, որտեղ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակում են ավելանալ, իսկ բացառման երևույթները շարունակում են աճել, մենք պետք է ներառական գործընկերության համար նոր ուղիներ բացահայտենք՝ մեղմելու բացասական միտումները և օգտվելու Գլոբալ հյարավի հսկայական ներուժից: Այդ առումով, G-20-ում Հնդկաստանի նախագահության առաջնահերթությունները՝ կանաչ զարգացումից մինչև տեխնոլոգիական փոխակերպում, ներառական և կայուն աճից մինչև կանանց կողմից առաջնորդվող զարգացում և այլն, նախապայման են հանդիսանում ազատ և բաց աշխարհի համար, որը փոխկապակցված է, բարեկեցիկ և ապահով: Գլոբալ հարավի երկրների և ժողովուրդների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու առաջնահերթություններից պետք է լինի հաղորդակցությունը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը  մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ներառական և անաչառ տարածաշրջանային ու անդրսահմանային կապի խրախուսման վաղեմի ջատագովն է, ինչը կբացահայտի Հարավային Կովկասի առևտրային և տարանցիկ ներուժը: Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և բոլոր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առանցքային են մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտները վերացնելու համար, հատկապես գլոբալ տնտեսական անկման ժամանակաշրջանում և բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական իրավունքների իրացման տեսանկյունից: Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ կապի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Հայաստանը նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերն այս նախագծերում։ Հարգելի գործընկերներ, Մինչ մենք խոսում ենք հաղորդակցության և մարդկանց ազատ տեղաշարժի մասին, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամբողջ աշխարհն ականատես է լինում այս սկզբունքների կոպտագույն խախտման. շինծու բնապահպանական մտահոգությունների պարտրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը: Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների։ Ադրբեջանական ապօրինի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր առերեսվում է հումանիտար աղետի: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Զգալի է թերսնման, հատկապես` երեխաների թերսնման վտանգը։ Ադրբեջանական շրջափակման տարբեր կողմերում հայտնված հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված։ Ստեղծված իրավիճակում մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության և, մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության միանշանակ կոչերը՝ շրջափակումը դադարեցնելու և միջազգային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։ Ներկայումս մեր միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։ Մենք նաև անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքի ապահովումը։ Շնորհակալություն:
12:46 - 13 հունվարի, 2023
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր

Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։ Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: «Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր վրացի գործընկերոջն է ներկայացրել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ
20:00 - 12 հունվարի, 2023
Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Լյուքսեմբուրգի գործընկերոջը

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Լյուքսեմբուրգի գործընկերոջը

Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ: Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկելու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ այս համատեքստում կարևորելով միջազգային հանրության հստակ կոչերը և հասցեական քայլերը: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
18:52 - 12 հունվարի, 2023
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

 |factor.am|

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |factor.am|

factor.am: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ «ԱԳ նախարար Ասսելբորնը զրուցել է իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Լաչինի միջանցքն ու շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը, որն ազդել է 120,000 քաղաքացու վրա։ Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Բոլոր կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,- ասվում է ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։ Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է ստանձնի իր պարտականությունները եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժը վերականգնելու համար։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:
17:13 - 12 հունվարի, 2023
ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը: «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»,- նշել է Հունանյանը։ Նրա խոսքով՝ Քարտուղարության խնդիրները հստակ սահմանված են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում․ «Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ «Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- նշված է Հունանյանի մեկնաբանության մեջ։
16:22 - 12 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարն նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում: Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
18:20 - 11 հունվարի, 2023
Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Արարատ Միրզոյան

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հայկական կողմը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի իբր բնապահպանական հիմնավորումները և հնչող մեղադրանքները կեղծ են: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
19:33 - 10 հունվարի, 2023