Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

 |factor.am|
17:13 - 12 հունվարի, 2023

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |factor.am|

factor.am: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«ԱԳ նախարար Ասսելբորնը զրուցել է իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Լաչինի միջանցքն ու շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը, որն ազդել է 120,000 քաղաքացու վրա։ Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Բոլոր կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,- ասվում է ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է ստանձնի իր պարտականությունները եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժը վերականգնելու համար։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել