ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ
11:40 - 16 հունվարի, 2023

ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես ասել էր, որ Հայաստանին Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության մաս կազմելու առաջարկ չի եղել։ Փաշինյանը, սակայն, ընդգծել էր, որ «իրականությունը այդքան պարզ չէ, և հաճախ պետք է դիտարկել հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը»։ 

Խոսելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ն ոչ պաշտոնական առաջարկ ստացել է Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ, Փաշինյանն ասել էր՝ «փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել»։

Անցած տարեվերջին էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսել այն թեմայի մասին՝ ասելով, որ Հայաստանի հանդեպ ճնշումներ կան Միութենական պետության մասով՝ չմանրամասնելով, սակայն, թե ում կողմից է ճնշումը և ինչ մակարդակով․ Գրիգորյանի այս հայտարարությունից հետո էին մենք հարցում ուղարկել ԱԳՆ։ 

Միութենական պետության հետ կապված Հայաստանի վրա գործադրվող ճնշումների մասին Factor.am-ին տված հարցազրույցում խոսել էր նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ Հայաստանին այդ պետության կազմ մտցնելու առնչությամբ նույնիսկ ժամկետներ են եղել, սակայն Հայաստանը կատեգորիկ մերժել է այդ առաջարկները։ 

Միութենական պետության թեման Հայաստանում սկսել էր ավելի ակտիվ քննարկվել դեռևս  անցած տարվա փետրվարին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով հետխորհրդային երկրների՝ Միութենական պետությանը միանալու հեռանկարների մասին, ասել էր․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք՝ ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... Այդ հզորության միավորման ավարտից հետո կամ միավորման ընթացքում... Իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... Իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։

Բելառուսի ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը՝ նշելով, որ այդ հայտարարությունը ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը, ինչից հետո էլ  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետության հարց չկա։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել