ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի համատեղ ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե Հայաստանի ու ՌԴ-ի միջև ՀՕՊ միացյալ պաշտպանության համակարգի մասին պայմանագրի առկայությունը ներդաշնակ լինելո՞ւ է հայ-ֆրանսիական համագործակցության հետ։ Ավելի վաղ ֆրանսիացի նախարարը, անդրադառնալով ՀՕՊ համակարգերի մատակարարմանը, հայտարարել էր, որ հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի: Ի պատասխան վերոնշյալ հարցի՝ Լըկորնյուն ասաց, որ դիվանագիտական այդ հենքը կա, բայց կան պարտավորություններ, որոնք ընդունվում են բոլորի կողմից։  «Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, Երևանն իրավունք ունի թեքվել դեպի այն գործընկերները, որոնք հուսալի են»,- հավելեց նա։ Ապա Սուրեն Պապիկյանը անդրադարձավ հարցին՝ նշելով, որ այն իր իրավասության տիրույթում է՝ չնայած հարցն ուղղված էր ֆրանսիացի գործընկերոջը․ «Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունը ապահովելու մասին է։ Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում»։
12:51 - 23 փետրվարի, 2024
Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, կարծում եմ՝ այն պիտի դիտարկենք երկուստեք։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չի՞ մտնում Հայաստան-Ռուսաստան պարտավորությունների կամ ՀԱՊԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների մասով։ Պապիկյանը հիշեցրեց 2022թ․ դեպքերը, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի, և Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնվեցին ՀՀ տարածքներ։ Նրա խոսքով հենց այդ ժամանակ Հայաստանն առաջին անգամ հայտարարեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը և այս ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել։ «Կարծում եմ՝ հարցը, որ տալիս եք, դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից։ Այս հարցում մենք շատ հստակ ենք, պարզ և անթաքույց»,- հավելեց նա։ Հարցի մյուս մասին, թե Իրանի տրամադրությունները ստուգվե՞լ են այս առումով, Պապիկյանը պատասխանելով ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հաարապետության է և որևէ մեկի դեմ չէ։ «Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները բնականաբար հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ մեր Ռուսաստանի գործընկերներն էլ նույնը պետք է անեն, և մնացած մեր բոլոր գործընկերները՝ ևս»,- ընդգծեց նախարարը։ Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ «Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև մտահոգվողը պիտի մենք լինենք, խոսքը վերաբերում է մեր շահին»։
12:39 - 23 փետրվարի, 2024
Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցին, նշեց, որ «հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի»։ Նա հայտարարեց նաև, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը ներառում է ոչ միայն սպառազինությունների մատակարարում, այլև վերապատրաստում։ Ըստ նրա՝ խոսքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում վերապատրաստումների մասին է։ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենա վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։ Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ֆրանսիան մեծացնելու է հակաօդային պաշտպանական բնույթի միջոցների վաճառքը Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ունի օդը պահելու խնդիր, և որ Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական բնույթի զենք-զինամթերք, ֆրանսիացի նախարարը  կարծիք հայտնեց, որ վերջերս տեղի ունեցող բոլոր հակամարտություններից հետևությունն այն է, որ պաշտպանական միջոցները ամենակարևոր կետն են․ ծայրահեղ դեպքում դրանք հնարավորություն են տալիս պաշտպանվել մարտի դաշտում, ինչը տեսանք Ուկրաինայում, բայց հատկապես հնարավորություն են տալիս պաշտպանելու քաղաքացիական հասարակությանը և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ էներգետիկան, տրանսպորտը, օդանավակայանները և այլն։ «Մենք տեսնում ենք՝ գնալով ավելի շատ սպառնալիքներ են լինում՝ սկսած ԱԹՍ-ների դեմ պաշտպանությունից մինչև հրթիռային և հարձակողական ինքնաթիռների դեմ պաշտպանությունը։ Դա ճիշտ է նաև մեզ համար։ Ֆրանսիայում մենք աշխատանքներ ենք տանում հրթիռային բազայի վերակազմավորման առումով և նոր ռազմասպառազինության, որը հնարավորություն է տալիս ավելի լավ պաշտպանելու մեր օդը»,- ասել է նա։ Լըկորնյուն հայտարարեց, որ որքանով Ֆրանսիան հզորացնում է իր բազան, այնքան ավելի մեծ հնարավորություն է տալիս դա Հայաստանի հետ համագործակցության համար։ «Շատ արագ մենք կկարողանանք նոր բաներ առաջարկել։ Minstrel հրթիռների մասին ենք օրինակ խոսել այս առավոտ: Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Վերապատրաստման առումով․ բավականին հեշտ է դրանք գործածելը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն, այդ մասին խոսել ենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընդամենը ներկայացնում է ֆրանսիական հնարավորությունները՝ և՛ սպառազինության, և՛ վերապատրաստման առումով։ «Վերջին շերտի պաշտպանությունը կա նաև, որը շատ ավելի լուրջ տեխնոլոգիա է․ Thales ռադարների մասին է խոսքը։ GM-200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի արդեն»,- նշեց նախարարը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ տրամադրվող զենք-զինամթերքը պաշտպանական բնույթի է, և, որ միակ ձևը, որ ՀՕՊ համակարգերը չկիրառվեն, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի։
12:15 - 23 փետրվարի, 2024
Նախարարները կարևորել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը

Նախարարները կարևորել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։  Միաժամանակ նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ: Նախարարները կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը և այն երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ջանքերը:  Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը: Քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:  Նախարարներն ընդգծել են, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:
11:52 - 23 փետրվարի, 2024
ՀՀ շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ստեղծված անվտանգային միջավայրից․ Պապիկյան

ՀՀ շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ստեղծված անվտանգային միջավայրից․ Պապիկյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը պաշտպանության նախարարությունում ստորագրեցին փաստաթղթեր: Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդեց Սուրեն Պապիկյանի և  Սեբաստիեն Լըկորնյուի մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հաստատեց տեղեկությունը, որ երեկ պաշտպանական սպառազինության խմբաքանակ է բերվել Հայաստան․ ««Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան»։ «Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհտեև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել ՀՀ բանակին իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար»,- նշեց նա։ Ֆրանսիացի լրագրողի հարցին, թե «արդյո՞ք վտանգ կա Ադրբեջանի կողմից, և դա ստիպում է նախարարին նոր պայմանագիր կնքել», Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ չի կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման՝ խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից։ «ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- ընդգծեց Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը ասաց նաև, որ անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը․ «Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են»։
11:23 - 23 փետրվարի, 2024
Այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», հանդիպել ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ. Պապիկյան

Այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», հանդիպել ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Ելիսեյան պալատում մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը: Այդ մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջից:   «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր:   Այնուհետև ներկա ենք գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:   Իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, վարչապետի գլխավորությամբ այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ»,- նշված է գրառման մեջ:
18:58 - 22 փետրվարի, 2024
Նախնական տվյալներով Գեղարքունիքի դանակահարության դեպքը կապված չէ տուժողներից մեկի ծառայողական գործունեության հետ

Նախնական տվյալներով Գեղարքունիքի դանակահարության դեպքը կապված չէ տուժողներից մեկի ծառայողական գործունեության հետ

2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։  Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ. փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել, ապա վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում հաշվառված 19-ամյա երիտասարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, 2024թ. փետրվարի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /երկու դրվագ/, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ, 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։ Որոշում է կայացվել՝ 19-ամյա երիտասարդին, սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։
12:44 - 22 փետրվարի, 2024
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքներն՝ ընդգծելով, որ այս տարի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են իր անմիջական ուշադրության ներքո: ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք, որոնք մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։ Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով. թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր, գրավոր և բանավոր բողոքներ, զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին այցեր, զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ, ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։ Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) Տեղում ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ: «Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն: Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների՝ ներկայացվում են խնդիրների լուծման առաջարկներ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
11:03 - 22 փետրվարի, 2024
Սուրեն Պապիկյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Սուրեն Պապիկյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի արարողությունը, կնոջ՝ Մելինե Մանուշյանի ուղեկցությամբ, տեղի է ունենալու փետրվարի 21-ին՝ Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ։ Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսանդր Դյուման և այլք: Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
12:14 - 21 փետրվարի, 2024
Պապիկյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին

Պապիկյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր հաջողություններ, հայրենիքին անմնացորդ ծառայելու կամք ու կորով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանության նախարարը խորհրդակցության ավարտին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
15:09 - 20 փետրվարի, 2024
«Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հետ»․ Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է
 |news.am|

«Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ նա առնչություն ունի ՊՆ-ից գումար հափշտակելու հետ»․ Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է |news.am|

news.am: Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, փետրվարի 14-ին մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը` ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ըստ այդմ` Ալթունյանի նկատմանբ կիրառվել է գրավը և այժմ նա ազատության մեջ է: Այս առնչությամբ Գևորգ Ալթունյանի պաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Շուրջ 9 ամիս տևող նախաքննության ընթացքում այդպես էլ ձեռք չեն բերվել ապացույցներ առ այն, որ Գևորգ Ալթունյանը որևէ առնչություն ունի ՊՆ-ից ոչ թե 106 միլիոն, այլ նույնիսկ 10 դրամ հափշտակելու հետ: Ավելին` վաղուց արդեն ապացուցված է, որ Գևորգ Ալթունյանի հեղինակած թվային համակարգը,  որի «չգոյության» համար էլ հարուցվել էր այս քրեական գործը, ոչ միայն գոյություն ունի, այլև ամբողջական ծավալով դատարանի դահլիճում արդեն իսկ ներկայացրել է հենց պարոն Ալթունյանը»:
15:38 - 19 փետրվարի, 2024
Զորամասերում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել. ՊՆ-ն հերքում է լրատվամիջոցի հրապարակումը

Զորամասերում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել. ՊՆ-ն հերքում է լրատվամիջոցի հրապարակումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լրատվամիջոցներից մեկում հրապարակված լուրը: ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Oragir.news լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ, ուստի հրապարակման մեջ նշված «Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն» հատվածը բացարձակ կեղծիք է և ապատեղեկատվություն: Իրականությանը չի համապատասխանում նաև կայքի՝ իր աղբյուրներին հղմամբ «հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել» հայտարարությունը: Պաշտպանության նախարարությունը հորդորում է լրատվամիջոցին, սահմանված կարգով, անհապաղ հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկությունները: Նաև տարակուսելի է այն հանգամանքը, որ հիշյալ լրատվամիջոցը ՊՆ գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրվել է, սակայն իր ստացած տեղեկությունների վերաբերյալ պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան ճշտումներ չի կատարել»:
12:33 - 18 փետրվարի, 2024