Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան
12:39 - 23 փետրվարի, 2024

Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, կարծում եմ՝ այն պիտի դիտարկենք երկուստեք։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չի՞ մտնում Հայաստան-Ռուսաստան պարտավորությունների կամ ՀԱՊԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների մասով։

Պապիկյանը հիշեցրեց 2022թ․ դեպքերը, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի, և Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնվեցին ՀՀ տարածքներ։ Նրա խոսքով հենց այդ ժամանակ Հայաստանն առաջին անգամ հայտարարեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը և այս ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել։

«Կարծում եմ՝ հարցը, որ տալիս եք, դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից։ Այս հարցում մենք շատ հստակ ենք, պարզ և անթաքույց»,- հավելեց նա։

Հարցի մյուս մասին, թե Իրանի տրամադրությունները ստուգվե՞լ են այս առումով, Պապիկյանը պատասխանելով ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հաարապետության է և որևէ մեկի դեմ չէ։

«Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները բնականաբար հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ մեր Ռուսաստանի գործընկերներն էլ նույնը պետք է անեն, և մնացած մեր բոլոր գործընկերները՝ ևս»,- ընդգծեց նախարարը։

Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ «Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև մտահոգվողը պիտի մենք լինենք, խոսքը վերաբերում է մեր շահին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել