Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո
11:03 - 22 փետրվարի, 2024

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքներն՝ ընդգծելով, որ այս տարի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են իր անմիջական ուշադրության ներքո:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք, որոնք մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի

Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք Պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։

Նշված ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմում զորակոչին վերաբերող խնդիրներն արձանագրվել են մի քանի ուղղություններով ստացվող բողոքներով.

  • թեժ գծի հեռախոսահամարներին ահազանգեր,
  • գրավոր և բանավոր բողոքներ,
  • զինկոմիսարիատ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին այցեր,
  • զորակոչիկների և նրանց ծնողների հետ առանձնազրույցներ,
  • ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն։

Զորակոչի ընթացքում Պաշտպանն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ) Տեղում ծանոթացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության ընթացքին, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին

Ամբողջ զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ համագործակցություն է ունեցել ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինկոմիսարիատների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ:

«Այս կապակցությամբ ընդգծում և բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ 2023 թվականի ձմեռային զորակոչին Պաշտպանի կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրություններով ներկայացված բոլոր առաջարկները իրացվել են. զորակոչիկներն ուղեգրվել են լրացուցիչ հետազոտությունների և ներկայացվել կրկնակի փորձաքննությունների, ստացել են իրենց անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ու եզրակացություններ, նրանց տրամադրվել են տարկետումներ և այլն:

Ինչպես զորակոչիկների, այնպես էլ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են, ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների՝ ներկայացվում են խնդիրների լուծման առաջարկներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել