ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ինչ սպասել դրանից
 |hetq.am|

Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ինչ սպասել դրանից |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև նրանց դաշնակիցները, այսօր մեկնարկում է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Ինչպես հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը, այս գագաթնաժողովը «պատմական պահ կլինի Լիտվայի և նրա մայրաքաղաքի համար, որն այս տարի նշում է իր 700-ամյակը ոչ միայն այն պատճառով, որ կկայանա Դաշինքի արևելյան սահմանին, այլև այն որոշումների մասով, որոնք կնպաստեն Հյուսիսատլանտյան դաշինքի աճին և ամրապնդմանը»։  Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա կլինի ՆԱՏՕ-ի թվով չորրորդ գագաթնաժողովը։ Նախկինում Դաշինքի առաջնորդները այսքան հաճախ չէին հանդիպում։ Վերջին գագաթնաժողովը կայացել էր Մադրիդում, դրան էլ նախորդել էին երկու առցանց գագաթնաժողովներ։ Իսկ մինչ Ուկրաինա ներխուժումը, ՆԱՏՕ-ի առաջնորդները հանդիպում էին երկու տարին կամ տարին մեկ։ Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը, որը կկայանա LITEXPO ցուցահանդեսային համալիրում, ապահովում են Patriot տեսակի ՀՕՊ երեք համալիրները, որոնք տրամադրել է Գերմանիան, ինչպես նաև պարեկություն են անում կործանիչները։ Բացի պետությունների ղեկավարների հանդիպումից, գագաթնաժողովի առաջին օրը կկայանա նաև հանրային համաժողով, որը նվիրված կլինի Դաշինքի գործունեությանը։ Դրան կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ ՆԱՏՕ-ի առաջնորդներն այսօր կհանդիպեն նաև դաշնակից երկրների՝ Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի ու Մոլդովայի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նախագահական պալատում հանդիսավոր ընթրիք կմատուցի նախագահների պատվին։ Գագաթնաժողովի երկրորդ օրն արդեն նախատեսված է երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ ՆԱՏՕ-ի առաջնորդների տիկնանց ծրագրի համար պատասխանատու են Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդինեն և Սթոլթենբերգի կինը՝ Ինգրիդ Շուլերուդը։ Հուլիսի 12-ին Նաուսեդինեն, Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ, կկազմակերպի այց դեպի Վիլնյուսի ուկրաինական կենտրոն։ Շվեդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Շվեդիան և Ֆինլանդիան, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, 2022 թվականի մայիսին միասին դիմեցին անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Թուրքիան միանգամից հայտարարեց, որ նախապայմաններ ունի երկու երկրներին էլ։ Անկարայի կարծիքով՝ սկանդինավյան այդ երկու երկրներն անարդարացիորեն էմբարգո էին սահմանել Թուրքիային զենքի մատակարարումների վրա և թաքցնում էին քուրդ զինյալներին, որոնց թուրքական իշխանությունները ահաբեկիչներ են անվանում։ Անկարայի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ երկու երկրները համաձայնեցրեցին գործողությունների ծրագրեր, որոնք պետք է հանգեցնեին սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։   Նախորդ տարվա հուլիսի 5-ին Մադրիդում Դաշինքի բոլոր անդամները, ներառյալ՝ Թուրքիան, ստորագրեցին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդայի անդամակցության մասին արձանագրությունները, որոնք այնուհետ պետք է վավերացվեին անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Հելսինկիի նկատմամբ բոլոր գործընթացներն ավարտվեցին այս տարվա ապրիլի 4-ին և Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի արձանագրությունը դեռևս չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան։  Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել էր ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցության դիմաց քննարկել Եվրամիությանը Թուրքիայի միացման հարցը։ «Ես դիմում եմ այն երկրներին, որոնք Թուրքիային արդեն ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների առջև։ Սկզբում բացեք դեպի ԵՄ Թուրքիայի համար ճանապարհը, իսկ այնուհետ մենք կբացենք դեպի ՆԱՏՕ Շվեդիայի ուղին, ինչպես դա արդեն արել ենք Ֆինլանդիայի համար»,- Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։ Իսկ երեկոյան արդեն Վիլնյուսում կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հանդիպումը, որից հետո Սթոլթենբերգը հայտարարեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնվել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ «Պարոն Էրդողանը համաձայնվել է որքան հնարավոր է արագ խորհրդարանի վավերացմանը ներկայացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և աշխատել խորհրդարանի հետ կարճ ժամկետներում` այդ փաստաթղթի վավերացման ուղղությամբ»,- հայտարարել էր Սթոլթենբերգը՝ հավելելով, որ իր հերթին ՆԱՏՕ-ն խոստացել է ստեղծել հատուկ մեխանիզմ և ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ներկայացուցչի պաշտոն։ Թուրքական Yeni Şafak-ն էլ հայտնել էր, թե Շվեդիայի անդամակցության փոխարեն ինչ կստանա Անկարան։ Մասնավորապես, ըստ թուրքական պարբերականի, ԵՄ ներկայացուցիչները համաձայնվել են արագացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, այդ թվում` Մաքսային միությանն անդամակցելու և նրա քաղաքացիների համար առանց վիզայի այցելությունների թույլտվության մասով։ Ըստ թուրքական պարբերականի՝ թուրքական կողմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ «Անկարան ստացել է այն, ինչ ուզում էր, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը կարագանա»։ Պատահական չէ, որ Շվեդիան, դեռևս չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, հուլիսի 12-ին հրավիրվել է մասնակցելու «ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի» առաջին հանդիպմանն ու ՆԱՏՕ-ի առաջնորդների բանակցություններին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցների հետ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:46 - 11 հուլիսի, 2023
Թուրքիան կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ
 |armenpress.am|

Թուրքիան կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հաստատել Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Այս մասին գրում է CNN-ը՝ նշելով, որ սա լուրջ զարգացում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին։ Այս հայտարարությունը շրջադարձային քայլ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիան կարող է դաշինքին միանալ միայն այն բանից հետո, երբ իր երկիրը միանա Եվրոպական Միությանը։ Հուլիսի 10-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը համաձայնել է Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հնարավորինս շուտ Ազգային ժողով ներկայացնել և աշխատել խորհրդարանի հետ՝ արձանագրության հաստատումն ապահովելու համար։ Ստոլտենբերգը, սակայն, չի հայտնել, թե երբ Էրդողանը փաստաթուղթը կներկայացնի խորհրդարան։ Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցության հայտը, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հունգարիան այն կհաստատի ամենավերջինը։ Թուրքիան ամիսներ շարունակ չէր հաստատում Շվեդիայի հայտը՝ հայտարարելով, որ Ստոկհոլմը Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» անդամներին թույլ է տալիս գործել իր տարածքում։ Անկարան նաև դատապարտում էր Ստոկհոլմին իսլամաֆոբ ցույցերի համար, այդ թվում՝ Ղուրանի այրման։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ Թուրքիան և Շվեդիան աշխատել են անվտանգության շուրջ Անկարայի «օրինական մտահոգությունները լուծելու ուղղությամբ»։
10:39 - 11 հուլիսի, 2023
Թուրքիայի նախագահը մեկնել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին |1lurer.am|

Թուրքիայի նախագահը մեկնել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին |1lurer.am|

1lurer.am: Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կկայանա ՆԱՏՕ-ի ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Լիտվայի մայրաքաղաք է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ուկրաինայում շարունակվող պատերազմը, նրա մարտահրավերները ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ռազմական դաշինքն ուժեղացնելու քայլերը: Օրակարգում կլինի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ Նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, քննարկել դաշինքին Ուկրաինայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության, Կիևին ռազմական աջակցության, Անկարայի կողմից ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերման հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել նաև ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք ինտեգրման հնարավորությանը: Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման հետ կապված Էրդողանը հայտարարել է՝ Ստոկհոլմը փոխել է հակաահաբեկչական օրենսդրությունը, սակայն այդ ջանքերը զրոյացվում են, քանի որ, Էրդողանի խոսքով, Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները շարունակում են հակաիսլամական ակցիաներ անցկացնել Շվեդիայում: Բայդենն ի պատասխան շեշտել է, որ Ստոկհոլմը պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը բխում է Վաշինգտոնի շահերից։ Նախագահները պայմանավորվել են հանդիպել Վիլնյուսում՝ ավելի մանրամասն քննարկելու երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։
18:31 - 10 հուլիսի, 2023
«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ»․ Էրդողան
 |azatutyun.am|

«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ»․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, թե վաղը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի լիդերների գագաթնաժողովում եվրոպացիներին կոչ կանի Թուրքիային ընձեռել Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, ինչից հետո Շվեդիան կստանա կարողանա միանալ ՆԱՏՕ-ին: «Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, այնպես, ինչպես մենք արել ենք Ֆինլանդիայի պարագայում»,- ասել է Էրդողանն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա նշել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու հարցը կախված է այդ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից: Այսօրվա դրությամբ Շվեդիայի հայտը չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ ասել է, որ կփորձի նախքան հուլիսի 11-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարգավորել Շվեդիայի անդամակցումը խոչընդոտող քաղաքական բարդությունները: Թուրքիան 1999 թվականից է համարվում Եվրոպական միության թեկնածու, սակայն Անկարայի և Բրյուսելի բանակցությունները հայտնվել են փակուղում: Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են Թուրքիայի անդամության կողմնակիցներ: Արձագանքելով Եվրամիության մասին Էրդողանի մեկնաբանությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե լիովին սատարում է Անկարայի եվրոպական ձգտումներին, սակայն անդամակցումը ԵՄ-ին երբեք չի եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանների ցանկում:
16:32 - 10 հուլիսի, 2023
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարն և Ուկրաինայի ԱԳ նախարարը
 |azatutyun.am|

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարն և Ուկրաինայի ԱԳ նախարարը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև հեռախոսազրույց է կայացել, քննարկվել են Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը և Կիևի հակահարձակումը։ «Այսօր ես կարևոր զրույց ունեցա Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ այս շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Ես անհամբերությամբ սպասում եմ Վիլնյուսում հանդիպմանը` նվիրված Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ի շարունակական աջակցությանը», - գրել է Բլինքենը Թվիթերում: Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը առանձին հայտարարության մեջ ասել է, որ դիվանագետները քննարկել են նաև «Ուկրաինայի հակահարձակման առաջընթացը»։ «Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ ես արդյունավետ զրույց ունեցա պետքարտուղար Բլինքենի հետ: Մնացել է 48 ժամ, մենք աշխատում ենք, որպեսզի դրա վերջնական որոշումները հաղթանակ լինեն բոլորի համար՝ Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և համաշխարհային անվտանգության: Ես նաև շնորհակալություն հայտնեցի ԱՄՆ-ին հերթական պաշտպանական փաթեթի համար, որը ներառում է շատ անհրաժեշտ զինամթերք», - ավելի վաղ Թվիթերում գրել էր Դմիտրի Կուլեբան:
11:47 - 10 հուլիսի, 2023
Ստոլտենբերգը պաշտոնապես մնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ևս մեկ տարի |shantnews.am|

Ստոլտենբերգը պաշտոնապես մնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ևս մեկ տարի |shantnews.am|

shantnews.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքի ղեկավարության իր լիազորությունները երկարաձգվել են ևս մեկ տարով։ Ըստ «European Truth»-ի՝ այս մասին նա գրել է Twitter-ում։ Նա ասել է, որ իր համար մեծ պատիվ է, որ Դաշինքի անդամները որոշել են երկարաձգել իր պաշտոնավարումը գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ «Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև անդրատլանտյան կապը գրեթե 75 տարի ապահովել է մեր ազատությունն ու անվտանգությունը, և ավելի վտանգավոր աշխարհում մեր դաշինքն ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է Ստոլտենբերգը։ Դաշինքի անդամ երկրները նախորդ շաբաթ պայմանավորվել են երկարաձգել Ստոլտենբերգի մանդատը։ Ստոլտենբերգի պոտենցիալ իրավահաջորդներից ոչ մեկը, ինչպիսիք են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կամ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, չեն կարողացել ստանալ ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրների աջակցությունը: Նորվեգիայի նախկին վարչապետ 64-ամյա Ստոլտենբերգը պետք է ավարտեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2023 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա փետրվարին հայտարարեց, որ չի խնդրելու մանդատի երկարաձգում։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամները նրան խնդրեցին համաձայնել դրան այն բանից հետո, երբ չկարողացան համաձայնության գալ իրավահաջորդի հարցում:
13:54 - 04 հուլիսի, 2023
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Շվեդիայի համար անիրականանալի երազանք է համարել ՆԱՏՕ-ին անդամակցելը |news.am|

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Շվեդիայի համար անիրականանալի երազանք է համարել ՆԱՏՕ-ին անդամակցելը |news.am|

news.am: ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելը Ստոկհոլմի անիրականանալի երազանքն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը Milliyet թերթին տված հարցազրույցում։ «Գոյություն ունի եռակի համաձայնագիր (Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջեւ)։ Թուրքիան այն երկիրն է, որը պատասխանատու է իր խոսքերի համար։ Ինչ էլ որ նա ասի, ինչ էլ որ խոստանա, նա կատարում է, բայց մենք նաեւ ուզում ենք, որ նրանք եւս պահեն իրենց խոսքը։ Շվեդիայի համար, որը չի կատարում իր խոստումները, ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնկալիքն ուղղակի անիրականանալի երազանք է»,-ասել է նա։ Քուրթուլմուշը միաժամանակ նշել է, որ «Թուրքիայի վրա ուժեղ ճնշում է գործադրվում»՝  կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ձգտման հետ, որը «սատարում է ահաբեկչական կազմակերպություններին»։ 
16:53 - 03 հուլիսի, 2023
Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ այդ երկրի տարածքում պատերազմական գործողություններ են ընթանում. Օլաֆ Շոլց |hetq.am|

Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ այդ երկրի տարածքում պատերազմական գործողություններ են ընթանում. Օլաֆ Շոլց |hetq.am|

hetq.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ այդ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում, և չի կարգավորվել հակամարտությունը։ «Մի բան միանգամայն պարզ է և դա գիտի Ուկրաինան ու դա ասվել է բազմիցս։ Պատերազմի ժամանակ ընդհանրապես չի կարող լինել մեր Դաշինքին անդամակցություն։ Անդամակցության պայման է հանդիսանում չլուծված սահմանային հակամարտությունների բացակայությունը»,- գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Շոլցը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Գերմանիան դասվում է այն երկրների շարքին, որոնք իրենց պարտավոր են զգում մշակելու անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար՝ հակամարտության ավարտից հետո ընկած ժամանակահատվածի մասով։ «Եվ այդ հարցով մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հետ գրեթե պատերազմի հենց սկզբից»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ դրանց մասնակցում են նաև Գերմանիայի մյուս դաշնակիցները, ընդ որում` ոչ միայն Միացյալ Նահանգները։    ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, Կիևը ակտիվացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին իր անդամակցության վերաբերյալ հռետորաբանությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը այս թեմայով ամենօրյա բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Երմակը հայտարարել է, որ Կիևը հույս ունի արդեն այս գագաթնաժողովին Դաշինքից ստանալ հեշտացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր։
09:43 - 03 հուլիսի, 2023
Հունգարիան չի խոչընդոտելու Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, շվեդ գործընկերոջը վստահեցրել է Օրբանը |azatutyun.am|

Հունգարիան չի խոչընդոտելու Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին, շվեդ գործընկերոջը վստահեցրել է Օրբանը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ Բուդապեշտը չի խոչընդոտի այդ երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին: «Ես երեկ զրուցել եմ Վիկտոր Օրբանի հետ: Նա հստակ ասել է, որ ինձ անցած շաբաթ տրված խոստումն ուժի մեջ է, և Հունգարիան որևէ եղանակով չի դանդաղեցնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու վավերացումը: Իհարկե, ես հավատում եմ նրան», - հայտարարել է Կրիստերսոնը: Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ ավելի վաղ ասել են, թե ընթացակարգային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը որոշել է ավելի ուշ քվեարկության դնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման որոշման վավերացումը: Հունգարիայի խորհրդարանը մի քանի անգամ արդեն այն հետաձգել է : Ֆինլանդիան և Հունգարիան 2022 թվականի մայիսի 18-ին են ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հայտեր ներկայացրել: Երկու սկանդինավյան երկրները դա բացատրել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հանգամանքով: Ֆինլանդիան արդեն միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին, մինչդեռ Շվեդիայի անդամակցման վավերացմանը դեռ հավանություն չեն տվել Հունգարիան և Թուրքիան: Անկարան պահանջում է Ստոկհոլմից «առավել վճռական պայքարել Շվեդիայում ապաստանած քուրդ ահաբեկիչների դեմ»:    
14:03 - 30 հունիսի, 2023
Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա |1lurer.am|

Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան վերջնագիր է ներկայացրել ՆԱՏՕ-ին: Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ պետության ղեկավարը չի մասնակցի Վիլնյուսում դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին, եթե անդամակցության հրավեր չստանա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Հայտը դրված է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ղեկավարների սեղաններին: Վիլնյուսի գագաթնաժողովը շատ լավ սկիզբ կլիներ այս խնդրանքին արձագանքելու համար։ Իսկ պատասխան ասելով՝ նկատի ունենք անդամակցության հրավերը, որը միայն առաջին փուլն է»,- ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը։ Ավելի վաղ Գերագույն ռադան ՆԱՏՕ-ին կոչ էր արել պարտավորություններ ստանձնել՝ դաշինքում Ուկրաինային տեղ հատկացնելու համար։ Բացի այդ, պատգամավորները խնդրել են ճանաչել «Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի փուլն անցնելու աննպատակահարմարությունը»։ Նման տեսակետ էր հայտնել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: Նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է պարզեցնի Ուկրաինայի անդամակցության ընթացակարգը՝ արագացնելու երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու գործընթացը։
13:14 - 30 հունիսի, 2023
ՆԱՏՕ-ն հետեւում է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին, բայց դրանք համարում է նրա ներքին գործը․ Ստոլտենբերգ
 |news.am|

ՆԱՏՕ-ն հետեւում է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին, բայց դրանք համարում է նրա ներքին գործը․ Ստոլտենբերգ |news.am|

news.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը հետեւում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրանք համարում է նրա ներքին գործը։ «Մենք հետեւում ենք Ռուսաստանում իրավիճակին։ Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Բայց դա նաեւ նախագահ Պուտինի կողմից թույլ տրված մեծ ռազմավարական սխալի եւս մեկ ցուցադրություն է»,- Լիտվա կատարած այցի ժամանակ, ասել է նա։ Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
14:17 - 26 հունիսի, 2023
Շվեդիայի իշխանությունների պնդմամբ ՆԱՏՕ-ի զորքերն այդ երկրում կարող են տեղակայվել մինչ կառույցին անդամակցելը |hetq.am|

Շվեդիայի իշխանությունների պնդմամբ ՆԱՏՕ-ի զորքերն այդ երկրում կարող են տեղակայվել մինչ կառույցին անդամակցելը |hetq.am|

hetq.am: Շվեդիան հավանական է համարում, մինչ Հյուսիսատլանտյան դաշինքին պաշտոնական անդամակցությունը, իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքներով։ Այդ մասին նշվում է Dagens Nyheter պարբերականի հոդվածում, որի հեղինակներն են` Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։  «Ռուսաստանը ցույց է տվել, որ պատրաստ է գնալ ռազմական ու քաղաքական շատ մեծ ռիսկերի՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Քանի որ անհնարին է ասել, թե որտեղ են գտնվում նախագահ Վլադիմիր Պուտինի տարածքային նկրտումների սահմանները, Շվեդիայի կառավարությունը որոշել է, որ երկրի զինված ուժերը կարող են անցկացնել նախապատրաստական միջոցառումներ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ»,- ասված է հոդվածում։ Հեղինակների խոսքով՝ այդ միջոցառումները կարող են ներառել նաև Շվեդիայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տեխնիկայի ու անձնակազմի ժամանակավոր տեղակայումը։ Շվեդիայի վարչապետը և պաշտպանության նախարարը նաև ընդգծել են, որ երկիրը պետք է ունակ լինի իր տարածքում արագ տեղակայել այլ երկրների ռազմական ռեսուրսները՝ արտակարգ ինչ-որ իրավիճակի կամ պատերազմի պարագայում։ Հեղինակները հավելել են, որ այդ որոշումը նաև «պետք է հստակ ազդակ լինի Ռուսաստանին և ամրապնդի Շվեդիայի պաշտպանունակությունը»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:16 - 11 հունիսի, 2023
Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ |factor.am|

Միշելի, Շոլցի և Ստոլտենբերգի արձագանքը Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման վերաբերյալ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ցնցված եմ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից։ Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն ակնհայտորեն ռազմական հանցագործություն է, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին»,- գրել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս անդրադարձել է ՀԷԿ-ի ավերմանը։ «Կախովկայում ամբարտակի ոչնչացումը վտանգի տակ է դնում հազարավոր խաղաղ բնակիչների և լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Սա վրդովվեցնող գործողություն է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դաժանությունը»,- նշել է Ստոլտենբերգը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ նշել է, որ ամբարտակի ոչնչացումը դարձել է հակամարտության «նոր հարթություն», որը, սակայն, «համապատասխանում է Պուտինի՝ այս պատերազմը վարելու ձևին»։ «Սա բազմաթիվ հանցագործություններից մեկն է, որը մենք տեսել ենք Ուկրաինայում, և որոնք իրականացվել են ռուս զինվորականների կողմից։ Որպես պատերազմի վարման այս մեթոդի մի մաս՝ միշտ հարվածներ են հասցվել քաղաքացիական թիրախներին, քաղաքներին, գյուղերին, հիվանդանոցներին, դպրոցներին և ենթակառուցվածքներին: Եվ հիմա հայտնվել է նոր հարթություն, բայց այն համապատասխանում է նրա հետ, թե ինչպես է Պուտինը վարում այս պատերազմը»,- ասել է Շոլցը WDR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Խերսոնի շրջանի Կախովսկայա ՀԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել։ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում։
15:37 - 06 հունիսի, 2023
Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ բողոքի ցույց է անցկացվել
 |factor.am|

Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ բողոքի ցույց է անցկացվել |factor.am|

factor.am: Ստոկհոլմում նախօրեին շուրջ 500 մարդ, այդ թվում՝ տասնյակ քրդամետ ցուցարարներ հավաքել են՝ բողոքելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ, գրում է Euronews-ը։ Նշվում է, որ ոմանք «Ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Շվեդիայում Էրդողանի օրենքներին» գրությամբ պաստառներով են եղել: Հիշեցնենք, որ Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո Շվեդիան դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն հանդիպել է Թուրքիայի և Հունգարիայի հակազդեցությանը։ Անկարան չի վավերացնում Շվեդիայի անդամակցության հայտը՝ նշելով, թե Ստոկհոլմն ապաստան է տվել PKK-ի անդամներին, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում։ Անկարային ընդառաջ գնալով՝ Շվեդիան հակաահաբեկչական նոր օրենքներ է ընդունել։ Նախօրեին էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի անդամակցության հարցով Թուրքիայում բանակցություններ է անցկացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ստոլտենբերգը նշել է, որ Ստոկհոլմը զգալի և կոնկրետ քայլեր է ձեռնարկել Թուրքիայի մտահոգությունները բավարարելու համար, կատարել է իր բոլոր պարտավորությունները, և այժմ անդամակցության գործընթացը հնարավորինս շուտ պետք է ավարտվի։
15:39 - 05 հունիսի, 2023
Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա խոշորագույն ռազմածովային զորավարժությունները |hetq.am|

Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա խոշորագույն ռազմածովային զորավարժությունները |hetq.am|

hetq.am: Էստոնիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի այս տարվա ամենախոշոր ռազմածովային զորավարժությունները, որոնք ընթանում են Բալթիկ ծովում և ստացել են Baltops 23 անվանումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 19 երկրները և Շվեդիան։ Ընդգրկված է 50 նավ, 45 ինքնաթիռ և ավելի քան 6000 զինվորական։ Զորավարժություններին մասնակցող խոշորագույն նավը ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագման USS Mount Whitney (LCC 20)-ն է։ Նավերը երթը կսկեն Տալլինից, իսկ համատեղ առաջին վարժանքները կմեկնարկեն հունիսի 5-ից։ Զորավարժությունները կձգվեն մինչև հունիսի 16-ը։ «Այս տարի Baltops-ը մեզ համար պատմական իրադարձություն է, քանի որ դեռևս չի եղել Էստոնիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միաժամանակ այսքան մեծ ներկայություն»,- ընդգծել է Էստոնիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յուրի Սասկան։  Baltops զորավարժություններն անց են կացվում ամեն տարի՝ 1972 թվականից ի վեր։ Դրանց նպատակը ՆԱՏՕ-ի ուժերի ստուգումն է Բալթիկ ծովի շրջանում` ցամաքային, օդային և ծովային գործողությունների ժամանակ։ ՆԱՏՕ-ի հաջորդ լայնամասշտաբ զորավարժությունները կկայանան հունիսի 12-23-ը Գերմանիայում։ Air Defender-23 ռազմաօդային զորավարժություններին կմասնակցի Դաշինքի 25 անդամ՝ 10 000 զինվորականով և 220 ինքնաթիռով։ Այս զորավարժությունները կդառնան ՆԱՏՕ-ի պատմության ամենախոշոր ռազմաօդային զորավարժությունները։ Զորավարժությունների ծրագիրը մշակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին համապատասխան, երբ անդամ երկրները պարտավորվում են օգնություն տրամադրել Դաշինքի մյուս անդամներին։ 
09:51 - 05 հունիսի, 2023