Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ինչ սպասել դրանից
 |hetq.am|
12:46 - 11 հուլիսի, 2023

Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ինչ սպասել դրանից |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև նրանց դաշնակիցները, այսօր մեկնարկում է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Ինչպես հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը, այս գագաթնաժողովը «պատմական պահ կլինի Լիտվայի և նրա մայրաքաղաքի համար, որն այս տարի նշում է իր 700-ամյակը ոչ միայն այն պատճառով, որ կկայանա Դաշինքի արևելյան սահմանին, այլև այն որոշումների մասով, որոնք կնպաստեն Հյուսիսատլանտյան դաշինքի աճին և ամրապնդմանը»։ 

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա կլինի ՆԱՏՕ-ի թվով չորրորդ գագաթնաժողովը։ Նախկինում Դաշինքի առաջնորդները այսքան հաճախ չէին հանդիպում։ Վերջին գագաթնաժողովը կայացել էր Մադրիդում, դրան էլ նախորդել էին երկու առցանց գագաթնաժողովներ։ Իսկ մինչ Ուկրաինա ներխուժումը, ՆԱՏՕ-ի առաջնորդները հանդիպում էին երկու տարին կամ տարին մեկ։

Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը, որը կկայանա LITEXPO ցուցահանդեսային համալիրում, ապահովում են Patriot տեսակի ՀՕՊ երեք համալիրները, որոնք տրամադրել է Գերմանիան, ինչպես նաև պարեկություն են անում կործանիչները։

Բացի պետությունների ղեկավարների հանդիպումից, գագաթնաժողովի առաջին օրը կկայանա նաև հանրային համաժողով, որը նվիրված կլինի Դաշինքի գործունեությանը։ Դրան կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ ՆԱՏՕ-ի առաջնորդներն այսօր կհանդիպեն նաև դաշնակից երկրների՝ Շվեդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի ու Մոլդովայի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նախագահական պալատում հանդիսավոր ընթրիք կմատուցի նախագահների պատվին։

Գագաթնաժողովի երկրորդ օրն արդեն նախատեսված է երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ ՆԱՏՕ-ի առաջնորդների տիկնանց ծրագրի համար պատասխանատու են Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդինեն և Սթոլթենբերգի կինը՝ Ինգրիդ Շուլերուդը։ Հուլիսի 12-ին Նաուսեդինեն, Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հետ, կկազմակերպի այց դեպի Վիլնյուսի ուկրաինական կենտրոն։

Շվեդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Շվեդիան և Ֆինլանդիան, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, 2022 թվականի մայիսին միասին դիմեցին անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Թուրքիան միանգամից հայտարարեց, որ նախապայմաններ ունի երկու երկրներին էլ։ Անկարայի կարծիքով՝ սկանդինավյան այդ երկու երկրներն անարդարացիորեն էմբարգո էին սահմանել Թուրքիային զենքի մատակարարումների վրա և թաքցնում էին քուրդ զինյալներին, որոնց թուրքական իշխանությունները ահաբեկիչներ են անվանում։ Անկարայի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ երկու երկրները համաձայնեցրեցին գործողությունների ծրագրեր, որոնք պետք է հանգեցնեին սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։  

Նախորդ տարվա հուլիսի 5-ին Մադրիդում Դաշինքի բոլոր անդամները, ներառյալ՝ Թուրքիան, ստորագրեցին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդայի անդամակցության մասին արձանագրությունները, որոնք այնուհետ պետք է վավերացվեին անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Հելսինկիի նկատմամբ բոլոր գործընթացներն ավարտվեցին այս տարվա ապրիլի 4-ին և Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի արձանագրությունը դեռևս չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան։ 

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել էր ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցության դիմաց քննարկել Եվրամիությանը Թուրքիայի միացման հարցը։ «Ես դիմում եմ այն երկրներին, որոնք Թուրքիային արդեն ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների առջև։ Սկզբում բացեք դեպի ԵՄ Թուրքիայի համար ճանապարհը, իսկ այնուհետ մենք կբացենք դեպի ՆԱՏՕ Շվեդիայի ուղին, ինչպես դա արդեն արել ենք Ֆինլանդիայի համար»,- Վիլնյուսում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Իսկ երեկոյան արդեն Վիլնյուսում կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հանդիպումը, որից հետո Սթոլթենբերգը հայտարարեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնվել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։

«Պարոն Էրդողանը համաձայնվել է որքան հնարավոր է արագ խորհրդարանի վավերացմանը ներկայացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և աշխատել խորհրդարանի հետ կարճ ժամկետներում` այդ փաստաթղթի վավերացման ուղղությամբ»,- հայտարարել էր Սթոլթենբերգը՝ հավելելով, որ իր հերթին ՆԱՏՕ-ն խոստացել է ստեղծել հատուկ մեխանիզմ և ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ներկայացուցչի պաշտոն։

Թուրքական Yeni Şafak-ն էլ հայտնել էր, թե Շվեդիայի անդամակցության փոխարեն ինչ կստանա Անկարան։ Մասնավորապես, ըստ թուրքական պարբերականի, ԵՄ ներկայացուցիչները համաձայնվել են արագացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, այդ թվում` Մաքսային միությանն անդամակցելու և նրա քաղաքացիների համար առանց վիզայի այցելությունների թույլտվության մասով։

Ըստ թուրքական պարբերականի՝ թուրքական կողմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ «Անկարան ստացել է այն, ինչ ուզում էր, այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը կարագանա»։

Պատահական չէ, որ Շվեդիան, դեռևս չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, հուլիսի 12-ին հրավիրվել է մասնակցելու «ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի» առաջին հանդիպմանն ու ՆԱՏՕ-ի առաջնորդների բանակցություններին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցների հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել