Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ: Վարչապետ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:  
16:54 - 09 ապրիլի, 2024
Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ․ Փաշինյանն ընդունել է Վասալին

Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ․ Փաշինյանն ընդունել է Վասալին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:   Ինչպես տեղեկանում enq վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել անձամբ տիկին Վասալի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: ՀՀ վարչապետը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև առկա է համագործակցության նոր շունչ ու մակարդակ, և այդ գործում իրենց ներդրումն ունեն նաև Ֆրանսիայի այն ռեգիոնները, որոնք Հայաստանի մարզերի հետ պահպանում են ամուր կապեր: Միաժամանակ, վարչապետն առանձնակի կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումն ու ամրապնդումը և այդ համատեքստում ընդգծել կառավարությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը: Մարտին Վասալն անդրադարձել է Հայաստանի հետ տնտեսության, առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը և դրանց ընդլայնման հնարավորություններին ու քայլերին: Մասնավորապես, Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այսօր Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումային ծրագրերի իրականացման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Նշվել է նաև, որ Մարսելում առաջիկայում բացվելու է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»: Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը, զբոսաշրջային փոխայցելությունների խթանումը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Այս առումով, կարևորվել է միջազգային գործընկերների կողմից աջակցության ծրագրերի իրականացումը:        
16:11 - 09 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանը Դելֆին Պրոնկի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական զարգացումը

Նիկոլ Փաշինյանը Դելֆին Պրոնկի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական զարգացումը

Վարչապետն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումը և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման փաստը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵՄ օժանդակության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ ընդգծելով, որ ժողովրդավարության հետևողական զարգացումը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ Կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը լիարժեք արտահայտված է վերոնշյալ նախագծում: Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դերը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրներին: Կարևորվել է միջազգային հանրության հետևողական աջակցությունը՝ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով:
17:51 - 08 ապրիլի, 2024
 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ․ Բուրիչին՝ Փաշինյանին

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ․ Բուրիչին՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է տիկին Բուրիչի այցը Հայաստան և կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը միտված քայլերին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը: Վարչապետն անդրադառնալով Եվրոպայի խորհրդի հետ գործակցության հարուստ օրակարգին՝ կարեւորել է ԵԽ-ի դերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման և միջազգային աջակցության ցուցաբերման գործում։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել Եվրոպայի խորհրդի և ՀՀ կառավարության սերտ գործակցությունը, այդ թվում՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն արդյունավետ կերպով է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերին վերաբերող հարցեր:
17:14 - 08 ապրիլի, 2024
Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով: «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացումից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն: Նախագահ Ֆոն դեր Լայենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները: Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։ Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100.000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։ Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։ Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։ Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:
17:31 - 05 ապրիլի, 2024
Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Փաշինյան
 |armenpress.am|

Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումն՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ ընդլայնվող գործընկերություն։ «Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության եւ հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունն՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր ելույթում նշեց՝ հիմնվելով արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել տնտեսական համագործակցությունը, խթանել առեւտուրը եւ ընդլայնել գործընկերությունը շարժունակության ոլորտում։ «Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը եւ այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր եւ ուսումնասիրել առեւտրի դյուրացման հնարավոր սխեմաները»,-ասաց վարչապետ Փաշինյանը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքներին՝ վարչապետը կարեւորեց նրանց արժանապատիվ կյանքը վերականգնելը՝ բնակարանային եւ տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։ Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Նա հավելեց, որ Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»։ Իր ելույթի վերջում վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ ամենին հասնելու համար կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ գործընկերները կաջակցեն, որպեսզի նախաձեռնությունն ինտեգրվի ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարության հետ։ «Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս», - եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:16 - 05 ապրիլի, 2024
ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
 |armenpress.am|

ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն |armenpress.am|

armenpress.am:  Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ «Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասաց Եվրահանձնաժողովի նախագահը՝  նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։ Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝  Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», - ասաց Ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին եւ վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։ «Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
14:39 - 05 ապրիլի, 2024
ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ. Սամանթա Փաուեր

ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ. Սամանթա Փաուեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ ռեֆորմների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա շարունակական ապահովման անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկվել են բռնի տեղահանվածներին աջակցության հետագա քայլերին, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին վերաբերող հարցեր: 
14:35 - 05 ապրիլի, 2024
Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում․ Սարգսյան
 |news.am|

Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում․ Սարգսյան |news.am|

news.am: Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի Բրյուսելում սպասվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը։ «Այս աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանին, բայց հիմա երբ այդպիսի առճակատում կա՝ Արեւմուտք-Ռուսաստան, ապա այդպիսի հանդիպումը վստահաբար բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։ Լուրեր են պտտվում, որի հավաստիությունը չեմ կարող հաստատել, որ իբր մեզ փող են խոստանալու, բայց իմ կարծիքով Հայաստանի ակնկալիքը այդ հանդիպումից պիտի լինել՝ խնդրել ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին՝ ռեալ օգնեն վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը, ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, որ վերականգնվի արցախահայության իրավունքները։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարիչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական եւ ոչ իրավաչափ միջոցներով հաշվերհարդար տեսնելը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
18:40 - 04 ապրիլի, 2024
«Նա տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյանը ներկայացրեց՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին |news.am|

«Նա տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյանը ներկայացրեց՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին |news.am|

news.am: Արհավիրքն իր իշխանության գալն էր, արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստորացուցիչ վիճակ, դրանք ընդամենը այդ արհավիրքի հետևանքներն են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է։ Նա զրպարտել է ինձ այն առումով, թե ես իրեն ինչ-որ կենցաղային հարցերով նամակներ եմ հղել, բայց իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքել և պահանջել է, որ հրապարակեն այդ նամակները, պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան տեղի չէր ունեցել»,- նշեց երրորդ նախագահը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իրեն չի զգուշացրել հնարավոր ռազմական գործողությունների վտանգի մասին, երրորդ նախագահը թվարկեց, թե քանի անգամ են ներկայիս իշխանությունները զգուշացվել այդ մասին․ «Առաջին անգամ ապրիլի 17-ին և՛ ինքը, և՛ մեր ժողովուրդը զգուշացվել են, երբ ես ընտրվում էի վարչապետ, երբ ես ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել։ Ակնհայտ է, որ դրանից հետո բացատրեցի, թե ինչումն է խնդիրը։ Իրենց սկզբից ոնց որ չնկատեցին, հետո սկսեցին այդ բառերը կտրելով կոնտեքստից, այդ բառերը որպես ապացույց բերել՝ բանակցությունների ձախողման։ Հետո 44-օրյա պատերազմից հետո սկսեցին կուրծք ծեծել, թե բա տեսեք, ասել էր, որ ռազմական գործողություններ են լինելու, որ վատ է լինելու և այլն․ 2 տարի խոսում էին այդ մասին, իսկ հիմա ասում են, որ չենք զգուշացրել։ Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթում» ես նրան ասացի, որ ինքը մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել, իսկ բնականաբար, ինքն իր բնույթով շուռ տվեց իմ ասածն ու տարավ այնտեղ, թե ես իբր սպառնում եմ մեր ժողովրդին։ Այն ժամանակ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, իսկ ունենալով այդպիսի ներքաղաքական իրավիճակ, Հայաստանը չէր կարող ունենալ որևէ հաջողություն որևէ ռազմական գործողությունների ժամանակ։ Հաջորդ զգուշացումն ուղիղ խոսքերով արվել էր մայիսի 1-ին, երբ ինքն առաջադրվել էր վարչապետ և մեր խմբակցության պատգամավորներն ասում էին, որ ինքը չի կարող կառավարել, չի կարող լինել Գերագույն գլխավոր հրամանատար, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ, դա էլի ինքը չընկալեց։ Հաջորդ հիշեցումն ուղիղ տեքստով եղել է 2020-ի մարտին, երբ նա Վայոց Ձորում Քովիդը խեղդում էր օղիով բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով, եթե մենք չենք ասել, բա այդ բառերը որտեղի՞ց էր։  Ինչ վերաբերում այն ասածին, որ կար մարդ որ և՛ ինձ հետ էր շփվում և իր հետ էր շփվում․ այո, կար այդպիսի մարդ, բայց, ցավոք, այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Ուղղակի թող նա հիշի այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ի՞նչ էր ասում 2019-վերջին 2020-ի սկզբից, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու, բանից պարզվեց, որ այդ մարդկանց կանգնել էր, որ թիկունքից հարվածի, և հարվածեց։ Ես անձամբ երբ 2020-ի ամռանը մամլո ասուլիս անցկացրի, ես ասացի, որ արդեն ռազմական գործողություններն ընդհուպ մոտենում են․ էլ զգուշացնելը պոզով-պոչո՞վ է լինում»։
18:07 - 04 ապրիլի, 2024
Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի Ազգային հերոսի կոչում կշնորհվի

Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի Ազգային հերոսի կոչում կշնորհվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում Տիգրան Իզմիրլյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու կարևոր առիթով: «Իսկապես շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, այն մեր երախտագիտության արտահայտումն է այն գործունեության համար, որը Ձեր ընտանիքը ծավալել և ծավալում է մեր հանրապետությունում։ Մենք հույս ունենք, որ համագործակցությունը, որ կարողացել ենք ձևավորել կառավարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև, կլինի շարունակական»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Սարգիս Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել. «Պատիվը, որին Դուք արժանացրել եք իմ հայրիկին, անգնահատելի է։ Այն ամենը, ինչ նա արել է Հայաստանում տասնամյակներ շարունակ, արել է Հայաստանի մարդկանց համար, այլ ոչ պատվի ու գովասանքի արժանանալու նպատակով։ Իրականում մենք չենք ցանկանում, որ մարդիկ իմանան ինչ ենք մենք անում, մենք անում ենք մարդկանց համար, ոչ թե մեզ համար։ Ուրախ ենք լինել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է Սարգիս Իզմիրլյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր: Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ նախագահական նստավայրում:
15:34 - 04 ապրիլի, 2024