ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
138 քրգործ, 136 մլն դրամի վնաս՝ 2021 թ. անձնական տվյալների առցանց օգտագործմամբ կատարված հափշտակությունների դեպքերով

138 քրգործ, 136 մլն դրամի վնաս՝ 2021 թ. անձնական տվյալների առցանց օգտագործմամբ կատարված հափշտակությունների դեպքերով

ՀՀ գլխավոր դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործերի շարժընթացը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բնույթի հանցագործությունները, որպես կանոն, կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Մասնավորապես, հանցագործները տարբեր սոցիալական ցանցերում և առավելաբար facebook.com սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ, որոնց միջոցով նամակագրություն են հաստատել և վարել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ: Վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու և այլ պատրվակներով այդ անձանցից ստացել են նրանց անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարներն ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարներ: Ապա դրամապանակների միջոցով տարբեր անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները: Առանձին դեպքերում հանցագործներն անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության, նրանց անվամբ առցանց տարբերակով ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով ստացված գումարը փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել: Նշված հանցավոր սխեմայով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2021 թ. ընթացքում ՀՀ քրեական օրեսգրքի 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 178-րդ հոդվածների (Խարդախությունը) հատկանիշներով հարուցվել է 138 քրեական գործ: 33 անձ ներգրաված է եղել որպես մեղադրյալ։ Քննված քրեական գործերից 12-ով վարույթը կասեցվել է հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու կամ քննությունից մեղադրյալի թաքնվելու հիմքերով։ Քննված 16 գործ՝ 22 անձի վերաբերյալ, 2021 թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն: Մնացած քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Միայն 2021թ. ընթացքում քննված քրեական գործերով պարզված՝ այս բնույթի հանցագործություններով պատճառված գույքային վնասը կազմել է շուրջ 136 մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է շուրջ 10մլն ՀՀ դրամը: Ուսումնասիրությունը փաստում է, որ համացանցի կիրառման վերոնշյալ մեխանիզմնով կատարված հափշտակությունների դեպքերն ավելանում են: Աճը պայմանավորված է հիմնականում անձանց իրազեկված չլինելու, էլեկտրոնային դրամական համակարգերի կիրառման, օգտագործման կանոներին բավարար չափով չտիրապետելու, հանցավորներին անհիմն վստահելու, ընդհանուր առմամբ՝ համացանցային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների ստվար մասի տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության ոչ բավարար գիտելիքներ ունենալու հանգամանքներով: Դրան զուգահեռ, վերջին շրջանում կտրուկ ընդլայնվում է բանկային գործառնությունները (վարկերի ձևակերպում, գումարների փոխանցում և այլն) առցանց եղանակով իրականացնելու հնարավորությունը, մինչդեռ դրանց պաշտպանության, բանկային վերահսկողական մեխանիզմները համաչափ չեն կատարելագործվել: Արդյունքում՝ էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի ոչ բավարար պաշտպանվածությունը, բանկային վերահսկողական բավարար մեխանիզմերի բացակայությունը նվազեցնում են այս բնույթի հանցագործությունների նախականխման արդյունավետությունը: Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կրկին կոչ է անում ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու առաջարկներ ընդունելուց: Հանցագործության ծուղակի վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում խնդրում ենք անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:
17:29 - 21 փետրվարի, 2022
Աժ նախագահի հրավիրած լսումներից 3 տարի անց ունեզրկված բնակիչների գործերով որևէ քրգործ չի հարուցվել |azatutyun.am|

Աժ նախագահի հրավիրած լսումներից 3 տարի անց ունեզրկված բնակիչների գործերով որևէ քրգործ չի հարուցվել |azatutyun.am|

Գլխավոր լուսանկարը՝ PHOTOLURE-ի։ azatutyun.am: Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի հետևանքով բնակիչների զանգվածային խախտված իրավունքներին Նիկոլ Փաշինյանի թիմը անդրադարձավ իշխանության գալուց յոթ ամիս անց։ Երեք տարի առաջ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ խորհրդարանում լսումներ հրավիրվեցին Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրավախախտումների թեմայով։ Տուժած բնակիչները, իրավապաշտպանները թիվ մեկ քաղաքական ամբիոնից նորից պատմեցին ու փաստարկեցին իրենց խախտված իրավունքների մասին։ Արարատ Միրզոյանը, որ կառուցապատման այդ գործընթացը բնութագրեց կոռուպցիոն հանցագործություն, ելույթները ուղարկեց դատախազություն՝ մեղավորներին գտնելու ու պատժելու խոստումով։ «Բազմաթիվ դիտարկումների համաձայն, այդ գործընթացում դրսևորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների, զանազան բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունը, կամայականությունը, գուցե նաև սեփական բիզնես և ֆինանսական շահերը: Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիոն հանցագործությունների մասին», - նշել է Միրզոյանը: Ազգային ժողովի ղեկավարի այս հայտարարությունից շուրջ երեք տարի է անցել։ Գործը Գլխավոր դատախազությունում է։ Իրավախախտումների փաստեր, մեղավորներ հայտանաբերվե՞լ են, գոնե մեկ ունեզրկված քաղաքացու պատմության հետքերով քրեական գործ հարուցվե՞լ է։ Գլխավոր դատախազությունից ասացին՝ ոչ, նյութերը ծավալուն են, դեռ ուսումնասիրվում են։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում։  
20:45 - 19 փետրվարի, 2022
Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության դատախազների հետ, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյան, նշված տարածքներն սպասարկող՝ իրավապահ մյուս մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ամփոփել է նշված վարչական շրջաննների դատախազության 2021թ. թվականի գործունեության արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է դատախազական գործառությների բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Արձանագրվել է, որ 2021թ. նշված վարչական շրջանների տարածքում արձանագրվել է հանցագործության 3834 դեպք` 2020թ-ի համեմատ 271-ով կամ 7,6%-ով ավելի, իսկ բացահայտումը կազմել է 32,7%՝ 2020թ. 30,4%-ի դիմաց: 2021թ. ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել վարույթում գտնվող 6140 քրեական գործով, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 44%-ով: Այսինքն գործնականում դատախազության յուրաքանչյուր դատախազ դատավարական ղեկավարում և հսկողություն է իրականացրել 400-ից ավել քրեական գործի, 400 նյութի նախապատրաստման նկատմամբ, ինչը վկայում է մեծ ծանրաբեռնվածության մասին: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է վարչական շրջաննների դատախազության դաախազների կողմից ակտիվ նախաձեռնողականությունը, ըստ էության, բոլոր գործառույթների, հատկապես հետաքննության և նախաքննության օրինականության ապահովման շրջանակում դատախազական ներգործության միջոցների կիրառման առումով: Մասնավորապես՝ 2021թ. դատախազների կողմից վերացվել է վարույթը կասեցնելու 190 և վարույթը կարճելու 123 որոշում, ինչը գրեթե եռակի ավելի է 2020թ. համեմատ: Դատախազների որոշումներով 9 քրեական գործով վերացվել են 9 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումներ: 2021թ.ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից քրեական գործերի քննության օպերատիվությունը, լրիվությունն ապահովելու նպատակով քննիչներին տրվել է 611 ցուցում (նախորդող տարվա 225-ի դիմաց: Բացի այդ, ապացույցների բավարար համակցություն ապահովված չլինելու, անձանց արարքներին սխալ իրավական գնահատական տալու և քրեադատավարական օրենքի պահանջները պահպանված չլինելու պատճառներով հսկող դատախազների կողմից 17 գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և քրեական գործերն ուղարկվել են լրացուցիչ նախաքննության (2020թ. նման 4 դեպք է արձանագրվել): Այս գործերից, ի վերջո, 13-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելով, 2-ով վարույթը կարճվել է, իսկ 2 քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է: Հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված դատավարական խախտումների կապակցությամբ ներկայացվել է 39 ծառայողական քննություն կատարելու միջնորդություն: Ծառայողական քննության միջնորդությունները պայմանավորված են եղել անձնական խուզարկության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետների, գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պահանջների խախտմամբ և այլն: Դատախազական նման հետևողական հսկողության արդյունքում հաջողվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկել 403 գործ՝ ինչը 173-ով կամ 75%-ով ավելի է 2020թ. համեմատ: Ընդ որում՝ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարանում մեղադրանքը պաշտպանվել է 151 գործով 161 անձի նկատմամբ, որը շուրջ 24% գերազանցում է 2020թ. ցուցանիշը: ՀՀ գլխավոր դատախազը, դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները, խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ մի շարք ուղություններով: Մասնավորապես՝ խնդիր է դրվել առավել զգայուն լինել քաղաքացիների բողոքների, դժգոհությունների, բարձրացրած խնդիրների նկատմամբ և դրանց պատշաճ արձագանքումն ապահովելու նպատակով ավելացնել դատախազների մոտ քաղաքացիների ընդունելությունները, շփումները: Բացի այդ, հանձնարարվել է լինել առավել հետևողական հնարավորինս թարմ հետքերով հանցագործությունների բացահայտման նպատակով հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն տալու և կոնկրետ արդյունքներ ակնկալելու հարցում: Թեև գլխավոր դատախազն արձանագրել է, որ ընդհանուր առմամբ վարչական շրջաննների դատախազության դատախազների հսոկղության ներքո գործերով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնոդրությունների հիմնավորվածության մակարդակը էապես բարձրացել է, սակայն անհրաժեշտ է հնարավորության դեպքում մասնակցել առաջին ատյանի դատարաններում միջնորդությունների քննութուններին: Արթուր Դավթյանը նշել է նաև, որ հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, դրանց պատճառները բացահայտելու նպատակով իրավասու մարմիններին, սուբյեկտներին հիմնավորված և առարկակական լուծումների նախանշմամբ միջնորդագրերի ներկայացման գործընթացի ակտիվացումը; Ընդհանուր առմամբ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից 2021թ. ընթացքում ներկայացվել է 59 միջնորդագիր և հաղորդում, ինչը 2020թ. համեմատ ավելի է 55%-ով:
17:19 - 16 փետրվարի, 2022
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան |pastinfo.am|

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է: 2022թ․ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։  Շարունակությունը՝ pastinfo.am-ում։
15:10 - 16 փետրվարի, 2022
Գլխավոր դատախազության միջամտությամբ կանխվել է ՌԴ-ից ՀՀ քաղաքացու վտարումն Ադրբեջան. նա վերադարձվել է Հայաստան

Գլխավոր դատախազության միջամտությամբ կանխվել է ՌԴ-ից ՀՀ քաղաքացու վտարումն Ադրբեջան. նա վերադարձվել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում կանխվել է Ադրբեջանում ծնված ՀՀ քաղաքացու՝ սխալմամբ վտարումն Ադրբեջանի Հանրապետություն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձը ՌԴ տարածքում կատարել էր վարչական իրավախախտում, դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ նրան վարչական պատասխանատվության և ՌԴ տարածքից վարչական վտարման ենթարկելու մասին: Վարչական պատասխանատվության և վարչական վտարման ենթարկելու մասին ՌԴ համապատասխան դատարանի որոշման ներածական մասում անձի տվյալները շարադրելիս դատարանը թյուրիմացաբար նշել էր, որ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, որպիսի պայմաններում առկա էր նրան Ադրբեջան վտարելու իրական վտանգ: Չնայած վտարման գործընթացի հետ ՀՀ դատախազության լիազորությունների որևէ առնչության բացակայության հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել գործընթացի կասեցման ուղղությամբ՝ խնդրի լուծմանը ներգրավելով ՌԴ գլխավոր դատախազությանն ու ՀՀ պետական լիազոր մարմիններին: ՌԴ գլխավոր դատախազության աջակցությամբ, խնդիրը ներկայացվել է վերոհիշյալ որոշումը կայացրած դատարանի ուշադրությանը, որը սեղմ ժամկետում համապատասխան լրացուցիչ որոշմամբ փոփոխել է իր որոշման մեջ տեղ գտած անճշտությունը, և անձը վերադարձվել է Հայաստան:
12:36 - 16 փետրվարի, 2022
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Բորիս Բախշիյանի և Աշոտ Մինասյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել |hetq.am|

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Բորիս Բախշիյանի և Աշոտ Մինասյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն, ով ԲԴԽ-ում ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու  միջնորդությունները, այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում պատասխանել է գործի հետ կապված որոշ հարցերի, ինչպես նաև անդրադարձել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցին: Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ: Դատախազի հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև: -Պարո՛ն Բաղդասարյան, դատավոր Բորիս Բախշիյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեղադրանք է առաջադրել: Ո՞ր հանգամանքներն են դատավորի որոշումն ակնհայտ ապօրինի դարձնում, որոնց պայմաններում քրեական վարույթ է նախաձեռնվել: -Ակնհայտությունը այն է, որ տվյալ դատական նիստում կալանավորման հիմքերը քննարկվել են: Որպեսզի կարճ պատասխանեմ՝ որևէ տվյալ չի եղել, որը կվկայեր կալանավորման անհրաժեշտության մասին: Անձի բացակայությունը պայմանավորված է եղել նրա կողմից առանց պաշտպանի դատական նիստին չներկայանալու հանգամանքով, քանի որ գործով հաստատված է, որ նրա նկատմամբ անօրինական ազդեցություն է եղել: Ակնհայտ է եղել, որովհետև դատական նիստում քննարկման ժամանակ բոլորն, այդ թվում՝ պաշտպանության կողմը հայտարարել են, որ, որպես դատավարության մասնակից, այնքան էլ դրական վերաբերմունք չունեն կալանավորված ամբաստանյալի նկատմամբ, բայց շեշտել են, որ չի կարելի կալանավորել նրան, որովհետև մինչև դա կան հարկադրանքի այլ միջոցներ, այդ թվում՝ բերման ենթարկելը: Ակտը կայացնելուց անմիջապես առաջ քննարկման ժամանակ ի ցույց է դրվել դատավորին, որ պետք է ապահովել անձի լսված լինելու իրավունքը՝ թեև այդ հանգամանքը դատավորի համար ակնհայտ է եղել: Ակնհայտ է եղել, որովհետև նա տվյալ նիստում անմիջապես ակտը կայացնելուց առաջ արձանագրել է, որ ավելի մեղմ հարկադրանի միջոց՝ դատական սանկցիա պաշտպանի նկատմամբ կիրառելու համար պետք է լսված լինելու իրավունքն ապահովի, իսկ ամբաստանյալի դեպքում նման անհրաժեշտություն չկար: Թեև այս դեպքում ամբաստանյալը չի խուսափել քննությունից՝ բայց դատավորն իր դատական պրակտիկայում շատ ակնհայտ խուսափելու դեպքերում նման խափանման միջոց չի կիրառել: Մեկ տարի դատական նիստին չներկայացած մեղադրյալին մի քանի անգամ նույնիսկ զանգով խնդրել են ներկայանալ դատական նիստի, չի ներկայացել, այդ ժամանակ խափանման միջոցը՝ հսկողության հանձնված լինելը, փոխվել է, և ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այսինքն՝ մի տարի չեն ներկայանում, խափանման միջոցը դառնում է չհեռանալու մասին ստորագրություն, մեկ դատական նիստի չի ներկայանում այն մեղադրյալն, որը ցուցմունք է տվել, որ իր վրա ազդեցություն կա և այդ նիստին չի գալիս, որովհետև իր պաշտպանը հայտնել է, որ չի գալու, իրեն կալանավորում են: -Դուք խոսեցիք լսված լինելու իրավունքի մասին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի լսված լինելու իրավունքը ևս ապահովված չէր, բայց նրա նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը: -Երբ Արթուր Սարգսյանի գործով համադրություն է արվում, տպավորություն է ստեղծվում, որ Բորիս Բախշիյանի մեղադրանքում անօրինականությունը կապվում է բացառապես լսված չլինելու իրավունքի հետ: Կրկնում եմ՝ կալանավորման հիմքերը բացակայել են, լսված չլինելն այս մեղադրանքի ընդամենը մի փոքր բաղադրիչն է: -Այսինքն՝ լսված լինելու իրավունքն առանց ապահովելու, անձին կալանավորելն ակնհայտ ապօրինի չի՞ դարձրել դատավոր Բորիս Բախշիյանին վերագրվող արարքը: -Դա էլ է դարձրել, բայց ի տարբերություն այս դեպքի՝ Վերաքննիչ քրեական դատարանում կողմերի մասնակցությունը պարտադիր չէ, և մի շատ կարևոր հանգամանք. քանի որ նախորդ անգամ այդ հարցերը տալիս էին, իմ գործընկերներին խնդրել եմ Արթուր Սարգսյանի գործով պատմությունն ինձ մի քիչ ներկայացնել: Արթուր Սարգսյանը Վերաքննիչ դատարանում չի կալանավորվել՝ այդ նիստին չներկայանալու պատճառով, իսկ Բորիս Բախշիյանի կողմից անձը կալանավորվել է կոնկրետ այդ նիստին արդեն նշված պատճառով չներկայանալու համար: Գուցե ինչ-որ չափով այս դեպքերը համադրելի լինեին, եթե Արթուր Սարգսյանը Վերաքննիչ դատարանի նիստին չներկայանալու համար կալանավորվեր, բայց անգամ այդտեղ նմանություն չկա: Իսկ ամենաէական տարբերությունն այն է, որ Վերաքննիչ դատարանում անձանց մասնակցությունը պարտադիր չէ: -Բայց այդ անձինք ցանկություն են ունեցել մասնակցելու այդ նիստին և ասում են՝ չեն ծանուցվել դրա մասին: -Ծանուցվել են, ինձ ներկայացված տվյալներով, համենայն դեպս, ծանուցվել են: -Դուք ինչպե՞ս եք ստուգել, որ դատարանը ծանուցել է կողմին: -Հավանաբար այդ հարցը քննարկվել է դատական նիստում, այդ գործով դատախազին եմ հարցրել՝ լրագրողների խնդրանքով, այդ գործով լիազորություն չեմ իրականացնում, ներքին կանոնը խախտել եմ, այլ գործով տեղեկություն ստացել, որ գամ, ձեզ ասեմ: -Դատավոր Բորիս Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով է մեղադրանք առաջադրված, այսինքն՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Կնշե՞ք, թե ակնհայտ ապօրինի կալանավորելու առաջացրած ծանր հետևանքը ո՞րն է եղել: -Անձը գտնվել է անազատության մեջ, և դրա ընթացքում նրա նկատմամբ անօրինական ազդեցություն է ցուցաբերվել՝ նրան հարկադրել են հրաժարվել ցուցմունք տալուց, և այդ դեպքով ևս քրեական գործ կա հարուցված: -Այսինքն՝ ծանր հետևանքները երկուսն են:  -Ծանր հետևանքը երկու բաղադրիչ ունի: -Պարոն Բաղդասարյան, դատարանը որոշել է անձին կալանավորել, կալանավայրում տեղի է ունեցել մեկ այլ հանցագործություն՝ անձին հարկադրել են ցուցմունք տալուց հրաժարվել: Սա ինչո՞ւ է կապվում դատավորի արարքի հետ՝ թեկուզ և որպես նրա արարքի անզգույշ հետևանք: Ստացվում է, որ կալանավայրում չեն ապահովել այնպիսի պայմաններ, որ այնտեղ գտնվող կալանավորի վրա հարկադրանք չլինի, բայց դա կապվում է դատավորի արարքի հետ: -Իսկ ինչո՞ւ եք դուք ակնկալում, որ ես հիմա այդ գործով ներկայացնեմ ամեն ինչ, ինչն, օրինակ կներկայացնեի մեղադրական ճառ ասելու ժամանակ:  -Դուք ասում եք՝ քանի որ դատավորի պաշտպանները հրաժարվել են դատավորի վերաբերյալ վարույթի գաղտնիությունը պահպանելու իրավունքից, ուրեմն դուք իրավունք եք ստանում խոսել: Այդ նույն տրամաբանությամբ՝ խնդրում եմ այս հարցին էլ պատասխանել: -Ամեն դեպքում այդ հատվածով դեռևս քննություն է իրականացվում: Որպես ազատությունից զրկելու համաձայնություն տալու հիմք այդ հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը և այդտեղ Բորիս Բախշիյանի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու անհրաժեշտությունը դրվել է նրան կալանավորելու անհրաժեշտության հիմքում: Այդտեղ հանգամանքներ կան, որոնք պետք է պարզվեն: Մի կարևոր բան. մենք ձեր նշած հանգամանքների մասին խոսում ենք հիմնավոր կասկածի մակարդակում, դուք հարցադրումներ եք անում, թե արդյոք ապացուցված է, որ այդ հանգամանքները կապ ունեն իրար հետ: Հենց որ ապացուցվի, շատ ուրիշ մեղադրանքներ էլ կլինեն՝ այլ հետևանքներով: -Մեղադրանք առաջադրելիս հիմնավոր կասկածի շեմը պետք է հաղթահարել, և դուք հիմնավոր կասկածի շեմը արդեն հաղթահարել ու դատավորին 348-րդ հոդվածի երրորդ մասով՝ այսինքն՝ անզգուշությամբ ծանր հետևանք առաջացնելու մեղադրանք եք առաջադրել: -Լրագրողների հետ մեղքի ձև չեմ քննակելու: -Ինչո՞ւ: - Որովհետև դա նշանակում է այս քրեական գործի դետալային ապացույցներով քննարկում այստեղ: Մի գործի, որը հարուցվել է շուրջ տասը օր առաջ: Դա ճիշտ չէ, քանի որ Ձեր հարցադրմանն ուղիղ առնչվող հանգամանքներն այս պահին ակտիվ քննության առարկա են: Գուցե տպավորություն է ստեղծվում, որ ես խուսափում եմ հարցերին պատասխանելուց, բայց այդտեղ պարզելու շատ հարցեր կան, որոնք պարզում ենք: Չեմ պատասխանում հարցերի այդ հատվածին: -Դուք ասում եք՝ ակնհայտ է եղել, որ անձի նկատմամբ հարկադրանք է եղել: Ո՞ր փուլում է հայտնի եղել, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ հարկադրանք է եղել, արդյոք դատավոր Բորիս Բախշիյանը նրան կալանավորելու պահին տեղյակ էր նրա նկատմամբ հարկադրանքից: -Քրեական գործով անձը մինչ այդ հայտնել է, որ իր նկատմամբ եղել են ազդեցություններ, նկարագրել է, թե ինչ ազդեցությունների մասին է խոսքը, հայտնել է, թե ովքեր և ում անունից են մոտեցել և ինչ են պահանջել: -Խոսքն ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի մասի՞ն է: -Այո, դեռևս նախաքննության ընթացքում, և դա դրված է եղել գործով այլ ամբաստանյալների անազատության մեջ գտնվելու հիմնավորումների տակ: Շարունակությունը՝ hetq.am-ում
23:13 - 15 փետրվարի, 2022
2021-ին բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7 մլրդ դրամի գումար

2021-ին բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7 մլրդ դրամի գումար

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021 թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները:  Ըստ այդմ՝ դատախազության այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, դատավճիռների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2020-2021 թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։ Մասնավորապես, անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու, ուսումնասիրությունների պատշաճ, համապարփակ և արդյունավետ իրականացման նպատակով կազմվել և պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, մի շարք այլ մարմիններին և կազմակերպություններին ուղարկվել է գրեթե 2500 հարցում, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 171 հանձնարարություն: Ստացված պատասխանների հիման վրա իրականացվում են համապատասխան անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ:  Մի շարք ուսումնասիրությունների շրջանակներում շուրջ 90 դիմում է ներկայացվել դատարան՝ բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և/կամ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով: Դրանք մեծամասամբ ամբողջությամբ բավարարվել են: Թվով 205 գույքի շուկայական արժեքները պարզելու նպատակով վարչության դատախազների կողմից կայացվել է 15 վարույթի վերաբերյալ դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 19 որոշում: Դրանցից 10 վարույթի վերաբերյալ ներկա պահին արդեն իսկ ստացվել են եզրակացությունները: Դատաապրանքագիտական բնագավառի լրացուցիչ մասնագետների ներգրավմամբ միջոցներ են ձեռնարկվել 41 գույքի շուկայական արժեքները պարզելու ուղղությամբ, որոնց արդյունքները ևս ստացվել են։ 14 ուսումնասիրության շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու 16 դիմում, որոնք դատարանի կողմից բավարարվել են, համապատասխան անձանց գույքերի վրա դրվել է արգելանք: Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու բավարարված միջնորդությունների շրջանակում հարուցված կատարողական վարույթների թիվը կազմում է 40։ Առաջիկայում ամփոփման փուլում գտնվող ավելի քան 10 այլ գործերով նույնպես դատարան կներկայացվեն հայցի նախնական ապահովման մասին դիմումներ։  Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր 27.717.123.932 ՀՀ դրամի չափով գումար: Վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և իրենց դիրքորոշումը ներկայացնելու միասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ներկայացել և ստացել է ուսումնասիրությունների նյութերը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ 2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։ (Եվս մեկ հայց դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2022 թ.): Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։ Բազմաթիվ վարույթներով ուսումնասիրությունները շարունակվում են, դրանց ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերաբար։
18:00 - 14 փետրվարի, 2022
Դատախազությունն առաջարկում է բռնագանձել Արամ Վարդանյանի ապօրինի գույքը

Դատախազությունն առաջարկում է բռնագանձել Արամ Վարդանյանի ապօրինի գույքը

2022 թվականի հունվարի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝    - Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ,  - 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,  - 472.097.316 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Դատախազությունից նշում են, որ առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
12:05 - 14 փետրվարի, 2022
Երեմ Սարգսյանը Բորիս Բախշիյանին կալանավորած դատավորի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Երեմ Սարգսյանը Բորիս Բախշիյանին կալանավորած դատավորի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված) Բորիս Բախշիյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Նկատի ունենալով ՀՀ դատախազության և բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից մի քանի օր առաջ ձևավորված իրավական նորագույն պրակտիկան և հստակ հիմնավորելով, որ դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կարգով երկու ամիս ժամանակով կալանավորել է դատավոր Բորիս Բախշիյանին, քիչ առաջ, մինչև կալանավորման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավոր Դավիթ Արղամանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարու­ցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության: Հուսով եմ, որ դատախազությունն ու ԲԴԽ-ն Դավիթ Արղամանյանի գործով ևս անվերապահորեն կհետևեն իրենց կողմից ձևավորած իրավական պրակտիկային և չեն անհանգստանա այդ քրեական գործի ընթացքում Դավիթ Արղամանյանի կողմից տրվող անկանխատեսելի ցուցմունքներից»,֊-գրել է Սարգսյանը:
11:51 - 11 փետրվարի, 2022
ԱՄՆ վարչակազմը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը. դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

ԱՄՆ վարչակազմը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը. դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նրան ուղեկցել են  ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը, կոնկրետ ուղղություններով ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված ԱՄՆ կառավարության և անձամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործադրած ջանքերը: Հատկապես կարևորվել է Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման և կայացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, ապօրինի հարստացման, հիպերհանցագործությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով ՀՀ դատախազների վերապատրաստումներին ցուցաբերված խորհրդատվական, տեխնիկական օժանդակությունը», ասվում է հաղորդագրության մեջ: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է իրավական փոխօգնության շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացման նշանակությունը: Նշվում է, որ դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նշվում է հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակը և փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն իրենց պատկերացումներն ու ակնկալիքներն են հայտնել իրավական փոխօգնության, քննչական հարցումների կատարման, էքստրադիցիայի, ՀՀ դատախազության կարիքների գնահատմամբ նոր ծրագրերի իրականացման ոլորտներում համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ: Դեսպան Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:   
18:42 - 10 փետրվարի, 2022
Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՀՀ ՄԻՊ իրավական դիրքորոշումները

Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՀՀ ՄԻՊ իրավական դիրքորոշումները

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները։ 2022թ. փետրվարի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հետապնդումը կապված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործով անձին «ակնհայտ ապօրինի կալանավորելու կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու» հետ, բայց իրականում հարցը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու Բ.Բախշիյանի որոշման հետ: Փաստաբանների բողոքից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ պարզաբանումներ են պահանջվել փաստաբաններ բարձրացված հարցերի առնչությամբ, տեղի է ունեցել քննարկում փաստաբանի հետ, ուսումնասիրվել է ՀՀ դատավորների միության նախագահի հայտարարությունը:  Այնուհետև, նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ (https://ombuds.am/am/site/ViewNews/2110): Պաշտպանի աշխատակազմը մանրամասն հետևել է դատավորի հետ կապված իրադարձությունների զարգացմանը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. փետրվարի 7-ի որոշմամբ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանի և Արսեն Սարդարյանի հետ:  Քննարկումից հետո՝ նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեղի է ունեցել առանձնազրույց Բորիս Բախշիյանի հետ: Փետրվարի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պատշաճ ստացվել և ուսումնասիրվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, ինչպես նաև ուսումնասիրվել է Գլխավոր դատախազության փետրվարի 1-ի հրապարակային հայտարարությունը Բ.Բախշիյանի գործի վերաբերյալ:  Ուսումնասիրվել է նաև Դատավորների միության փետրվարի 2-ի հայտարարությունը՝ առաջ քաշված մտահոգություններով: Բ.Բախշիյանի իրավունքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ պարզաբանում է, որ սույն հայտարարությունը չի վերաբերում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով Բորիս Բախշիյանին առաջադրված մեղադրանքի փաստերին ու դրանց նկատմամբ իրավական կանոնների կիրառությանը: Ըստ այդմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությունն ու դիրքորոշումները հանգում են հետևյալին. 1. Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բորիս Բախշիյանի և նրա փաստաբանների դիմումների, վերջիններիս հրապարակային հայտարարությունների, իրեն ներկայացված նյութերի հիման վրա վեր է հանել առանցքային իրավական հարց: Մասնավորապես, Բորիս Բախշիյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ. ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս ձևակերպումից ակնհայտ է, որ նշված հոդվածը որևէ մեկի մեղսագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի կալանավորումը կամ կալանքի տակ պահելը լինի ակնհայտ անօրինական, այսինքն՝ ակնհատորեն խախտի օրենքը կամ հակասի օրենքին:  Այլ կերպ ասած, Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով ամրագրած հանցակազմի հիմքում անձին կալանավորած կամ կալանքի տակ պահած անձի արարքների օրինականությունն այդ հանցակազմի առկայության անհրաժեշտ ու պարտադիր պայման է. առանց օրինականության հարցին պատասխան տալու նման հոդվածով հիմնավոր կասկածի առկայության մասին խոսք լինել չի կարող: Կոնկրետ գործի տեսանկյունից սա նշանակում է, որ Բորիս Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված արարքի մեջ մեղադրելու համար նրան քրեական հետապնդման ենթարկելու և ազատությունից զրկելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերում պետք է ցույց տրվի, որ նա թույլ է տվել անօրինական արարքներ, որոնք էլ հանգեցրել են նրա կողմից անօրինական դատական ակտ կայացնելուն: Ըստ այդմ, Բ.Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ի երկու որոշումների ուսումնասիրությունից բխում է, որ ԲԴԽ-ն, հանդես գալով՝ որպես դատարան, քննարկել է Բորիս Բախշիյանի արարքները հենց նաև օրինականության տեսանկյունից և իր որոշման հիմքում դրել է հենց օրինականության հետ կապված հարցերը (մեկ այլ գործով մեղադրյալի լսվելու իրավունքը խախտելը և այլն): Հենց օրինականության տեսանկյունից են դատավոր Բորիս Բախշիյանի արարքները քննարկված նաև ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փետրվարի 7-ին ուղարկված պաշտոնական պարզաբանումներում: Ավելին, Բ.Բախշիյանը և նրա փաստաբանները (փաստաբանները նաև այս մասին տվել են հրապարակային հարցազրույցներ) Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են լրացուցիչ փաստական տվյալներ, որոնցից բխում է, որ քննիչը ԲԴԽ-ի որոշումներից հետո դատարան ներկայացված կալանքի իր միջնորդության հիմքում դրել է հիմնավորումներ, որոնք վերաբերում են Բ.Բախշյանի արարքների և նրա կայացրած ակտի օրինականությանը: Միևնույն ժամանակ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կալանք կիրառելու փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրված է, որ դատարանը Բորիս Բախշիյանի դատական ակտի օրինականությունը քննարկման հարց չի դարձրել և այս հիմքով չի անդրադարձել պաշտպանական կողմի այն առարկություններին, որ Բ.Բախշիյանը գործել է օրենքի սահմաններում: Բայց դատարանը ողջամիտ և իրատեսական է համարել, որ Բորիս Բախշիյանը գործել է բարեխողճորեն, անկախ և անաչառ, բայց դրանք բավարար չի համարել հիմնավոր կասկածն ի սկզբանե բացառված համարելու համար և հաղահարված է համարել հիմնավոր կասկածի նվազագույն շեմը: Սա նշանակում է, որ մի կողմից առաջին ատյանի դատարանը Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի հիմքի՝ օրինականության հարցի մեջ ընդհանրապես չի մտել, մյուս կողմից, չբաառելով հիմնավոր կասկածի առկայությունը և հաղթահարված համարելով դրա նվազագույն շեմը, ըստ էության արձանագրել է, որ կարող է լինել անօրինականության հարց: Ընդ որում, այս եզրահագնումները դատարանը շարադրել է ոչ թե հաստատակամ, այլ հավանական դատողություններով: Նման պայմաններում ողջամիտ դիտորդի մոտ առաջ է գալիս հարց՝ ինչպե՞ս դատարանը որոշեց, որ հիմնավոր կասկածը բացառված չէ և հաղթահարված է նվազագույն շեմով, այսինքն որ Բորիս Բախշյանն ակնհայտ անօրինական արարք է թույլ տվել, երբ այդ հարցի մեջ չի մտել առհասարակ: Սա էլ այն դեպքում, երբ ԲԴԽ-ն համաձայնություն տալու որոշումներով օրինականության հարցը քննարկման արժանացրել է և նույն տեսանկյունից հարցը քննարկել է նաև քրեական հետապնդման մարմինը: Թե՛ Բորիս Բախշիյանը, թե՛ նրա փաստաբանները շարունակում են պնդել, որ միայն Բ.Բախշիյանի արարքների օրինականությունը քննարկելով նրա նկատմամբ կալանք կիրառած դատարանը կարող է որոշել հիմնավոր կասկած առկա է, թե ոչ: Ավելին, Բորիս Բախշիյանը քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցում նշել է, որ իրեն կալանավորած դատավորը չի մտել օրինականության հարցի մեջ, քանի որ դա կնշանակեր իրավական վեճի քննարկում, որն էլ պարզ կդարձներ, որ այդ հարցը ենթակա է Քրեական վերաքննիչ դատարանի քննությանը, եթե իր ակտի դեմ սահմանված կարգով տարբեր բողոք: Այսինքն՝ դատարանը չէր կարող մտնել օրինականության հարցի մեջ, քանի որ կապացուցեր, որ քրեական հետապնդման հիմքը բացակայում է, բայց մյուս կողմից դատարանը ստիպված է դա արել, որպեսզի ստեղծի իրեն կալանավորելու հիմք: 2. Բորիս Բախշիյանը ՔԿՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ 2022թ. հունվարի 30-ին իրեն զանգահարել են Բարձրագույն դատական խորհրդից և հրավիրել Երևան, բայց որևէ պատճառ կամ պարզաբանում չեն նշել: Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին Երևան հասնելուն պես գնացել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ցերեկը ժամը 11-12-ի սահմաններում:     ԲԴԽ-ում փորձել է պարզել, թե ինչու է հրավիրվել, սակայն պատասխան չի ստացել:  Ըստ Բորիս Բախշիյանի` թեև ՀՀ դատական օրենսգրքի 65-րդ հոդվածն ամրագրում է, որ դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ, սակայն ընդունելության չի արժանացել՝ չնայած իր խնդրանքին:  Բ.Բախշիյանի պնդմամբ, սա ավելի է նպաստել իր համար իրավիճակի անորոշությանը: 3. ԲԴԽ-ում մոտ 1 ժամ սպասելուց հետո՝ ժամը 12-13-ի սահմաններում իրեն են տրամադրել ՀՀ գլխավոր դատախազի երկու միջնորդություններ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու և իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ՝ կից նյութերով, ու նշել են, որ նույն օրը տեղի է ունենալու ԲԴԽ նիստ այդ միջնորդությունների կապակցությամբ: Հավելյալ որևէ այլ տեղեկություն չի տրամադրվել: Ընդ որում, Բ.Բախշիյանը հատուկ է ընդգծել, որ ինքը հրավիրվել է ԲԴԽ հունվարի 30-ին, բայց Գլխավոր դատախազի միջնորդությունները ԲԴԽ են մուտքագրվել հունվարի 31-ին, դրանք նաև թվագրված են հունվարի 31-ով:  Ըստ Բ.Բախշիյանի՝ սա նշանակում է, որ նախապես ԲԴԽ-ում իմացել են, թե ինչու են իրեն հրավիրում Երևան: Չնայած դրան՝ իր իրավունքներին վերաբերող կարևոր տեղեկություններն այն մասին, որ իր նկատմամբ հաջորդ օրը քննվելու են քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համաձայնություն տալու Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները, իրենից պահել են գաղտնի: Բորիս Բախշիյանի պնդմամբ՝ դրանով ԲԴԽ-ն իրեն զրկել է իր իրավունքների պաշտպանությանը նախապատրաստվելու ժամանակից ու հնարավորությունից՝ ոտնահարելով արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքների երաշխիքները: 4. Բ.Բախշիյանը և փաստաբանը նշել են, որ ԲԴԽ-ն առաջին միջնորդության քննարկումը՝ կապված քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հետ, սկսել է հունվարի 31-ին՝ ժանը 17-18-ի սահմաններում:    Այսինքն՝ ԲԴԽ-ի երկու նիստերին նախապատրաստվելու համար Բորիս Բախշիյանն ունեցել է ընդամենը մի քանի ժամ, մինչդեռ, ինչպես նշում են Բ.Բախշիյանը և փաստաբանները, քրեական հետապնդման մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական հետապնդման գործողություններ կատարել է հունվարի 11-ից սկսած, իսկ ԲԴԽ-ն էլ նախապես իմացել է այդ մասին:  Նման պայմաններում ստացվում է՝ պաշտպանության կողմը եղել է անհավասար վիճակում՝ զրկված լինելով իր իրավունքների պաշտպանության համար նախապատասրտվելու բավարար ժամանակից ու հնարավորություններից: 5. Դատավոր Բորիս Բախշիյանն իր հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ չնայած ժամանակի սղությանը և դրանով պայմանավորված՝ դժվարություններին, այդուհանդերձ, ԲԴԽ է հրավիրել փաստաբան և վերջինիս հետ միասին մասնակցել նիստին: Այդ նիստը՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցով, ավարտվել է հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում: Դրանից հետո, ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբանների` հայտարարվել է 10-15 րոպե տևողությամբ ընդմիջում՝ մինչև ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը: Ընդ որում, Բ.Բախշիյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ ԲԴԽ-ին ինքը տեղեկացրել է, որ առաջին հարցից հետո մինչև երկրորդ՝ ազատությունից զրկելու հարցով նիստն իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և անակնկալի եկած վիճակից կարճ հանգստի համար 10-15 րոպեն բավարար ժամանակ չէ: Դրանից բացի, ինքը ցանկանում է հրավիրել ևս մեկ փաստաբան, ինչը գիշերը ժամը 23-ի սահմաններում հնարավոր չէ ԲԴԽ-ի հայատարարած ժամանակահատվածում ապահովել: Ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբանների՝ ԲԴԽ-ն ձևական պատճառաբանությամբ մերժել է խնդրանքը՝ նշելով, որ տրամադրված ժամանակն ընդամենը հայտարարված կարճատև ընդմիջումն է: Այս առնչությամբ, Բ.Բախշիյանը Մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ քանի որ առաջին նիստն ավարտվել է հունվարի 31-ին՝ ժամը 23-ի սահմաններում, այդ գիշեր ժամանակ օբյեկտիվորեն հնարավոր չէր այլ փաստաբան հրավիրել ու առավել ևս 10-15 րոպեի ընթացքում:  Անգամ եթե կարողանար փաստաբան գտնել, ապա փաստաբանը չէր հասցնի ծանոթանալ գործի մանրամասներին ու նյութերին:  Բ.Բախշիյանը նշել է, որ ինքը նույնպես չի ունեցել իր իրավունքների պաշտպանությանը այդ կարճ ընդմիջման ընթացքում անձամբ պատշաճ պատրաստվելու հնարավորություն: 6. Բորիս Բախշիյանի տեղեկացմամբ՝ իրեն ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցով ԲԴԽ նիստն ավարտվել և որոշումը հրապարակվել է արդեն փետրվարի 1-ին՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում: 7. Քրեական հետապնդմանը մարմինը մեղադրանքն առաջադրել է փետրվարի 1-ին և նույն օրն էլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդությունը: 8. Փաստաբանների և Բորիս Բախշիյանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է Բ.Բախշիյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելուն և հետևաբար՝ մեղադրանքի ու կալանավորման իրավաչափության բացակայությանը: Նախ, նրանք նշել են, որ թեև ԲԴԽ-ն դիրքորոշում է հայտնել, որ դատավորի նկատմամբ քրեական գործ կարող է հարուցվել միայն քրեական հետապնդում հարուցելու ԲԴԽ-ի համաձայնությունից հետո՝ որպես դատավորի իրավունքների երաշխիք, Բորիս Բախշիյանին այդ համաձայնությունից հետո քրեական գործի հարուցման որոշում չի տրամադրվել: Ըստ բողոքների՝ ԲԴԽ-ն ազատությունից զրկելու նիստի ընթացքում նույնպես այդ հարցը չի բարձրացրել և քրեական հետապնդման մարմնից այն չի պահանջել:  Ըստ այդմ, Բ.Բախշիյանը նշել է, որ սա նշանակում է, որ քրեական գործ հարուցելու որոշումը կա՛մ կազմվել է նախապես՝ մինչև ԲԴԽ-ում առաջին նիստը սկսվելը, կա՛մ կազմվել է առաջին և երկրորդ նիստերի միջև 10-15 րոպե ընդմիջման ընթացքում, կա՛մ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կազմվել է ԲԴԽ երկրորդ նիստից, այսինքն՝ ազատությունից զրկելու համաձայնությունը տալուց հետո:  Միևնույն ժամանակ, Բորիս Բախշիյանը նշել է, որ ինքը բացառում է, որ ընդմիջման ընթացքում կազմված լիներ նման որոշում, քանի որ չի եղել դրա տեխնիկական կամ կազմակերպական հնարավորություն և, դրանից բացի էլ, ինքը չի նկատել դա: 9. Արդար դատաքննության, մասնավորապես՝ պաշտպանության իրավունքի և անձնական ազատության իրավունքի վրա էական բացասական ազդեցություն ունեցող գործոն է այն, որ, ինչպես պնդել են փաստաբանները և հենց Բորիս Բախշիյանը, քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ԲԴԽ-ի որոշումը ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը քննարկելուց առաջ պաշտպանության կողմին չի տրամադրվել:  Այսինքն՝ պաշտպանության կողմը չի տիրապետել այն հանգամանքներին կամ այն հիմնավորումներին, որոնցով ղեկավարվել է ԲԴԽ-ն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս և որոնց հիման վրա էլ սկսվել է ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկում: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել՝ այն, որ Գլխավոր դատախազի միջնորդությունները Բորիս Բախշիյանին տրվել են ԲԴԽ նիստից [մի քանի ժամ] առաջ, ընդունելի պատճառաբանություն չի կարող լինել, քանի որ խոսքը վերաբերում է համաձայնություն տալու որոշմանը, որն ունի այլ նշանակություն: Ավելին, պաշտպանության կողմի պնդմամբ՝ ԲԴԽ-ի երկու նիստերի արդյունքներով որոշումներն իրենք չեն ունեցել նաև Բորիս Բախշիյանին մեղադրանք առաջադրելու ժամանակ՝ փետրվարի 1-ին` ժամը 17-ին: Դրանից հետո՝ ժամը 17:30-ին տեղի է ունեցել Բորիս Բախշյանի հարցաքննությունը. այդ ժամանակ նույնպես չեն ունեցել ԲԴԽ-ի որոշումները: Այդ որոշումները ստացել են միայն այն ժամանակ, երբ հարցաքննությունից հետո քննիչը կալանքի միջնորդության հետ միասին կից նյութերը հանձնել է պաշտպանության կողմին: Մարդու իրավունքների պաշտպանի համար գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ պաշտպանության կողմը ԲԴԽ-ի որոշումները ստացել է ոչ թե հենց ԲԴԽ-ից, այլ քրեական հետապնդման մարմնից: Ստացվում է՝ ԲԴԽ-ն քրեական հետապնդման մարմնին իր որոշումները տրամադրել է, իսկ պաշտպանության կողմին՝ ոչ: Այսինքն՝ Բորիս Բախշիյանը իր իրավունքների նկատմամբ էական միջամտություն ենթադրող որոշումները դրանք կայացնող մարմնից չի ստացել:  Մարդու իրավունքների պաշտպանի համար այստեղ կարևոր է նաև այն, որ խոսքը գործող դատավորի և այնպիսի մարմնի [ԲԴԽ] մասին է, որը Սահմանադրությամբ կոչված է երաշխավորելու դատարանների և դատավորների անկախությունը: Իրականում, ԲԴԽ-ն պարտավոր էր պաշտպանության կողմին տրամադրել իր կայացրած որոշումները՝ Բ.Բախշյանի արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքներն առավելագույն երաշխավորելու համար:  Մարդու իրավունքների պաշտպանի համար կոնկրետ իրավիճակի պայմաններում ընդունելի չէ որևէ ձևական փաստարկ, թե օրենքը նման պարտավորություն չի ապահովում: Որևէ ձևական պաշտոնական ընթացակարգ կամ դրա բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել մարդու սահմանադրական իրավունքի ու դրա իրականացման իրական պայմանների համար: Մարդու իրավունքների պաշտպանը համաձայն է փաստաբանների և Բորիս Բախշիյանի այն պնդմանը, որ այս պայմաններում չեն ունեցել իրենց պաշտպանությունը պատշաճ նախապատրաստելու ժամանակ և հնարավորություն, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հետ: Խոսքը վերաբերում է մինչև քննիչի կողմից այդ որոշումներն իրենց հանձնելուն: Այստեղ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշատակել Լևիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշումը, որի 31-րդ կետը հղում անելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք պետության սահմանափակված լինելու սահմանադրական պահանջին, արձանագրում է, որ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող լինել վերացական: Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաստատված դատական պրակտիկայի պահանջ է, որ Եվրոպական կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական ու պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ գործող իրավունքներ (օրինակ՝ Արտիկոն ընդդեմ Իտալիայի (Artico v. Italy) գործով վճիռը, 1980թ. մայիսի 13, կետ 33): 10. Նշվածով հանդերձ, Բ.Բախշիյանը և նրա փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են պնդումներ այն մասին, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ լիարժեք ծավալով քրեական հետապնդում է իրականացվել. մեղադրական բնույթի բոլոր ապացույցները ձեռք են բերվել մինչև ԲԴԽ նիստը՝ հունվարի 11-ից սկսած: Դիմողներն իրենց այս պնդումը հիմնավորում են նրանով, որ ԲԴԽ որոշումներից հետո մինչև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 7-ի որոշումը, որով կալանավորվել է Բորիս Բախշիյանը, քրեական հետապնդման մարմինը որևէ նոր գործողություն չի իրականացրել: Այլ կերպ ասած՝ ԲԴԽ-ի որոշումների և Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանք կիրառած դատարանի որոշումների միջև ընկած ժամանակահատվածում հիմնավոր կասկածը կամ կալանքի հիմքերը հարստացնող գործողություններ քրեական հետապնդման մարմինը չի արել: Այս պայմաններում ստացվում է, որ դիմողների պնդումները վերաբերում են նրան, որ այս կերպ փաստացի զրոյացվել է դատավորին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված երաշխիքը և ԲԴԽ նիստերը կրել են ձևական բնույթ ու դատավորի իրավունքների պաշտպանության նպատակին չեն ծառայել: Մինչդեռ, ինչպես ամրագրել է ՀՀ վճռաբեկ դատարանը Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ թիվ ԳԴ5/0022/01/10 գործով 2011թ. հոկտեմբերի 20-ի որոշման մեջ, դատավորի անձեռնմխելիությունը դատական իշխանության անկախության հանրային երաշխիք է և դա ամրագրող սահմանադրական նորմերը հետապնդում են գերակա իրավական նպատակ: Դրանից բացի, փաստաբանները, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին, բողոքներով նշել են, թե փաստացի քրեական հետապնդման մասին է վկայում նաև այն, որ մինչև քրեական գործ հարուցելը քրեական հետապնդման մարմինն ունեցել է տվյալներ, որոնք իրենց տվել են Բորիս Բախշիյանին այն արարքի մեջ կասկածելու հիմքեր, որը հիմա նրան մեղսագրված է: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս հարցը էական նշանակություն ունի անձի արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից, ուստի պետք է արժանանա մանրամասն ստուգման քրեական վարույթի ընթացքում: 11. Բ.Բախշիյանը բարձրացրել է մեկ այլ խնդիր, որ կապված է քրեական հետապնդման հետ:  Մասնավորապես, ըստ նրա՝ ԲԴԽ-ն հիմնավոր կասկածի առկայության հարցին դրական պատասխան տալիս հղում է արել ցածր շեմի, այն է՝ որ «ողջամիտ դիտորդի մոտ գոյության իրավունք ունի այն վարկածը, որ դատավորը հնարավոր է որևէ առնչություն ունի իրեն վերագրվող արարքին, և որ այդ վարկածը պետք է արժանանա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության»:  Ըստ դիմողի՝ վարկածը չի կարող համարվել իրավական կատեգորիա, իսկ նման ձևակերպումն էլ հիմք դառնալ քրեական հետապնդում հարուցելու և առավել ևս ազատությունից զրկելու համաձայնություններ տալու համար: Ըստ Բ.Բախշիյանի և նրա փաստաբան Երեմ Սարգսյանի՝ վերջին դեպքում առհասարակ խնդրահարույց է, թե վարկածի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ինչ կապ ունի ազատությունից զրկելու հետ: 12. Փաստաբանները և Բորիս Բախշիյանը բարձրացրել են նաև հարց այն մասին, որ դատախազը չի բողոքարկել Բ.Բախշիյանի այն դատական ակտը, որով նա կալանք է կիրառել այլ անձի նկատմամբ ու որի համար նա հետապնդվում է: Ըստ դիմողների՝ սա նշանակում է, որ տվյալ գործին մասնակից մեղադրող դատախազը չի համարել, թե Բ.Բախշիյանի կայացարած կալանքի դատական ակտն անօրինական է: ՀՀ դատախազությունը Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնապես պարզաբանել է, որ քանի որ այդ որոշումն արդեն իսկ բողոքարկված է եղել Քրեական վերաքննիչ դատարան փաստաբանի կողմից, մեղադրող դատախազն այլևս բողոք չի ներկայացրել:  Այստեղ ուշագրավ է «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, որի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է: Այս պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն ընդունելի չի համարում Դատախազության պատճառաբանությունը գործին մասնակից մեղադրող դատախազի կողմից Վերաքննիչ դատարան բողոք չտանելու հարցի վերաբերյալ: Ակնհայտ է, որ Դատախազության նման մեկնաբանությունն առհասարակ կասկածի տակ է դնում դատական ակտերը բողոքարկելու Դատախազության իրավասությունը: Ուստի, Դատախազությունը պետք է տա բովանդակային պատասխան, իսկ եթե իսկապես անօրինական է համարում Բորիս Բախշիյանի դատական ակտը, ապա գործին մասնակցող դատախազը պետք է պատասխանատվության ենթարկված լիներ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջը՝ որպես օրենքով նախատեսված պարտադիր կանոն, չկատարելու համար:   13. Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ վերը նշված բոլոր խնդիրները բնույթով այնպիսն են, որ հանգեցրել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների սահմանադրական ու միջազգային երաշխիքների խախտումների:  Մանրամասն քննության պետք է արժանանան նաև Բորիս Բախշիյանի և նրա փաստաբանների այն պնդումները, որոնք բնույթով այնպիսին են, որ կարող են պարզվել քրեական վարույթի շրջանակում և խնդրահարույց են մարդու իրավունքների տեսանկյունից: 14. Մարդու իրավունքների պաշտպանին փաստաբան Երեմ Սարգսյանը ուղղել է մեկ այլ հարց. ըստ նրա՝ ակնհայտ է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների միջև գոյություն ունի շահերի բախում: Այս հարցը բարձրացրել է նաև դատավոր Բորիս Բախշիյանը:  Հարցն այն է, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորի հայրը պաշտոնավարում է՝ որպես դատավոր Քրեական վերաքննիչ դատարանում: Ճիշտ է, վերջինը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթ չի իրականացնում, բայց միևնույն դատարանի անդամ է, ուստի դիմողները պնդում են, որ առկա է շահերի բախում և այդ հանգամանքը Վերաքննիչ դատարանն այս գործով ի սկզբանե դարձնում է ոչ պատշաճ դատարան: 15. Կանխելու համար այս հայտարարության որևէ տեսակի ոչ ճիշտ մեկնաբանություն ու առավել ևս խեղաթյուրում՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ մշտապես է քննադատության ենթարկել խափանման միջոց կալանքների չարաշահման պրակտիկան դատարանների կողմից, բայց այս հայտարարությունը վերաբերում է կոնկրետ իրավիճակի և այդ կոնկրետ իրավիճակում անձի, կոնկրետ դեպքում՝ դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքների պաշտպանությանը:             Սա այնպիսի գործ է, որ պարունակում է հետագայում նաև այն դատավորների նկատմամբ տարածվելու իրական վտանգներ, որոնք կալանքից ազատել են մարդկանց: 16. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դիտարկում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության և դատավորի ինքնուրույնության համար համակարգային վտանգների տեսանկյունից: 17. Այս գործը կարևոր նշանակություն ունի նաև կոնկրետ իրավիճակում որոշում կայացնելու դատավորի իրավասության ու միևնույն ժամանակ` այդ որոշման համար իրավապահ մարմնի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու իրավաչափության տեսանկյունից: Սա էլ իր հերթին առաջ է բերելու մեկ այլ համակարգային հարց առ այն, թե ինչ է նշանակում «ակնհայտ անօրինական» եզրույթը ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածում:  Չի կարող քրեական հետապնդումը փոխարինել դատական ակտի սահմանված կարգով բողոքարկմանը՝ անիրավաչափորեն ստորաբերելով վերջինի նշանակությունը: 18. Անհրաժեշտ է նաև ապահովել գործի քննության ընթացքում անհրաժեշտ հրապարակայնություն՝ դրա նկատմամբ առավել բարձր հանրային վերահսկողության համար և հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային արդարացի հետաքրքրությունը: 19. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքների վերաբերյալ քննարկումը»։
09:23 - 10 փետրվարի, 2022
Հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով չի ընդունվել ոստիկանների կողմից. միջնորդագիր Ոստիկանությանը և կոչ հանրությանը

Հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով չի ընդունվել ոստիկանների կողմից. միջնորդագիր Ոստիկանությանը և կոչ հանրությանը

ՀՀ ԱԱԾ-ում ստացված փաստական տվյալների հիման վրա, Ոստիկանությունից ՀՔԾ ուղարկված նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Բերդ քաղաքի բնակիչ Կ. Մ.-ն, հայտնաբերելով անհայտ անձի կողմից տան բակում գտնվող արհեստանոց-շինության մուտքի դռների կողպեքները կոտրելով ապօրինի մուտք գործելու միջոցով մի քանի իրերի, այդ թվում՝ իր անունով հաշվառված որսորդական հրացանի գողության փաստը, հանցագործության մասին հաղորդում տալու նպատակով անմիջապես այցելել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին, հանդիպել բաժնի պետ Գ. Դ.-ին: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, վերջինս օպերատիվ գծով տեղակալ Կ.Մ.-ին ձևականորեն հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հափշտակված որսորդական զենքը և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն գիտակցելով, որ հանցագործության դեպքը հաշվառելուց հետո մեծ է դրա չբացահայտման հավանականությունը՝ բաժնի ցուցանիշները չվատթարացնելու նպատակով Գ. Դ.-ն ու Կ. Մ.-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հիշյալ հանցագործության դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել բաժնում: Փոխարենը բաժնի պետի խնդրանքով քաղաքացին ներկայացրել է դիմում այն մասին, որ որսորդական զենքը ոչ թե հափշտակվել է, այլ այն կորցրել է անտառում, որպեսզի քողարկվի հանցագործության դեպքը: Հետագայում ևս երկու անգամ քաղաքացին հայտնաբերել է անհայտ անձի կողմից նույն եղանակով նույն արհեստանոցներից հափշտակություններ կատարվելու փաստեր՝ յուրաքանչյուր անգամ այդ մասին տեղեկացնելով Ոստիկանության Տավուշի բաժնի պետին և տեղակալին: Սակայն նույն շահադիտական նպատակներով վերջիններս ամեն անգամ անտեսել են սահմանված կարգով քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ընդունելու պահանջները, շարունակվող գողությունների պայմաններում համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել շինությունները դիտարկման տակ պահելու ուղղությամբ, ինչի պատճառով հանցագործին հաջողվել է թաքնվել: Նախաքննության ընթացքում ոստիկանության Տավուշի բաժնի պետ Գ.Դ.-ն ընդունել է մեղքը, զղջացել, տվել ինքնախոստովանական և հանցակիցներին մերկացնող ցուցմունքներ: Ելնելով դրանից՝ գործուն զղջալու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նա ազատվել էր ոստիկանությունում ծառայությունից: Մինչդեռ բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում դատախազի համաձայնությամբ քննիչը կայացրել է վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում: Քրեական գործը վերջինիս վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատական ակտի դեմ պաշտպանի կողմից բերվել է վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոք, որոնք մերժվել են:  Այսինքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության նշված աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման և դրանց ընթացք տալու կարգի ապահովման, ինչպես նաև հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու պարտականությունների հանցավոր չկատարումը: Նկատի ունենալով, որ դա նպաստում է հանցագործությունների թվի աճին, հանցագործների շրջանում անպատժելիության մթնոլորտի առաջացմանը և հանցագործություններից տուժած անձանց մոտ ձևավորում է անվստահություն իրավապահ համակարգի նկատմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է հասցեագրվել Ոստիկանության պետի տեղակալին՝ նշված թերությունները, դրանց պատճառները, նպաստող հանգամանքները վերացնելու, ինչպես նաև ոստիկանության Տավուշի բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ի հետագա պաշտոնավարումը դադարեցնելու հարցը քննարկելու նպատակով: ՀՀ դատախազությունը իրազեկում է քաղաքացիներին, որ ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման 35-րդ կետով սահմանված է, որ դիմողից, նրա ներկայացուցչից անմիջապես ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանցագործության մասին հաղորդում ընդունելիս՝ հաղորդում ընդունող ոստիկանության իրավասու ծառայողը պարտավոր է վերջիններիս անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր (ձև N 4): Իսկ էլեկտրոնային եղանակով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում հաղորդում ներկայացնողին կտրոն-ծանուցագիրն ուղարկվում է էլեկտրոնային եղանակով: Դատախազությունը քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում հանցագործության մասին հաղորդում ներկայացնելիս լինել հետևողական ոստիկանության ծառայողների կողմից դրանք սահմանված կարգով ընդունելու, գրացնելու հարցում և հաղորդում ընդունող ոստիկանության ծառայողից պահանջել անհապաղ տրամադրել համապատասխան կտրոն-ծանուցագիրը:   
17:43 - 08 փետրվարի, 2022
Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է իրավասու պատասխանել լրատվամիջոցից ստացված հարցմանը, ինչի արդյունքում խախտվում են տեղեկության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տելեգրամյան «Mika Badalyan» ալիքում, ապա նաեւ ֆեյսբուքյան «Ազատագրում» էջում հրապարակվեց տեղեկություն՝ Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Ավելի ուշ նույն «Ազատագրում» էջը հայտնեց, որ ադրբեջանցիները տեղափոխվել են Երեւան՝ կից հրապարակելով լուսանկար։  Հաշվի առնելով սա՝ Infocom-ը դեկտեմբերի 20-ին գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Իրականությանը համապատասխանելու դեպքում խնդրել էինք հայտնել՝ դեպքի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, եւ նախաքննական ո՞ր մարմինն է այն քննում։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ, եւ որտեղ են պահվում նրանք։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ գերեվարման հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե քանիսն են նրանք, եւ միայն զինվորական, թե նաեւ քաղաքացիական անձինք են։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով․ «Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։ Նկատենք, որ ՊՆ հաղորդադրության մեջ առկա ձեւակերպումները պատահական ձեւակերպումներ չեն․ սահմանը խախտելը, մասնավորապես, պետական սահմանն ապօրինի հատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը ձերբակալվում է կամ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կայացրած որոշման հիման վրա, կամ որեւէ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա։ Հարցումն ուղարկելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Չախոյանի որոշմամբ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ա․ Զաքարյանին՝ կից գրությամբ․ «Հարգելի՛ պարոն Զաքարյան, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դեկտեմբերի 29-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ա․ Զաքարյանը պատասխանեց Դատախազությանը՝ նշելով, որ հարցումը դուրս է ՊՆ ռազմական ոստիկանության լիազորություններից։ Պատասխանում, մասնավորապես, գրված է․ «Հարգելի՛ պարոն Չախոյան, հայտնում եմ, որ համաձայն ՀՀ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքի 4-րդ հոդվածի՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ ՌՈ-ն ապահովում է նաեւ զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, ինչպես նաեւ Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը։ «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Մ․ Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին հարցումը դուրս է ՀՀ ՊՆ ՌՈ լիազորություններից, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ ՌՈ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։ 2022 թվականի հունվարի 5-ին Գլխավոր դատախազությունը դարձյալ պատասխան նամակ ուղարկեց ՊՆ-ին՝ պատճենը տրամադրելով նաեւ մեզ։ Այս անգամ պատասխանը գրված էր Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գ․ Բաղդասարյանի կողմից եւ հասցեագրված էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին։ Ներկայացնելով հարցման նախապատմությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանը՝ Գ․ Բաղդասարյանը գրել էր․ «Հարգելի՛ պարոն Սարգսյան, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ զորամասերի պահպանության տեղամասերը, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն, գտնվում են ՀՀ ՊՆ իրավազորության ներքո, իսկ այդ հատվածներում կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերով մինչդատական  քրեական վարույթի նախնական փուլը պետք է իրականացվի հետաքննության մարմին հանդիսացող զորամասերի հրամանատարների կամ ռազմական ոստիկանության կողմից։ Ավելին, դեռեւս 2021 թ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում` mil.am-ում, հաղորդագրություն է հրապարակվել առ այն, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Ուստի, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դատախազության այս նամակը ստանալուց հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից խոստացան ճշտել, թե ինչ փուլում է հարցումը, եւ զանգահարել։ Քանի որ պատասխան զանգեր այդպես էլ չստացանք, տարբեր օրերի նորից զանգահարեցինք թե՛ հիշյալ վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում,  բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ դեպքերում տեղեկությունը դիմողին տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է նրան՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Թեեւ  մենք լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին չէինք տեղեկացվել, բայց որոշեցինք սպասել 30 օր՝ ժամկետի հաշվարկը սկսելով հարցումը ՊՆ նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին վերահասցեագրելու օրվանից, այսինքն՝ այս տարվա հունվարի 5-ից։ Սակայն այդ ժամանակը եւս լրացավ, իսկ պետական մարմինների կողմից նշված դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ այդպես էլ չտրամադրվեց։ Միլենա Խաչիկյան
18:54 - 07 փետրվարի, 2022
Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ավտոմեքենայի ուղևորի նկատմամբ խոշտանգում իրականացնելու համար ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ավտոմեքենայի ուղևորի նկատմամբ խոշտանգում իրականացնելու համար ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ Վ. Մ.-ն հայտնել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հատվածում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու, ոտքերին կրակելու վերաբերյալ սպառնալիք հնչեցնելու և ոստիկանության բաժին տեղափոխելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ 2021թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննության արագությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 15-ին գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում, որով, ի թիվս այլնի, հանձնարարվել է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համադրմամբ և գնահատմամբ քննարկել ՀՀ ոստկանության համապատասխան ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 29-ին' ժամը 04:40-ի սահմաններում, Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհահատվածի սկզբնամասում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը, կանգնեցրել են Դ. Ս.-ի վարած ավտոմեքենան և ավտո­մեքենայից դուրս գալու պահանջ ներկայացրել Վ. Կ.-ին: Դրանից հետո ավտոմեքենայում գտնվող իրի մասին հարցի վերաբերյալ ճշտող հարցը զայրացրել է բաժնի պետի տեղակալին, և իրենց հետ ոչ հարիր ձևով խոսելու համար պատժելու նպատակով վերջինս երկու անգամ բռունցքով հարվածել է Վ. Կ.-ի գլխի ձախակողմյան շրջանին՝ վերջինիս դիտավորյալ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: 2022թ. փետրվարի 3-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ս. Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (խոշտանգում) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված հանցանքների վերաբերյալ գործերով նախաքննությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ քննիչները՝ քրեական գործով հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Հետագա քննության ընթացքում գնահատականներ կտրվեն նաև դեպքին մասնակից մյուս պաշտոնատար անձանց գործողություններին:
14:28 - 05 փետրվարի, 2022
Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Փաշինյանի և Խաչատուրյանի, նրանց ընտանիքների անդամների հասցեին․ կայացվել է «ծանր վիրավորանքի» գործերով առաջին մեղադրական դատավճիռը

Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Փաշինյանի և Խաչատուրյանի, նրանց ընտանիքների անդամների հասցեին․ կայացվել է «ծանր վիրավորանքի» գործերով առաջին մեղադրական դատավճիռը

ՀՀ Երևան քաղաքի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. նոյեմբերի 5-ին, Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս 2021թ. սեպտեմբերի 20-ի երեկոյան, գտնվելով Երևան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածում, իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ 1-02 հեռախոսահամարին և ՀՀ ոստիկանության աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելու պատճառաբանությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին: Այդ կերպ նա դիտավորությամբ ծանր վիրավորանք հասցրել վերջիններիս: Քրեական գործը դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ 2021թ. նոյեմբերի 22-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: 2022թ. փետրվարի 2-ի դատավճռով Փ. Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվել տուգանքի՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով: Դատարանի կողմից կայացված դատավճիռն առաջինն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո: Մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝  վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի: 214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 31 անձի: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 8 քրեական գործ, որոնցից մեկով՝ վերոնշյալով, կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուսներով դատական քննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունը հասարակության բոլոր անդամներին հորդորում է ձեռնպահ մնալ վիրավորանքը և դրա ծանր դրսևորումները հանրային հարաբերություններում կիրառելուց, ոչ միայն անխուսափելի քրեական պատասխանատվության չենթարկվելու, այլ նաև հանրային խոսակցական և վարքագծային մշակույթում ատելության խոսքն օրինաչափության չվերածելու, հանրային համակեցության և համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար: Հարկ է հաշվի առնել նաև, որ հայհոյանքով, անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանքով ուղեկցվող խոսույթն ինքնին նաև այլ բնույթի հանցագործություններ ծնող, դրանց կատարմանը նպաստող էական գործոն է:
14:30 - 03 փետրվարի, 2022