Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Բորիս Բախշիյանի և Աշոտ Մինասյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել |hetq.am|
23:13 - 15 փետրվարի, 2022

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Բորիս Բախշիյանի և Աշոտ Մինասյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն, ով ԲԴԽ-ում ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու 

միջնորդությունները, այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում պատասխանել է գործի հետ կապված որոշ հարցերի, ինչպես նաև անդրադարձել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցին:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ:

Դատախազի հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

-Պարո՛ն Բաղդասարյան, դատավոր Բորիս Բախշիյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեղադրանք է առաջադրել: Ո՞ր հանգամանքներն են դատավորի որոշումն ակնհայտ ապօրինի դարձնում, որոնց պայմաններում քրեական վարույթ է նախաձեռնվել:

-Ակնհայտությունը այն է, որ տվյալ դատական նիստում կալանավորման հիմքերը քննարկվել են: Որպեսզի կարճ պատասխանեմ՝ որևէ տվյալ չի եղել, որը կվկայեր կալանավորման անհրաժեշտության մասին: Անձի բացակայությունը պայմանավորված է եղել նրա կողմից առանց պաշտպանի դատական նիստին չներկայանալու հանգամանքով, քանի որ գործով հաստատված է, որ նրա նկատմամբ անօրինական ազդեցություն է եղել: Ակնհայտ է եղել, որովհետև դատական նիստում քննարկման ժամանակ բոլորն, այդ թվում՝ պաշտպանության կողմը հայտարարել են, որ, որպես դատավարության մասնակից, այնքան էլ դրական վերաբերմունք չունեն կալանավորված ամբաստանյալի նկատմամբ, բայց շեշտել են, որ չի կարելի կալանավորել նրան, որովհետև մինչև դա կան հարկադրանքի այլ միջոցներ, այդ թվում՝ բերման ենթարկելը: Ակտը կայացնելուց անմիջապես առաջ քննարկման ժամանակ ի ցույց է դրվել դատավորին, որ պետք է ապահովել անձի լսված լինելու իրավունքը՝ թեև այդ հանգամանքը դատավորի համար ակնհայտ է եղել: Ակնհայտ է եղել, որովհետև նա տվյալ նիստում անմիջապես ակտը կայացնելուց առաջ արձանագրել է, որ ավելի մեղմ հարկադրանի միջոց՝ դատական սանկցիա պաշտպանի նկատմամբ կիրառելու համար պետք է լսված լինելու իրավունքն ապահովի, իսկ ամբաստանյալի դեպքում նման անհրաժեշտություն չկար: Թեև այս դեպքում ամբաստանյալը չի խուսափել քննությունից՝ բայց դատավորն իր դատական պրակտիկայում շատ ակնհայտ խուսափելու դեպքերում նման խափանման միջոց չի կիրառել: Մեկ տարի դատական նիստին չներկայացած մեղադրյալին մի քանի անգամ նույնիսկ զանգով խնդրել են ներկայանալ դատական նիստի, չի ներկայացել, այդ ժամանակ խափանման միջոցը՝ հսկողության հանձնված լինելը, փոխվել է, և ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այսինքն՝ մի տարի չեն ներկայանում, խափանման միջոցը դառնում է չհեռանալու մասին ստորագրություն, մեկ դատական նիստի չի ներկայանում այն մեղադրյալն, որը ցուցմունք է տվել, որ իր վրա ազդեցություն կա և այդ նիստին չի գալիս, որովհետև իր պաշտպանը հայտնել է, որ չի գալու, իրեն կալանավորում են:

-Դուք խոսեցիք լսված լինելու իրավունքի մասին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի լսված լինելու իրավունքը ևս ապահովված չէր, բայց նրա նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

-Երբ Արթուր Սարգսյանի գործով համադրություն է արվում, տպավորություն է ստեղծվում, որ Բորիս Բախշիյանի մեղադրանքում անօրինականությունը կապվում է բացառապես լսված չլինելու իրավունքի հետ: Կրկնում եմ՝ կալանավորման հիմքերը բացակայել են, լսված չլինելն այս մեղադրանքի ընդամենը մի փոքր բաղադրիչն է:

-Այսինքն՝ լսված լինելու իրավունքն առանց ապահովելու, անձին կալանավորելն ակնհայտ ապօրինի չի՞ դարձրել դատավոր Բորիս Բախշիյանին վերագրվող արարքը:

-Դա էլ է դարձրել, բայց ի տարբերություն այս դեպքի՝ Վերաքննիչ քրեական դատարանում կողմերի մասնակցությունը պարտադիր չէ, և մի շատ կարևոր հանգամանք. քանի որ նախորդ անգամ այդ հարցերը տալիս էին, իմ գործընկերներին խնդրել եմ Արթուր Սարգսյանի գործով պատմությունն ինձ մի քիչ ներկայացնել: Արթուր Սարգսյանը Վերաքննիչ դատարանում չի կալանավորվել՝ այդ նիստին չներկայանալու պատճառով, իսկ Բորիս Բախշիյանի կողմից անձը կալանավորվել է կոնկրետ այդ նիստին արդեն նշված պատճառով չներկայանալու համար: Գուցե ինչ-որ չափով այս դեպքերը համադրելի լինեին, եթե Արթուր Սարգսյանը Վերաքննիչ դատարանի նիստին չներկայանալու համար կալանավորվեր, բայց անգամ այդտեղ նմանություն չկա: Իսկ ամենաէական տարբերությունն այն է, որ Վերաքննիչ դատարանում անձանց մասնակցությունը պարտադիր չէ:

-Բայց այդ անձինք ցանկություն են ունեցել մասնակցելու այդ նիստին և ասում են՝ չեն ծանուցվել դրա մասին:

-Ծանուցվել են, ինձ ներկայացված տվյալներով, համենայն դեպս, ծանուցվել են:

-Դուք ինչպե՞ս եք ստուգել, որ դատարանը ծանուցել է կողմին:

-Հավանաբար այդ հարցը քննարկվել է դատական նիստում, այդ գործով դատախազին եմ հարցրել՝ լրագրողների խնդրանքով, այդ գործով լիազորություն չեմ իրականացնում, ներքին կանոնը խախտել եմ, այլ գործով տեղեկություն ստացել, որ գամ, ձեզ ասեմ:

-Դատավոր Բորիս Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով է մեղադրանք առաջադրված, այսինքն՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Կնշե՞ք, թե ակնհայտ ապօրինի կալանավորելու առաջացրած ծանր հետևանքը ո՞րն է եղել:

-Անձը գտնվել է անազատության մեջ, և դրա ընթացքում նրա նկատմամբ անօրինական ազդեցություն է ցուցաբերվել՝ նրան հարկադրել են հրաժարվել ցուցմունք տալուց, և այդ դեպքով ևս քրեական գործ կա հարուցված:

-Այսինքն՝ ծանր հետևանքները երկուսն են: 

-Ծանր հետևանքը երկու բաղադրիչ ունի:

-Պարոն Բաղդասարյան, դատարանը որոշել է անձին կալանավորել, կալանավայրում տեղի է ունեցել մեկ այլ հանցագործություն՝ անձին հարկադրել են ցուցմունք տալուց հրաժարվել: Սա ինչո՞ւ է կապվում դատավորի արարքի հետ՝ թեկուզ և որպես նրա արարքի անզգույշ հետևանք: Ստացվում է, որ կալանավայրում չեն ապահովել այնպիսի պայմաններ, որ այնտեղ գտնվող կալանավորի վրա հարկադրանք չլինի, բայց դա կապվում է դատավորի արարքի հետ:

-Իսկ ինչո՞ւ եք դուք ակնկալում, որ ես հիմա այդ գործով ներկայացնեմ ամեն ինչ, ինչն, օրինակ կներկայացնեի մեղադրական ճառ ասելու ժամանակ: 

-Դուք ասում եք՝ քանի որ դատավորի պաշտպանները հրաժարվել են դատավորի վերաբերյալ վարույթի գաղտնիությունը պահպանելու իրավունքից, ուրեմն դուք իրավունք եք ստանում խոսել: Այդ նույն տրամաբանությամբ՝ խնդրում եմ այս հարցին էլ պատասխանել:

-Ամեն դեպքում այդ հատվածով դեռևս քննություն է իրականացվում: Որպես ազատությունից զրկելու համաձայնություն տալու հիմք այդ հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը և այդտեղ Բորիս Բախշիյանի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու անհրաժեշտությունը դրվել է նրան կալանավորելու անհրաժեշտության հիմքում: Այդտեղ հանգամանքներ կան, որոնք պետք է պարզվեն: Մի կարևոր բան. մենք ձեր նշած հանգամանքների մասին խոսում ենք հիմնավոր կասկածի մակարդակում, դուք հարցադրումներ եք անում, թե արդյոք ապացուցված է, որ այդ հանգամանքները կապ ունեն իրար հետ: Հենց որ ապացուցվի, շատ ուրիշ մեղադրանքներ էլ կլինեն՝ այլ հետևանքներով:

-Մեղադրանք առաջադրելիս հիմնավոր կասկածի շեմը պետք է հաղթահարել, և դուք հիմնավոր կասկածի շեմը արդեն հաղթահարել ու դատավորին 348-րդ հոդվածի երրորդ մասով՝ այսինքն՝ անզգուշությամբ ծանր հետևանք առաջացնելու մեղադրանք եք առաջադրել:

-Լրագրողների հետ մեղքի ձև չեմ քննակելու:

-Ինչո՞ւ:

- Որովհետև դա նշանակում է այս քրեական գործի դետալային ապացույցներով քննարկում այստեղ: Մի գործի, որը հարուցվել է շուրջ տասը օր առաջ: Դա ճիշտ չէ, քանի որ Ձեր հարցադրմանն ուղիղ առնչվող հանգամանքներն այս պահին ակտիվ քննության առարկա են: Գուցե տպավորություն է ստեղծվում, որ ես խուսափում եմ հարցերին պատասխանելուց, բայց այդտեղ պարզելու շատ հարցեր կան, որոնք պարզում ենք: Չեմ պատասխանում հարցերի այդ հատվածին:

-Դուք ասում եք՝ ակնհայտ է եղել, որ անձի նկատմամբ հարկադրանք է եղել: Ո՞ր փուլում է հայտնի եղել, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ հարկադրանք է եղել, արդյոք դատավոր Բորիս Բախշիյանը նրան կալանավորելու պահին տեղյակ էր նրա նկատմամբ հարկադրանքից:

-Քրեական գործով անձը մինչ այդ հայտնել է, որ իր նկատմամբ եղել են ազդեցություններ, նկարագրել է, թե ինչ ազդեցությունների մասին է խոսքը, հայտնել է, թե ովքեր և ում անունից են մոտեցել և ինչ են պահանջել:

-Խոսքն ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածի մասի՞ն է:

-Այո, դեռևս նախաքննության ընթացքում, և դա դրված է եղել գործով այլ ամբաստանյալների անազատության մեջ գտնվելու հիմնավորումների տակ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել