2021-ին բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7 մլրդ դրամի գումար
18:00 - 14 փետրվարի, 2022

2021-ին բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7 մլրդ դրամի գումար

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021 թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները: 

Ըստ այդմ՝ դատախազության այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, դատավճիռների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2020-2021 թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։

Մասնավորապես, անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու, ուսումնասիրությունների պատշաճ, համապարփակ և արդյունավետ իրականացման նպատակով կազմվել և պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, մի շարք այլ մարմիններին և կազմակերպություններին ուղարկվել է գրեթե 2500 հարցում, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 171 հանձնարարություն: Ստացված պատասխանների հիման վրա իրականացվում են համապատասխան անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ: 

Մի շարք ուսումնասիրությունների շրջանակներում շուրջ 90 դիմում է ներկայացվել դատարան՝ բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և/կամ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով: Դրանք մեծամասամբ ամբողջությամբ բավարարվել են: Թվով 205 գույքի շուկայական արժեքները պարզելու նպատակով վարչության դատախազների կողմից կայացվել է 15 վարույթի վերաբերյալ դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին 19 որոշում: Դրանցից 10 վարույթի վերաբերյալ ներկա պահին արդեն իսկ ստացվել են եզրակացությունները: Դատաապրանքագիտական բնագավառի լրացուցիչ մասնագետների ներգրավմամբ միջոցներ են ձեռնարկվել 41 գույքի շուկայական արժեքները պարզելու ուղղությամբ, որոնց արդյունքները ևս ստացվել են։

14 ուսումնասիրության շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու 16 դիմում, որոնք դատարանի կողմից բավարարվել են, համապատասխան անձանց գույքերի վրա դրվել է արգելանք: Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու բավարարված միջնորդությունների շրջանակում հարուցված կատարողական վարույթների թիվը կազմում է 40։

Առաջիկայում ամփոփման փուլում գտնվող ավելի քան 10 այլ գործերով նույնպես դատարան կներկայացվեն հայցի նախնական ապահովման մասին դիմումներ։ 

Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր 27.717.123.932 ՀՀ դրամի չափով գումար:

Վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և իրենց դիրքորոշումը ներկայացնելու միասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ներկայացել և ստացել է ուսումնասիրությունների նյութերը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։ (Եվս մեկ հայց դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2022 թ.):

Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։

Բազմաթիվ վարույթներով ուսումնասիրությունները շարունակվում են, դրանց ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերաբար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել