ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը․ հայտնի է՝ որ երկրներն են միացել հայտարարությանը |factor.am|

ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը․ հայտնի է՝ որ երկրներն են միացել հայտարարությանը |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը նախօրեին հրավիրել էր Հայաստանը, ելույթով է հանդես եկել նաև ԵՄ ներկայացուցիչը։ Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Մշտական խորհրդում և շնորհակալություն հայտնում այս նիստում ելույթի և անձնական ներգրավվածության համար։ «ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին 2022 թվականի դեկտեմբերից և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին լիովին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են առաջացնում տեղի բնակչության շրջանում։ ԵՄ-ն ավելի ու ավելի է անհանգստանում սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ու բժշկական ծառայությունների պակասի, ինչպես նաև էներգիայի մատակարարման և հեռահաղորդակցության խափանումների հետևանքով առաջացած մարդասիրական բացասական ազդեցության հետ կապված։ Իրավիճակը կայուն չէ, լարվածություն է ստեղծում, որոնք հակասում են վստահության ամրապնդման ջանքերին։ ԵՄ-ն կրկնում է, որ բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և կոչ է անում վերադառնալ բանակցություններին: ԵՄ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը վստահության կառուցման ու մտահոգությունները երկխոսությամբ լուծելու, այդ թվում՝ ներկայում քննակվող Հայաստանում առաքելության միջոցով»,- նշվում է հայտարարության մեջ։ Որպես եզրափակում նշվում է ԵՄ-ի շարունակական աջակցությունը Հայաստանին ու նրա քաղաքացիներին։ Նաև ասվում է, որ այս հայտարարությանը միանում են ԵՄ թեկնածու երկրներ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն ու Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրներից՝ Իսլանդիան ու Նորվեգիան (չեն միացել Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը)։ Ստացվում է, որ ԵՄ թեկնածու անդամ երկրներից հայտարարությանը չեն միացել Թուրքիան, Սերբիան, Ալբանիան, Ուկրաինան և Մոլդովան։Առավել մանրամասն՝ factor.am-ում
14:11 - 18 հունվարի, 2023
{Չհաստատված} Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով

{Չհաստատված} Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ առնվազն երկու տարով։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ «Ազատության» աղբյուրի՝ դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատում է տեղեկությունը, որ նախագիծը ընդունվել է կառույցում։ Ըստ Ազատության՝ ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն: Infocom.am-ի աղբյուրը, մեկնաբանելով այն, որ «եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում», նշում է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է։ Դեռևս պաշտոնապես դեռ չի հաղորդվում, թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, սակայն, ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ: «Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասված է հանձնախմբի եզրակացության մեջ: Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի՝ ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, և կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը: Բացի այդ՝ առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:
12:13 - 17 հունվարի, 2023
Իրանը մինչև մարտ կստանա ռուսական Սուխոյ Սու-35 կործանիչներ և պաշտպանական համակարգեր |1lurer.am|

Իրանը մինչև մարտ կստանա ռուսական Սուխոյ Սու-35 կործանիչներ և պաշտպանական համակարգեր |1lurer.am|

1lurer.am: Իրանը մինչև մարտ կստանա մի շարք ռուսական Սուխոյ Սու-35 կործանիչներ՝ որպես ռազմական պատվերի մի մաս, որը ներառում է նաև պաշտպանական համակարգեր, հրթիռներ և ուղղաթիռներ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով օրենսդիրի հետ հարցազրույցը։ Շահրիար Հեյդարին, որը Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ է, չի նշել պատվիրված ինքնաթիռների թիվը: Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններն ավելի սերտացան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ ռազմական գործողությունների համար Իրանը Մոսկվային ռազմական անօդաչու սարքեր է տրամադրել, ինչը հանգեցրել է ավելի խիստ պատժամիջոցների և ԱՄՆ-ի ու Եվրամիության դատապարտմանը: Ըստ լրատվականի՝ Հեյդարիի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Իսլամական Հանրապետությունը բախվում է աճող միջազգային հանդիմանությանը՝ հակակառավարական ցույցերի համատեքստում:
12:03 - 16 հունվարի, 2023
Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող |1lurer.am|

Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող |1lurer.am|

1lurer.am:  Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնելու բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։ Հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի (ըստ դիվանագետի՝ միջանցքը Ադրբեջանի տարածքում է՝ խմբ․)՝ արդեն մոտ չորս շաբաթ տևող արգելափակմամբ, որը խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի՝ խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա: Ուստի ես դիմում եմ Ադրբեջանի կառավարությանը, որ հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին՝ իր լիազորությունների շրջանակներում գործի դնի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակասը։ Վերջապես ես դիմում եմ Հայաստանին և Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծելու երկխոսության և խորհրդակցությունների միջոցով՝ բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ: Դիմում եմ նաև ԵՄ բոլոր ինստիտուտներին՝ անմիջապես ակտիվացնելու միջնորդական ներգրավվածությունը ու կանխարգելիչ դիվանագիտությունը՝ նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները»:   Լուսանկարը՝ ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության / ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքում
12:49 - 14 հունվարի, 2023
Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները կքննարկվեն Եվրախորհրդարանի լիագումար նիստում

Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները կքննարկվեն Եվրախորհրդարանի լիագումար նիստում

Եվրախորհրդարանը հունվարի 18-ին լիագումար նիստ կգումարի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները։ Այս մասին նշված է նիստի օրակարգում, որը հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։ Արցախը 34 օր է՝ շրջափակման մեջ է։
11:51 - 14 հունվարի, 2023
Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությամբ |1lurer.am|

Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությամբ |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը մտահոգված է իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությամբ, ինչպես նաև վերջերս Էլչին Սադիգովի և Ավազ Զեյնալլիի նախնական կալանքի ժամկետների երկարաձգմամբ: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրանց, ովքեր գտնվում են անազատության մեջ իրենց հիմնական իրավունքների իրականացման համար, և վերացնել սահմանափակումները Էլչին Սադիգովի նկատմամբ»,- ասված է փաստաթղթում: Եվրամիությունը նաև հավատարմություն է հայտնել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների ոլորտում երկխոսության և համագործակցության շարունակմանը և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը։
11:43 - 14 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարն նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում: Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
18:20 - 11 հունվարի, 2023
Արմեն Գրիգորյանն ու Մարչին Վիդրան անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեությանն ու տեղակայմանը

Արմեն Գրիգորյանն ու Մարչին Վիդրան անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեությանն ու տեղակայմանը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան՝ բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին: Կողմերն անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:34 - 10 հունվարի, 2023
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022 թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:
14:23 - 10 հունվարի, 2023
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության պատճառով |tert.am|

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության պատճառով |tert.am|

tert.am: Եվրամիությունը և Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում են ակտիվացնել համագործակցությունը ուկրաինական ճգնաժամի սրման պատճառով։ «ՆԱՏՕ-ն մնում է դաշնակիցների հավաքական պաշտպանության ողնաշարը և կարևոր նշանակություն ունի եվրատլանտյան անվտանգության համար: Մենք գիտակցում ենք ավելի ուժեղ և արդյունավետ եվրոպական պաշտպանության արժեքը, որը դրական ներդրում է ունենում գլոբալ և անդրատլանտյան անվտանգության մեջ», - ասված է համատեղ հայտարարության մեջ: Հունվարի 10-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ստորագրելու են երկու կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման համաձայնագիրը։  
09:56 - 10 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտատարել էր, որ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չի երկարաձգվելու՝ նշելով, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։
14:05 - 09 հունվարի, 2023
Վայոց ձորի մարզպետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել

Վայոց ձորի մարզպետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի սաhմանին։ Այդ մասին նա ասաց այսօր՝ Կառավարության նիստից hետո ունեցած ճեպազրույցի ընթացքում։  Հարցին՝ արդյոք ԵՄ դիտորդները ֆիքսել են, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում, Արարատ Գրիգորյանը ասաց․ «Կարծում եմ՝ այո, քանի որ այդ hանգամանքները փաստացի ներկայացրել ենք, և իրենք իրենց աչքով դա տեսել են»։ Արարատ Գրիգորյանը hստակ տեղեկություն չուներ՝  դիտորդական խումբը hանդիպել է ադրբեջանցիների hետ, թե ոչ․ «Ինֆորմացիա չունեմ, hամենայն դեպս, իմ տեղեկությամբ՝ մեր կողմից այն կողմ չեն գնացել, hանդիպում, իմ կարծիքով, չեն ունեցել, բայց ինֆորմացիա չունեմ։ Դիտորդական խումբը մեր տարածքում է աշխատում»։  Մարզպետը նաև ասաց, որ Ջերմուկի զբոսաշրջության ոլորտում դրական տեղաշարժ կա․ «Մեր hյուրանոցների մի մասը ամբողջությամբ ծանրաբեռնված են եղել, մի մասը՝ ոչ, բայց ունենք hանգստացնողներ, ունենք զինվորների hարազատներ, ովքեր գալիս են, hանգստանում են, իրենց երեխաներին են այցելում։ Կարծում եմ՝ եթե այս ուղղվածությունը գնա, Ջերմուկում փոփոխություն կլինի տուրիստական առումով»։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում  Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպման ընթացքում   Հայաստանն իր համաձայնությունն էր հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակն էր վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսել էր գործել հոկտեմբերից՝ երկու ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 19-ին էլ Եվրամիության խորհուրդը որոշել էր Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում։
13:20 - 05 հունվարի, 2023
Ուկրաինան այս տարի կսկսի ԵՄ լիիրավ անդամ դառնալու բանակցությունները
 |hetq.am|

Ուկրաինան այս տարի կսկսի ԵՄ լիիրավ անդամ դառնալու բանակցությունները |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները, որը կկայանա փետրվարի 3-ին, Կիևում։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Կողմերը նաև քննարկել են Եվրամիությունում Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է առաջընթացը, որն ունի Ուկրաինան ԵՄ-ին անդամակցության յոթ հանձնարարականի իրագործման ընթացքում։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արդեն այս տարի Ուկրաինան նախատեսում է սկսել բանակցություններ, որ թեկնածուի կարգավիճակից անցում կատարի Եվրամիության լիիրավ անդամի։ Դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եկել է ժամանակ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկի։ Ուկրաինան Եվրամիության անդամակցության հայտ էր ներկայացրել նախորդ տարվա փետրվարի 28-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հունիսի 23-ին այդ երկիրը ստացել էր ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
16:53 - 03 հունվարի, 2023
Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունների բաց նամակը ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունների բաց նամակը ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունները բաց նամակով դիմել են ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին։ Ստորև ներկայացնում ենք այն․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը երկկողմ ուղղությամբ արգելափակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120.000 մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Արցախ Հանրապետություն չեն մատակարարվում սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր։  Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի միջազգայնորեն երաշխավորված հիմնարար իրավունքները։ Լրջորեն վտանգված են մարդկանց կյանքը և անվտանգությունը, նրանք զրկված են  ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու և այլ իրավունքներից, չի իրականացվում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների տեղաշարժ, արգելափակված է կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Այս իրավիճակի տևական շարունակականությունը արդեն իսկ անխուսափելիորեն հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, որի հետևանքը մարդկային նոր կորուստներն են, նոր պատերազմն ու տարածաշրջանում լարվածության աճը։  Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող այլ գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է նաև յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։  Փաստացի, պարբերաբար խաթարվում է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում։   Ընդ որում, Արցախն ամբողջական շրջափակման մեջ է. չկա որևէ տեսակի հաղորդակցություն՝ ցամաքային կամ օդային: Այս ամենի հետ միասին, պետք է հաշվի առնել նաև, որ ճանապարհն արգելափակելուն զուգահեռ, Ադրբեջանը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղված են լրացուցիչ զրկանքներ պատճառելուն և 120,000-ից ավելի մարդկանց բնականոն կյանքը անհնարին դարձնելուն: Խոսքը վերաբերում է ձմռան ամիսներին պարբերաբար գազի մատակարարումն Արցախ դիտավորությամբ դադարեցնելուն, որի պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ մի քանի օր բացարձակ զրկվել էին ջեռուցումից, տաք ջրից, անհրաժեշտ սննդամթերքից, ինչպես նաև դադարեցվել էր բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը: Ադրբեջանական կողմը չի խորշում կիրառել իր ունեցած ողջ գործիքակազմը՝ սահմանային գյուղերի դպրոցների դասընթացները խափանելուց մինչև քաղաքացիների կյանքը վտանգող գործողություններ։ Մանկապարտեզներում, դպրոցներում և համալսարաններում  դասերի հաճախակի ընդհատումները խոչընդոտում են միջազգայնորեն երաշխավորված որակյալ կրթության ու անվտանգ կրթական միջավայրի ապահովումը։  Ներքոստորագրյալ կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդասիրական և անմարդկային այս տևական քաղաքականությունը, որն ունի էթնիկ խտրականության հիմքեր՝ ազգությամբ հայերի նկատմամբ (Արմենոֆոբիա) և խախտում է  ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան։ Շրջափակման ամեն հաջորդ օրն էլ ավելի է բարդացնում իրավիճակն արցախահայության համար և ևս մեկ քայլով խորացնում մարդասիրական աղետը։ Միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները պետք է գործեն առավել ակտիվ՝ իրենց միջազգային պատասխանատվությանը համապատասխան, և կանխեն խտրական վերաբերմունքը։ Այլևս ակնհայտ է, որ միայն միանշանակ և հասցեական քննադատությունը, պատասխանատվության միջոցներն ու գործողությունները կարող են երաշխավորել Արցախում բնակվող 30,000 երեխաների կյանքն ու անվտանգությունը, նրանց կրթության իրավունքը։ Անպատժելիությունը միայն խրախուսում է իրավունքների առավել կոպիտ ոտնահարումներն ու հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումները։  Այս համատեքստում կրթության և գիտության ոլորտի մի շարք կազմակերպությունների կողմից ձևավորված խումբը, պարբերաբար բախվելով Արցախի հայ աշակերտների կրթության շարունակականության պահպանման և հասանելիության ապահովման  դեմ ադրբեջանական գործողություններին, միջազգային կառույցներից ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից պահանջում է իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, որ գործել է մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը: Որպես լրացուցիչ միջոց՝ անհրաժեշտ է ապահովել օդային մարդասիրական հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով:  Այս պահանջների կյանքի կոչման համար պատրաստ ենք աջակցել և մեր ունեցած փորձով կիսվել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրի մշակման համար։  Հարգանքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն   «Այբ» կրթական հիմնադրամ Հայ Կրթական Հիմնարկություն Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ  «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ ««ռեԱրմենիա» համագործակցության հարթակ» Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ  «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST) «Ես» կրթական հիմնադրամ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա ՀԿ  «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնություն Արդյունավետ Կառավարություն Հիմնադրամ»,-նշված է նամակում։
11:44 - 27 դեկտեմբերի, 2022