ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներին

ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Այս մասին հաղորդագրություն  է տարածել ՔԿ-ն։ «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր: Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևողությամբ, կայացած հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով»։
10:20 - 10 սեպտեմբերի, 2022
Հինգ նախկին գերիները առավոտից Քննչական կոմիտեում են |azatutyun.am|

Հինգ նախկին գերիները առավոտից Քննչական կոմիտեում են |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Հայաստան վերադարձած հինգ նախկին գերիներն այժմ Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Տեղում հավաքված նրանց հարազատները նշեցին, որ տղաներն այստեղ են առավոտյան 10-ից, իրենց ասել են, որ նրանք հավանաբար այսօր ազատ կլինեն, բայց թե որքան կտևեն քննչական գործողությունները, չգիտեն: Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ` գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Խոսնակն առայժմ չի կարող ասել` այս քննչական գործողությունները երբ կավարտվեն: Նա նաև հայտնեց, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո (2020 թվականի դեկտեմբեր), իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ:
15:14 - 09 սեպտեմբերի, 2022
«Հայանտառ»-ի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Հայանտառ»-ի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Հայանտառ»-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ «Հայանտառ»-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք դուրս են եկել իր լիազորությունների շրջանակներից, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Մասնավորապես, 2007թ. օգոստոսին 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր է կնքել, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վարձակալների ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240,000 ՀՀ դրամ վարձավճարով: 2014թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը քաղաքացիական հայցեր է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես վարձավճար և տուժանք վարձակալներից յուրաքանչյուրից բռնագանձել 11,371,517-ական ՀՀ դրամ գումար (ընդհանուր 34,114,551 ՀՀ դրամ), որոնք քաղաքացիական գործերով դատարանի կողմից բավարարվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, սակայն, օրինական ուժ ստացած վերոնշյալ դատական ակտերն ի կատար ածելու փոխարեն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, վարձակալների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնյային՝ օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկել: Դրա հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, հիշյալ անձանցից բռնագանձման ենթակա գումարի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն կատարվել, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 34,114,551 դրամի գույքային վնաս: Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, անտառային հողերի վարձակալությունից առաջացած վարձավճարներ և տույժ-տուգանքներ գանձելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով,  առանց հիմքերի և հիմնավորման, դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, 2016թ. դեկտեմբերի հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող  վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել մի շարք քաղաքացիների՝ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները՝ կազմակերպությանը զրկելով 34,160,887 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու և պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Այնուհետև, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, պարտավոր լինելով կազմակերպության կանոնադրությանը և աշխատանքային պայմանագրին համապատասխան պատշաճ կերպով իրականացնել կազմակերպության ընթացիկ ղեկավարումը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք. պատշաճ կարգով չի կազմակերպել ՊՈԱԿ-ի իրավաբանական և մեթոդաբանության բաժնի գործունեությունը, համապատասխան աշխատակիցներին հանձնարարություններ չի տվել՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ համապատասխան հայցեր նախապատրաստելու և դատարան ներկայացնելու կապակցությամբ, ինչի հետևանքով չմուծված վարձավճարի և տուժանքի գումարները գանձելու ու պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցները ձեռնարկվել են իրավունքի խախտման մասին իմանալուց հետո` հայցային վաղեմության եռամյա ժամկետի խախտմամբ, որով էլ պայմանավորված՝ դատարանների կողմից հայցերը մասնակի մերժվել են՝ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը զրկվել է իր հանդեպ պայմանագրային պարտավորություններ ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից, 17,520,192 ՀՀ դրամը պետական բյուջե չի մուտքագրվել՝ պետության օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին), ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասով և 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին): Քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:49 - 08 սեպտեմբերի, 2022
Քննչական կոմիտեում ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել

Քննչական կոմիտեում ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել

 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Պավլենի Երեմյանը ծնվել է 1983 թվականին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում: 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014թ. ավարտել է Քիլի Քրիստիան-Ալբրեխտի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային գործունեություն 2005-2010թթ. –  ՀՀ ՊՆ 28233 զորամասի ավագ սպա իրավաբան 2010-2011թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ 2011-2012թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության մասնագետ 2012-2013թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ- ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ 2014-2015թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պարտականությունների ժամանակավոր կատարող 2016-2018թթ. –  Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ 2018-2019թթ. –  Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ 2019-2020թթ. –  Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ 2020-2021թթ. –  ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի  խորհրդական 2021-2022թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ  հսկողության վարչության դատախազ, ավագ դատախազ ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներԱմուսնացած է:
17:48 - 05 սեպտեմբերի, 2022
Արզականի բնակիչը կալանավորվել է՝ երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ և ավազակություն կատարելու մեղադրանքով

Արզականի բնակիչը կալանավորվել է՝ երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ և ավազակություն կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է  երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով հարևանի տուն ներխուժելու, ինչպես նաև՝ բենզալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակություն կատարելու  դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Վարույթի շրջանակներում որոնվող ենթադրյալ հանցագործություն կատարած Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը 2022թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 03:15-ին, ներկայացել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին, ձերբակալվել և հարցաքննվել դեպքերի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Իրականացված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 207-րդ հոդվածի 1-ին մասով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդոթւթյուն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:06 - 05 սեպտեմբերի, 2022
Ջալալ Հարությունյանին  մեղադրանք է ներկայացվել, պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն (Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյան, խմբ․) Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։Այսպես.N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:Ջ.Հ-ն, հանդիսանալով միանձնյա ղեկավար, խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, պարտավոր լինելով ապահովել հակահարվածի համար մարտական կանոնադրությամբ սահմանված անհրաժեշտ նախապայմանները, 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։Մարտական խնդրի կատարումը միաժամանակ մեկնարկելու փոխարեն ներգրավված զորամասերը գործել են չհամաձայնեցված՝ N զորամասը ժամը 07:00-ին Ջ.Հ-ի հրամանով Ղաջար կոչվող բնակավայրից մեկ հրաձգային գումարտակի մի մասի հետ անցել է խնդրի կատարմանն այն դեպքում, երբ մյուս զորամասի շարասյան գլխամասը դեռևս հասած է եղել Հադրութ քաղաք, իսկ ժամը 08:00-ի սահմաններում N զորամասի շարասյան գլխամասը ուժերի շուրջ 50 տոկոսով նոր միայն հասել է խնդրի կատարման մեկնարկային բնագիծ, որի պայմաններում N զորամասը հրաձգային գումարտակի մի մասի հետ հասել է գրեթե խնդրի կատարման բնագիծ և մարտի բռնվել հակառակորդի հետ՝ չունենալով աջակցություն աջ կողմից ու թիկունքից և կրել տանկերի, ՀՄՄ-ների և կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, տևական մարտերից հետո հայտնվել է հարձակման անցած հակառակորդի կողմից շրջափակման ենթարկվելու վտանգի առջև և հարկադրված նահանջ է կատարել, իսկ մյուս զորամասը առաջ շարժվելով և մինչ Պիրախմեդլի-Դորտչինար կոչվող շրջան հասնելը հակառակորդի խմբավորման հանդիպելուց և ոչնչացնելուց հետո առաջխաղացում չի ունեցել՝ տանկային գումարտակի տեղ չհասնելու պատճառով, մինչդեռ երկու զորամասերը խնդրի կատարումը պետք է մեկնարկեին զուգահեռ և միաժամանակ։Ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, մասնավորապես՝ երկու զորամասերի՝ միմյանցից անջատ գործելու, մարտական կարգադրություններով նախանշված ժամկետները խախտելու և ուշացումով ելման շրջան հասնելու, այնուհետև՝ ուշացումով և ոչ ամբողջական կազմով մարտական խնդրի կատարումը մեկնարկելու, միմյանց հետ չփոխգործակցելու, զորամասերից մեկի՝ նախատեսվածի փոխարեն շուրջ 50 տոկոս ուժերի կազմով մարտական գործողությունը մեկնարկելու պայմաններում նախատեսված օպերացիան ակնհայտորեն ձախողելու հանգամանքը, մարտական օպերացիան չեղարկելու կամ ուշացումով մեկնարկելու և այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով անձնակազմն ու տեխնիկան շարք վերադարձնելու փոխարեն շարունակել է մարտական օպերացիայի իրականացումը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը։Բացի այդ, ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դարձյալ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։Այսպես.2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը և կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից և շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին և խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն և գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:Այդ ընթացքում՝ մինչև խորացված հրամանատարական կետից տեղեկություն ստանալը, կրակային դիրքերի անձնակազմը պատրաստվել է թողնել այն, մոտեցրել են մեքենաները և սկսել հավաքել իրերը: Հրետանու շտաբից առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը N զորամասի հրետանու պետին փոխանցելուց հետո վերջինիս ցուցումով դիվիզիոնը կրկին մնացել է կրակային դիրքում և շարունակել ծառայությունը, մեքենաները վերադարձրել են նախկին կայանման վայրեր: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը և խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որևէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը և շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է, Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել և վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը:2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:18 - 02 սեպտեմբերի, 2022
«Նահանջ» հրաման տալու համար ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

«Նահանջ» հրաման տալու համար ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։   Այսպես.   2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։   2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։   Մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։   2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան, չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:   Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։   Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:   Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:   2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):   Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։   2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։ Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:48 - 01 սեպտեմբերի, 2022
Քննչական կոմիտեից հաստատում են , որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

Քննչական կոմիտեից հաստատում են , որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են: Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը՝ նշելով, որ նրանք ամուսիններ են։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն թե ինչ հոդվածով, Թադեւոսյանը առայժմ չնշեց։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել էր, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ,  իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում: Ըստ մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի քաղաքացիները փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, սակայն տեղի բնակիչնեչը խոչընդոտել են, ինչից հետո կռիվ է սկսվել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև:
14:40 - 01 սեպտեմբերի, 2022
Մեղադրանք է առաջադրվել Այնթապ համայնքի նախկին ղեկավարին՝ չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու գործով

Մեղադրանք է առաջադրվել Այնթապ համայնքի նախկին ղեկավարին՝ չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով ներկայումս հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի տեղակալը, ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010-2021թթ. Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում նշված անձը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝  շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքին պատկանող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը օտարել եղբորը, 2014թ. հոկտեմբերին հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե համապատասխան փաստաթղթերում եղբոր անվամբ գրանցվել է 0,04 հա տնամերձ հողամաս,  այն դեպքում, երբ եղբորը հողամաս հատկացնելու վերաբերյալ որևէ գրառում չի կատարվել համապատասխան մատյաններում: Այնուհետև, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված պահանջն այն մասին, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված կարգով օտարվում են համայնքի ավագանու որոշմամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից,  նշված քաղվածքը, համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա եղբոր սեփականության իրավունքը: Բացի այդ, համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով իրեն օտարելու ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի՝ Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7քմ մակերեսով հողամասը (որից 76.16քմ  հանդիսացել է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ, իսկ 23 քմ-ն՝ Այնթապ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածք), ինքնակամ կառուցված 52.3քմ մակերեսով ավտոտնակը, 127.5քմ մակերեսով տնտեսական շինությունը և 20.1քմ մակերեսով մետաղական տնակը, ինչպես նաև միաժամանակ նպատակ ունենալով այլ անձանց վաճառելու Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կառուցված ավտոտեխսպասարկման կայանը (որի մի մասը՝ 27.5քմ, ներառված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և հանդիսանում է հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ), նույն համայնքում գտնվող 16.8 և 12.8քմ մակերեսով հողամասերը ու դրանց վրա ինքնակամ կառուցված շինությունները՝ անտեսելով և շրջանցելով մի շարք իրավական ակտերի նորմերը, 2020թ. փետրվար և հուլիսի ամսիներին, անձնական այլ դրդումներով, ակնհայտ կեղծ տեղեկությունների ներառմամբ, ստորագրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքի սեփականություն և օրինական, հողամասերն ապօրինի ներառել է համայնքային սեփականություն համարվող օտարվող հողամասի սահմաններում և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով նշված հողամասերից մեկն օտարել է ինքն իրեն, իսկ մյուս երեք հողամասերը՝ երեք այլ անձանց:  Հետագայում որոշումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա հիշյալ հողամասերի և շինությունների նկատմամբ գրանցվել է նրանց  սեփականության իրավունքը: Բացի այդ, 2017թ. ապրիլին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ստուգմամբ պարզվել է, որ երկու դեպքով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.3 և 0.13 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերում, առանց համապատասխան թույլտվությունների, ինքնակամ կառուցվել և շահագործվել են հասարակական նշանակության օբյեկտներ: Տեսչական մարմնի կողմից կազմվել է ակտ, որի օրինակն ուղարկվել է համայնքի ղեկավարին՝ արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված պահանջների խախտմամբ ինքնակամ կառույց իրականացված լինելու մասին, անտեսել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված կարգավորումները և պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել ինքնակամ շինարարության հետևանքներն օրենքով սահմանված կարգով վերացնելու ուղղությամբ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարանություն իրականացրած անձանց նկատմամբ:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ), 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (5 դրվագ) և 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:42 - 01 սեպտեմբերի, 2022
Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունների անցմամբ և պաշտոնեական կեղծիքի միջոցով նույն համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի օտարելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Փաստական տվյալների համաձայն՝ Սուրենավան համայնքի նախկին ղեկավարը, 2017-2021 թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, ընդհանուր 39.2 հա մակերեսով հողատարածքներն օտարելու նպատակով շրջանցել է օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը: Մասնավորապես, վերջինս, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, չունենալով համայնքի ավագանու որոշումը և լիազոր մարմնի համաձայնությունը,  որոշումներ է  կայացրել նշված հողատարածքներն աճուրդով վաճառելու մասին: Իր հանցավոր գործողություններին օրինական բնույթ տալու և դրանք ավարտին հասցնելու նպատակով համայնքի նախկին ղեկավարն անձամբ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ՝ այնտեղ ներառելով կեղծ տվյալներ այն մասին, թե իբր մի շարք հողամասերի օտարման հարցում նշված համայնքի ավագանին որոշումներով համաձայնություններ է տվել:  Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ՝ ներառելով կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր համայնքի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշումներ է կայացրել՝ թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերն աճուրդ վաճառքի կարգով օտարելու վերաբերյալ: Հետագայում նշված կեղծ պաշտոնեական փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտե, որոնց հիման վրա պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողատարածքների նկատմամբ գրանցվել է մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքը: Բացի այդ, Սուրենավան համայնքի ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման նկատմամբ, 0.0085 հա մակերեսով հողամասի և դրա վրա ինքնակամ կառուցված 57.6 քմ մակերեսով շինությունն օտարելու նպատակով, կազմել և ստորագրությամբ հաստատել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին իր կողմից կայացված որոշումը, որում կեղծ տվյալներ է ներառել այն մասին, թե իբր համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասում ինքնակամ կառուցված 57.6 քմ ընդհանուր մակերեսով հասարակական շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Նույն որոշմամբ վերջինս ինքնակամ կառուցված հիշյալ շինությունը ճանաչել է օրինական և համայնքի սեփականության իրավունքը ու դրանով զբաղեցրած պահպանման և սպասարկման համար առանձնացված նշված հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է քաղաքացու, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Սուրենավան համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝  2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ), (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին և 445-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 - 31 օգոստոսի, 2022
Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած 25-ամյա վարորդը ձերբակալվել է

Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած 25-ամյա վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 2022 թվականի օգոստոսի 30-ին ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա երիտասարդն  իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է  հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 30-ին ժամը 17.30-ին Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մարիա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին մահացել է: Վրաերթի հետևանքով մահացած կինը Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրեն Մարիա Ասլամազյանն է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
13:06 - 31 օգոստոսի, 2022
Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ

Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։Այսպես.Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռակա­նություն, օպերատիվ ու ճկուն չի արձա­գանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարևանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի  երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։Բացի այդ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի-Քարինտակ խաչմերուկից մինչև «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարինտակ բնակավայրը, Շուշի-Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։Բացի դրանից՝ Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռևս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշ­ման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին և դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների և աշխարհազորի միջև անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչև Շուշի-Քարինտակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետև շրջանցել են Շուշի - Քարինտակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ:   2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։Նախաքննությունը շարունակվում է։
20:08 - 30 օգոստոսի, 2022