Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ մարդկության աչքի առջև իրականացնել իր հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ մարդկության աչքի առջև իրականացնել իր հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական և սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի  31-րդ տարելիցը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար և ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան և դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը: Ավելի քան 50  անմեղ քաղաքացիներ դաժանաբար սպանվեցին և տանջամահ արվեցին, տասնյակ գյուղացիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ գերեվարվեցին, որոնց մի մասը դաժանաբար սպանվեց գերության մեջ, իսկ 19 անձանց ճակատագիրը մինչ այսօր մնում է անհայտ: Այդ  հրեշավոր դեպքերից երկու շաբաթ անց բնակավայրը կրկին ենթարկվեց հարձակման, և իրենց հարազատներին հուղարկավորելու վերադարձած բնակիչները դարձան Ադրբեջանի զինված ուժերի նոր վայրագությունների զոհը։   Մարաղայի կոտորածը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի ու տեղահանությունների շարունակությունն էր, որի նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման օրինական պահանջը, ինչպես  նաև էթնիկ զտման և բռնի տեղահանության միջոցով արցախահայությանը զրկել հայրենիքից։ Չնայած այն հանգամանքին, որ Մարաղայում կատարված վայրագությունները մանրամասնորեն փաստագրվել են միջազգային հանրության, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, համապատասխան միջազգային կառույցների կողմից այս հանցագործության պատշաճ քաղաքական գնահատականի բացակայությունը և անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեցին Ադրբեջանի հետագա ագրեսիայի, նրա ղեկավարության վարած հայատյաց և ցեղասպան քաղաքականության շարունակման և ամրապնդման համար: Արդյունքում՝ վստահ լինելով իր անպատժելիության մեջ՝ հետագայում Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ սանձազերծեց ևս երկու լայնամասշտաբ պատերազմ՝ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին, արցախահայության դեմ իրականացնելով նոր վայրագություններ և ռազմական հանցագործություններ, մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչպես նաև օկուպացնելով Արցախի Հանրապետության նոր, ավելի ընդարձակ տարածքներ: Այսօր էլ, անտեսելով Արցախի շրջափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ մարդկության աչքի առջև իրականացնել իր հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը՝ 120 օր շարունակ Արցախի բնակչությանը պահելով ապօրինի շրջափակման մեջ, զրկելով տարրական կենսապայմաններից, ստեղծելով հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև ահաբեկչական գործողություններով հետամուտ լինելով Արցախի հայաթափման իր հանցավոր ծրագրի իրականացմանը: Կրկին կոչ ենք անում միջազգային բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի իշխանությունների ոճրագործությունները դադարեցնելու և դրանց լուռ ականատեսը կամ նույնիսկ հանցակիցը չդառնալու համար գործնական ու արդյունավետ գործողություններով Ադրբեջանին բերել իրավական և կառուցողական դաշտ՝ հարկադրելով վերջինիս ավտորիտար ղեկավարությանը հարգել միջազգային իրավունքն ու իրենց ստանձնած պարտավորությունները»:
23:06 - 10 ապրիլի, 2023
Միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության Բաքվի հակամարդկային գործողություններին․ Արցախի ԱԳՆ

Միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության Բաքվի հակամարդկային գործողություններին․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները արգելել էին 27 անձանց մուտքը Արցախ, որոնք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պետք է վերադառնային Ստեփանակերտ։  «Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները: Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից զրկված Արցախի քաղաքացիներին: Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանական կողմը կանգնեցրել է մեքենաները և 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: Այնուհետև Ադրբեջանը փորձ է արել մարդկանց տառապանքները վերածել կեղծ հումանիզմի բեմադրության: Տվյալ աղաղակող միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը: Այս մտադրությունների մասին հրապարակավ հայտնել է Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Հետագայում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս կրկնել է այն սպառնալիքը, որ Արցախի բնակիչները պետք է կամ ենթարկվեն Ադրբեջանի հայատյաց իշխանություններին, կամ լքեն սեփական հայրենիքը: Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում: Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին: Համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար»։
15:15 - 05 ապրիլի, 2023
Կոչ ենք անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը կանխելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

Կոչ ենք անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը կանխելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է.   «2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ: Ադրբեջանական զինուժը ոչ միայն գրոհեց Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև թիրախավորեց սահմանամերձ բնակավայրերը՝ պատճառելով ավերածություններ, սպանելով և ծանր վիրավորելով անմեղ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարեցին նաև բազմաթիվ վայրագություններ և պատերազմական հանցագործություններ, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների դաժան սպանություններ, գլխատումներ և սպանվածների մարմինների խոշտանգումներ։ Այդ դաժան հանցագործություններն իրականացնողները հետագայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ողմից արժանացան պետական խրախուսման, իսկ նրանց հանցագործությունները փառաբանվեցին ադրբեջանական հասարակության մեջ և ներկայացվեցին որպես օրինակելի վարքագիծ:   Ապրիլյան ագրեսիան հերթական անգամ բացահայտեց խաղաղ գործընթացը տապալելու և հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի հեռահար նպատակները։ Ավելին, Ադրբեջանի հանցավոր գործողությունների անպատժելիությունը և ստանձնած պարտավորությունները չկատարելու հանդեպ միջազգային հանրության հանդուրժողականությունը, ըստ էության, պարարտ հող նախապատրաստեցին և հնարավորություն ստեղծեցին Արցախի դեմ Ադրբեջանի նոր սադրանքների և ագրեսիայի համար։ Արդյունքում, ընդամենը չորս տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, նոր լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ՝ օկուպացնելով և էթնիկ զտման ենթարկելով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը։ Այսօր էլ, լիակատար անպատժելիության և անտարբերության մթնոլորտում, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ և ահաբեկչական քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ շուրջ 4 ամիս Արցախի 120.000 բնակչությանը պահելով անօրինական շրջափակման մեջ, պարբերաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով ինչպես Արցախի ՊԲ զինծառայողներին, այնպես էլ խաղաղ բնակչությանը, գրավելով նոր տարածքներ և ռազմավարական բարձունքներ, խաթարելով Արցախի ժողովրդի տարրական կենցաղային պայմաններն ապահովող ենթակառուցվածքների աշխատանքը։   Արցախի ժողովրդի դեմ շարունակվող Ադրբեջանի անօրինական գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները և վարում են Արցախի հայաթափման և օկուպացման հետևողական քաղաքականություն։   Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը կանխելու և, նախքան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելը, Արցախում բնականոն կենսագործունեության ապահովման մեխանիզմներ և երաշխիքներ ներդնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորում ենք Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ինչն անհրաժեշտ նախադրյալ է նրա իրավունքների, անվտանգության և խաղաղ զարգացման ապահովման համար»:  
16:23 - 02 ապրիլի, 2023
ՄԱԿ-ի ԱԽ վճռական և անհետաձգելի միջոցներն անհրաժեշտ են. Արցախի ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից բնակչության թիրախավորման կապակցությամբ

ՄԱԿ-ի ԱԽ վճռական և անհետաձգելի միջոցներն անհրաժեշտ են. Արցախի ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից բնակչության թիրախավորման կապակցությամբ

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ՝ պետական մակարդակով Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության ֆոնին անհրաժեշտ  համարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, Մեկնաբանության մեջ նշված է. «Մարտի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել Արցախի Հանրապետության   Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման արդեն երրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ էր բացվել Մարտունու շրջանի Ամարասի հովտին հարակից խաղողի այգիներում աշխատող գյուղացիների, իսկ մարտի 19-ին՝ Թաղավարդ գյուղի վարչական տարածքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու վրա։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած նմանօրինակ հարձակումներն  Ադրբեջանի երկարամյա և հետևողական քաղաքականության մաս են կազմում և ուղղված են Արցախում կյանքի անտանելի պայմանների ստեղծմանը, երկրի տնտեսությանը վնասելուն և արցախահայության վրա հոգեբանական ճնշում գործադրելուն: Հենց այդ քաղաքականության շրջանակներում, արդեն ավելի քան 100 օր է Արցախը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված շրջափակման մեջ, որի արդյունքում նվազագույնի է հասցվել հանրապետություն սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքների ներմուծումը, խախտված են Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի, պատշաճ բժշկական օգնության, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ Ավելին, ադրբեջանական կողմը պարբերաբար արգելափակում է Արցախի գազամատակարարումը, խոչընդոտում Հայաստանից եկող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարի վերացման աշխատանքները՝ Արցախի ժողովրդին զրկելով կենցաղային տարրական պայմաններից։ Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, պարերով, հրավառությամբ, ալկոհոլով և խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում՝ ի նշանավորումն Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական և անմարդկային շրջափակման և 120 հազար մարդկանց տառապանքների։  Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորմամբ ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել շրջափակման հետևանքով առաջացած սննդի պակասի լուրջ խնդիրները։ Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից, ինչպիսին էր մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը, որի ժամանակ սպանվեց ԱՀ ոստիկանության 3 աշխատակից, մեկը՝ ծանր վիրավորվեց։ Պարբերաբար հնչեցվում են ակնհայտ ազգայնական, հայատյաց և անմարդկային կոչեր թե՛ երկրի բարձրագույն ղեկավարության, թե՛ հասարակ քաղաքացիների կողմից։ Վերջին նման օրինակն օրերս ադրբեջանական մեդիադաշտում լայնորեն տարածված տեսանյութն է, որում Լաչինի միջանցքն արգելափակած «բնապահպաններից» մեկը Ադրբեջանի թողտվությամբ բառացիորեն սպառնում է Նովրուզի տոնի առթիվ հայ մորթել։ Պետական մակարդակով Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության ֆոնին անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ապահովմանը և Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունների կանխարգելմանը։ Համոզված ենք, որ Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է և դրա ամրագրումը որպես հակամարտության կարգավորման հիմք»։  
20:31 - 23 մարտի, 2023
Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցային գործընթացը հնարավոր է համարում միայն միջազգային ձևաչափում
 |armenpress.am|

Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցային գործընթացը հնարավոր է համարում միայն միջազգային ձևաչափում |armenpress.am|

armenpress.am: Արցախում Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը հնարավոր են համարում միայն ու միայն միջազգային ձևաչափում ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքների առկայության պայմաններում: Մամուլի սրահում այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում Բաքու- Ստեփանակերտ հանդիպումները կարող են դառնալ բանակցություն: Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի են ունեցել հանդիպումներ՝ կապված տարբեր հումանիտար, տեխնիկական հարցերի հետ: Ընդ որում, ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել վերջին հանդիպման օրակարգը: «Սակայն այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, գազամատակարարումների խափանման հետ կապված հարցերը: Ադրբեջանական կողմի հանդիպման օրակարգը խեղաթյուրելու փորձերն անընդունելի են: Սակայն միևնույն ժամանակ մենք, ռուսական խաղաղապահների միջնորդությամբ, նույն ձևաչափով պատրաստ ենք նշված հարցերի լուծման համար հանդիպումներ ունենալ»,- ասաց Ղազարյանը: Իսկ ինչ վերաբերում է լիարժեք բանակցային գործընթացին՝ նախարարն ասաց. «Բազմիցս նշել ենք, որ միայն ու միայն միջազգային ձևաչափում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ: Հիմնավորումները բավականին պարզ են»: Նա նկատեց՝ եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններով ձեռքբերված բանակցություններն Ադրբեջանը խախտեց, ինչպե՞ս կարող է երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել: «Միայն միջազգային ձևաչափով և նման գործընթացի կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները»,- ասաց ԱԳ նախարարը:
15:02 - 23 մարտի, 2023
Ադրբեջանը վարում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանը վարում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։ Հարկ է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհը դարձան, մասնավորապես, խորհրդային տարիներին Ադրբեջանում ապրող հայերը։ 1988-1990 թթ. տեղի իշխանությունների կողմից կազմակերպված՝ Ադրբեջանից հայերի զանգվածային տեղահանումները, որոնք ուղեկցվում էին կոտորածներով, խոշտանգումներով և ջարդերով, նախանշեցին Ադրբեջանի հայահալած քաղաքականության նոր փուլի սկիզբը։ Արդեն 1991 թվականին Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հայերի տեղահանություններն Արցախից, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է առ այսօր։ Հետագայում Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, Արցախի դեմ ուղիղ ռազմական ագրեսիա սանձազերծելու միջոցով երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ փորձելով ազատվել Արցախի ժողովրդից և ճնշել նրա ազատության ու ինքնորոշման իրավունքը։ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության կանխամտածված սպանություններով, ռազմագերիների և խաղաղ բնակիչների արտադատական մահապատիժներով և խոշտանգումներով, ոչ ընտրողական բնույթի հարձակումներով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինաամթերքի կիրառմամբ, կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ։ 2020 թ. սանձազերծված ագրեսիայի և Արցախի տարածքի զգալի մասի օկուպացիայի հետևանքով հանրապետության շուրջ 40 հազար բնակիչներ ենթարկվել են բռնի տեղահանության։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Ադրբեջանի սադրանքներն ու Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները, ներառյալ՝ կանխամտածված սպանությունները, շարունակվում են նույնիսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների համատարած և սիստեմատիկ խախտումները, այդ թվում՝ զանգվածային սպանությունները, տեղահանությունները, խոշտանգումները և այլ անմարդկային արարքները, ոչ միայն խրախուսվում, այլ նաև ուղղորդվում են պետական մակարդակով։ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները: Այդ մասին են վկայում Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հանրային հայտարարությունները: Վերջին նման հայտարարությունը նա արել է 2023 թվականի մարտի 18-ին՝ 44-օրյա ագրեսիայի ընթացքում օկուպացված հայկական Թալիշ գյուղ կատարած ցուցադրական և սադրիչ այցի ժամանակ, որի ողջ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանման: Ինչպես այցը, այդպես էլ դրա ընթացքում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արված ագրեսիվ և ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում: Միաժամանակ, 90-ական թվականներից ի վեր՝ հակամարտության կողմերի միջև բանակցությունների ողջ ընթացքում, Ադրբեջանը սաբոտաժի էր ենթարկում միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Ավելին՝ 2020 թ․ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում: Համոզված ենք, որ այս փուլում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ լրացուցիչ իրավաբանորեն պարտադիր  պարտավորությունների մշակումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների ամրագրումը որպես բանակցությունների հիմք, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում են միջազգային իրավունքի պահանջներից և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հանձնառությունից: Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։ Հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի համաձայն՝ ինքնորոշման իրավունքի ժխտումը և բռնի ճնշումը, որն ուղեկցվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, ինչպես նաև բանակցությունների մերժումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց, բավարար հիմք են՝ ճանաչելու անկախ պետություն ստեղծելու ժողովրդի իրավունքը»:
18:31 - 21 մարտի, 2023
Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Բաքվի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևերի առաջարկները

Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Բաքվի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևերի առաջարկները

Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանությամբ ողջունել է Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունումը՝ համոզմունք հայտնելով, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը։ Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշված է. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված: Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան: Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»:
19:42 - 17 մարտի, 2023
Ադրբեջանը նպատակ է հետապնդում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը նպատակ է հետապնդում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի:   «Այն մասին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ և կարիք ունի համապարփակ կարգավորման, բազմիցս հայտարարել են ինչպես առանձին պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այնպես էլ՝ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փաստը, որ 2022 թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը, քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, հերքում է ադրբեջանական կողմի պնդումները, թե հակամարտության հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելու և այն որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումը  փորձ է վերադառնալու այն ժամանակաշրջան, երբ ռազմական ուժը գերակայում էր միջազգային իրավունքի նկատմամբ։ Համոզված ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը  միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ լուծումը։ Արցախյան կողմը կտրականապես մերժում է Ադրբեջանի փորձերը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և այն ներկայացնելու որպես ներքին խնդիր: Ավելի քան 90 օր տևող Արցախի շրջափակման ֆոնին, ակնհայտ է, որ այդպիսով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը դեմ միջազգային հանրության ներգրավմանը, այդ թվում՝ միջազգային առաքելություններ Արցախ ուղարկելուն, որպեսզի ոչինչ և ոչ ոք չկարողանա խոչընդոտել Արցախն էթնիկ զտման ենթարկելու իր հանցավոր ծրագրի իրականացմանը։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել առ այն, թե Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը և շարունակում է զենք ու զինամթերք մատակարարել Արցախ: Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ են հետապնդում՝ արդարացնելու Լաչինի միջանցքի ավելի քան 90 օր շարունակվող արգելափակումը։ Ընդգծենք, որ Արցախի Հանրապետությունն ունի Պաշտպանության բանակ՝ կազմված տեղի բնակիչներից, որի առկայությունը չի հակասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության որևէ դրույթի և հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխիքը։ Արցախի Պաշտպանության բանակի դեմ Ադրբեջանի արշավը պայմանավորված է նրանով, որ Բաքուն ձգտում է զրկել արցախահայությանը ինքնապաշտպանության և էթնիկ զտման հանցավոր ծրագրերին դիմակայելու հնարավորությունից։ Ադրբեջանի պնդումները, թե Լաչինի միջանցքը բաց է՝ կեղծիք են: Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանի լսումների ընթացքում Ադրբեջանը հնարավորություն ուներ ներկայացնելու իր բոլոր փաստարկները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, սակայն կողմերի փաստարկները մանրամասն ուսումնասիրելուց հետո, Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին երաշխավորել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերստին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
17:26 - 15 մարտի, 2023
Հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում. Արցախի ԱԳՆ արձագանքն ադրբեջանական կողմի առաջարկին

Հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում. Արցախի ԱԳՆ արձագանքն ադրբեջանական կողմի առաջարկին

Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: «Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար: Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ «Արցախի հայերի ներկայացուցիչներին» առաջիկա օրերին հրավիրում են երկրորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու։
09:17 - 14 մարտի, 2023
«ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը»․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքը՝  Տոյվո Կլաարի հայտարարություններին

«ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը»․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքը՝ Տոյվո Կլաարի հայտարարություններին

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին Տոյվո Կլաարը հարցազրույց էր տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որում նշել էր․ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»։ Կլաարը նշել էր նաև, որ իր կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիները քննարկումների ու բանակցությունների առարկա են․ «Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։ Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։ Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը», - նրա խոսքը մեջբերել է լրատվամիջոցը։ «Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը: Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով, որին հավակնում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Խոսելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումների ենթադրյալ լեգիտիմության մասին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։ Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթե երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև կոպտորեն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության պատրվակով՝ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը դիմել են ահաբեկչական գործողության՝ կյանքից զրկելով Արցախի Հանրապետության Ոստիկանության երեք սպայի և ծանր վիրավորելով ևս մեկին։ Հարկ է ընդգծել, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր փաստարկները, այդ թվում՝ միջանցքն իբր ռազմական նպատակներով օգտագործելու մասին թեզը, հանգամանալից ուսումնասիրությունից հետո մերժվել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, որը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Կրկին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեն, որի մասին հայտարարել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները։ Ադրբեջանի անօրինական հավակնությունները սատարող նման արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես Արցախի էթնիկ զտման հանցավոր քաղաքականության թողտվություն, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի կյանքի, ինքնորոշման, ազատության և խաղաղ զարգացման անքակտելի իրավունքների ժխտումը։ Ադրբեջանը ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ոչինչ չի խանգարի Բաքվին ուժի միջոցով վերահսկողություն սահմանել Արցախի ողջ տարածքի վրա և ավարտին հասցնել Արցախը հայաթափելու իր հանցավոր ծրագրերը։ Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը»։
15:57 - 11 մարտի, 2023
Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԳՆ

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։  Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:   Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին  Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար։
22:41 - 08 մարտի, 2023
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը. Արցախի ԱԳՆ

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ, որում նշված է.   «Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա: Հարձակման արդյունքում ոստիկանության երեք անզեն աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական կողմի գործողությունները որակել որպես պատերազմական գործողություն:   Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն Արցախի տարածք և հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության հերթական աղաղակող խախտում է և ցույց է տալիս լարվածության աճ հրահրելու ադրբեջանական կողմի ձգտումը:   Ավելի վաղ՝ մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես խախտել էին 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Հատկանշական է, որ այդ հարձակումներն իրագործվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մարտի 1-ին կայացած շփումներից անմիջապես հետո: Իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում:   Արցախի ժողովրդի համար դիտավորյալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով ավելի քան 80 օր շարունակվող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը հանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու մտադրության մասին:   Ակնհայտ է, որ միջազգային հանրության՝ Ադրբեջանի միջազգային-հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված համարժեք միջոցներ չձեռնարկելը այդ երկրի իշխանությունների կողմից ընկալվել է որպես նոր ոճրագործություններ կատարելու քարտ-բլանշ:   Կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը:
16:06 - 05 մարտի, 2023
Բաքվի կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամության մասին. Արցախի ԱԳՆ

Բաքվի կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամության մասին. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանությամբ անդրադարձել է մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի խախտմանը՝ նշելով, որ Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։Մեկնաբանության մեջ նշված է. «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։
18:46 - 03 մարտի, 2023
Արախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է  Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Արախի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Մարտի 1-ին, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ, կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի հարցեր` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտության համատեքստում։ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տարբեր մակարդակով նման հանդիպումներ անցկացվել են բազմիցս՝ տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։   Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր հանդիպման մասնակիցները չեն քննարկել։ Հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմի արած մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում։   Արցախի Հանրապետությունը պահպանում է հանձնառությունն իր ժողովրդի՝ ինքնորոշման և անկախության ուղու ընտրությանը, որն ամրագրվել է 1991 թ․ հանրաքվեի ժամանակ։   Անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Ելնում ենք միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիք։   Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի ապօրինի կիրառման արդյունքները չեն կարող մեկնակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման ճանապարհին, մնում է անփոփոխ։
20:10 - 01 մարտի, 2023
Ադրբեջանի իշխանությունների ձգտումն է ստիպել Արցախի ժողովրդին՝ հրաժարվել իր հավաքական իրավունքներից, զրկել հայրենիքից և ի վերջո՝ ոչնչացնել նրան. ԱԳՆ

Ադրբեջանի իշխանությունների ձգտումն է ստիպել Արցախի ժողովրդին՝ հրաժարվել իր հավաքական իրավունքներից, զրկել հայրենիքից և ի վերջո՝ ոչնչացնել նրան. ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Այսօր լրանում է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի՝ Սումգայիթի ջարդերի 35-ամյակը։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը` Բաքվից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանությունների հանցավոր թողտվությամբ և նույնիսկ ցուցումով, տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային  ջարդեր, որոնք ուղեկցվում էին սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով: Ջարդարարների խմբերը, զինված սրածայր մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով և ինքնաշեն այլ միջոցներով, քաղաքի իրավապահ մարմինների լիարժեք անտարբերության պայմաններում, ներխուժում էին հայերի բնակարանները և անհավանական դաժանությամբ հաշվեհարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։ Բռնության մի քանի օրերի ընթացքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները ենթարկվեցին դաժան ծեծի և խոշտանգումների, հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։ Հայերի նկատմամբ ատելության մթնոլորտը սնուցվում էր հանրահավաքների ժամանակ հնչեցվող հակահայկական կարգախոսներով և բռնության կոչերով։ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հանցավոր այդ գործողությունների նպատակն էր՝ վախի մթնոլորտ ստեղծել և դրանով իսկ ճնշել Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ պահանջները: Սումգայիթի կոտորածը դարձավ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ տասնամյակներ շարունակ իրականացվող խտրական և ցեղասպան քաղաքականության առաջին լայնածավալ դրսևորումը։ Դրան հետևեցին հայերի ջարդերն Ադրբեջանի այլ քաղաքներում՝ Բաքվում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում և այլուր, ինչպես նաև Արցախի դեմ սանձազերծված երեք պատերազմները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության վրա նպատակաուղղված հարձակումներով, արգելված և ոչ ընտրողական բնույթի զենքի կիրառմամբ և այլ պատերազմական հանցագործություններով։ Սումգայիթի ջարդերը հիմք դարձան Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության վերակենդանացման համար: Հայատյացությունը բարձրացվեց պետական քաղաքականության մակարդակի: Այդ հրեշավոր հանցագործության ոգեշնչողներն ու իրականացնողները դարձան ընդօրինակման առարկա, իսկ հայերի նկատմամբ հանցագործությունները՝ սովորական: Երկու տարի անց՝ 1990 թվականի հունվարին, Բաքվում հայերի ջարդերն արդեն իրականացվում էին «Փա՜ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսի ներքո:  Ցավոք, ո՛չ Սումգայիթի ջարդերի, ո՛չ էլ հաջորդած մյուս ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանը չի ենթարկվել պատասխանատվության, ինչի պատճառով այդ ավտորիտար պետության իշխանությունների համար ձևավորվել է քաղաքական ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ։  Անպատժելիության և ամենաթողության զգացումի, հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամեն գնով ճնշելու ձգտման համադրությունը հանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցության և պետական քաղաքականության մեջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրությունների արմատավորմանը: Այդ հանցավոր մտադրությունների ակնհայտ դրսևորումներից է Արցախի ավելի քան երկու ամիս շարունակվող շրջափակումը, որի հիմքում Ադրբեջանի իշխանությունների ձգտումն է՝ ստիպել Արցախի ժողովրդին հրաժարվել իր հավաքական իրավունքներից,  զրկել հայրենիքից և ի վերջո՝ ոչնչացնել նրան։ Նույնիսկ 35 տարի անց Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ճնշման, ահաբեկման, մարդու իրավունքների կոպիտ խախտման, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, վտարման և էթնիկ զտման Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել։ Այնուամանայնիվ, չնայած Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Արցախի ժողովուրդը մնում է ամուր և վճռական՝ պաշտպանելու իր իրավունքները պատմական հայրենիքում և շարունակելու պայքարը հանուն ազատության, անկախության, ժողովրդավարության և մարդու իրավունքների։ Խոնարհվում ենք Ադրբեջանի ագրեսիվ և մարդատյաց քաղաքականության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ և ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ընդհատելու Ադրբեջանի անօրինական գործողությունների արատավոր շրջանը, կանխելու մարդկության դեմ նոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին»։
18:22 - 27 փետրվարի, 2023
Միջազգային հանրությունը պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը. Արցախի ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։ Տվյալ վճիռը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին դատարանի կողմից ընդունված նախորդ ժամանակավոր միջոցների տրամաբանական շարունակությունն է, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են կանխել ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական կառույցների կողմից։ Կարևոր ենք համարում այն, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը գործի քննարկման ժամանակ նշել է, որ Արցախի շրջափակումը կարող է հանդիսանալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտում։ Դատարանի եզրակացությունը թույլ է տալիս Արցախի շարունակվող շրջափակումը բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Դատարանի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը պարունակում է Արցախի ժողովրդի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու իրական և անխուսափելի վտանգ։ Այսպիսով, Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելով՝ Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է իր իրավասության շրջանակներում առկա հնարավոր գործիքակազմը՝ Արցախի ժողովրդին Ադրբեջանի ռասայական խտրականությունից պաշտպանելու համար։Դատարանի որոշումն օբյեկտիվ հաստատումն է Արցախի կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշման, որ շրջափակումը հերթական դրվագն է Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականության՝ ուղղված արցախցիների վտարմանը պատմական հայրենիքից։ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, որը կրում է  լայնածավալ և համակարգված բնույթ, միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Միջազգային հանրությունն՝ ընդհանրապես, և ՄԱԿ-ի անդամ երկրները՝ մասնավորապես, ունեն իրավական և քաղաքական պարտավորություններ՝ ձեռնարկելու արդյունավետ քայլեր՝ մարդու իրավունքների նման զանգվածային խախտումները կանխելու, ինչպես նաև ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումը։  Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային մակարդակով համակարգված և հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը։Համոզված ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը, որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը։ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրավասության և վերահսկողության ճանաչման մասին ցանկացած քննարկում հավասարազոր է Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության խրախուսմանը»։ Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
13:13 - 24 փետրվարի, 2023