«ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը»․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքը՝  Տոյվո Կլաարի հայտարարություններին
15:57 - 11 մարտի, 2023

«ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը»․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքը՝ Տոյվո Կլաարի հայտարարություններին

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Տոյվո Կլաարը հարցազրույց էր տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որում նշել էր․ «Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը լիովին օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»։

Կլաարը նշել էր նաև, որ իր կարծիքով՝ այս թափանցիկության հասնելու ուղիները քննարկումների ու բանակցությունների առարկա են․ «Կարծում եմ՝ մի քանի միջոց կա դա անելու։ Ենթադրում եմ, որ դրանցից որոշները նախկինում քննարկվել են։ Օրինակ՝ ունենալ լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որ ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել այդ շրջանում փոխադրումները։ Կա մի քանի միջոց դա անելու, կարծում եմ՝ կարևոր է դրանք մանրամասն քննարկելը», - նրա խոսքը մեջբերել է լրատվամիջոցը։

«Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը:

Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ նրա արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով, որին հավակնում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Խոսելով Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումների ենթադրյալ լեգիտիմության մասին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը։ Իսկ ենթատեքստն այն է, որ Ադրբեջանն արդեն գրեթե երեք ամիս ապօրինաբար արգելափակում է Լաչինի միջանցքը՝ խախտելով ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև կոպտորեն ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության պատրվակով՝ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը դիմել են ահաբեկչական գործողության՝ կյանքից զրկելով Արցախի Հանրապետության Ոստիկանության երեք սպայի և ծանր վիրավորելով ևս մեկին։

Հարկ է ընդգծել, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր փաստարկները, այդ թվում՝ միջանցքն իբր ռազմական նպատակներով օգտագործելու մասին թեզը, հանգամանալից ուսումնասիրությունից հետո մերժվել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, որը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Կրկին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեն, որի մասին հայտարարել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները։

Ադրբեջանի անօրինական հավակնությունները սատարող նման արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես Արցախի էթնիկ զտման հանցավոր քաղաքականության թողտվություն, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի կյանքի, ինքնորոշման, ազատության և խաղաղ զարգացման անքակտելի իրավունքների ժխտումը։ Ադրբեջանը ձգտում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ոչինչ չի խանգարի Բաքվին ուժի միջոցով վերահսկողություն սահմանել Արցախի ողջ տարածքի վրա և ավարտին հասցնել Արցախը հայաթափելու իր հանցավոր ծրագրերը։

Եթե ԵՄ հատուկ ներկայացուցիչն իսկապես մտահոգված է տարածաշրջանում լարվածությունը սրող գործողություններով, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասերի և այլ ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել