Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցային գործընթացը հնարավոր է համարում միայն միջազգային ձևաչափում
 |armenpress.am|
15:02 - 23 մարտի, 2023

Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցային գործընթացը հնարավոր է համարում միայն միջազգային ձևաչափում |armenpress.am|

armenpress.am: Արցախում Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցային գործընթացը հնարավոր են համարում միայն ու միայն միջազգային ձևաչափում ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքների առկայության պայմաններում:

Մամուլի սրահում այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում Բաքու- Ստեփանակերտ հանդիպումները կարող են դառնալ բանակցություն:

Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի են ունեցել հանդիպումներ՝ կապված տարբեր հումանիտար, տեխնիկական հարցերի հետ: Ընդ որում, ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել վերջին հանդիպման օրակարգը:

«Սակայն այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, գազամատակարարումների խափանման հետ կապված հարցերը: Ադրբեջանական կողմի հանդիպման օրակարգը խեղաթյուրելու փորձերն անընդունելի են: Սակայն միևնույն ժամանակ մենք, ռուսական խաղաղապահների միջնորդությամբ, նույն ձևաչափով պատրաստ ենք նշված հարցերի լուծման համար հանդիպումներ ունենալ»,- ասաց Ղազարյանը:

Իսկ ինչ վերաբերում է լիարժեք բանակցային գործընթացին՝ նախարարն ասաց. «Բազմիցս նշել ենք, որ միայն ու միայն միջազգային ձևաչափում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ: Հիմնավորումները բավականին պարզ են»:

Նա նկատեց՝ եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններով ձեռքբերված բանակցություններն Ադրբեջանը խախտեց, ինչպե՞ս կարող է երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել:

«Միայն միջազգային ձևաչափով և նման գործընթացի կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները»,- ասաց ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել