Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին
 |tert.am|

Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին |tert.am|

tert.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների և նպաստների հետ կապված գործընթացների վերաբերյալ: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և 24-ժամյա ռեժիմով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների, նպաստների վճարման մասով որոշակի կարգավորումներ է հաստատել երկու օրենքում: Արդյունքում՝ կառավարությանը լիազորություն է տրվել որոշակի առանձնահատկություններ սահմանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման մասով:  «Առանձնահատկությունները վերաբերում են այն դեպքերին, երբ կենսաթոշակն արդեն նշանակված է, և մեր հայրենակիցներն ուղղակի պետք է արդեն ստանան Հայաստանի Հանրապետության բյուջեից: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի նրանց կենսաթոշակային գործերը ՀՀ կենսաթոշակային ընդհանուր համակարգում ներառվեին, և որպեսզի մեր հայրենակիցներին քաշքշուկների մեջ չներառեինք և զրոյից կենսաթոշակի գործի բացման, ստաժի հաշվարկման, կենսաթոշակի հաշվարկման գործընթացներ չսկսեինք, մենք անհրաժեշտություն ունեցանք, որպեսզի օրենքով լիազորություն տրվի կառավարությանը, որպեսզի կառավարությունը կարողանա այն կենսաթոշակառուների համար, ովքեր արդեն նշանակված են եղել, իրենց կենսաթոշակային գործերն ինտեգրել ՀՀ կենսաթոշակային համակարգին առանց որևէ նոր հաշվարկների և հաշվառումների: Արդեն երեկ Կառավարությունը հաստատեց բոլոր այդ առանձնահատկությունները և կանոնակարգումները»,- նշել է Դավիթ Խաչատրյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մոտ օրերս կգործարկվի այն հարթակը, որի միջոցով արդեն կենսաթոշակ նշանակված հայրենակիցները կկարողանան դիմել, որպեսզի հնարավոր լինի նրանց ինտեգրել ՀՀ կենսաթոշակային համակարգին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:48 - 01 դեկտեմբերի, 2023
Ներկայացվել է ԶԻՆՀԱԲ միասնական առցանց հարթակը

Ներկայացվել է ԶԻՆՀԱԲ միասնական առցանց հարթակը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի` «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ստեղծված ԶԻՆՀԱԲ միասնական առցանց հարթակի ներկայացումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ կողմեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հարթակի ստեղծմանը ներգրավված 3 կողմերին և նշել, որ համատեղ գաղափարի իրագործումը հնարավորություն է տալու և պատերազմի մասնակիցներին, և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև դժվարին իրավիճակում հայտնված անձանց մասնակցելու համապատասխան դասընթացների, ստանալու նոր կարողություններ ու հմտություններ և աշխատաշուկայում դառնալ մրցունակ։ Հարթակը երկար ճանապարհ ունի անցնելու և ավելի լայն նպատակների է ծառայելու՝ քաղաքացուն մատուցելով առավել որակյալ ծառայություններ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ելույթում կարևորվել է միասնական հարթակի ստեղծման գաղափարը.  «Գործընկերներով որոշեցինք ուժերը մեկտեղել և ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջը հեշտությամբ կողմնորոշվել, գտնել դասընթացի և աշխատանքի վերաբերյալ հայտարարություն։ Հարթակի օգտատերերը գտնվելու են բոլոր գործընկերների ուշադրության կենտրոնում, իսկ մենք փորձելու ենք բոլոր ուժերը գործադրել ու նրանց ապահովել համապատասխան աշխատանքով»։ Նախաձեռնող կողմերի ղեկավար ներկայացուցիչների ողջույնի խոսքից հետո ԶԻՆԱՊԱՀԻ սոցիալական ծրագրերի համակարգող Արփինե Զարգարյանը և ՀՀ ԱՍՀՆ, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը ներկայացրին ԶԻՆՀԱԲ միասնական առցանց հարթակի նպատակը, թիրախային խումբը, հնարավորությունները և հարթակից օգտվելու եղանակները։ ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը շնորհավորել է ներկաներին ԶԻՆՀԱԲ հարթակի ներկայացման առթիվ։ Նա անդրադարձել է ԶԻՆՀԱԲ հարթակի ստեղծման գաղափարի ակունքներին։ 44-օրյայից հետո տարբեր կազմակերպություններ փորձում էին օգտակար լինել ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին՝ իրականացնելով բազմաբովանդակ ծրագրեր, դասընթացներ։ Դրանք համակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել համատեղել և համակարգել բոլորի ջանքերը մեկ վայրում` ստեղծելով այդ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների օնլայն հարթակ, որը կողմերի միջև կապահովի փոխադարձ համագործակցություն։ Եվ ահա համատեղ ջանքերով մշակվեց ԶԻՆՀԱԲ հարթակը, որը հիանալի հնարավորություն է հանրային/մասնավոր հատվածի փոխադարձ համագործակցության ապահովման համար։ Կարինե Սարգսյանը խոստացավ հետևողական լինել հարթակի տարածման հարցում և կերտել հաջողության օրինակ։ ԶԻՆԱՊԱՀԻ սոցիալական ծրագրերի կոորդինատոր Արփինե Զարգարյանի խոսքով՝ ԶԻՆՀԱԲ հարթակը ծառայելու է 44-օրյա պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքներին։ Հարթակը ունի տարբեր բաժիններ՝ նախատեսված դասընթացների և ծրագրերի համար։ Այստեղ մասնակից ընկերությունները կարող են տեղադրել իրենց կողմից առաջարկվող դասընթացները, առկա ծրագրերը, ինչպես նաև առաջարկել աշխատանքի հնարավորություններ։ Արփինե Զարգարյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների և ՀԿ-ների, հիմնադրամների ներգրավվածությունը ԶԻՆՀԱԲ հարթակի հաջողության հարցում։ Առանց այդ աջակցության և մասնակցության, հարթակի մասին իրազեկելը, շահառուների ներգրավումը հաջողություն չի գրանցի։ Հաջորդիվ ներկաներին ցուցադրվել է ԶԻՆՀԱԲ հարթակի հնարավորությունները, բաժինները, ինչպես նաև զարգացման հետագա տեսլականը։
16:36 - 01 դեկտեմբերի, 2023
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ Շեն Բեյլիի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ Շեն Բեյլիի հետ

ՉԺՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ, կուսակցական խմբի քարտուղար Շեն Բեյլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներն ու ոլորտային առաջնահերթությունները՝ մանրամասնելով նաև նախատեսվող ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը և ընդգծել երկու երկրների միջև քաղաքակրթական կապի ու ընդհանրությունների կարևորությունը։ Շեն Բեյլին նշել է, որ թեև իրենց կառույցը Հայաստանի հետ ուղիղ համագործակցություն չունի, սակայն վստահ է, որ տվյալ հանդիպումը հայկական կողմի հետ համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացման նոր խթան կհանդիսանա։ Վերջինիս խոսքով՝ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների առանցքում երեխաներին և երիտասարդներին ցերեկային ծառայությունների տրամադրումն է, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդների միջև կապի ստեղծումը։ Շուրջ 90,000 քառ․ մ տարածք ունեցող կենտրոնը երեխաների դաստիարակման և զարգացման ամենամասշաբային համալիրն է․ այն սպասարկում է տարեկան միջինում 1 մլն երեխայի։ Կառույցը շուրջ 1000 աշխատակից ունի, տրամադրում է հարյուրավոր ծառայություններ՝ շաբաթական շուրջ 6000 երեխայի։ Նախարար Մկրտչյանի հետ զրույցում Շեն Բեյլին նշել է, որ հիմնադրամը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել նաև հայ երեխաներին, ինչպես նաև դիտարկել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համատեղ հուշագիր կնքելու հնարավորությունը, որը թույլ կտա նախատեսվող համագործակցությունը դարձնել առավել համակարգված և կառուցողական։ Տիկին Բեյլին պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համագործակցել հայկական մասնավոր հիմնադրամների հետ։ Հանդիպման ավարտին նախարար Մկրտչյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակին և առանձնահատկություններին, շփվել նրանց հետ։
11:21 - 01 դեկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն: Այդ մասին որոշումը Կառավարության նոյեմբերի 30-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Ըստ այդմ՝ առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, այն նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները: Օրինակ՝ սահմանվում է, որ փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչև 2024 թվականի հունիսի 1-ը: Ընդ որում՝ դիմումին որևէ փաստաթուղթ կցելու կարիք չկա: Համապատասխան փաստաթղթերի անհրաժեշտություն կա միայն այն դեպքում, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է, և վերջինս ԼՂ-ում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել է, բայց կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի իրացվել: Կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, պահպանվում է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում հաշվարկված ու ներառված ստաժը, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ-ում սահմանված օրենքի կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:  «Նախագծով առաջարկում ենք սահմանել առանձին ընթացակարգով կենսաթոշակի նշանակման վերջնաժամկետ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը նշանակելու դեպքում, որով կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի: Մինչև 2028 թվականը եթե դիմի, սա նշանակում է, որ ստաժի վերահաշվարկ չի իրականացվի, սակայն 2028-ից հետո դիմելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի նշանակման գործընթաց տեղի կունենա»,- ասաց նախարարի տեղակալը և մանրամասնեց, որ եթե, օրինակ, անձի 63 տարեկանը սեպտեմբերի 15-ին է լրացել, և նա դիմել է 2023 թվականի դեկտեմբերին 11-ից հաշված եռամսյա ժամկետում, ապա նրան կենսաթոշակ կնշանակվի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից: Անդրադառնալով առաջարկին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 3 խումբ մարդկանց հետ գործ ունենք: Առաջին խմբում մարդիկ են, որոնք թոշակ էին ստանում ԼՂ-ում, նրանք առանց ընդհատման ՀՀ-ում թոշակ կստանան, այսինքն՝ հոկտեմբերի, նոյեմբերի թոշակները ևս կստանան առաջիկայում, և թոշակի կորուստ չեն ունենա: Երկրորդ խմբում նրանք են, որոնք ԼՂ-ում սկսել էին կենսաթոշակ ստանալու գործընթացը, բայց ավարտին չեն հասցրել: Երրորդ խմբում նրանք են, որոնց թոշակի տարիքը կամ թոշակի դիմելու ժամանակը լրացել է բռնի տեղահանման հետևանքով ՀՀ տեղափոխվելուց հետո: «Կարգավորում ենք, ահա՛, նաև այս խմբի մարդկանց թոշակավորման գործընթացը՝ իհարկե, տեսադաշտում ունենալով, որ մի իքս պահից հատուկ կարգավորում չենք ունենալու, և ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացի հանդիսացող շահառուներն արդեն նույն կարգով, սովորական ընթացակարգով կթոշակավորվեն»,- ասաց վարչապետը:
11:58 - 30 նոյեմբերի, 2023
ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից
 |armenpress.am|

ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից |armenpress.am|

armenpress.am: Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն կտա կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում. ծրագրից կարող են օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացիություն ձեռք կբերեն: Նոյեմբերի 28-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը: «Նախագծից օգտվելու համար անհրաժեշտ է  թվով 80 սահմանամերձ բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը: Հողատարածքը սեփականության իրավունքով պետք է իրենց պատկանի, այնուհետև պետք է սկսեն նախագծման աշխատանքները, որի ավարտից հետո համայնքից պետք է ստանան շինարարության թույլտվություն: Նախատեսված պայմանները բավարարելու դեպքում շահառուն հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար պետք է դիմի նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն՝ «Կոնվերս բանկ», «Էվոկաբանկ», «Ակբա բանկ», «Յունիբանկ», «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպություն: Հաստատվելու դեպքում գումարի աջակցությունը կտրամադրվի փուլային եղանակով»,- ասաց Խաչատրյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում  շահառուները կարող են նախագծել իրենց  նախընտրելի սեփական տունը: Եթե անհրաժեշտ գումարը 16 միլիոն դրամից ավելի է, քաղաքացին պետք է հավելյալ գումարը տրամադրի, այն կարող է ձեռք բերվել նաև հավելյալ վարկավորման միջոցով: Ըստ նրա՝ աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի՝ 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար:  Գործընթացը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներից, և այս պահի դրությամբ հաստատվել է ավելի քան 200 հայտ: Գումարը կարող է տրամադրվել նաև կիսակառույց այն շինությունների համար, որոնք չունեն ավատական ակտ: Աջակցությունը կարող է ուղղվել նաև տան վերանորոգմանը: Կառուցվող բնակելի տունը գրավի առարկա է հիփոթեքի ողջ ժամանակահատվածի ընթացքում, գույքի օտարումը կարող է տեղի ունենալ վարկն ամբողջությամբ մարելու դեպքում:
17:52 - 28 նոյեմբերի, 2023
Որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին. փոխվարչապետ Խաչատրյան
 |1lurer.am|

Որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին. փոխվարչապետ Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը 2 մլրդ դրամ հատկացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին աջակցություն տրամադրելու համար: ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից նախորդիվ հաստատված աջակցության ծրագրերից մեկի ֆինանսավորման հարցը, համաձայն որի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսվել էր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրել 50-հազարական դրամ՝ պայմանավորված արդեն իսկ ներկայացված դիմումների շահառուների թվով: «Նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 մլրդ դրամ՝ 40 հազար շահառուի հաշվարկով»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: Նա նշեց, թե ծրագրից ովքեր կկարողանան օգտվել: «100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները կարող են օգտվել, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներւմ հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են ՀՀ-ից, կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում»:  Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատվել է պետական կենսաթոշակների և նպաստների մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով մեր հայրենակիցները կկարողանան իրացնել կենսաթոշակի և նպաստների իրենց իրավունքները սահմանված կարգով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում: «Դրա մասին մենք իրազեկել ենք և կշարունակենք իրազեկել»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է 40+10-հազարական դրամների հոկտեմբերի աջակցություններին, այս պահի դրությամբ արդեն 99 820 անձի վճարվել են այդ աջակցությունները, նախարարի տեղեկացմամբ՝ առանց դիմումի: «Դրան զուգահեռ՝ սկսել ենք դիմումներ ստանալ նոյեմբեր ամսվա վճարման համար. շուրջ 80 095 արդեն ստացել ենք, և մի մասը մշակվել է, և մի մասը դեռ մշակման փուլում է»,- ասաց նա:  Ինչ վերաբերում է 100-հազարական դրամներին, ապա, Նարեկ Մկրտչյանի խոսքով, այս պահի դրությամբ 108 336 անձի վճարվել է: «100 հազարի ծրագիրը կարող ենք համարել ավարտված»,- ասաց նա: «Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրինք, բայց սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ են կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա է պատճառը, թե ինչու ենք մենք 1 մլրդ հատկացնում»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ ստացված դիմումների կեսը մշակված է, և հաշվարկն այնպիսին է, որ Կառավարության հատկացրած 1 մլրդի և միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող վճարումների հաշվին այդ մշակված տվյալներն ամբողջությամբ կվճարվեն: «Հաջորդ շաբաթ արդեն կհատկացնենք նաև մնացած մասը և կշարունակենք վճարումները նոր ստացվող և մշակվող դիմումների մասով»,- նշեց փոխվարչապետը:
12:58 - 23 նոյեմբերի, 2023
Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար |tert.am|

Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար |tert.am|

tert.am: Կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ դրամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի 50 հազարական դրամ։ «Այս նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 միլիարդ դրամ 40 հազար շահառուի հաշվարկով»,- նշեց Մկրտչյանը։ Նախարարը հիշեցրեց, թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից։ «Նախ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուները, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 միլիոն դրամից ավել գումար, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են Հայաստանի Հանրապետությունից կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում և հյուրատներում»,- ասաց Մկրտչյանը։
12:17 - 23 նոյեմբերի, 2023
Խորհրդարանը ընդունեց Արցախից բռնի տեղահանվածներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը

Խորհրդարանը ընդունեց Արցախից բռնի տեղահանվածներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը

Ազգային ժողովը նոյեմբերի 22-ին գումարված արտահերթ նիստում 87 կողմ, 0 դեմ, 0 փեռպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Այն խորհրդարանում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ քննարկվող նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է հնարավորություն ընձեռել արագ ընթացակարգով իրացնելու իրենց սոցիալական պաշտպանության երաշխիքներըգ ստանալ կենսաթոշակներն ու նպաստները:  «Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանը տալ որոշակի լիազորություններ՝ թոշակի հաշվարկման, նշանակման, բազաներին տիրապետելու առումով, և, այս նպատակին հետամուտ՝ նախագծով առաջարկում ենք բոլոր այն դեպքերում, երբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, առցանց հարթակի դիմումի հիման վրա շարունակեն ստանալ, իսկ նրանք, որ նոր պետք է իրավունք ստանան, կդիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, կվարվի համապատասխան աշխատանք, և կստանան իրենց թոշակները և նպաստները»,- հայտնել է Մկրտչյանը:
13:25 - 22 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն կընձեռվի |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն կընձեռվի |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում քննարկվել է Կառավարությունը ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց` նախագիծը երեկ արդեն քննարկվել է, առանձին քննարկում եղել է նաև հանձնաժողովի նիստում: Նախարարի խոսքով՝ նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, հընթացս տարբեր տեսակի սոցիալական աջակցությունների, մենք պետք է հնարավորություն ընձեռենք, որպեսզի կարողանան արագ ընթացակարգով իրացնել իրենց սոցիալական տարբեր երաշխիքներ՝ նպաստներ, թոշակներ, ստանալու իրավունքը «Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանը տալ որոշակի լիազորություններ՝ թոշակի հաշվարկման, նշանակման, բազաներին տիրապետելու առումով, և, այս նպատակին հետամուտ՝ նախագծով առաջարկում ենք բոլոր այն դեպքերում, երբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, առցանց հարթակի դիմումի հիման վրա շարունակեն ստանալ, իսկ նրանք, որ նոր պետք է իրավունք ստանան, կդիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, կվարվի համապատասխան աշխատանք, և կստանան իրենց թոշակները և նպաստները»,- հայտնեց Մկրտչյանը: Ինչ վերաբերում է ԼՂ պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգում ծառայած անձանց, քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի կատարողի՝ զինվորական կենսաթոշակի իրավունքին, նախագծով առաջարկվում է սահմանել, որ նշված անձինք օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում նույնպես կունենան զինվորական կենսաթոշակի իրավունք: «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զինպարգևավճարներ և պատվովճարներ նշանակելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ: Մենք երեկ նաև առաջարկել ենք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, կարգավորումը ներառվում է այս նախագծում և հնարավորություն կտա այդ պատվովճարները և պարգևավճարները ստանալ»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ Կառավարության որոշումների փոփոխություններով կպարզեցվեն և կհստակեցվեն նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը: Հարակից զեկուցող Զարուհի Բաթոյանը նշեց՝ նախագծի փաթեթի նպատակն է հնարավորություն ընձեռել Կառավարությանը լիազոր նորմ սահմանել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կարողանան ապահովել կենսաթոշակների, նպաստների վճարումը՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
12:51 - 22 նոյեմբերի, 2023
Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից

Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից

Ստեփանակերտի 72-ամյա բնակիչ Անուշ Անաստասյանը, որ Հայաստանում հաշվառվելու պատճառով զրկվել էր բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազարական եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազարական դրամ սոցիալական աջակցությունից, այսուհետ այդ ծրագրի շահառու կլինի։ «Ինֆոքոմը» գրել էր, որ Անաստասյանը բռնի տեղահանումից հետո ստացել էր հոկտեմբեր ամսվա աջակցությունը, սակայն օրեր անց, երբ դուրս էր եկել Ստեփանակերտի հաշվառումից եւ գրանցվել Հայաստանում, դադարել էր հանդիսանալ այդ ծրագրի շահառու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել էին, որ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կլինեն, որոնցով կլուծվի նման իրավիճակում հայնտված արցախցիների խնդիրը։  Նոյեմբերի 17-ին հիշյալ փոփոխությունը կատարվել է, եւ այսուհետ աջակցության ծրագրերի շահառու են համարվում նաեւ Արցախից բռնի տեղահանված բոլոր այն անձինք, որոնք 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո են հաշվառվել Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում։  Այս պահին կառավարությունն իրականացնում է 50-հազարական դրամի չափով երկու ծրագիր՝ 50-հազարական դրամների (40-հազարական դրամ կացության եւ 10-հազարական դրամ կոմունալ ծախսերի վճար) վեցամսյա աջակցություն եւ առաջնային սպառողական ծախսերի համար նախատեսված 50-հազարական դրամների  երկամսյա աջակցություն։  Վեցամսյա աջակցության ծրագրի որոշումը Կառավարությունն ընդունել է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին, հաշվառման ժամկետի փոփոխությունը, ինչպես նշեցինք, կատարվել է նոյեմբերի 17-ին, սակայն այն ունի հետադարձ ուժ եւ տարածվում է հոկտեմբերի 14-ից սկսած գործողությունների վրա։ Այս որոշման՝ մինչեւ փոփոխությունը գործող կարգավորմամբ՝ Հայաստանում երբեւէ հաշվառված բռնի տեղահանվածները ծրագրի շահառու չէին եւ չէին կարողանում օգտվել հատկացվող աջակցությունից։ Անուշ Անաստասյանի դուստրը՝ Արմինե Վանյանը, մեզ տեղեկացրեց, որ արդեն հաջողվել է դիմումը մուտքագրել համակարգ, սպասում են պատասխան ծանուցման։ Մյուս՝ երկամսյա աջակցության որոշումը Կառավարությունն ընդունել է նոյեմբերի 9-ին։ Այն նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների առաջնային սպառողական ծախսերի համար։ Չնայած, որ այս որոշմամբ ի սկզբանե էլ սահմանվել էր, որ ծրագրի շահառու են նաեւ այն բռնի տեղահանվածները, որոնք սեպտեմբերի 19-ից հետո են հաշվառվել Հայաստանում, այնուհանդերձ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորումներում նշված է, որ երկու որոշումներով էլ ՀՀ-ում հաշվառված անձինք ծրագրերի շահառու չեն, ինչը խնդիրներ է առաջացրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Նշենք, որ ՀՀ-ում հաշվառում ունենալը բռնի տեղահանվածներին անհրաժեշտ է ՀՀ-ում փախստականի կարգավիճակ, կենսաթոշակ կամ այլ նպաստներ ստանալու համար։ Ստացվում է, որ դրանք ստանալու համար անձը պիտի հաշվառվեր, բայց հաշվառվելու հետեւանքով զրկվում էր աջակցության ծրագրերից։ Նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեր զրույցում ասաց, որ նախագծում երկրորդ որոշման մասին հիշատակումը տեխնիկական է, եւս մեկ անգամ ընդգծվել է, որ երկու որոշումների համար էլ նույն կարգավորումն է գործելու։ Այսինքն՝ այսուհետ մինչեւ սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառված բռնի տեղահանված անձինք հիշյալ երկու ծրագրերի շահառու չեն, իսկ սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվածները շահառու են։ Այնուհանդերձ, «մինչեւ սեպտեմբերի 19-ը» պայմանի նախատեսումը կարող է խնդրահարույց լինել այն արցախցիների համար, որոնք տարիներ առաջ ինչ-ինչ պատճառներով հաշվառվել են Հայաստանում, սակայն շարունակել են ապրել Արցախում եւ բռնի տեղահանվել են իրենց տներից։ Մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ է նման ելակետ ընդունվել, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Եթե հաշվառման սահմանափակումը չլինի, հնարավոր է, որ ծրագրերից կարողանան օգտվել ոչ թիրախային խմբի շահառուներ, իսկ այս ծրագրերի նպատակն է օգնել նրանց, որոնք եղել են ԼՂ-ում եւ բռնի տեղահանվել են 2023 թ․-ի ընթացքում»,- նշեց նա։ Հայաստանում հաշվառված եւ մշտական բնակություն հաստատած արցախցիների դեպքում այդ տրամաբանությունը հասկանալի է, սակայն սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստանում հաշվառված եւ Արցախում մշտապես բնակված անձինք, որոնք եւս փաստացի բռնի տեղահանվել են, դուրս են մնալու ծրագրերից։ Մինչեւ վերջերս վեցամսյա աջակցության ծրագրից Հայաստանում հաշվառվածներից բացի օգտվել չէին կարող նաեւ նրանք, որոնք բնակվում էին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում։  Նախարարության առաջարկով այս անձինք եւս դարձել են վեցամսյա աջակցության ծրագրի շահառու՝ դարձյալ բացառությամբ նրանց, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից առաջ։  Մյուս՝ երկամսյա աջակցության ծրագրում ի սկզբանե նշվել է, որ այն անձինք, որոնք 2023 թ․ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում, ծրագրի շահառու չեն։ Հաջորդ փոփոխությունն էլ վերաբերում է գումարի տրամադրման եղանակին։ Վեցամսյա աջակցության ծրագրից Կառավարությունը հանել է այն կանխիկ եղանակով տրամադրելու կարգավորումները եւ սահմանել, որ կանխիկ եղանակով վճարումները «Հայփոստ»-ի միջոցով կատարվելու են մինչեւ 2023 թ․ դեկտեմբերի 1-ը, իսկ չվճարված գումարը մինչեւ 2023 թ․ դեկտեմբերի 8-ը վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե ։ Երկամսյա աջակցության ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, որ գումարը վճարվում է անկանխիկ՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Փոփոխությունների այս նախագիծը ներառված է եղել Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Գործադիրը միաձայն ընդունել է այն։ Հավելենք, որ հիշյալ դրամական աջակցությունը ստանալու համար բռնի տեղահանված անձինք պետք է էլեկտրոնային եղանակով՝ socservice.am հարթակում ներկայացնեն մեկանգամյա դիմում։ 50 հազարական վեցամսյա աջակցության համար այն կարող է ներկայացվել 2023 թ․ նոյեմբերի 1-ից 2024թ․ մարտի 15-ը ներառյալ, իսկ 50 հազարական երկամսյա աջակցության համար՝ այս տարվա նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Բռնի տեղահանված այն անձինք, որոնք այս գործընթացում որեւէ խոչընդոտի կհանդիպեն, կարող են դիմել «Ինֆոքոմ»-ի խմբագրություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝  041 46 36 26, էլեկտրոնային հասցեով` [email protected] կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։    Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարում՝ Գորիսի հաշվառման կետը, 25-ը սեպտեմբերի, 2023 թ․
21:59 - 21 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում |hetq.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում |hetq.am|

hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Կառավարության հաղորդմամբ՝ Դավիթ Խաչատրյանն անդրադարձել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Օրինագծերի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով: Ըստ փոխնախարարի՝ օրինագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունվելուց հետո, ամենայն հավանականության Կառավարության հաջորդ նիստին կընդունվեն համապատասխան ընթացակարգերը: Դրանից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել, վերականգնել իրենց կենսաթոշակ ստանալու իրավունքը և ստանալ՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշակները: Դրա համար շահառուները պետք է ներկայացնեն դիմումներ, որի համար մշակվում է առցանց հարթակ: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ շահառուներին դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ հասցեի հաշվառում: Զարուհի Մանուչարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նոյեմբերի 17-ից ընդունվում են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 000 դրամ աջակցության դիմումները: «Չորս օրվա ընթացքում արդեն իսկ ընդունել ենք 63 769 դիմում: Դիմումների ընթացակարգը նույն է՝ մյուս աջակցության ծրագրերի նման: Երկու կարևոր դիտարկում՝ դիմումներ ներկայացնելիս, ի տարբերություն նախորդ հարթակի, այս դեպքում մուտք եք գործում 50.socservice.am հարթակ կամ կարող եք նույն ընթացակարգով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ՝ socservice.am, որտեղից էլ առցանց դիմումներով հասնել այս պատուհանին: Այս աջակցության ծրագրի շրջանակում անկանխիկ ստանալու ևս մեկ հնարավորություն է տրված ՝ 75 տարեկան, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին: Բանկային քարտեր չունեցողներն աջակցության այս ծրագրի շրջանակում կարող են այն ձեռք բերել, քանի որ դիմումը լրացնելիս համակարգն առաջարկում է հնարավորություն բանկի ընտրության: Այսինքն՝ բանկի ընտրության հատվածում անհրաժեշտ է ընտրել նախընտրելի բանկը և համակարգն ավտոմատ, անվճար կարող է այդ գործընթացն ապահովել»,- ասել է Զարուհի Մանուչարյանը: Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել ևս 4136, արդյունքում՝ միանվագ դրամական այս աջակցությունը տրամադրվել է 108 336 անձի: 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերին վճարվել է 99 820 անձի: Ինչպես նշել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանողներ արդեն իսկ ներգրավված են ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: Ըստ նրա՝ կրթաթոշակների տրամադրումը կմեկնարկի ստացված տվյալների նույնականացման գործընթացից հետո: Սարգիս Հայոցյանը հիշեցրել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը: Տեղեկացվել է նաև, որ ներկայում շրջանառության մեջ է ԼՂ-ի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը:
18:05 - 21 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածները հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կստանան դեկտեմբերին. Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է հայտնել
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածները հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կստանան դեկտեմբերին. Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է հայտնել |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Ինչպես բազմիցս նշել ենք, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն՝ ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ և նպաստ: Հարցը քննարկելիս հարկ է նկատի ունենալ, որ փախստականների և ապաստանի մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ, դրամական այլ օգնություններ, ինչպես նաև ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության իրավունք, եթե նրանք բավարարում են օրենսդրությամբ սահմանված պահանջները: Սակայն հաշվի առնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել Կառավարությանը՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները»,- ասաց հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդյոք ստանալո՞ւ են հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների կենսաթոշակները, նպաստները, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Մեզ հասանելի բոլոր հնարավոր տվյալները կհամադրենք, և կհասկանանք, որ իրենք արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, իրենք կշարունակեն ստանալ: Ես կարծում եմ, որ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերը միասին վերահաշվարկ արված՝ իրենք դեկտեմբեր ամսին կկարողանան ստանալ: Դրա համար հրատապ ներկայացրինք նախագիծը, որովհետև դրանից հետո որոշակի տեխնիկական խնդիրներ էլ են լինելու, հարթակի գործարկումը կոմունիկացնելու մեր հայրենակիցների հետ՝ դիմումները անձնապես ընդունելու համար»: Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարգավորումներից հետո հնարավորություն կունենան իրենց կենսաթոշակները և նպաստները ստանալ: «Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամսվա համար մենք կփորձենք այդ վճարումներն իրականացնել: Կարգավորումները մեզ հնարավորություն կտան տվյալների մեր սեփական բազան ունենալ ԼՂ-ի մեր հայրենակիցների նպաստների, կենսաթոշակների վճարումների առումով»,- նշեց Նարեկ Մկրտչյանը: Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:  ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 7-րդ հոդվածով սահմանել փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը, այն է. օրենքով սահմանված պայմանները բավարարելը՝ փախստականի կարգավիճակ ունենալու ամբողջ ժամանակահատվածում, առաջարկվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով: Օրենքի 32-րդ հոդվածով Կառավարությանը վերապահել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները սահմանելու լիազորությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի հստակեցնել արդեն նշանակված կենսաթոշակների, ինչպես նաև նոր նշանակվելիք կենսաթոշակների դեպքերում խնդրո առարկա ստաժը հաշվարկելու կանոնները,  Կառավարությունը վերապահել նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը: Այս դեպքում հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները «վերանշանակել» (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել) առցանց դիմումի հիման վրա, առանց ստաժը վերահաշվարկելու, կենսաթոշակը վերահաշվարկելիս, տեսակը փոխելիս նախկին ստաժը չվերահաշվարկել, կենսաթոշակը վճարելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում վերջին անգամ բանկ ներկայանալու պայմանը, կենսաթոշակի գործերը «տեղափոխել» պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան և այլն, սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձը, քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողն ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք, Օրենքի 41-րդ հոդվածով ստեղծվում է իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի տարածքում ձևավորված տեղեկատվական բազաներից (կենսաթոշակի, հարկային մարմնի և այլն) կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ տվյալները Միգրացիայի ծառայությունից (այդ տեղեկատվական բազաների տնօրինողից) ստանալու և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար: «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությունը վերապահել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետ սահմանելու լիազորությունը:  Կառավարությունը վերապահել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու փաստաթղթերի ցանկը սահմանելու իրավասությունը: Այս դեպքում հնարավոր կլինի մայրության նպաստ նշանակել ոչ միայն ՀՀ կամ ԼՂ-ի բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի, այլև ՀՀ կամ ԼՂ-ի իրավասու մարմնի տված երեխայի ծննդյան վկայականի հիման վրա: Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում կհստակեցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերը՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:
13:53 - 21 նոյեմբերի, 2023
500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. Նարեկ Մկրտչյան
 |news.am|

500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. Նարեկ Մկրտչյան |news.am|

news.am:  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 104 200-ն արդեն իսկ ստացել են 100 հազար դրամ միանվագ օժանդակությունը, նրանցից 28 475-ը անչափահաս են, 75 725-ը` չափահաս։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Այսօր 500 մլն դրամ հատկացնելու ենք այս վճարումները շարունակելու համար։ Մշակված է 3 800 դիմում, իսկ 800 նոր անձի դիմում ստացել ենք ԿԳՄՍՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության գործընկերներից։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ՀՀ բուժառության և կրթության նպատակներով ՀՀ տեղափոխված ԼՂ մեր հայրենակիցներ մասին տվյալները ևս կմշակենք։ Այսպիսով, շուրջ 108 800 անձի վճարում կիրականացնենք առաջիկա օրերին»,- հայտարարեց նախարարը։ Նա հայտարարեց, որ վճարումները շարունակվում են նաև 40+10 հազար համակարգով, և 99 820 մարդու վճարումն արդեն իսկ իրականացվել է։ Նոյեմբերի համար դիմումները նախարարությունն արդեն սկսել է ստանալ, և այս պահին նրանց թիվը 8 475 է։ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօրվանից գործարկվում է էլեկտրոնային հարթակը, որտեղ կներկայացվեն նոյեմբերի և դեկտեմբերի համար սպառողական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամ աջակցության մասին տվյալները։
13:54 - 17 նոյեմբերի, 2023
ԱԺ արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների հարցը |armenpress.am|

ԱԺ արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների հարցը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում նոյեմբերի 21-ին նախատեսված է արտահերթ նիստ, որում կքննարկվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների տրամադրումը ապահովելու հարցը։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «2024 թվականին կշարունակենք իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը, այդ թվում նաև մեր հայրենակիցները հնարավորություն կստանան օգտվել սոցիալական երաշխիքներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նոյեմբերի 21-ին նախատեսված է Ազգային ժողովում արտահերթ քննարկման ներկայացնել «Կենսաթոշակների և նպաստների մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով հնարավորություն կտանք նաև մեր հայրենակիցներին իրացնելու իրենց իրավունքները կենսաթոշակ և տարբեր տեսակի նպաստներ ստանալու առումով»,- ասաց Մկրտչյանը։
11:02 - 16 նոյեմբերի, 2023
Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 3490 բռնի տեղահանված
 |armenpress.am|

Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 3490 բռնի տեղահանված |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագիր է կնքվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2384 անձի հետ։ Նոյեմբերի 14-ի դրությամբ միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, հաշվառվել է 3490 անձ, որից 3035-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ։ Այդ թվից 1336 հոգի ուղեգրվել է տարբեր գործատուների մոտ։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Սարգսյանը նշեց, որ միասնական սոցիալական ծառայության գրասենյակում այս պահին գրանցված է 10445 թափուր աշխատատեղ տարբեր մարզերից և տարբեր գործատուների կողմից։ Այդ աշխատատեղերի վերաբերյալ քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ e-work.am և workforall.am կայքերի «Գտիր աշխատանք» բաժնում, որտեղ ավելի մանրամասն տեղեկատվություն է ներկայացված աշխատատեղերի բաշխվածության, աշխատավարձերի չափերի, աշխատաժամերի և այլ մանրամասների մասին։ Քաղաքացիները կարող են նաև դիմել տարածքային գրասենյակներ և ավելի մանրամասն ծանոթանալ պայմանների հետ։ Տարածքային կենտրոններում նախարարության մասնագետներն անհրաժեշտության դեպքում կուղղորդեն մարդկանց համապատասխան գործատուների մոտ՝ ըստ նրանց պահանջների։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը UNDP կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է փորձնական ծրագիր, որն ի սկզբանե ընդգրկելու էր շահառուների երեք խումբ՝ 18-30 տարեկան չաշխատող և սովորող երիտասարդներ, 30-40 տարեկան կանայք և սոցիալական նպաստ ստացողներ։ Բայց իրադարձությունների զարգացման հետևանքով ավելացել է ևս մեկ թիրախային խումբ՝ ի դեմս ԼՂ-ից բռնի տեղահանվածների։ Ծրագրով նախատեսված է տարբեր մասնավոր գործընկերների միջոցով իրականացնել զբաղվածության ծրագրեր, որոնք ունեն ուսուցման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման բաղադրիչներ»,- տեղեկացրեց փոխնախարարը։ Նրա փոխանցմամբ՝ այս պահին քննարկման փուլում են երկու ծրագրեր, որոնց շահառուներն առաջին հերթին բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են։ «Ծրագրերից մեկը վերաբերում է ուսուցմանն ու վերապատրաստման կամ պրակտիկայի ձեռքբերման միջոցով աշխատանքի տեղավորմանը։ Պետությունը մասնակցում է կրթության ծախսերի, կրթաթոշակի կամ փորձարարության ժամանակահատվածում աշխատավարձի ծախսերի փոխհատուցմանը, իսկ հետագայում նախատեսվում է նաև գործատուի հարկերի որոշ չափով փոխհատուցում։  Իսկ երկրորդ ծրագիրն ավելի շատ ուղղված է ինքնազբաղվածությանը, որում կա բիզնես վարելու և համապատասխան հմտություններ դրսևորելու պարտադիր պահանջ։ Լավագույնները կֆինանսավորվեն պետության կողմից։ Երևանում ծրագրերից մեկի իրականացման դեպքում այն կֆինանսավորվի մոտ երկու միլիոն դրամի չափով, իսկ մարզերում՝ չորս միլիոն դրամի չափով»,- ասաց Սարգսյանը։ Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր նաև միջազգային ու տեղական գործընկերների միջոցով։ Նախարարությունն այս պահին մշակում է զբաղվածության ռազմավարությունը, ինչի հիման վրա կիրականացվեն նոր ծրագրեր, որոնց շնորհիվ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կգտնեն նոր աշխատանք։
17:25 - 14 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների 50 հազար դրամ աջակցության դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների 50 հազար դրամ աջակցության դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար համար Կառավարության կողմից հաստատված 50 հազար դրամի չափով նոր սոցիալական երկամսյա աջակցության դիմումները  կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ «Շահառու չեն հանդիսանա, եթե տվյալ ընտանիքի անդամները բնակվում են հյուրանոցում, հյուրատներում, կամ չեն գտնվում ՀՀ-ում, կամ սույն թվականի սեպտեմբերի 19-ից առաջ ունեցել են ՀՀ հաշվառում, կամ հոկտեմբերի 2-ի դրությամբ  իրենց բանկային հաշիվներում ունեն 2 միլիոն դրամի շեմը գերազանցող դրամական միջոցներ։ Այս սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա և չի տարածվում տվյալ ընտանիքի անդամների, այդ թվում՝   երեխաների վրա։ Չի տարածվում նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուկ օգնություն ստացող անձանց վրա»,-մանրամասնել է նախարարի տեղակալը։ Նրա խոսքով՝ դիմումը լրացնելիս յուրաքանչյուր անձ կտա բնակային հաշիվների մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում հնարավոր կլինի բանկային հաշվի սահմանված շեմը գերազանցելու մասին ինֆորմացիան ստանալ։ Դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել երեխաների մասին տվյալներ։ Վճարումներն իրականացվելու են միայն անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով։ «Բոլոր այն դեպքերում, երբ մեր հայրենակիցները չեն ունենա բանկային քարտեր և կունենան որոշակի խոցելիություն ու սահմանափակումներ՝ բանկ  այցելելու, այս հանգամանքի պարագայում կունենանք որոշակի ծառայություններ և բանկային քարտերը կհասցվեն համապատասխան տեղակայման վայրեր։ Այս ծառայությունը կվերաբերի 75 տարին լրացած անձանց, առաջին և երկրորդ խմբի  հաշմանդամություն ունեցողներին»,-հավելել է Ժամակոչյանը։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 50 հազար դրամի չափով նոր աջակցությունը կտրամադրվի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։
17:16 - 10 նոյեմբերի, 2023