ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից
 |armenpress.am|
17:52 - 28 նոյեմբերի, 2023

ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից |armenpress.am|

armenpress.am: Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն կտա կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում. ծրագրից կարող են օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացիություն ձեռք կբերեն:

Նոյեմբերի 28-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Նախագծից օգտվելու համար անհրաժեշտ է  թվով 80 սահմանամերձ բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը: Հողատարածքը սեփականության իրավունքով պետք է իրենց պատկանի, այնուհետև պետք է սկսեն նախագծման աշխատանքները, որի ավարտից հետո համայնքից պետք է ստանան շինարարության թույլտվություն: Նախատեսված պայմանները բավարարելու դեպքում շահառուն հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար պետք է դիմի նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն՝ «Կոնվերս բանկ», «Էվոկաբանկ», «Ակբա բանկ», «Յունիբանկ», «Ֆինկա» ունիվերսալ վարկային կազմակերպություն: Հաստատվելու դեպքում գումարի աջակցությունը կտրամադրվի փուլային եղանակով»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության չափը կազմում է 16 մլն դրամ, որի շրջանակում  շահառուները կարող են նախագծել իրենց  նախընտրելի սեփական տունը: Եթե անհրաժեշտ գումարը 16 միլիոն դրամից ավելի է, քաղաքացին պետք է հավելյալ գումարը տրամադրի, այն կարող է ձեռք բերվել նաև հավելյալ վարկավորման միջոցով:

Ըստ նրա՝ աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի՝ 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար:  Գործընթացը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներից, և այս պահի դրությամբ հաստատվել է ավելի քան 200 հայտ:

Գումարը կարող է տրամադրվել նաև կիսակառույց այն շինությունների համար, որոնք չունեն ավատական ակտ: Աջակցությունը կարող է ուղղվել նաև տան վերանորոգմանը: Կառուցվող բնակելի տունը գրավի առարկա է հիփոթեքի ողջ ժամանակահատվածի ընթացքում, գույքի օտարումը կարող է տեղի ունենալ վարկն ամբողջությամբ մարելու դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել