Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել, որ այն բացել-փակելը չդառնա ՀՀ-ի վրա ճնշումների գործիք Ադրբեջանի ձեռքին․ Անդրանիկ Քոչարյան

Պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել, որ այն բացել-փակելը չդառնա ՀՀ-ի վրա ճնշումների գործիք Ադրբեջանի ձեռքին․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակին։ Պատասխանելով հարցին, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ լծակներ ունի հումանիտար ճգնաժամը լուծելու հարցում՝ նա ասաց, որ դրա գործիքակազմերից մեկը միջազգային ճնշումներն են, բայց միայն ճնշումները բավարար չեն։ «Վերջին հաշվով պետք է նաև կարողանալ հակառակորդին համոզել, որ գազատարը պայթեցնելով՝ չի մոտեցնում այն հիմնարարա խնդիրների լուծմանը, որը կոչվում է խաղաղության բանաձև։ Դրա համար պետք է խոսել բոլոր հնարավոր մակարդակներում, նաև միջնորդների միջամտությամբ, նաև հրադադարի ռեժիմը պահող մեր ռազմավարական գործընկերոջ հնարավորությունների սահմաններում։ Դրանք համալիր ծրագրեր են։ Մի՛ մոռացեք որ 90-ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում շաբաթը համարյա երեք անգամ։ Վերանորոգում էինք, էլի էին պայթեցնում։ Հետո գործողություններ իրականացվեցին հայկական կողմից, հասկացան, որ գազատարը պայթեցնելը որևէ հեռանակար չի ապահովում, առավելություն չի տալիս իրենց մարտական գործողությունների ընթացքում մեր նկատմամբ։ Ճանապարհը իր էվոլյուցիուն գծագիրն ունի»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը, հետո վերանորոգել, հետո հայտարարել, որ գազը կմատակարարվի, հետո նորից մատակարարումը դադարեցվեց։ Ըստ Քոչարյանի՝ դրա պատճառները պետք է հասկանալ երկխոսության միջոցով։ Անդրադառնալով Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ «ունեն բավարար հիմքեր՝ պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», պատգամավորն ասաց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է փականը․ «Այդ փականի վրա ազդեցության գործիքներ պետք է ձևավորենք, որի միջոցով այն կլինի ավելի բաց, ստատիկ վիճակում»։ Նրա խոսքով պետք է վերականգնենք ՀՀ ինքնիշխանությանը վերաբերող ողջ կորցրածը, որի միջոցով հակառակորդին կզրկենք իր լրացուցիչ հնարավորությունները մեզ վրա կիրառելուց։ Խոսելով հումանիտար խնդիրների մասին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ամբողջ աշխարհում կան հումանիտար խնդիրներ․ «Մեր հումանիտար խնդիրների լուծումները պետք է գտնենք մեր միջոցների էֆեկտիվ կառավարման և տնօրինման մեջ։ Էսպիսի իրավիճակներ՝ շատ ավելի ծանր, մենք ապրել ենք, անցել ենք մի օրվա հացով, առանց հոսանքի, առանց գազի։ Բայց մեր ժողովուրդն արժանապատվորեն իր խաչը տարել է և կերտել 94-ի հաղթանակը։ Ես չեմ ուզում վերադառնալ անցյալ, պետք է գնանք առաջ․ դրա համար պետք է հակառակորդին զրկել նման մտադրութուններից, և հումանիտար վիճակը լուծենք ներքին միջոցներով»։ Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի այս գործողությունները ուղղված են Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ամեն ինչի մեջ կա իր տրամաբանությունը, սակայն պետք չէ վերլուծել, թե հակառակորդը ինչ է տեսնում իր գործողությունների մեջ։ «Հաստատ դա տեսնում է մեզ թուլացնելու ծրագրի մեջ։ Այսինքն՝ գազ, գազի հետ կապված հումանիտար խնդիր, դժգոհություններ, պրոյեկցիա իշխանությունների վրա և իշխանության թուլացման միջոցով նոր առաջարկներ ներկայացնել՝ ի նպաստ իրենց, որ մենք հայտնվենք անելանելի վիճակում և համաձայնենք առաջարկներին, որ ինքը կուզեր տեսնել վերջնակետում։ Եվ դրա համար մենք պետք է միակամ լինենք էս հարցերի մեջ»։  Այս համատեքստում Քոչարյանը որպես օրինակ հիշեցրեց այն շրջանը, երբ գերիների հարցը, իր խոսքով շահարկվում էր ընդդիմության կողմից, բայց երբ դրանք սառեցվեցին, սկսվեցին գերիների հանձնման պրոցեսները՝ օգտագործելով խաղաղարար երկխոսության գործիքները։  «Որ գազատարը բացել-փակելը Ադրբեջանի կողմից չդառնա ՀՀ վրա ճնշումների գործիք, մենք պետք է նաև սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել»,- ընդգծեց ՔՊ խմբակցության պատգամավորը։
13:27 - 23 մարտի, 2022
Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար պետք է արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»

Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար պետք է արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային Ժողովի օրակարգ էին մտցրել «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ՝ ներքո շարադրյալ բովանդակությամբ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվեց: Տապալելով Ազգային Ժողովի անունից հայտարարության ընդունումը, ապազգային այս իշխանությունը հերթական անգամ խոչընդոտեց մեր ազգային ու պետական շահերի առաջ մղման կարևոր քայլին: Ուշադրություն՝ տապալվեց մի հայտարարություն, որի հիմնական նպատակն էր Ադրբեջանի շարունակական հանցագործությունները հստակ ամրագրելը, դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը քաղաքական գնահատական տալը: Այս իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ ոչ միայն ինքը չի հակազդում թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական, ռազմական, հոգեբանական, տնտեսական ճնշմանը, այլև՝ կանխում ու արգելափակում է ընդդիմության ցանկացած նախաձեռնություն: Առավել քան հստակ է, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով հայտարարության ընդունման տապալումն Ազգային ժողովում խորհրդարանական ըննդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են գալիս հետևյալ հայտարարությամբ. Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝ 1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ,2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով, 4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը, 5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները, 6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը, 7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, 8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, 9. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, 10. Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, 11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝ • Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը սատարում է Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին, • Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար, • Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո, • Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ, • Անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա, օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը,, • Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, • Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի: Ելնելով վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝ 1. Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը: 2. Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը»:
22:06 - 22 մարտի, 2022
ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը․ Արթուր Խաչատրյան |hetq.am|

ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը․ Արթուր Խաչատրյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը՝ մեկնած Ինդոնեզիայի Հանրապետություն` Բալի: 11 հոգանոց պատվիրակությունը մեկնել է միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով: Խաչատրյանն ասաց, որ դեռևս երեք շաբաթ առաջ խորհրդարանական ընդդիմությունը դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և պահանջել նիստ գումարել: Իսկ ավելի վաղ նման պահանջով են հանդես եկել Արցախի ընդդիմադիր խմբակցությունները: «Ինչ եք կարծում ինչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը, Ալեն Սիմոնյանը ղեկավարեց ԱԺ 11 հոգանոց պատվիրակությունը և մեկնեց Ինդոնեզիա` Բալի կղզի, մասնակցելու միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին: Նախորդ նիստում շատ էինք խոսում խորհրդարանական դիվանագիտության մասին, ձեր մոտ կարող է հարց առաջանալ, իսկ միգուցե ԱԺ նախագահը մեկնել է, որպեսզի օգտագործի Բալիի ամբիոնը և առաջ մղի Արցախի հարցը, բայց չէ որ թեման լրիվ այլ էր` կլիմայի փոփոխություններն էր»,- ներկայացրեց պատգամավորը: Արթուր Խաչատրյանի խոսքով` հանրության մոտ կարող է տպավորություն լինել, թե ԱԺ նախագահը պատվիրակության կազմում ներառել է այդ ոլորտի մասնագետներին, ապա ընդգծեց` պատվիրակության կազմում ներգրավված մյուս երկու պատգամավորից որևէ մեկը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովի անդամ չէ: Նշենք, որ պատվիրակության կազմում են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: «Նաև ութ աշխատակից ԱԺ-ից, այսինքն մի պատգամավորին համարյա երեք հոգի անտուրաժ: Ճիշտ են ասում` ամեն մեկն ունի իր առաջնահերթությունը, ակներևաբար ԱԺ նախագահի նախընտրությունները և առաջնահերթությունները լրիվ այլ են և որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:
18:01 - 22 մարտի, 2022
Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ռուսական կողմի հետ քննարկվել են  «Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ» հարցեր

Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ ռուսական կողմի հետ քննարկվել են «Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ» հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 22-ին նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Ռուսաստանի ցամաքային զորքերի խաղաղապահ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակության հետ։  Ադրբեջանի ՊՆ փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ  քննարկվել են Հայաստանի վարչապետի,  Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև օպերատիվ իրավիճակը Արցախում (Ադրբեջանի ՊՆ ձևակերպմամբ՝ «իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահները»)։ «Կողմերը մտքեր են փոխանակել, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն, Ադրբեջանի տարածքից հայկական ապօրինի զինված խմբավորումների դուրսբերման վերաբերյալ»,- ասված է հաղրդագրությունում։
17:54 - 22 մարտի, 2022
Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։ Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում»:
17:36 - 22 մարտի, 2022
ԱԺ-ն Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո չընդունեց ընդդիմության հայտարարության նախագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո չընդունեց ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը քվեարկության դրվեց ԱԺ փակ նիստից հետո, որին ընդդիմության առաջարկով մասնակցում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծը քննարկել են խմբակցությունում: «Մեծամասնությամբ կիսում ենք այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ: Թե ՀՀ վարչապետի, թե ԱԳ նախարարության և կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում, նաև միջազգային կառույցներում մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»,-ասաց Կոնջորյանը: Նա հույս հայտնեց, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարանական դիվանագիտության դաշտ՝ հիշեցնելով, որ ժամանակին ընդդիմությունը բոյկոտել էր միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում մասնակցելու և այդ հարցերը աշխարհում բարձրացնելուց: «Ելնելով այն հանգամանքից, որ մենք օգտագործում ենք դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմերը՝ այս պահին հասցեագրելու այս խնդիրները, ապա գտնում ենք, որ այս պահին բավարար են այս գործիքները՝ այս հարցով զբաղվելու համար»,-նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ ՔՊ-ն չի մասնակցի այդ հարցի քննարկմանը: Քվեարկությամբ հայտարարության նախագիծը ստացավ 30 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներ: Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով միջազգային պատվիրակություններին ընդդիմության մասնակցության հարցին, ընդգծեց, որ ինքը, որպես ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության անդամ մասնակցել է վեհաժողովի երկու նստաշրջաններին էլ, ելույթ ունեցել՝ ի շահ Հայաստանի: «Ես և Էլինար Վարդանյանը նաև դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ պահանջելով Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններին և վանդալիզմին տալ գնահատական և անմիջապես այնտեղ ուղարկել մոնիթորինգային աշխատախումբ»,-ասաց նա:
16:50 - 22 մարտի, 2022
Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է, ադրբեջանական կողմը շարունակում է բնակչության ճնշման ու ահաբեկման քաղաքականությունը. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը համատեղ հայտարարություն են տարածել

Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է, ադրբեջանական կողմը շարունակում է բնակչության ճնշման ու ահաբեկման քաղաքականությունը. ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը համատեղ հայտարարություն են տարածել

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք: Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։ Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա` ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես, նման ցուրտ եղանակային պայմաններում։ Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։ Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։ Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։ Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար։
14:41 - 22 մարտի, 2022
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵՄ ներկայացուցչին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին
 |1lurer.am|

Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵՄ ներկայացուցչին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին |1lurer.am|

1lurer.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վրա: «Պարո՛ն Կլաար, Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Լեռնային Ղարաբաղը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին: Տիկի՛ն Միյատովիչ, Ձեզ դեռ հետաքրքրո՞ւմ են մարդու իրավունքները»,- գրել է Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում: Արցախի ՄԻՊ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների ուշադրությունը նույնպես հրավիրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա: 
14:29 - 22 մարտի, 2022
Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում հումանիտար իրավիճակի մասին |1lurer.am|

Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում հումանիտար իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ գազամատակարարման հետ կապված Արցախում ստեղծված բարդ իրադրությանը:  Հիշեցնենք, որ երեկ գիշեր Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Ցանկանում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազամատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից, ջեռուցումից զրկել էր արցախահայությանը: Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է: Սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն: Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ զբաղվում ենք այս խնդրով, սակայն պահանջում եմ, որ Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի գազամատակարարումը»,- ասաց պատգամավորը:
11:27 - 22 մարտի, 2022
Արցախում գազամատակարարումը ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով կրկին դադարեցվել է

Արցախում գազամատակարարումը ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով կրկին դադարեցվել է

Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։   «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։ Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով: Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
23:04 - 21 մարտի, 2022
Արցախում առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը

Արցախում առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը

Արցախում փրկարարներն ու ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ՝ նշելով, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ: Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս. Դավիթ փողոցի երկայնքով ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթևկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար՝ մայթերը: Գործի են դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները: ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ: «Ստեղծված իրավիճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»,- նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին՝ վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար:
17:35 - 21 մարտի, 2022