Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Խաղաղապահների քանակն անբավարար է, անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ․ Արցախի ԱԽ-ն պաշտոնապես դիմել է Վլադիմիր Պուտինին

Խաղաղապահների քանակն անբավարար է, անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ․ Արցախի ԱԽ-ն պաշտոնապես դիմել է Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության կողմից հարուցված բազմաթիվ խնդիրներ լուծվել են զորակազմի անմիջական, արագ և գործուն մասնակցությամբ, ինչի շնորհիվ Արցախում ձեռնամուխ են եղել պատերազմի պատճառած հետևանքների հաղթահարմանը։ Սակայն 2022 թվականի մարտի 8-ից սկսած ադրբեջանական կողմը մեծ ինտենսիվությամբ իրականացնում է հումանիտար, հոգեբանական, ապա նաև ռազմական ագրեսիա: Մանրամասնորեն շարադրելով մարտի սկզբից մեկնարկած ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի բնակչության հանդեպ, ներառյալ՝ Փառուխի ու հարակից տարածքների հանդեպ ռազմական ագրեսիան՝ նամակի վերջում ներկայացվում են մի շարք առաջարկներ. «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ձեզ՝ խնդրելով ձեռնարկել միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից պահպանելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունած Հայտարարության դրույթները։ Արցախի ժողովրդին անհրաժեշտ են անվտանգության պայմաններ, որպեսզի բնակվենք մեր պատմական հողում ու զբաղվենք պատերազմի վերքերի բուժմամբ։ Բայց, ինչպես ներկայացվեց, Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հնարավոր չեն դարձնում զբաղվել խաղաղ առօրյայով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։ Ըստ այդմ, գտնում ենք, որ Հայտարարության դրույթներով նախատեսված խաղաղապահ զորակազմի անձնակազմի և այն սպասարկող տեխնիկական միջոցների գործող քանակն անբավարար է Արցախում խաղաղապահ առաքելության լիարժեք կատարման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական նկրտումների աճողական և ընդլայնվող բնույթը։ Խնդրում ենք Ձեզ՝ ի լրումն ադրբեջանական ընթացիկ ագրեսիայի զսպման ու ադրբեջանական զինված ուժերի հետքաշման իրենց ելման դիրքեր՝ վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։ Ավելացնենք, որ խաղաղապահ զորակազմի հետ Արցախի իշխանությունները ձևավորել են կառուցողական աշխատանքային փոխհարաբերություններ­, և պատրաստ ենք զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Այդ նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքներն արդեն իսկ ձեռնարկված են։ Հարգանքով՝ Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի Նախագահ Արայիկ Հարությունյան»:  
13:03 - 26 մարտի, 2022
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի՝ ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը․ ՀՅԴ

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի՝ ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը․ ՀՅԴ

Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում` ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանն սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով: Միաժամանակ, վերջին ամիսներին նկատելի էին 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի առաքելությանը խոչընդոտող գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Այս օրերի արտասովոր ցուրտ եղանակին Արցախի գազամատակարարման խափանումով և Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժումով Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը: Այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի այս հակահայ քաղաքականությանը: Առ այդ, անհրաժեշտ է. ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով` չանտեսել Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը։ բ) Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ բողոքի տարաբնույթ գործողություններով` քաղաքական շրջանակների և հանրային կարծիքի ուշադրությունը հրավիրել նոր թափ առած հակահայ այս քաղաքականության վրա։ Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կանգնած է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողքին և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատասխանատվության իրականացման գործում: Ադրբեջան-Թուրքիա դաշինքի այս հակահայ քաղաքականությունը չի կարող մնալ առանց արձագանքի. այս քաղաքականության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ երկու պետությունները։
12:54 - 26 մարտի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Փառուխ համայնքը զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործը․ Արցախի ՔԿ

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Փառուխ համայնքը զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործը․ Արցախի ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող՝ Ասկերանի շրջանի ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ այն զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու, այդպիսով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Քննչական կոմիտեն։ Նախաքննությունը շարունակվում է։
12:51 - 26 մարտի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել ԱՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ․ ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել ԱՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ․ ՊԲ

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություը։ ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ:  Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:
12:07 - 26 մարտի, 2022
Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝  կոչ անել միջազգային հանրությանն ու կառույցներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անել միջազգային հանրությանն ու կառույցներին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:   2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանի (և հետևաբար՝ նաև արտաքին աշխարհի հետ) և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և հաղորդակցության միակ ճանապարհը Լաչինի միջանցքն է:   Ռազմական գործողությունների հետևանքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ենթարկվել են էթնիկ զտման: Գրանցվել են մեծ թվով արտադատական սպանություններ հիմնականում իրենց տներում մնացած խաղաղ բնակիչների՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ:   2020 թվականի նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրած եռակողմ հայտարարությոնից հետո, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև տարբեր մեթոդներով ահաբեկչական գործողությունները, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում, հոգեբանական ճնշմամբ և ահաբեկումներով, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմամբ, ինչպես նաև հրադադարի հայտարարության խախտմամբ և քաղաքացիական համայնքների ռմբակոծությամբ:   Հրադադարի հայտարարությունից հետո, ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք քաղաքացիական անձինք են դիտավորյալ սպանվել և ավելի քան 10 քաղաքացիներ վիրավորվել են. նրանց մեծ մասն զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով: Նշված միջադեպերից որոշ դեպքեր տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ:   Իրավիճակն ավելի է սրվել 2022 թվականի փետրվար ամսից: Ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ամեն օր բարձրախոսների միջոցով կոչ են անում բնակիչներին լքել իրենց բնակավայրերը, «քանի որ նրանք ապրում են Ադրբեջանի տարածքում և պետք է ենթարկվեն ադրբեջանական հրահանգներին»: Հայերին ուղղված իրենց տները լքելու կոչերն ուղեկցվում են այդ «հրամաններին» չենթարկվելու դեպքում ուժ կիրառելու սպառնալիքներով։ Ադրբեջանական զինված ուժերի նմանատիպ գործողություններ գրանցվել են Խրամորթ, Նախիջևանիկ, Նոր Շեն և Թաղավարդ գյուղերում: Բացի այդ, 2022 թվականի մարտի 11-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ֆեսյբուքյան պաշտոնական էջն ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում էջում տեղադրվել է Ասկերանի շրջանի բնակչությանն ուղղված՝ իրենց տները 168 ժամվա ընթացքում լքելու կոչ-պահանջ: Տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ ականանետերից կանոնավոր կրակոցներ են արձանագրվել շփման գծի մոտակա գյուղերում, այդ թվում՝ Խրամորթում, Խնապատում, Նախիջևանիկում, Նոր Շենում, Կարմիր Շուկայում, Խնուշինակում և Պարուխում։   Կրակոցների արդյունքում վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք: 2022 թվականի փետրվարի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Խնապատ գյուղի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ: 2022 թվականի մարտի 10-ին, Խնապատ գյուղի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը իր այգում աշխատելիս վիրավորում է ստացել ականանետից կրակոցների արդյունքում: Ուժեղ հրետակոծության և իրական սպառնալիքի պատճառով նույն օրը Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները:   Ադրբեջանի կառավարությունը նաև կիրառում է միջոցներ՝ վնասելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապայմանների համար էական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: 2022 թվականի մարտի 8-ի գիշերը, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ գազատարը և ադրբեջանական կողմը խոչընդոտել է ռուս խաղաղապահների և աշխատողների մուտքը դեպի գազատարի վնասված հատված։ Ռուս խաղաղապահների ներգրավմամբ բանակցություններն 10 օրից ավելի որևէ արդյունք չեն արձանագրել: Գազի խողովակը վերանորոգվել է միայն 2022 թվականի մարտի 19-ին՝ վերականգնելով դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Երկու օր անց, սակայն, գազամատակարարումը դադարեցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից:   Ըստ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանների, կան հավաստի փաստեր, համաձայն որոնց՝ վերակառուցման աշխատանքների ընթացքում կամ դրանց քողի ներքո Ադրբեջանի իշխանությունները գազատարի վրա փական են տեղադրել, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ցանկացած պահի դադարեցել գազամատակարարումը։   Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 բնակիչ ամբողջությամբ զրկված է բնական գազից, ինչպես նաև ջեռուցումից և տաք ջրից ձմռան (ցուրտ)՝ առատ ձյան և զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլ կենսական օբյեկտներն ու ենթակառուցվածքները մնում են առանց գազամատակարարման: Առանց գազամատակարարման նաև անհնար է հաց թխել՝ առաջացնելով նաև հացի խնդիր:   Ադրբեջանի կառավարության կողմից հայերի նկատմամբ նշված գործունեությունը հայատյացության և ատելության համակարգված պետական քաղաքականության մի մասն է, ինչը ճանաչվել և դատապարտվել է միջազգային կառույցների, այդ թվում՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI), Արդարադատության միջազգային դատարանի (ICJ), Եվրախորհրդարանի և այլ մարմինների կողմից:   Ագրեսիան և ցեղասպանություններն տեղի են ունենում և տարածվում են ամբողջ աշխարհում, քանի որ ագրեսորներն ու ավտորիտար ռեժիմները գործում են բացարձակ անպատիժ և առանց պատշաճ դատապարտման միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներով կառավարվող պետությունների կողմից:   Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մարդու իրավունքները, ապահովելու, որ Ադրբեջանը դադարեցնի մարդու իրավունքների խախտումների քաղաքականությունը և կանխի հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև նպաստելու միջազգային կազմակերպությունների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում` աջակցելու խաղաղության և Լեռնային Ղարաբաղի բնակչութան անվտանգության ապահովմանը:   Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ   Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն   Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ   Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան   Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ   Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն   Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն Հանրային լրագրության ակումբ ՀԿ   «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ   «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ   Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ   Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ   Խաղաղության երկխոսություն ՀԿ
11:41 - 26 մարտի, 2022
Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ադամ Շիֆի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է Փարուխ գյուղ ներխուժումը և ընդգծել է ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը

Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ադամ Շիֆի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է Փարուխ գյուղ ներխուժումը և ընդգծել է ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը

Մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
11:23 - 26 մարտի, 2022
ԱՄՆ պետդեպն ադրբեջանական զորքերի տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է որակել

 |armenpress.am|

ԱՄՆ պետդեպն ադրբեջանական զորքերի տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է որակել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը: «Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը սերտորեն հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և վերահաստատել այն, ինչ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. այն է՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու ինտենսիվացնեն դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրների համար: «Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես պետք է օգտագործեն ուղիղ հաղորդակցության ուղիները՝ անհապաղ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը»,- նշել է Փորթերը: Նա հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է խորապես հանձնառու լինել՝ աշխատելու կողմերի հետ՝ հանուն հակամարտության տևական քաղաքական կարգավորման:
11:07 - 26 մարտի, 2022
Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժով
 |1lurer.am|

Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժով |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում զորքերի տեղաշարժման մասին լուրերով և կոչ է անում ուժերին վերադառնալու 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքեր: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: «Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ-ում միջադեպերի, մասնավորապես` զինված միջադեպերի և Փառուխի ու Խրամորթի շրջաններում տեղաշարժի առնչությամբ: Ֆրանսիան կոչ է անում ուժերին, որ, ինչպես պնդում են, առաջ են շարժվել, վերադառնալ նախկին դիրքեր` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության»,- հայտնում են Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից: ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել ԼՂ բնակիչներին գազամատակարարման խափանումների առթիվ և կոչ է արել «վերականգնել մշտական գազամատակարարումը»: Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի` Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ զրույցների ընթացքում: Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խթանելու երկխոսությունը և առաջընթացը քննարկվող տարբեր թեմաների շուրջ։
10:22 - 26 մարտի, 2022
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։  Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
23:26 - 25 մարտի, 2022
Գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար եւ անպատասխանատու քաղաքականություն․ «5165 շարժում»

Գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար եւ անպատասխանատու քաղաքականություն․ «5165 շարժում»

«5165 շարժում» կուսակցությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և հարակից դիրքերի գրավման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է հետևյալը․ «Վերջին օրերին նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Շաբաթներ տեւող հումանիտար ճգնաժամին, երբ Արցախի բնակչությանը զրկել են գազից եւ ջերմությունից, համարժեք պատասխանի բացակայությունը եւ միջազգային հանրության լռությունն ավելի է գրգռել Ադրբեջանի իշխանությունների ախորժակը, եւ մարտի 24-ին թշնամին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու զբաղեցրել Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Այսօր ունենք զոհեր եւ տասնյակ վիրավորներ։  Անկախ նրանից, թե Փառուխի անվտանգության ապահովման հարցում ռուս խաղաղապահներն ինչ են արել կամ ինչ չեն արել, անկախ նրանից միջազգային հանրությունն ինչպես է արձագանքել կամ չի արձագանքել, կարեւոր է հասկանալ, թե ինչ ենք անում մենք, ինչ են անում Հայաստանի և Արցախի իշխանությունները, ադրբեջանական ագրեսիան կասեցնելու եւ մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար։  Ինչպե՞ս կարող է կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը զբաղվել ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավով։  Ի՞նչ բացատրություն ունի այն փաստը, որ ՀՀ զինված ուժերը մինչ այժմ Գլխավոր Շտաբի պետ չունեն։  Ինչու՞ ՀՀ-ից Արցախ զորակոչ այլևս տեղի չի ունենում։  Ինչու՞ պետության սուղ միջոցները մսխվում են չհիմնավորված անհրաժեշտության թանկարժեք գործուղումներում։  Ելնելով վերը նշվածից եւ բազմաթիվ այլ ակնհայտ իրողություններից, մեզ համար միանշանակ է, որ գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար եւ անպատասխանատու քաղաքականություն, կանգնեցնելով Հայաստանն ու Արցախը աղետի առաջ։  Ստեղծված իրավիճակում մենք օրհասական անհրաժեշտություն ենք համարում երկրի իրավիճակով իրապես մտահոգ, հայոց անկախ պետականությանն ու ազգային արժեքներին հավատարիմ ուժերի համախմբում եւ պատասխանատվության ստանձնում։ Հ.Գ. Այս պահին 5165 շարժման ներկայացուցիչները գտնվում են Արցախում` տեղում ծանոթանալու իրավիճակին»։
23:08 - 25 մարտի, 2022
Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը. Արցախի նախագահն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել

Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը. Արցախի նախագահն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները: Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել  մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք  Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք  սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը։ Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի անդամների և իշխանությունների անունից  խորին վշտակցություն և զորակցություն հայտնեց մարտի 25-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, իսկ  վիրավորներին  շուտափույթ ապաքինում մաղթեց:Նիստին շփման գծում իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Քնննարկվել են առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր:
20:31 - 25 մարտի, 2022