ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Միջազգային դիտորդական առաքելությունները դրական գնահատական տվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին |hetq.am|

Միջազգային դիտորդական առաքելությունները դրական գնահատական տվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին |hetq.am|

hetq.am: Երևանի Մարիոթ հյուրանոցում միջազգային դիտորդները ներկայացրին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց գնահատականը։ ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրել է երեք եվրոպական կառույց՝ ԵԱՀԿ պատվիրակությունը, ԵԽԽՎ պատվիրակությունը և ԵԱՀԿ ԺՄԻԳ պատվիրակությունը։ ԵԱՀԿ ղեկավար Կարին Հենդրիկսենը նշեց, որ Հայաստանում ընտրությունների անցկացման օրը աշխատել է 73 դիտորդ 24 տարբեր երկրներից։ Չնայած քարոզարշավի ընթացքում հնչած ագրեսիվ հռետորաբանությանը, ընդհանուր առմամբ ծայրահեղ քաղաքական բևեռվածությանը և ընտրարշավի խիստ անձնավորված բնույթ ունենալուն, բուն ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ պայմաններում և եղել են ժողովրդավարական։ Հենդրիկսենի խոսքով՝ հարգվել են ընտրողների հիմնական ազատությունները։ Իշխանությունները իրականացրել են թափանցիկ վարչարարություն։ Չնայած սուղ ժամկետներին՝ կարողացել են ընդունել Ընտրական օրենսգրքում դրական փոփոխություններ և սահուն կազմակերպել ընտրությունները։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ազգությամբ հույն Ջորջ Կատրոկալոսը իր ելույթը սկսեց Հայաստանին համերաշխության խոսքով, ասաց, որ «հույն ժողովուրդը Հայաստանի կողքին է»։ Նա նույնպես դրական գնահատեց ընտրությունները։ Կատրոկալոսի խոսքով, ընտրությունները կազմակերպվել են առանց որևէ կերպ խափանելու դրանց ժողովրդավարական բնույթը։ Եթե մի կողմ դնենք նախընտրական ծայրահեղ բևեռվածությունը, ընդհանուր առմամբ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:31 - 21 հունիսի, 2021
Համավարակից հետո առաջին դեպքն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների |armenpress.am|

Համավարակից հետո առաջին դեպքն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրապետությունում տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների: Այս մասին Երևանում ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին: «Արդեն մեկ ամիս է, որ մեր դիտորդական առաքելությունը այստեղ ծավալում է իր գործունեությունը: Եվ մեր առաքելության համար սա ակնհայտորեն շատ կարևոր օր է: Ավելի քան 100 թիմ ունենք, որոնք տեղակայված են երկրով մեկ և դիտարկում են անցկացնում»,-ասաց Մըրֆին: Առաքելությունը դիտարկել է բոլոր գործընթացները՝ ընտրողների, թեկնածուների գրանցումը, ԿԸՀ աշխատանքը, ուսումնասիրել է երկրի օրենսդրությունը, ինչպես նաև այն, թե Հայաստանը որքանով է հետևել միջազգային պարտավորություններին: «Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին դիտորդական առաքելությունն է, որի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայում է կարճաժամկետ դիտորդների: Այստեղ արդեն իսկ տեղակայված են շուրջ 200 կարճաժամկետ դիտորդներ: Եվ սա Covid-19 համավարակից հետո աննախադեպ է, առաջին դեպքն է»,- ասաց առաքելության ղեկավարը: Քվեարկության օրը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը համագործակցում է նաև ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի դիտորդների, Եվրախորհրդի դիտորդական առաքելության դիտորդների հետ: «Որպես միջազգային դիտորդության մի մաս՝ կարող ենք ասել, որ այս պահին 300-ից ավելի միջազգային կարճաժամկետ դիտորդներ են տեղակայված երկրում»,- ասաց նա: Կարճաժամկետ դիտորդները ողջ օրվա ընթացքում այցելելու են ընտրատեղամասեր և դիտարկելու են գործընթացը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդները թվային տարբերակով զեկուցել են գործընթացի մասին թիմի հիմնական անդամներին: «Այսպիսով, մեր թիմերը տեղակայված են լինելու ընտրատեղամասերում ամբողջ օրվա ընթացքում և տվյալներ, տեղեկատվություն են հավաքելու ողջ օրվա ընթացքում»,- նշեց Մըրֆին: Առաքելությունը 4 շաբաթ առաջ տեղակայել էր նաև երկարաժամկետ դիտորդներ: Առաքելությունը կկարողանա իր նախնական եզրակացությունը ներկայացրել միայն վաղը՝ հունիսի 21-ին:   «Վաղը մենք կկարողանանք մեր նախնական եզրակացությունները ներկայացնել՝ այս ողջ դիտարկման ժամանակահատվածի համար: 4 շաբաթ առաջ մենք երկարատև դիտորդների ենք տեղակայել երկրի բոլոր 10 մարզերում և 2 օր առաջ 100-ից ավելի կարճաժամկետ դիտորդների թիմեր ենք տեղակայել երկրի բոլոր մարզերում: Նրանք հաճախելու են ընտրատեղամասեր և դիտարկելու են գործընթացը: Նրանք իրականացնելու են դիտորդություն և թվային տարբերակով զեկուցել են հիմնական թիմի անդամներին: Եվ երբ մեկ տեղամասում վերջանում է նրանց դիտորդությունը, նրանք անցնում են հաջորդ տեղամաս, սա շարունակվելու է ողջ օրը, մինչև տեղամասերը կփակվեն: Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին դիտորդական առաքելությունն է, որի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայում է կարճաժամկետ դիտորդների: Այստեղ արդեն իսկ տեղակայված են շուրջ 200 կարճաժամկետ դիտորդներ:  
13:10 - 20 հունիսի, 2021
Արմեն Սարգսյանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը

Արմեն Սարգսյանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի արագ արձագանքը՝ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դիտորդական պատվիրակության անդամները Հանրապետության նախագահին են ներկայացրել առաքելության մանդատը և ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները: Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, Հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն: Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ նախագահ Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս՝ բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից: Զրուցակիցները նշել են, որ ակնկալում են արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ:
16:58 - 17 հունիսի, 2021
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարի հետ

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի երկու դեպարտամենտների ղեկավարներ Արմեն Մաշինյանն ու Արտյոմ Սեդրակյանը հունիսի 15-ին ընդունել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը ներկայացրել է աշխատակազմում ընտրությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով: Արտյոմ Սեդրակյանը նշել է մտահոգություններն այն ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյանքների առնչությամբ, որոնք միմյանց ուղղում են քաղաքական ուժերն ու նրանց համակիրները։ Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ նման խոսքը տարածվում է սոցիալական ցանցերում, համակիրների շրջանում, ինչն ավելի է մեծացնում լարվածությունը և իրական կյանք տեղափոխվելու ռիսկեր է պարունակում։ Պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մատինյանը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքում արձանագրված տվյալները, այդ թվում՝ կապված ընտրակաշառք բաժանելու, վարչական միջոցի չարաշահման, այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու հիմքով աշխատանքից ազատելու, պաստառների սխալ տեղակայման հետ և այլն։ Քննարկվել է նաև Պաշտպանին հասցեագրվող՝ ընտրական իրավունքներին առնչվող բողոքները կամ ահազանգերը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը։ Հանդիպման ընթացում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության՝ ընտրություններին մարդկանց իրավունքները երաշխավորելու նպատակով:
10:37 - 16 հունիսի, 2021
ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` անվտանգության, խաղաղության ամրապնդման նպատակները հիմք են երկու կառույցների միջև համագործակցության համար. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար

ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` անվտանգության, խաղաղության ամրապնդման նպատակները հիմք են երկու կառույցների միջև համագործակցության համար. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար

Հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծեց անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ աճող մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով: Դեսպան Պապիկյանն այս տեսանկյունից նշեց, որ ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման համանման նպատակները հիմք են հանդիսանում երկու կառույցների միջև համագործակցության համար՝ ուղղված Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը: Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցեցին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Վիկտոր Բիյագովը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության պետի տեղակալ Իրինա Կովալչուկը: ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվեցին 2020թ. Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների  ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ներառյալ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր և համակարգված թիրախավորումը,  կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների օգտագործումը, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը: Նշվեց, որ հայ ռազմագերիները և պատանդները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվեց նաև ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման և նրանց կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիության վրա, որի արդյունքում ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող զոհվել է, վեցը՝ գերեվարվել: Բանախոսները և մասնակից պետություններն անդրադարձան ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին, ԵԱՀԿ-ՀԱՊԿ համագործակցությանը և դրա  ամրապնդման հեռանկարներին:
19:28 - 10 հունիսի, 2021
ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին արված առաջարկի իրագործումը. Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին արված առաջարկի իրագործումը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արված իր առաջարկի իրագործումը`  Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով:  Փաշինյանն այս մասին հայտարարել է Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ: «Պատրաստ ենք ցանկացած պահի սկսել առաջարկի իրագործումը: Առաջարկի էությունը հետևյալն է. քանի որ Ադրբեջանն ասում է, որ իրենք քարտեզներ ունեն և խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, մենք առաջարկում ենք, որ երկու կողմը (Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը – խմբ.) հայելային եղանակով հետ քաշեն զորքերը, սահմանային գծի երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ սկսենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը հայկական կողմի համար մերժելի չէ: «Շատերը փորձում են այդ բառերով վախեցնել, լարվածություն մտցնել: Ուրեմն այդպիսի երկիր չկա, որ նման անհրաժեշտության առաջ չի կանգնել: Այսինքն`ցանկացած անկախ երկիր ինչ-որ մի պահի պետք է այդ խնդրի առաջ կանգի: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ն հայտարարություն է արել, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանի դեմարկացիայի և դելիմիատացիայի աշխատանքներին, միևնույն ժամանակ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը:ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ Հայաստանի համար խաղաղ դարաշրջան ստեղծելը չի նշանակում, որ դա պետք է արվի Հայաստանի և Արցախի շահերը զոհաբերելու հաշվին: «Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին լրացնում է»,- եզրափակեց Փաշինյանը: 
14:03 - 09 հունիսի, 2021
ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի իրադրության դիվանագիտական լուծման ակնկալիք ունի

ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի իրադրության դիվանագիտական լուծման ակնկալիք ունի

armenpress.am:ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությունից, այս մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում, որոնց ընթացքում նա կարևորել է խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծումը: «Գործող նախագահը ողջունում է իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը և հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, ու հնարավորինս շուտ հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման: Ինչպես նշել է ԵԱՀԿ գործող նախագահը կողմերի հետ ունեցած իր զրույցներում՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել կողմերին`վստահություն ստեղծելու հարցում` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը և ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կարող են կառուցողական կերպով շարունակել իրենց բանակցությունները»:
14:09 - 31 մայիսի, 2021
Մեզ համար ընդունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու՝ ՄԽ համանախագահների առաջարկը. Փաշինյան |armenpress.am|

Մեզ համար ընդունելի է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը նվազեցնելու՝ ՄԽ համանախագահների առաջարկը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և խնդիրը հանգուցալուծելու քայլերին: Փաշինյանը թեմային անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում: Փաշինյանը նշեց, որ հիմա հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առկա լարվածությունն արագ թոթափելու հնարավորություն կա: «Վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով, և ես ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել իրավիճակին այդպիսի ուշադրությամբ հետևելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի մեր գործընկերներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին: Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանին, Կանադային, Հնդկաստանին և մյուս երկրներին, որոնք արձագանքել են: Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հայտարարության վրա: Ուզում եմ ասել, որ ողջունում եմ այդ հայտարարությունը, այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով այդ քայլերի տրամաբանությունը: Նա նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Առաջարակվել է, որպեսզի կողմերը իրենց զորքերը հետ քաշեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային ճշգրտման աշխատանք: «Հայաստանի կառավարությունը հաստակամ է գնալ այդ ճանապարհով, և մենք պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշման գործընթացը և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը: Խոսքը, մասնավորապես, Սոթք Խոզնավար հատվածի մասին է, որտեղ մայիսի 12-ից հետո ունենք որոշակի լարվածություն: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հենց այդ հատվածից սկսել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները և պատաստ ենք համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ համանախագահության հայտարարության մեջ կար անդրադարձ նաև գերիների հարցին:  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ եթե ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զորքերի դուրս բերումը տեղի չունենա, ՀՀ զինված ուժերը պատրաստ են համապատասխան օպերացիա իրականացնել մեր տարածքի պաշտպանության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առաջարկել են հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից այս խնդրի լուծման համատեքստում, ու քանի որ այս մոտեցումները, ճանապարհային քարտեզը համահունչ են ՀՀ գործող իշխանությունների պատկերացումներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամբողջությամբ ընդունում են այն առաջարկությունները, որոնք ձևակերպված են մայիսի 28-ին տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում: «Կրկին ուզում եմ ասել, որ էսկալացիան նվազեցնելու տրամաբանությամբ սպասում ենք այդ ազդակին, որից հետո համապատասխան միջոցառումները կձեռնարկվեն: Հիշեցնեմ, խոսքը հետևյալի մասին է՝ երկու կողմերը հետ են քաշում զինված ուժերը այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են միջազգային ներկայացուցիչներ, կարող են լինել ռուս խաղախապահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդներ: Կարող են լինել և՛ ռուս խաղաղապահները, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդները: Գլխավոր արձանագրումն այն է, որ գնում ենք այդ ճանապարհով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  
13:29 - 29 մայիսի, 2021
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը |armenpress.am|

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 28-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.  «Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու այլ ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Նրանք խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կոչ անում կողմերին կյանքի կոչել բոլոր հանձնառությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ: Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում և վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Կարևորելով տարածաշրջանի ժողովուրդների կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան՝ նրանք հորդորել են կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում գործել համանախագահների հովանու ներքո:
16:40 - 28 մայիսի, 2021
Բայդենն Ալիևին հղած նամակում ընդգծում է Արցախի խնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը |azatutyun.am|

Բայդենն Ալիևին հղած նամակում ընդգծում է Արցախի խնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը |azatutyun.am|

azatutyun.am: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում օժանդակելուն։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ երկրի Հանրապետության օրվա առթիվ հղած շնորհավորական նամակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայդենը նշել է, որ Ադրբեջանի անկախության 30 տարիներին երկու պետությունները համատեղ աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ «ԱՄՆ-ը վճռականորեն սատարում է Հարավային գազային միջանցքը շահագործման հանձնելով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ներդրումը և այս տարի Կասպիցում Թուրքմենստանի հետ համատեղ հանքավայրի հետախուզման ու մշակման մասին հուշագրի ստորագրումը։ Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը և ահաբեկչության դեմ պայքարում ջանքերին 20-ամյա աջակցության համար», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է ԱՄՆ նախագահի նամակում։
12:07 - 25 մայիսի, 2021