Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել  կյանքն Արցախում. Արցախի ՄԻՊ |news.am|

Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել կյանքն Արցախում. Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Խրամորթում երեկվա դեպքից հետո կրակոցներ չեն հնչել, իրավիճակը հանգիստ է: Այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ մի շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է, որ ադրբեջանցիները  կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ և ստիպում են, որ դադարեցնեն աշխատանքները: «Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել  կյանքն Արցախում և բնականոն կյանքը խաթարվում է: Պարզ է, եթե գյուղատնտեսական աշխատանքներ չեն տեղի ունենում, մարդիկ եկամտի աղբյուրից զրկվում են և սկսում են մտածել արդեն իրենց բնակավայրերը լքելու մասին: Ընդհանրապես, ադրբեջանցիների գործողությունները էթնիկ զտման  և ցեղասպանական տարրեր է իր մեջ պարունակում և այդ քաղաքականության շարունակությունն է»,- ասաց նա: Արցախի ՄԻՊ կարծիքով՝ Ադրբեջանի ցեղասպանական  քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Շարունակությունը՝ news.am-ում
13:24 - 13 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի

Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։   «Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-իսահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։   Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ:     Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։   Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։     Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը», - նշված է գերաստեսչության հաղորդագրության մեջ։
21:16 - 12 նոյեմբերի, 2022
Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ՌԴ-ի ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը

Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ՌԴ-ի ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը

Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:    Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ռուսական բարեկամությունն ու փոխհարաբերություններն ունեն բազմադարյա հարուստ պատմություն։ Նորին Սրբությունն անհրաժեշտ է նկատել պետական այրերի, հասարակական և մշակութային գործիչների նման փոխադարձ այցերը ՝ ի նպաստ երկու երկրների գործակցության և ժողովուրդների եղբայրության ամրապնդման։   Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրել է բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։   Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։ Հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել նաև երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ ու եղբայրական հարաբերություններին և գործակցությանը։   Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձել է այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։ Վերջինս հաստատել է, որ պատվիրակությունն իր կարելին պիտի անի` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։   Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված երկու ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի համար։
17:16 - 12 նոյեմբերի, 2022
Փաշինյանը պարզաբանեց իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը |armenpress.am|

Փաշինյանը պարզաբանեց իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակին ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:  «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձավ, իր խոսքով, իրեն ուղղված ամենամեծ մեղադրանքին:   «Ինչո՞ւ եմ այդպես ասել. ելել եմ նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրված է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են, և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը նախկին բոլոր իշխանությունների քննադատությանն է արժանանում»,-ասում է Փաշինյանը:   Վերջինս այն հետևությանն է հանգել,  որ Հայաստանը նոր հռչակագրի կարիք ունի, որովհետև եթե հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց տեսության դեմ աշխատանք է տարվում և «հասել ենք նրան, որ այդ տեսությունն արդեն մեզ համար նույնիսկ իրավական կամ գործնական քաղաքական ուժ չունի», ըստ Փաշինյանի, սրանում է ամբողջ խնդիրը:
22:30 - 11 նոյեմբերի, 2022
Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ԼՂ-ի վրա․ Նիկոլ Փաշինյան

Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ԼՂ-ի վրա․ Նիկոլ Փաշինյան

Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, ապա ինչու՞ Լեռնային Ղարաբաղի հայությունը չի զգում դա. այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը լուծված լինելու հայտարարությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ասել ենք ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան, որ մեր արտաքին քաղաքականությունն այս կոնտեքստը ի վիճակի չի եղել  ներկայացնել միջազգային հանրությանը», - ասաց նա: Վարչապետի խոսքով՝  ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն: «Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել ու ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով  Արցախում ՌԴ խաղաղապահների ժամկետի երկարաձգման և քանակի ավելացման հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հրապարակայնորեն ասել է, որ հիմա պատրաստ է ստորագրել խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթուղթ, բայց այդտեղ էլ փոխըմբռնում չի եղել։  «Տեսականորեն հնարավոր է, որ 2025 թվականից հետո խաղաղապահների ներկայությունը պահնջված չլինի։ Այո՛, եթե ԼՂ հայության իրավունքների, անվտանգության համար բոլոր երաշխիքները ապահովված լինել։ Այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլ նաև կյանքով փորձարկվեն։ ՌԴ խաղաղապահները առանց նման երաշխիքների հաստատման չեն կարող դուրս գալ։ Ադրբեջանի ցանկությունը, որ 5 տարուց ՌԴ խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից չի կարող լինել ոչ լեգիտիմ։ Միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այդտեղ խաղաղապահներ տեղակայելու»,- հավելեց Փաշինյանը։ 
21:09 - 11 նոյեմբերի, 2022
ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողների զոհվելու գործով դատարան չներկայացած վկան բերման կենթարկվի

ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողների զոհվելու գործով դատարան չներկայացած վկան բերման կենթարկվի

Շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի խաչմերուկում 16 զինծառայողների եւ 2 սպաների զոհվելու գործով դատաքննությունը։ Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այս գործով հերթական նիստն էր հրավիրվել, որը, սակայն, ըստ էության չկայացավ․ բանն այն է, որ գործով վկաները չէին ներկայացնել նիստին։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն՝ վերջինս 2020թ․ հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորի հատվածում լսվել է անօդաչու թռչող սարքի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը։ Բայց րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալ»-ին․ զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Հարություն Օհանյանը, ականատես է եղել այս դեպքին։ Վերջինս է 2020թ․ դեկտեմբերին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո ինքը, տեղեկանալով, որ որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Օհանյանին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ, որտեղ 2020թ. դեկտեմբերի 9-ին սպայական անձնակազմը հայտնել է, որ վաշտը պետք է տեղափոխվի Ջաբրաիլի տարածք: Երթի ընթացքում, Իշխանաձորի տարածքում թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի ձայն լսելով, կանգնեցրել են ավտոմեքենաները, իջել ու ցրվել տեղանքում: Դրանից հետո իրենց մոտ է եկել վերը նշված զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանը, օդում ԱԹՍ-ի ձայնը լսելի լինելու պայմաններում հրաման է տվել անձնակազմին կրկին նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը, ապա շուրջ 18 զինծառայող նրա հրամանի համաձայն նստել է ավտոմեքենան, եւ երթից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է վերը նշված բեռնատար ավտոմեքենային, որի հետեւանքով առաջացած հրդեհից Օհանյանի որդին՝ Արման Օհանյանը, ու վերջինիս համածառայակիցները զոհվել են։ Անդրանիկ Վերանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա խափանման միջոցը կալանքից փոխվել է չհեռանալու մասին ստորագրության։ Այսօր դատարան չէր ներկայացել երկու վկա, մեկը՝ Արտակ Մախսուդյանը, մյուսը՝ Արտյոմ Պողոսյանը։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հաղորդեց, որ Արտյող Պողոսյանը հեռախոսակապի միջոցով տեղեկացրել է, որ դեռեւս արտասահմանում է՝ գործուղման մեջ, ու Հայաստան է վերադառնալու նոյեմբերի 29-ին կամ 29-ից հետո։ Իսկ մյուս վկան երեկ հեռախոսով ասել է, որ թեեւ առողջական խնդիրներ ունի ու բժշկական միջամտության հարցեր կան, այնուամենայնիվ կներկայանա դատարան, սակայն չի եկել։ Դատավորի տեղեկացմամբ՝ նիստից առաջ փորձել են կապ հաստատել Մախսուդյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել, հետեւաբար նրա ներկա չլինելու պատճառները դատարանին հայտնի չեն։  Այս պայմաններում դատարանը խնդրեց մեղադրող եւ պաշտպանական կողմերի կարծիքները։ Մեղադրող դատախազը նկատեց՝ կոնկրետ վկան՝ Մախսուդյանը, արդեն մի քանի անգամ է՝ նման պատճառաբանությամբ չի ներկայացել դատարան, բայց մինչ այս որեւէ տեսակի բժշկական փաստաթուղթ չի ներկայացվել։ Արձագանքելով դատախազին՝ դատավորը նշեց, որ վկան բանավոր որոշակի տեղեկություններ հաղորդել է, բայց քանի որ դրանք առողջական վիճակին են վերաբերում եւ կարող են բժշկական գաղտնիք պարունակել, ինքը նպատակահարմար չի համարում նիստի ժամանակ բարձրաձայնել։ Միեւնույն ժամանակ, դատավորը նշեց, որ, իր ունեցած տեղեկություններով, այնպիսի վիճակ է եղել, որը չէր խոչընդոտի հարցաքննվել։ Դատախազն էլ, ընդգծելով, որ վկան մի քանի անգամ նման պատճառաբանությամբ դատական նիստի չի ներկայացել, միջնորդեց նրան բերման ենթարկել հաջորդ դատական նիստին՝ անկախ նրա կարգավիճակից եւ առողջական վիճակից։  Պաշտպանական կողմը դատախազի միջնորդությանը չառարկեց, ավելին՝ տեղին համարեց այն՝ նշելով, որ դատարանը պիտի միջոցներ ձեռնարկի ինչպես այս վկայի, այնպես էլ մյուս վկայի՝ դատական նիստին ներկա լինելու մասով։ Դատավորն արձագանքեց, որ մյուս վկան՝ Արտյոմ Պողոսյանը, հայտնել է, թե որտեղ է, որ երկրում է գործուղման, սակայն, քանի որ խոսքը զինվորական գործուղման մասին է, նպատակահարմար չէ հրապարակել այդ տվյալները, բայց դրանք դատավորն արժանահավատ գնահատեց։ Իսկ ահա ինչ վերաբերում է Մախսուդյանին, դատավորն ընդգծեց որ նա հատկապես պատրաստակամություն ուներ ներկայանալ դատարան։ Հաշվի առնելով, որ կողմերն առարկություն չունեն, դատարանը հայտարարեց, որ որոշում կկայացվի նրան բերման ենթարկելու մասին, ու վկան հարկադրաբար կներկայանա դատարան։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին։Լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը Հայարփի Բաղդասարյան
18:40 - 11 նոյեմբերի, 2022
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հիասթափություն է հայտնել Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի մասին Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ
 |1lurer.am|

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հիասթափություն է հայտնել Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի մասին Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին հիասթափություն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ВДНХ) տարածքում 2022 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ 2020 թ. աշնանը ձեռնարկված ագրեսիայի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ: Այս մասին նշված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում: «Տվյալ գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը և վերջին տարիներին գործադրված բազմաթիվ ջանքերի խափանմանը, որի նպատակը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ  Ռուսաստանի տարածքում երկու երկրների համայնքների միջև հետագա լարվածություն թույլ չտալն էր: «Շուշա՛ (Շուշի քաղաքի ադրբեջաներեն անվանումը - խմբ.), դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմն ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում նրանց հայրենակիցների զգացմունքները, այլև ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար, որին շարունակում են կրթել ատելության և այլատյացության սերմանմամբ»,- նշել են դեսպանատանը։ Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան՝ ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թ. պատերազմի, այնպես էլ 2021-2022 թթ. հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի ընթացքում գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասում շարունակվող վանդալիզմի գործողությունները: Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը միտումնավոր իր տաղավարի հարթակ է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն բոլորի սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը:
19:51 - 10 նոյեմբերի, 2022
Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է. Ստեփանակերտից արձագանքում են Ալիևի հայտարարություններին

 |armenpress.am|

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է. Ստեփանակերտից արձագանքում են Ալիևի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքով դեպի Արցախ ռազմատեխնիկայի տեղափոխման՝ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը,  ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ ուղղված  Ադրբեջանի պաշտոնական և տեղեկատվական շրջանակների որոշ մեղադրանքներին, 2022 թվականի նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիևի կողմից Շուշիում հնչեցրած ակնարկներին ու ագրեսիվ հայտարարությունների նարատիվներին: - Տիկին Բաղդասարյան, օրերս ադրբեջանական կողմը լուր է տարածել, թե իբր Լաչինի միջանցքով զինտեխնիկա է տեղափոխվում Արցախ: Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ Սոչիի հանդիպումից հետո: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված նման լուրի շրջանառումը, ինչի՞ են ցանկանում դրանով հասնել: - Ադրբեջանը փորձում է ամեն գնով հասնել միջանցքի նկատմամբ վերահսկողության: Արցախի Հանրապետության պաշտոնական շրջանակներն այս լուրը հերքել են, թեման զարգանալու դեպքում հերքման անհրաժեշտություն կարող է լինել նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ որպես նրա պատասխանատվության գոտու նկատմամբ ակնհայտ ապատեղեկատվություն: Փաստ է, որ նույն նարատիվները Ադրբեջանը զարգացնում էր նաև միջանցքի նախկին ուղղության նկատմամբ. ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը դիմել էր ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՌԴ ԱԳՆ-ին, իբրև թե «Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու» մասին: Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է վարում՝ բաց տեքստով ՌԴ խաղաղապահությանը մեղադրելով Արցախի Հանրապետության ռազմականացմանը նպաստելու մեջ: Ադրբեջանը զարգացնում է նոր միջանցքում անցակետերի տեղակայման ոչ լեգիտիմ դիսկուրսը, ինչպես նաև պնդում է «միջանցք՝ միջանցքի դիմաց» նարատիվը: Հատկանշական է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո ՌԴ-ն ճանապարհային հաղորդակցություններին տվել էր «երթուղիներ» ձևակերպումը: - Շուշիում  2022 թվականի նոյեմբերի 8-ին անդրադառնալով Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության թեմային՝ Ալիևն ակնարկել է, որ «Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայվել, 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ այդ ժամկետը նշված է»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ենթատեքստեր է նման ակնարկը պարունակում: - Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ուղղված էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից ՌԴ խաղաղապահների անժամկետայնության անհրաժեշտության մասին բազմիցս արված հայտարարություններին, այս տարվա հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությանը, ՀՀ կողմից խաղաղապահների ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին, «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի պատասխանին, Սոչիում այս թեմայով քննարկումներին: Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ, որ այս թեման զարգանա: - Նույն ելույթում Ադրբեջան նախագահը պնդել է, թե Հայաստանն Արցախից ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը: Ըստ Ձեզ՝ ինչով է պայմանավորված իրականությանը չհամապատասխանող այս պնդումը , որն, ի դեպ, պարբերական բնույթ է կրում: - Սա Ադրբեջանի՝ Հայաստանին ագրեսորի և օկուպանտի դերում ներկայացնելու հետևողական քաղաքականությունն է: Արցախի Հանրապետության կողմից բազմիցս հերքվել են այս հայտարարությունները: Արցախում ինքնապաշտպանական գործառույթ իրականացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը: Ավելին, 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո շփման գծի աշխարհագրական բարդությունները և ձգվածությունն, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումները պատճառ դարձան, որ ս.թ. մարտի 26-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքով ՌԴ նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պաշտոնական գրությամբ խաղաղապահ զորակազմի թվաքանակի ավելացման խնդիր դրվի: Շարունակությունը armenpress.am-ում
13:35 - 10 նոյեմբերի, 2022
Փաշինյանը հայտնեց, որ Սոչիում ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին

Փաշինյանը հայտնեց, որ Սոչիում ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ կառավարության նիստի սկզբում, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում արած մի շարք հայտարարություններին։ Նա մասնավորապես նշեց, որ Ադրբեջանը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն, ինչպես նաև անդրադարձավ ապաշրջափակման վերաբերյալ ադրբեջանական կողմի մեղադրանքներին։ Ելույթի եզրափակիչ հատվածը ներկայացնում ենք ստորև․ «Ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով: Ընդ որում, հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ: Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի: Եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով ետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցների, 2 դպրոցների, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցիների, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերիների արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են: Արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը: Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ. Այս ամենի մասին առաջին անգամ եմ խոսում այսքան մանրամասն և այսքան մանրամասն խոսում եմ, որովհետև տեսնում եմ, որ Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին: Բայց սա ինքնին խնդիր չէր լինի, եթե տեղի չունենար մի միջավայրում, երբ միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների: Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Իհարկե, հասկանում եմ, որ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանի նախագահին, բայց կարծում եմ նաև, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով: Մանավանդ որ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում՝ Հայաստանին մեղադրելու համար: Եվ սա դարձել է կրկնվող գործելակերպ: Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա: Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով: Հայաստանը, գիտեք, 2020 թվականի պատերազմից հետո նաև հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա: Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ. Այսուհանդերձ, ավարտելով ելույթս՝ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին: Ուզում եմ վերահաստատել Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ: Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին: Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»:
12:30 - 10 նոյեմբերի, 2022
Խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը նաև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում է․ Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարություններին

Խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը նաև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում է․ Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարություններին

Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած մի շարք հայտարարություններին։ «Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել ՀՀ-ին, մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը»,- նշեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։ Փաշինյանի խոսքով՝ «տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ ս․ թ․ հոկտեմբերի 31-ին, Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին»։ «Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և ս․թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ, խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով։ Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները քրոնիկ բնույթ ունեն, ինչը արտահայտվում է հետևյալում․ 2020թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ-ի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ ԼՂ հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022թ․-ի մարտին՝ ներխուժելով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «Օպերացիա Փառուխ»։ «Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե ԼՂ գոյություն չունի։ Այս պնդումը ինքնին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է ԼՂ անունը։ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում»,- նշեց նա։ ՀՀ վարչապետը ասաց, որ զուգահեռաբար Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ,  և հայտարարվում է, թե ԼՂ-ի հայերը իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է․ «Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և ԼՂ-ի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»։ Փաշինյանի խոսքով՝ 2021թ․-ի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում․ «Ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը։ Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո՝ առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների՝ խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում»։
11:27 - 10 նոյեմբերի, 2022
Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի պետնախարարի աշխատակազմի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ։ «Մինչ աշխատանքներին անցնելը՝  Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության  մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը: «Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին՝  պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ»,- բացելով խորհրդակցությունն՝ ասել է պետնախարարը։ Օրակարգային առաջին հարցը վերաբերել է պետական նախարարի և հանրապետական գործադիր մարմինների միջև աշխատանքների կազմակերպման սկզբունքներին: Ռուբեն Վարդանյանն առանձնացրել է երեք սկզբունք՝  թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ: «Եկել եմ ոչ թե պարզապես պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու, այլ ճգնաժամային իրավիճակում  ձեզ հետ միասին աշխատելու համար,-ընդգծել է նա։ -Ինձ համար կարևոր է  թիմային աշխատանքը, և ես պատրաստ եմ  բոլորիդ հետ միասին  այդ սկզբունքով աշխատել։ Երկրորդը թափանցիկությունն է․ մենք ամեն ինչ պետք է անենք մեր աշխատանքի, կայացվող որոշումների և իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ապահովելու համար։ Մյուս կարևոր սկզբունքը պրոֆեսիոնալիզմն է: Ես վստահ եմ, որ բոլորդ երկար մասնագիտական ճանապարհ եք անցել, բայց ներկա իրողություններում մրցունակ մասնագետներ լինելու համար մենք  բոլորս պետք է շարունակ աշխատենք մեր կարողությունների զարգացման ուղղությամբ»:   Պետնախարարն առանձնացրել է այս իրավիճակում Արցախի համար այն հինգ հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը. Արցախի սուբյեկտայնություն, անվտանգության հետ կապված հարցեր, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում, մշակութային, կրթական, սոցիալական հարցեր, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։ Պետնախարարը ներկայացրել է նաև իր նորանշանակ խորհրդականներին և նշել այս փուլում նրանց համակարգման ոլորտները. Արտակ Բեգլարյանն զբաղվելու է արտաքին քաղաքական, սոցիալական, հումանիտար խնդիրներով, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ենթակառուցվածքների ոլորտով, Նարինե Աղաբալյանը՝ կառուցվածքային և կազմակերպչական, Մեսրոպ Առաքելյանը՝ ֆինանսական, իսկ Արման Հակոբջանյանը՝ օպերատիվ հարցերով: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքներին և հրատապ խնդիրներին:  ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մանրամասն տեղեկություններ են ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ընթացքի և դրանց կազմակերպման մասին: Խորհրդակցությանը ներկայացվել է նաև 2020թ.  պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների  բնակարանային կարիքների բավարարման պետական ծրագրի ընթացքը:  ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը տեղեկություններ է հաղորդել կատարված աշխատանքների և ծրագրերի ընթացիկ վիճակի մասին: Ամփոփելով խորհրդակցությունը ՝ պետնախարարը մի շարք հանձնարարականներ է տվել օրակարգային հարցերի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ թիմային, կազմակերպված ու պրոֆեսիոնալ աշխատանքը մեծ արդյունքներ է ապահովելու»,-նշված է հաղորդագրությունում։
17:00 - 09 նոյեմբերի, 2022