Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն. Լիլիթ Մակունցը՝ իրավապահ համակարգի գործունեության մասին |armtimes.com|

Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն. Լիլիթ Մակունցը՝ իրավապահ համակարգի գործունեության մասին |armtimes.com|

armtimes.com: «Մենք ակնկալում ենք, որ իրավապահ համակարգից կգա առաջարկ, թե իրենց ինչ է պետք՝ ավելի արդյունավետ աշխատելու համար». լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ եթե լրացուցիչ գործիքների կարիք կա՝ Ազգային ժողովը պատրաստ է օգնել նրանց: «Եթե չկա լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն, ապա այստեղ տեղափոխվում ենք այլ դաշտ եւ Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն»,- անդրադառնալով իրավապահ համակարգի գործունեությանը՝ հավելեց Մակունցը: Խմբակցության ղեկավարին հարց ուղղվեց, թե հանրաքվեի վերաբերյալ ի՞նչ որոշում ունեն: Մակունցն ասաց, որ այդ հարցով քննարկումներ տեղի ունենում են, բայց քանի դեռ կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, եւ քանի դեռ բազմամարդ հավաքներ անցկացնելը վտանգավոր է՝ բնականաբար հանրաքվե տեղի չի ունենա: Նա վստահեցրեց, որ երբ որ որոշում կունենան հետագա միջոցառումների առնչությամբ՝ կտեղեկացնեն: Մամուլում վերջին օրերին տեղեկություններ են հրապարակվում Իմ քայլը խմբակցության մի քանի պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին: Մակունցն ասաց, որ վարչությունում կարգապահական հարցերի վերաբերյալ քննարկում ունենում են, բայց քանի որ դրանք ներքին հարցեր են՝ չի բարձրաձայնի:
15:52 - 06 մայիսի, 2020
Երևան համայնքին 1 միլիոն դրամ և ավելի նվիրատվությունները քաղաքապետը պարտավոր է հանրայնացնել |hetq.am|

Երևան համայնքին 1 միլիոն դրամ և ավելի նվիրատվությունները քաղաքապետը պարտավոր է հանրայնացնել |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը:  Այն ընդունվեց 117 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս փոփոխություններով պատգամավորները ցանկանում են համայնքին արված նվիրատվություններն ու նվիրաբերությունները հնարավորինս հրապարակային դարձնել: Նախագծում նշվում է, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով: Համայնքների համար սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի առաջարկը պահպանվել է բոլոր համայնքների համար` բացառությամբ Երևանի: Երևանի համար պահպանվել է մեկ միլիոն և ավելի գումարի դեպքում նվիրատվությունների հրապարակումը: Նվիրատուի անունը քաղաքապետը պարտավորվում է հրապարակել, եթե նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն:
10:45 - 06 մայիսի, 2020
Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում չներգրավվեցին  «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները

Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում չներգրավվեցին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները

Այսօր՝ մայիսի 5-ին Ազգային ժողովի կողմից քննարկվեց պատգամավորների կողմից արված օրենսդրական նախաձեռնությունների օրակարգ անցկացման հարցը։ ԱԺ-ն քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ըստ  նախագծի աաջարկվում էր քրեականացնել փաստաբաններին վիրավորելը և զրպարտելը։ Նախագծով առաջարկվում էր , որպեսզի օրենքը պարունակի բավարար երաշխիքներ փաստաբանների գործունեության պաշտպանության համար։ Քվեարկության արդյունքում նախագիծը չներառվեց քառօրյայի օրակարգում։ «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ էին ներկայացրել «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը և Նաիրա Զոհրաբյանը։ «Նախագիծը միտված է  Հանրային պաշտպանի դերի և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև առաջարկվում է Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ծախսերը փոխհատուցել պետական բյուջեից»,- ասաց Շաքե Իսայանը։  Հանձնաժողովը բացասական եզրակացության էր արժանացրել պատգամավորների առաջարկը, Ազգային ժողովի քվեարկության արդյունքում նույնպես նախագիծը դուրս մնաց նիստի օրակարգից։  «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կողմից  առաջարկվում էր փոփոխություններ կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանններրի մասին» ՀՀ օրենքում։ Ըստ Էնֆիաջյանի առաջարկի պետք է կրկնապատկել վետերանների պատվո վճարը՝  այն սահմանելով 200 000 դրամ։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր, Արփինե Դավոյանն ընդգծեց, որ հանձնաժողոովը բացասական եզրակացության է տվել նախագծին, քանի որ պատվովճարների սահմանման իրավասությունը ՀՀ կառավարությանն է վերապահված։ ԲՀԿ պատգամավորի կողմից ներկայացված նախագիծը դրվեց քվերակության և ստացավ բացասական եզրակացություն՝  չընդգրկվեց քառօրյայի օրակարգում։ Քննարկվեց նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հեղինակած՝  «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում» փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը։ Այն  չէր  ստացել գլխադասային հանձնաժողովի  դրական եզրակացությունը։ Ըստ ներկայացված նախագծի, խմբակցությունների` լսումներ հրավիրելու լիազորությունները պետք է  ընդլայնվեն: Գործող կարգավորմամբ` յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում խմբակցությունը կարող է հրավիրել մեկ լսում: Փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի  խմբակցությունը յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում կարողանա հրավիրել երեք լսում: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշեց, որ  եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա յուրաքանչյուր նստաշրջանում առնվազն կարող է 15 լսում հրավիրվել, քանի որ լսում հրավիրելու իրավասությամբ են օժտված ԱԺ նախագահը, խմբակցությունները ու 11 մշտական հանձնաժողովները: Նախագիծը դրվեց քվերկության և չներառվեց քառօրյայի օրակարգում։  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ ներկայացրեց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նախագծով առաջարկվում էր սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետ չսահմանել։ Այս նախագիծը նույնպես մերժվեց Ազգային ժողովի կողմից՝ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելուց։ 
12:07 - 05 մայիսի, 2020
Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ․ Հրաչյա Հակոբյան

Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ․ Հրաչյա Հակոբյան

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, Դուք հարցադրումներ եք հնչեցնում՝ նշելով, որ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը հնարավոր է օտարերկրյա գործակալ է, այդ ասվածը ունի՞ հիմք, և հնարավո՞ր է, որ առաջիկայում չակերտներն ավելի բացեք: Ես ոչ մի ինֆորմացիա չեմ հաղորդել, ես հարցեր եմ տվել: Իսկ հարցեր տալու հիմք չեմ կարծում, որ պետք է ունենամ: Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ: Այսինքն՝ համաձայն չեմ, որ լուրջ հիմքեր պետք է ունենալ հարցեր տալու համար: Այսինքն՝ այդ հարցերը որևէ հիմք չունեի՞ն: Ինձ մոտ հարցեր են առաջացել, մտածել եմ, որ այդ հարցերը միգուցե միայն ինձ չեն հետաքրքրում, հանրությանն էլ կարող է հետաքրքրել, դրա համար բարձրաձայնել եմ: Տեսակետ կա, որ հնչեցրած լրջագույն մեղադրանքները չէին կարող ուղղակի օդից վերցրած լինեին: Հասկանում եմ, բայց ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել: Այսինքն՝ ես չեմ պնդել, որ դա էդպես է, ես հարցեր եմ բարձրացրել: Ինչպե՞ս եք գնահատում Վանեցյանի  հայտարարությունները, թե փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-Վանեցյան փոխհրաձգությունը: Չեմ կարող ասել, Վանեցյանը մտել է քաղաքականություն կամ փորձում է մտնել քաղաքականություն և ընդդիմադիր դաշտում փորձում է  ինչ-որ տեղ զբաղեցնել, և դրա համար են այս հայտարարություններն արվում: Ինչպես գիտեք, շատերն այսօր, այդ թվում նաև իրենք,  փորձում են առիթն օգտագործելով ցեխ շպրտել, բայց հանրությունը վաղուց արդեն տվել է իր  գնահատականը թե Արթուր Վանեցյանին, թե այն բոլոր մարդկանց, խմբավորումներին, որոնք այսօր փորձում են նման հայտարարություններ անել, ծայրից ծայր սուտ, վերից վար սուտ հայտարարություններ: Ձեր հայտարարությունում նաև շատ հստակ ձևակերպումներ կային, ասենք, նշում եք՝ կարո՞ղ է պարզվի՝ Փաշինյանը պարզել է Վանեցյանի հավաքագրման պայմանները, Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի ու ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլ նրա և Միքայել Միասյանի բանակցությունները: Ավելացնելու բան չունեմ, ինչ պետք է ասեի, արդեն ասել եմ: Արթուր Վանեցյանի հիմնադրամն արձագանքել է ու նշել՝ հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում: Խնդրեմ: Ինչպես ռուսներն են ասում՝ այն, ինչ պահանջվում էր ապացուցել: Նախ ես հայտարարություն չեմ արել, հարց եմ տվել: Եթե իրենք գտնում են, որ կարիք չկա մեկնաբանելու, թող չմեկնաբանեն, շատ լավ: Ուրեմն այս հարցերը հանրության մոտ այդպես էլ կմնան անպատասխան: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:27 - 01 մայիսի, 2020
Երաշխավորությունները կիսով չափ 5-ն են․ մի խափանման միջոցի պատմություն

Երաշխավորությունները կիսով չափ 5-ն են․ մի խափանման միջոցի պատմություն

Ապրիլի 21-ին ԲացTV-ի «Բաց երեկո» հաղորդման ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Սերգեյ Ատոմյանը, որոշել են որպես երաշխավոր միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ շուրջ 49 մլն ԱՄՆ դոլար գումարի չափերով հափշտակության մեջ մեղադրվող ամերիկահայ պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Այնինչ, պատգամավորներից երկուսը՝ Սիսակ Գաբրիելյանն ու Ռուստամ Բաքոյանը, պնդում են, որ իրենք ոչ թե անձնական երաշխավորություն են ներկայացրել, այլ միայն բնութագիր՝ դատարանին առաջարկելով հնարավորության դեպքում փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը։ Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանն էլ հաստատում է, որ երաշխավորություն չի ներկայացրել նաեւ Սերգեյ Ատոմյանը։ Ո՞վ է Ստեփան Մարտիրոսյանը 61-ամյա Ստեփան Մարտիրոսյանը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է։ Մամուլի բազմաթիվ հրապարակումներում, սակայն, նրա անունը շրջանառվում է ոչ միայն կինոինդուստրիայի, ոչ միայն վերոնշյալ հափշտակության գործի, այլ նաեւ այլ հանցավոր արարքների վերաբերյալ նյութերում։ Ամերիկյան մամուլից տեղեկանում ենք, որ Մարտիրոսյանը ԱՄՆ-ում բնակվելու տարիներին՝ 1990-ականներին, խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմիների հետ՝ կոկաին տեսակի թմրամիջոցի շրջանառության համար, ապա դատապարտվել է 9 տարի ազատազրկման, սակայն բողոքարկելով դատարանի որոշումը՝ 2 տարի անց՝ 1992 թվականին ազատ է արձակվել:  Իսկ ըստ հափշտակության գործով տուժող Վ․ Գրիգորյանցի փաստաբան Վարդգես Գեւորգյանի ներկայացրած տեղեկությունների (որոնք «Բաց երեկո» հաղորդման ժամանակ հիշատակում է նաեւ Մարինա Պողոսյանը), Ստեփան Մարտիրոսյանը Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանի 1978 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով ՀԽՍՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համակցությամբ (հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը, հանցակցությամբ անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ կատարելը, հանցակցությամբ արվամոլություն`տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ, շորթում, պոռնոգրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը), դատապարտվել է ազատազրկման և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում: 49․045․000 դոլարի հափշտակության քրեական գործը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2015թթ․ ընթացքում «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից խաբեության եղանակով կատարել է 49․045․000 ԱՄՆ դոլար գումարի չափով հափշտակություն։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր, որից հետո էլ իր երբեմնի ընկերոջ դեմ 2017 թվականին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Դրանից հետո Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվել է, մոտ մեկ տարի մնացել Մոսկվայում գտնվող բանտում, ապա արտահանձնվել է Հայաստան։  2019 թվականի հունվարի 14-ին Ստեփան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Մարտիրոսյանը կալանավորվել է դատական նիստերի դահլիճից։ Ապրիլի 23-ին պետք է տեղի ունենար Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը, սակայն վերջինիս պաշտպանը՝ Կարեն Բատիկյանը, մեր զրույցում հայտնեց, որ այն հետաձգվել է եւ կկայանա մայիսի 7-ին։ Հենց այս միջնորդության քննության ժամանակ էլ պետք է քննարկվեին պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորություններն ու Ստեփան Մարտիրոսյանի բնութագիրը։ Մարինա Պողոսյանի պնդումը հերքում են պատգամավորներն ու Մարտիրոսյանի պաշտպանը Ինչպես արդեն նշեցինք՝ իրավապաշտպանը հաղորդման ժամանակ հայտարարում է, որ 5 պատգամավոր է ներկայացրել երաշխավորություն՝ Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու համար։ Վերջինիս պաշտպանը Infocom.am-ի հետ զրույցում հայտնեց, որ անձնական երաշխավորություն են ներկայացրել միայն պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Հայկ Սարգսյանը, իսկ երեք պատգամավոր ուղղակի իր պաշտպանյալին բնութագրող տեղեկություններ են ներկայացրել ու դատարանին խնդրել են ոչ թե անձնական երաշխավարությունը կիրառել որպես խափանման միջոց, այլ կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով, օրինակ՝ գրավով, այսինքն երաշխավորել են, որ այդ մարդու անձը բացասական չէ։  Թե ինչ բովանդակություն ունի բնութագիրը՝ Բատիկյանը ներկայացրեց հպանցիկ՝ նշելով, որ գրված է՝ պատգամավորները լրատվամիջոցներից տեղյակ են քրեական գործի մասին, տեղյակ են առաջին ատյանի դատարանի վճռի ապօրինի ձեւակերպումների մասին, Մարտիրոսյանին ճանաչում են՝ որպես հայազգի կինոպրոդյուսեր, որն ԱՄՆ-ում մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որ չի փախչի, նորմալ մարդ է, ու խնդրել են նրա նկատմամբ հնարավորության դեպքում կիրառել գրավ, եւ ոչ թե անձնական երաշխավորություն։  «Եթե պատգամավորը մի թղթի տակ ստորագրում է, պարտադիր չէ, որ դա լինի անձնական երաշխավորություն։ Բնութագիրն ընդամենը անձի վերաբերյալ տեղեկություն է։ Գրավի քննության, խափանման միջոցի քննարկման ժամանակ պարտադիր քննարկվում են նաեւ ամբաստանյալի կամ մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները, ամուսնական կարգավիճակը, նախկինում դատվածության հանգամանքը, եւ այլն։ Բնութագրի հիմանական մասը եղել է Մարտիրոսյանի՝ ցեղասպանության ճանաչման գործում կատարած աշխատանքի վեաբերյալ»,- մեր զրույցում պարզաբանեց Բատիկյանը։ Վերջինիս պաշտպանյալն այս պահին Արմավիր ՔԿՀ-ում է, առողջական վիճակն, ըստ Բատիկյանի, այդքան էլ լավ չէ։ Մարինա Պողոսյանի հայտարարությունից հետո պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ ինքն անձնական երաշխավորություն չի ներկայացրել, դրա համար նախատեսված օրենքով սահմանված 500 հազար դրամ գումարը չի վճարել ու չի էլ պատրաստվում ներկայացնել նման երաշխավորություն: Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ բնութագիր է ներկայացրել՝ հաշվի առնելով նրա՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում բավականին լուրջ ներդրումը․  «Միևնույն ժամանակ, կցանկանայի զերծ մնալ հստակ տարաբաժանումներից և բառախաղերից՝ կապված բնութագրի, երաշխավորագրի և որևէ այլ միջնորդության հետ, քանի որ էականն այն է, որ վերջնական որոշումն ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ, այնուամենայնիվ, դատարանին է պատկանում: Ավելի կոնկրետ պարզաբանում հարցի վերաբերյալ արդեն իսկ տվել է ամբաստանյալի պաշտպանը»,- հավելեց պատգամավորը: Իսկ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց պարզաբանում՝ գրելով, որ ինքը Ստեփան Մարտիրոսյանին ճամաչում է անձամբ, ճանաչում է որպես ցեղասպանության դատապարտման մասին ֆիլմի նկարահանմանն աջակցություն ունեցող և ցեղասպանության ճանաչման հարցում գործուն քայլեր ձեռնարկած անձի․ «Երաշխավորություն տալով՝ հայտնել եմ, որ ծանոթ եմ առաջադրված մեղադրանքին՝ իրեն մեղսագրվում է խարդախությամբ՝ x ընկերությունից գումար հափշտակելը։ Չեմ ուզում քննարկել գործի որևէ փաստ, մեղավոր է նա, թե ոչ, կատարել է այդ արարքը, թե ոչ, քանի որ ես, ճանաչելով իրեն, հաշվի առնելով վերը նշվածս, և իր դեպքում ևս մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ Ցեղասպանության տարելիցը, ՀՀ քաղաքացիության պահպանումը, սահմանների փակ լինելը, իր տարիքը, առողջական վիճակը, կալանքի տակ գտնվելու ժամկետը, վարքագիծը, ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում վարույթ իրականացնող մարմնին պատշաճ ներկայանալը՝ երաշխավորել եմ միայն իր ներկայանալը՝ վարույթ իրականացնող մարմնին»,- գրել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ երաշխավորության պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար ինքը ենթակա է քրեական պատասխանատվության․ «Այսինքն՝ ես անձամբ պետք է համոզված լինեմ, որ երաշխավորվողը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, հակառակ դեպքում չեմ տա իմ երաշխավորությունը։ Ինչ վերաբերվում է Մարինա Պողոսյանի ներկայացրած փաստաթղթերին, ապա համոզված եմ՝ որևէ անձ երաշխավորություն տալիս ևս չէր քննարկի՝ 44 տարի առաջ այդ անձի նկատմամբ դատական ակտ եղել է, թե ոչ, սակայն հաստատում են, որ դատավարության առումով որևէ անդառնալի բան տեղի չի ունեցել, ներկայացված փաստերը ուսումնասիրում եմ և արդյունքների մասին անպայման հանրային կարգով կտեղեկացնեմ»,- եզրափակել է պատգամավորը։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հաղորդման ժամանակ հարց է հնչեցրել՝ արդյոք 5 պատգամավորները ներկայացնո՞ւմ են ողջ խմբակցության դիրքորոշումը․ «Ենթադրում եմ՝ ամբողջ խմբակցությունը քննարկել է հարցը եւ եկել են սրան»,- նշել է նա։ Ապիլի 22-ին Լիլիթ Մակունցը հայտնեց, որ երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել երաշխավորություն ներկայացնելու իրենց մտադրության մասին, թեև նման հարցերը մշտապես նախապես քննարկվում են։ Մակունցը կարծիք հայտնեց, որ խմբակցությանը տեղյակ չպահելը, հավանաբար, կապված է կորոնավիրուսային իրավիճակով. հավաքվելու բարդություն կա։ Պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը խնդրեց ավելի ուշ պատասխանել մեր հարցին, սակայն ժամեր անց նրա հետ զանգի միջոցով կապ հաստատել չհաջողվեց, իսկ նամակը մնաց անարձագանք։ Մյուս պատգամավորները զերծ մնացին հավելյալ մեկնաբանություններից։ Այնուհետեւ, Մարինա Պողոսյանը, ներկայացնելով, թե ինչի մեջ է մեղադրվում Ստեփան Մարտիրոսյանը, ասել է, որ եթե միայն գումարային լիներ հարցը, գուցե բոլորի դիրքորոշումն այդքան խիստ չլիներ․ «Բայց Ստեփան Մարտիրոսյանը Հայաստանը լքել է 1985 թվականին, երբ էս երաշխավոր կանգնող պատգամավորները դեռ ծնված չեն եղել, այսինքն չեն էլ ճանաչել, եւ 85 թվականին, լքելով ՀՀ-ն, բնականաբար վերջինս ՀՀ-ի ընդհանրապես կյանքին որեւէ մասնակցություն չէր կարող ունենալ, որովհետեւ մինչեւ 2017-ը բնակվել է արտերկրում։ Էս մարդը չունի որեւէ բան էս երկրի համար արած, բացի նրանից, որ 49 մլն դոլար յուրացրել է։ Որեւէ գործընթաց, որին մասնակցել է նա, պատգամավորները չէին կարող իմանալ։ Բացի մի հետաքրքիր գործընթացից»,- ասել է իրավապաշտպանը՝ մեջբերելով հրապարկման մի հատված, որտեղ նշված է, թե ինչպես է Ստեփան Մարտիրոսյանը 2006 թվականին գումար հատկացրել ամերիկյան Burson-Marsteller PR ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, ինչի համար պարտավորվել է վճարել  535 հազար ԱՄՆ դոլար։ Ապա Պողոսյանն անդրադարձել է 1978 թվականի որոշանը, երբ Ստեփան Մարտիրոսյանը դատապարտվել է հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, արվամոլության, շորթման ու պոռնոգրական առարկաներ պատրաստելու կամ վաճառելու համար։ Մարինա Պողոսյանի ձեւակերպումից, թե՝ «եթե միայն գումարային լիներ հարցը, գուցե բոլորի դիրքորոշումն այդքան խիստ չլիներ», տպավորություն է ստեղծվում, թե Ստեփան Մարտիրոսյանին այս պահին մեղսագրվող արարքը ոչ միայն խոշոր չափի գումարի հափշտակությունն է, այլ նաեւ վերոնշյալ արարքները, իսկ քաղաքական-քաղաքացիական հարթության մեջ՝ Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացմամբ զբաղվելու հանգամանքը։ Այսպիսով, Մարինա Պողոսյանի պնդումը, թե 5 պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել Ստեփան Մարտիրոսյանի համար, մասամբ ապատեղեկատվություն է, քանի որ միայն 2 պատգամավոր է ներկայացրել երաշխավորություն ու վճարել սահմանված 500 հազար դրամը։ Մյուս երեք պատգամավորները ստորագրել են բնութագրի տակ, որտեղ նշված է եղել, որ Մարտիրոսյանը ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Իսկ Ստեփան Մարտիրոսյանի՝ նախկինում տարբեր հոդվածներով դատապարտված լինելու մասին իրավապաշտպանի հայտարարությունները շփոթեցնող են, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք Մարտիրոսյանին հենց այս պահին մեղսագրվող արարքներ են։ Այժմ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում է խոշոր չափի գումար հափշտակելու համար։ Մարինա Պողոսյանի պնդումներն իրականությանը համապատասխանում են Մարտիրոսյանի՝ նախկինում դատվածություն ունենալու մասով։  Ի հավելումն՝ նշենք, որ անձնական երաշխավորություն ներկայացնելը դեռեւս չի նշանակում, որ անձի խափանման միջոցը փոխվում է, այդ միջնորդությունը քննարկվում է դատարանում, բավարարվում է, կամ ոչ։  Հայարփի Բաղդասարյան
16:02 - 25 ապրիլի, 2020
«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազ. 531 իրավաբանական անձ և 639 հազ. 592 ընտանիք

Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազ. 531 իրավաբանական անձ և 639 հազ. 592 ընտանիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ: Պլանավորում ենք նաև որոշ փոփոխություններ իրականացնել միջոցառումների մեջ, որոնցով կկարգավորենք այս ընթացքում ստացած ահազանգերը, ազդակները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումկներ ձեռք բերելու համար, արդեն իսկ բավարարվել է 259 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 18 մլրդ դրամ:  2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը՝ բավականին լայն օրակարգով, այս պահի դրությամբ բավարարվել է 3 հազար 419 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4 մլրդ 827 մլն դրամ: «Նաև մենք որոշում կայացրեցինք 4 մլրդ դրամի չափով վերաֆինանսավորում իրականացնել, որից 2 մլրդ դրամը կծախսվի միկրովարկերի, իսկ ևս 2 մլրդը՝ 3-12 մլն դրամի գյուղատնտեսական ծրագրային և ոչ միայն ծրագրային վարկերի վրա: Ընդ որում, այսօրվա քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այս խմբի վարկերի սահմանափաչափերը կավելացնենք և կդարձնենք 3-ից 30 մլն դրամ՝ մի շարք ծրագրային ուղղություններով»,- ասել է վարչապետը:  3-րդ ծրագրով, որ վերաբերվում է տուժած փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությանը և այն ընկերություններին, որոնք ունեն բարվոք և բարվոքին մոտ հարկային ու վարկային պատմություն, բավարարվել է 371 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4,1 մլրդ դրամ:  4-րդ միջոցառումը, որը սոցիալական է, վերաբերվում էր այն աշխատողներին, ովքեր որոշակի ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը և որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա: Պարզվել է, որ այս ծրագրով շահառուների թիվը 1955 է, ֆինանսավորվել 195 մլն դրամ: Ծրագիրն արդեն ավարտված է: Խոսելով 5-րդ ծրագրի մասին, որը նույնպես տնտեսական բնույթի և դրամաշնորհային, վարչապետն ասել է. «Դրամաշնորհ ենք հատկացնում այն ընկերություններին, որոնք պահպանել են նախաճգնաժամային ժամանակաշրջանի աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը: Խոսքը 2-50 աշխատող ունեցող ընկերությունների մասին է և յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի կարգով վճարում է կառավարությունը: Այս պահի դրությամբ դրամաշնորհ ենք տրամադրել 9 հազար 901 տնտեսվարողի, դրամաշնորհի ծավալը կազմել է 1 մլրդ 600 մլն դրամ»,- ասել է գործադիրի ղեկավարը: Սոցիալական բնույթի 6-րդ միջոցառումը վերաբերվում էր ճգնաժամի շրջանում՝ մարտի 13-ից 25-ը, աշխատանքը կորցրած քաղաքացիներին: Այս ծրագիրը նույնպես ավարտվել է: Այդ չափանիշին համապատասխանել է 6 հազար 723 շահառու, նրանց վճարվել է ընդհանուր 457 մլն դրամ: 7-րդ միջոցառումն աջակցում էր այն ընտանիքներին, որտեղ կա հղի կին և ամուսինն աշխատանքը կորցրել է ճգնաժամի շրջանում: Այս միջոցառումը նույնպես ավարտված է: Ծրագրից օգտվել է 8 հազար 753 շահառու, վճարվել է ընդհանուր 875 մլն դրամ: 8-րդ միջոցառումը, որը վերաբերվում էր տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերին և ոլորտների աշխատողներին աջակցելուն, այս պահի դրությամբ բավարարվել է 83 հազար 406 հայտ և վճարվել է 5 մլրդ 777 մլն դրամ: «9-րդ միջոցառումը վերաբերվում է այն ընտանիքներին, որտեղ ընդհանրապես չկա աշխատող և որտեղ կան երեխաներ և մենք այս միջոցով փորձել ենք գտնել, այսպես ասած չգրանցված աշխատողներին: 7-րդ միջոցառումն էլ այդպիսի նպատակադրում ունի: 9-րդ միջոցառումով այս պահի դրությամբ բացահայտվել է 52 հազար 791 հայտ, վճարված գումարը 1,4 մլրդ դրամ է: Ասեմ, որ 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակում մենք սպասում ենք, որ կունենանք 100 հազար և ավելի շահառու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 10-րդ միջոցառմանը՝ վարչապետը նշել է, որ այն վերաբերում է միկրոբիզնեսի սուբյեկտներին: Այս պահի դրությամբ բավարարվել է 1485 հայտ, վճարվել է 83,4 մլն դրամ: «11-12-րդ միջոցառումները վերաբերվում են շահառուների կոմունալ ծախսերին: 11-րդ միջոցառման պարագայում ունենք 450 հազար 827 շահառու, ընդ որում այս թիվը պետք է համարյա կիսով չափ կրճատել, որովհետև հաշվառված են և գազի, և էլեկտրաէներգիայի շահառուները: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև կլինեն շահառուներ, որոնք ունեն էլեկտրաէնեգիա, իսկ գազ չունեն: Այստեղ վճարված է 786 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում գումարը փոխանցվում է շահառուների բաժանորդային հաշվիներին: 12-րդ ծրագիրը նույնպես վերաբերվում էր կոմունալ վարձերին: Այստեղ նույնպես թիվը պետք է մոտավորապես 40 տոկոսով կրճատել, շահառուները 486 հազար 434-ն են, վճարվել է 1,8 մլրդ դրամ»,- ասել է կառավարության ղեկավարը: 13-րդ միջոցառումը, որը վերաբերվում է նպաստառու ընտանիքներին նպաստի գծով աջակցություն ցույց տալուն, ունի 85 հազար 906 շահառու ընտանիք, որոնց կվճարվի 1 մլրդ 252 մլն դրամ: Այս վճարումը կիրականացվի ապրիլ ամսվա նպաստների հետ միասին: Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտ 639 հազար 592 ընտանիք: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ: Մենք նաև հակաճգնաժամային բնույթ կամ դրա հետ առնչություն ունեցող որոշ որոշումներ ենք կայացնում, որոնք չեն հաշվառվում որպես հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկը քննարկվեց, որն, այսպես ասած, միացյալ նախաձեռնություն էր: Շարունակում ենք ամենօրյա ռեժիմով աշխատանքը և իհարկե նաև ձեր օգնությամբ առավելագույնը կանենք, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն արդյունավետ և հասցեական»: Այնուհետև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի: Պարետը նաև խոսել է թույլատրելի տնտեսական գործունեության ոլորտների ընդլայնման շուրջ հնարավոր որոշումների մասին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակաճգնաժամային միջոցառումների, ինչպես նաև համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյւալ: Վարչապետը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորներին հուզող հարցերին և ներկայացրել պարզաբանումներ:   
21:10 - 22 ապրիլի, 2020
Երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել՝ երաշխավորություն ներկայացնելու մասին. Մակունց |factor.am|

Երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել՝ երաշխավորություն ներկայացնելու մասին. Մակունց |factor.am|

factor.am: «Իմ քայլը» խմբակցության ոչ թե հինգ, այլ երկու պատգամավոր է երաշխավորություն ներկայացրել մի անձի համար։ Այդ մասին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել երաշխավորություն ներկայացնելու իրենց մտադրության մասին, թեև նման հարցերը մշտապես նախապես քննարկվում են։ Մակունցը կարծում է՝ խմբակցությանը տեղյակ չպահելը, հավանաբար, կապված է կորոնավիրուսային իրավիճակով. հավաքվելու բարդություն կա։ Հիշեցնենք, որ մամուլում գրվել է այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Հոլիվուդի հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար։ Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը նշել էր, որ անձնական երաշխավորություն ներկայացրած  պատգամավորներն են՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը և Ռուստամ Բաքոյանը։
19:13 - 22 ապրիլի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրնեսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրնեսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված նախագծերը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու  օրենքի նախագիծը, որով, թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը:  Նախագիծն ընդունվեց 111՝ կողմ, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ ձայներով։  Ազգային ժողովի կողմից ընդունվեց նաև  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում իրականացնել տույժերի կրկնակի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:Նոր նախագծով  առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ 0.04։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109՝ կողմ, 0՝ դեմ և 0՝ ձեռնպահ  ձայներով։
14:00 - 22 ապրիլի, 2020
Առաջարկվում է 500 հազար և ավելի եկամուտ ունեցողների կուտակային կենսաթոշակային գանձումների չափը չավելացնել |hetq.am|

Առաջարկվում է 500 հազար և ավելի եկամուտ ունեցողների կուտակային կենսաթոշակային գանձումների չափը չավելացնել |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանն առաջարկում են չբարձրացնել 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող սոցիալական վճարի (կուտակային կենսաթոշակային համակարգ) չափը: Գործող օրենքով 500 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500 հազար դրամը, որը 2020 թվականի հուլիսի 1-ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ: Այն այս պահին կազմում է 1 միլիոն 20 հազար դրամ: «Արդյունքում` 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 հազար դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարները ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Մյուս կողմից այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է»,-ասված է նախագծում: Ըստ նախագծի հեղինակների`վերոնշյալ խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչև 500 հազար դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը(5% վճարում է պետությունը, 5%`մասնակիցը), ինչը բացակայում է 500 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում: Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, և առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմ սահմանել 500 հազար դրամը: Փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25 հազար քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Արդյունքում տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով: Ըստ հեղինակների` առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման նման մակարդակի նվազումից և հարկերի նվազումից՝ առավել ևս սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին: Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Ինչպես նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ: Մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից. 2018-ին օրենքում փոփոխություն կատարելուց հետո դրույքաչափերը փոխվեցին, այժմ 7,5 տոկոսն ապահովում է պետությունը, 2,5-ը` մասնակիցը: 2021 թվականի հուլիսի մեկից այս հարաբերակցությունը կփոխվի, և կրկին 5% կվճարի պետությունը, 5%` մասնակիցը:
16:20 - 21 ապրիլի, 2020
Առաջիկա տարիներին այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ |lragir.am|

Առաջիկա տարիներին այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։ Տիկին Նազարյան, այս օրերին տեսակետներ են հնչում, որ պետք չէ սպասել սահմանադրական հանրաքվեին և որ ԱԺ-ն պետք է ժամանակ չկորցնի և լուծի ՍԴ խնդիրը։ Ի՞նչ եք կարծում, կա՞ ՍԴ խնդիրը լուծելու հանրաքվեին այլընտրանք։ Ծանոթ չեմ այդ կարծիքներին։ Բայց այնքան համոզված եմ, որ ՍԴ ճգնաժամի լուծման միակ ճանապարհը հանրաքվեն է, որ չեմ պատկերացնում հետաքայլ այդ կետից։ Հանրաքվեին դրված է Սահմանադրական դատարանի լեգիտիմության հարցը։ Կառավարող ուժը կարող է տարբեր հարցերին օրենքի սահմաններում տարբեր միջոցներով լուծումներ տալ, բայց այն չի կարող Սահմանադրական դատարանը օժտել լեգիտիմությամբ։ Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ Ազգային ժողովը չեն կարող իրենց լեգիտիմությունից մաս պոկել ու տրամադրել Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը պետք է բխի ժողովրդից, հետևապես ժողովուրդն էլ պետք է այս ՍԴ կազմի մնալու կամ հեռանալու պատասխանը տա։ Բացի այդ, վարակի անխուսափելի տարածմանը զուգահեռ մենք պետք է սովորենք նաև բնականոն կյանքով ապրել, աշխատել, սովորել, ընտրություններ անել և այնպես կազմակերպել մեր կյանքը, որ մի կողմից վարակի տարածումը կառավարելի լինի, մենք պահպանենք անվտանգ միջավայր, մյուս կողմից էլ շարունակենք մեր նախանշած անելիքները։ Այս պահին դեռ առաջնային են մնում հանրային առողջապահության, սոցիալական և տնտեսական հարցերը կառավարության համար։ Սակայն պետք է նշեմ նաև, որ Ազգային ժողովն աշխատում է արտակարգ դրության պայմաններում և առաջ մղում այն օրակարգերը, որոնց մասին արդեն խոսել ենք և որոնք վերաբերում են դատական համակարգի բարեփոխումներին, հակաօրինական ճանապարհով կուտակած հարստության վերադարձին, և այլ ընթացիկ հարցեր։ Կարո՞ղ ենք ասել, որ սա անցումային արդարադատության՝ իշխանության խոստացած գործիքներից մեկն է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որոշ երկրներում անցումային արդարադատության մաս է։ Սակայն մենք քաղաքացիական վարույթի միջոցով ապօրինի գույքի վերադարձի մեխանիզմը ներդնում ենք ոչ թե միայն անցյալի խնդիրները լուծելու համար, այլ որպես մշտական գործիք մեր իրավական համակարգում։ Այսինքն՝ այն ոչ թե ժամանակավոր լուծում է անցյալը խմբագրելու համար, այլ մեր իրավական համակարգում ներդրված հակակոռուպցիոն մշտական գործիք է, որը ապագայում էլ հակակոռուպցիոն վերահսկողական ու կանխարգելիչ գործառույթ է ունենալու։Բացի այդ, օրենքը ոչ միայն պաշտոնատար անձանց է վերաբերում, այլ նաև, օրինակ, թմրանյութերի, թրաֆիքինգի բիզնեսով զբաղվող անձանց, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին։ Հետևաբար, այն գույքը, որը կուտակվում է այս տեսակ գործունեության արդյունքում, նույնպես օրենքի ուսումնասիրության դաշտում է։ Մշտապես գործող օրենք ունենալը քաղաքական իմաստով շատ ավելի ճիշտ լուծում է, քանի որ մեր խնդիրն է ոչ միայն հակաօրինական ճանապարհով կուտակած հարստությունը վերադարձնել պետությանը, այսինքն՝ հանրությանը, այլ նաև կառուցել կոռուպցիայից զերծ պետական համակարգ այսօր և ապագայում։ Ի դեպ, Իմ Քայլը դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ անցումային արդարադատության գործիքներ կարող են կիրառվել նաև երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության և այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրության և սրանից բխող օրենսդրական քայլերի ձեռնարկման համար։ Տիկին Նազարյան, դեռ նախորդ տարի մեզ հետ հարցազրույցում նշում էիք, որ վեթթինգն արդեն սկսված է և որ շուտով օրենք կլինի։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ իշխանությունը կարծես թե հրաժարվել է այդ գաղափարից։ Նախ վեթթինգ բառը փոխվեց բարեվարքության, բայց դա էլ մեծ հաշվով տեղի չի ունենում։ Իշխանությունը հրաժարվո՞ւմ է վեթթինգից։ Այո, վեթթինգ բառը փոխարինվեց բարեվարքության ստուգման հասկացությամբ, սակայն, դրանից քաղաքական ազդեցություններից, կոռուպցիայից, բիզնես կապերից անկախ դատավորներ ունենալու քաղաքական մեր հանձնառությունը չփոխվեց։ Այդ հարցը մասամբ լուծվելու է վերջերս դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների միջոցով։ Ինչո՞ւ մասամբ, որովհետև ընդունված փոփոխությունները վերաբերելու են ընդունումից հետո եղած դեպքերին և չեն ունենալու հետադարձ ուժ, քանի որ ՀՀ սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Փաստացի այս կարգավորումները, որով ստուգվելու են դատավորները, ոչ թե ռետրոսպեկտիվ ազդեցություն են ունենալու, այլ միտված են ապագային։ ՀՀ արդարադատության նախարարին հանձնաժողովում քննարկման ժամանակ ասվել է, որ մենք պետք է լուծում գտնենք համակարգից դուրս մղելու այն դատավորներին, որոնց հետ նախկինում է խնդիր եղել՝ կապված կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման և շահերի բախման հետ։Նախարարը վերահաստատել է, որ դրա քաղաքական կամքը կա և այդ հարցին անդրադարձ կլինի անցումային արդարադատության համատեքստում։ Սպասենք, թե ինչ լուծումներով հանդես կգա նախարարությունը։ Կոռումպացված դատավորների խնդրին լուծում է տրվում նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունմամբ, քանի որ շատ դատավորներ ուղղակի չեն կարողանա ապացուցել, թե որտեղից նրանց իրենց օրինական եկամուտներին չհամապատասխանող գույք։ Շարունակությունը՝ lragir.am-ում
14:36 - 20 ապրիլի, 2020
«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

lragir.am: ««Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել: Եվ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ արված կադրերի արտահոսքին: Նա նշեց, որ տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել տեղի ունեցածի հետ կապված: «Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիանալիզմի, անփութության կամ նույնիսկ դիտավորության տեսանկյունից, մեզ համար սա առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է: Եվ այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, աշխատակազմի կամ գործընկերների հետ շփվելիս կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, և դա լիներ կարևորոգույն խնդիր զուտ անվտանգության տեսակետից: Հետևաբար, մենք առաջին հերթին հարցը դիտարկում ենք հենց այդ կտրվածքով և ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետևանքներ: Այն անձինք, ովքեր պատասխանատու են կատարվածի հետ կապված, նրանք նույնպես կկրեն պատասխանատվություն»,- ասաց Մակունցը: Նրա խոսքով՝ եթե կարճ ժամանակահատվածում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլ նաև զբաղվեն պատասխանատվության հարցով:
12:22 - 20 ապրիլի, 2020
«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար պատասխանատվությունը |hetq.am|

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար պատասխանատվությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար պատասխանատվությունը: Պատգամավորներն առաջարկում են Քրեական օրենսգրքի 212 հոդվածը (Սպառողներին խաբելը) լրացնել նոր մասերով: Առաջարկվում է օրենքում ամրագրել, որ սննդամթերք արտադրող կամ իրացնող, կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առևտրի ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Այն դեպքում, երբ այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետության քաղաքականության գերակա նպատակներից պետք է հանդիսանա սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, իսկ նման պաշտպանությունն ապահովելու համար իրավակարգավորումներ մշակելիս անհրաժեշտ է բացառել սպառողների իրավունքները խախտող հատկապես այն գործողությունները, որոնք պարունակում են առավել մեծ հանրային վտանգավորություն, այդ թվում` սպառնում են մարդկանց կյանքին կամ առողջությանը: «Սպառողների իրավունքներն ու շահերը պաշտպանելուն կոչված օրենսդրության ուսումնասիրությունից պարզվել է, որ ներկայիս իրավակարգավորումներով Հայաստանի Հանրապետության սպառողներն անհրաժեշտ չափով պաշտպանված չեն կեղծված սննդամթերքի արտադրման և/կամ իրացման դեպքերից, քանի որ այդպիսի արարքի գիտակցված կատարող անձանց համար պիտանի ու համաչափ պատասխանատվության միջոցներ օրենսդրությամբ սահմանված չեն»,-ասված է նախագծում:   Շարունակությունը՝ hetq.am-ում։  
19:58 - 18 ապրիլի, 2020
Հայրենադարձվողները մաքսային արտոնություններ կստանան |armenpress.am|

Հայրենադարձվողները մաքսային արտոնություններ կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց միաձայն` 107 «կողմ» ձայնով: Գործող կարգավորման համաձայն՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից:Նախագծով սահմանվում է, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, ստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում:Այսինքն` նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրվա ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:  
15:24 - 17 ապրիլի, 2020