Առաջիկա տարիներին այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ |lragir.am|
14:36 - 20 ապրիլի, 2020

Առաջիկա տարիներին այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։

Տիկին Նազարյան, այս օրերին տեսակետներ են հնչում, որ պետք չէ սպասել սահմանադրական հանրաքվեին և որ ԱԺ-ն պետք է ժամանակ չկորցնի և լուծի ՍԴ խնդիրը։ Ի՞նչ եք կարծում, կա՞ ՍԴ խնդիրը լուծելու հանրաքվեին այլընտրանք։

Ծանոթ չեմ այդ կարծիքներին։ Բայց այնքան համոզված եմ, որ ՍԴ ճգնաժամի լուծման միակ ճանապարհը հանրաքվեն է, որ չեմ պատկերացնում հետաքայլ այդ կետից։ Հանրաքվեին դրված է Սահմանադրական դատարանի լեգիտիմության հարցը։ Կառավարող ուժը կարող է տարբեր հարցերին օրենքի սահմաններում տարբեր միջոցներով լուծումներ տալ, բայց այն չի կարող Սահմանադրական դատարանը օժտել լեգիտիմությամբ։ Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ Ազգային ժողովը չեն կարող իրենց լեգիտիմությունից մաս պոկել ու տրամադրել Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը պետք է բխի ժողովրդից, հետևապես ժողովուրդն էլ պետք է այս ՍԴ կազմի մնալու կամ հեռանալու պատասխանը տա։ Բացի այդ, վարակի անխուսափելի տարածմանը զուգահեռ մենք պետք է սովորենք նաև բնականոն կյանքով ապրել, աշխատել, սովորել, ընտրություններ անել և այնպես կազմակերպել մեր կյանքը, որ մի կողմից վարակի տարածումը կառավարելի լինի, մենք պահպանենք անվտանգ միջավայր, մյուս կողմից էլ շարունակենք մեր նախանշած անելիքները։

Այս պահին դեռ առաջնային են մնում հանրային առողջապահության, սոցիալական և տնտեսական հարցերը կառավարության համար։ Սակայն պետք է նշեմ նաև, որ Ազգային ժողովն աշխատում է արտակարգ դրության պայմաններում և առաջ մղում այն օրակարգերը, որոնց մասին արդեն խոսել ենք և որոնք վերաբերում են դատական համակարգի բարեփոխումներին, հակաօրինական ճանապարհով կուտակած հարստության վերադարձին, և այլ ընթացիկ հարցեր։

Կարո՞ղ ենք ասել, որ սա անցումային արդարադատության՝ իշխանության խոստացած գործիքներից մեկն է։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որոշ երկրներում անցումային արդարադատության մաս է։ Սակայն մենք քաղաքացիական վարույթի միջոցով ապօրինի գույքի վերադարձի մեխանիզմը ներդնում ենք ոչ թե միայն անցյալի խնդիրները լուծելու համար, այլ որպես մշտական գործիք մեր իրավական համակարգում։ Այսինքն՝ այն ոչ թե ժամանակավոր լուծում է անցյալը խմբագրելու համար, այլ մեր իրավական համակարգում ներդրված հակակոռուպցիոն մշտական գործիք է, որը ապագայում էլ հակակոռուպցիոն վերահսկողական ու կանխարգելիչ գործառույթ է ունենալու։

Բացի այդ, օրենքը ոչ միայն պաշտոնատար անձանց է վերաբերում, այլ նաև, օրինակ, թմրանյութերի, թրաֆիքինգի բիզնեսով զբաղվող անձանց, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին։ Հետևաբար, այն գույքը, որը կուտակվում է այս տեսակ գործունեության արդյունքում, նույնպես օրենքի ուսումնասիրության դաշտում է։ Մշտապես գործող օրենք ունենալը քաղաքական իմաստով շատ ավելի ճիշտ լուծում է, քանի որ մեր խնդիրն է ոչ միայն հակաօրինական ճանապարհով կուտակած հարստությունը վերադարձնել պետությանը, այսինքն՝ հանրությանը, այլ նաև կառուցել կոռուպցիայից զերծ պետական համակարգ այսօր և ապագայում։

Ի դեպ, Իմ Քայլը դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ անցումային արդարադատության գործիքներ կարող են կիրառվել նաև երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության և այլ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրության և սրանից բխող օրենսդրական քայլերի ձեռնարկման համար։

Տիկին Նազարյան, դեռ նախորդ տարի մեզ հետ հարցազրույցում նշում էիք, որ վեթթինգն արդեն սկսված է և որ շուտով օրենք կլինի։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ իշխանությունը կարծես թե հրաժարվել է այդ գաղափարից։ Նախ վեթթինգ բառը փոխվեց բարեվարքության, բայց դա էլ մեծ հաշվով տեղի չի ունենում։ Իշխանությունը հրաժարվո՞ւմ է վեթթինգից։

Այո, վեթթինգ բառը փոխարինվեց բարեվարքության ստուգման հասկացությամբ, սակայն, դրանից քաղաքական ազդեցություններից, կոռուպցիայից, բիզնես կապերից անկախ դատավորներ ունենալու քաղաքական մեր հանձնառությունը չփոխվեց։ Այդ հարցը մասամբ լուծվելու է վերջերս դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների միջոցով։

Ինչո՞ւ մասամբ, որովհետև ընդունված փոփոխությունները վերաբերելու են ընդունումից հետո եղած դեպքերին և չեն ունենալու հետադարձ ուժ, քանի որ ՀՀ սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Փաստացի այս կարգավորումները, որով ստուգվելու են դատավորները, ոչ թե ռետրոսպեկտիվ ազդեցություն են ունենալու, այլ միտված են ապագային։ ՀՀ արդարադատության նախարարին հանձնաժողովում քննարկման ժամանակ ասվել է, որ մենք պետք է լուծում գտնենք համակարգից դուրս մղելու այն դատավորներին, որոնց հետ նախկինում է խնդիր եղել՝ կապված կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման և շահերի բախման հետ։

Նախարարը վերահաստատել է, որ դրա քաղաքական կամքը կա և այդ հարցին անդրադարձ կլինի անցումային արդարադատության համատեքստում։ Սպասենք, թե ինչ լուծումներով հանդես կգա նախարարությունը։ Կոռումպացված դատավորների խնդրին լուծում է տրվում նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունմամբ, քանի որ շատ դատավորներ ուղղակի չեն կարողանա ապացուցել, թե որտեղից նրանց իրենց օրինական եկամուտներին չհամապատասխանող գույք։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել