Ինֆոքոմ

Պայքարելու ենք, որ  «Ֆիզգորոդոկի» ակցիաներին բռնություն գործադրած բոլոր ոստիկանները ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Արա Ղարագյոզյան

Պայքարելու ենք, որ «Ֆիզգորոդոկի» ակցիաներին բռնություն գործադրած բոլոր ոստիկանները ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Արա Ղարագյոզյան

«Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած ակցիան եղել է խաղաղ, ոստիկանությունը իրավունք չուներ որևէ կերպ խոչընդոտելու և բռնություն գործադրելու։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասաց «Ֆիզգորոդոկի» գործով տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը։ «Իմ կարծիքով՝ սա ճնշում է հենց ոստիկանական համակարգի կողմից, որ «Ֆիզգորոդոկի» բնակիչները այլևս չպայքարեն իրենց իրավունքների համար»,- կարծիք հայտնեց նա։ Ղարագյոզյանն ընդգծեց՝ պայքարելու են, որ բռնություն գործադրած բոլոր ոստիկանները ենթարկվեն քրեական պատասխանատվության։ «Մենք տեսանք այն ակնառու երևույթը, որ նաև բռնություն է իրականացվել, բնակիչներին բերման են ենթարկել անչափահաս երեխաների ներկայությամբ։ Այստեղ պետք է դիտարկվի երեխաների լավագույն շահը, որովհետև երեխաները տեսել են, թե ոստիկանությունը ինչպես է իրենց ծնողների հետ վարվել»։ Փաստաբանը հավելեց նաև, որ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում է հարուցվել, որը, սակայն, արդեն լուծարվել է․ «Քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում՝ ինչպես միշտ լիազորությունների անցման հիմքով, բայց ակնհայտ է, որ արդյունավետ քննության մասին անգամ խոսք չի կարող լինել։ Դեպքից  տևական ժամանակ անց տուժողներին հրավիրել են հարցաքննության և ընդամենը տուժող ճանաչելու որոշմանն ենք ծանոթ, և որպես տուժող՝ տուժողները հարցաքննվել են։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն դեռ չէր լուծարվել, և, ընդհանուր առմամբ, շատ թերի, միակողմանի քննություն է իրականացվել»։ ՀՔԾ-ի լուծարումից հետո (ՀՔԾ-ի փոխարեն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեն,-հեղ․), Ղարագյոզյանի խոսքով, տուժողներին որևէ կերպ չեն տեղեկացրել, թե որ քննչական վարույթում է գործը․ «Այս ամիսների ընթացքում մենք նորություն չենք ունեցել, ես նամակներ եմ ուղարկել ՀՔԾ քննիչին, երկու շաբաթ անց իմ նամակը հետ է եկել՝ նամակի վրա նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարված է։ Այսինքն՝ ՀՔԾ-ն լուծարված է, և պետությունը որևէ ձևով  չի տեղեկացնում տուժողներին, թե որ քննչական վարույթում է հիմա գործը, և ով է այս գործով քննություն իրականացնում։ Մենք կարող է սպասեինք, նստեինք, և ստանայինք որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հիմա մենք փաստացի որևէ ձևով տեղեկացված չենք, թե կոնկրետ որ քննչական բաժնում է գործը և որ քննիչն է զբաղվում»։ Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», սկսվել էին մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ։  Բնակիչների պնդմամբ՝ բարձրահարկ շենքի կառուցումն ապօրինի է։ Օգոստոսի 20-ին շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկված անձինք։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 6-ին, քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել էին քրեական գործեր։
17:41 - 03 նոյեմբերի, 2021
Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Քննարկվում է այդ հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվելո՞ւ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն:  «Քննարկվում է այդ հարցը, որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- նշեց Հարությունյանը: Թարմացում․ ՀՀ կառավարությունը պարզաբանում է տարածել, որ քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է կառավարությանը։ Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։ Կառավարությունը գաղտնի է պահում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։  
11:39 - 03 նոյեմբերի, 2021
 «Արմաթ»-ի շրջանավարտները և աշակերտները՝ «ԴիջիԹեք-2021»-ում

«Արմաթ»-ի շրջանավարտները և աշակերտները՝ «ԴիջիԹեք-2021»-ում

Հոկտեմբերի 29-31 անցկացված «ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսում ներկայացված էին «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի աշակերտները և շրջանավարտները։ Այս տարվա ամռանը Նոյեմբերյանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի աշակերտներ Արգամը, Հայկը և Հրանտը ստեղծեցին «Protolab» ստարտափը։ «Protolab»-ը ներկայացված էր «ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսում։ Ստարտափի ստեղծման համար Արգամը, Հայկը և Հրանտը գարնանը դրահամահավաք էին նախաձեռնել։ Դրամահավաքի միջոցով հավաքվել էր 10 000 դոլար, պահանջվող ևս 5000 դոլարի բացը տղաները լրացրել էին՝ համագործակցելով «SoftConstruct» ընկերության հետ, որը նրանց տրամադրել է համակարգիչներ։ Իսկ ստարտափի համար տարածք տղաներին հատկացվել է Նոյեմբերյանի համայնքապետարանում։ Թիմն այս ընթացքում մեծացել է, Արգամին, Հայկին և Հրանտին միացել են Մերին, որը «Protolab»-ի նախագծերի համակարգողն է, և Հայկը, որը 3D մոդելավորող է։ «Protolab»-ի թիմը ստեղծել է մի քանի լիցքավորիչների (power bank) նախատիպեր։  Լիցքավորիչներից առաջինն ունի նաև լապտեր, երկրորդն աշխատում է արևային վահանակներով, երրորդը մեխանիկական էներգիան էլեկտրականի է վերածում։ Տղաներն ասում են՝ իրենց լապտերները հարմար են արշավների համար․ երկրորդն, օրինակ, կարող է օգտագործվել, երբ արշավորդներն էլեկտրականություն չունեն։ «Protolab»-ը ծրագրում է բազմաֆուկցիոնալ լիցքավորիչներ պատրաստել։ Տղաներն ասում են, որ արդեն սկսել են եկամուտ ստանալ։ Նրանց վերջին խոշոր պատվերը եղել է «Zevit» ընկերությունից։ Ընկերության պատվերով «ԴիջիԹեք-2021»  ցուցահանդեսի համար «Protolab»-ը նախագծել, մոդելավորել և տպել է հողմաէլեկտրակայանի՝ մոտ 1,5 մետր բարձրությամբ  մոդել։ Այս տարվա հունվարին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» հայտարարեց «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը։ «ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսին ներկայացված էին Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի աշակերտների աշխատանքները։ Խմբակը բացվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շենքում, և այտեղ հաճախում են նաև վարժարանի սաները։ Դիլիջանի «Արմաթն օդում» խմբակի աշակերտները հետախուզական ԱԹՍ-ներ են մոդելավորել, Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթում էլ դպրոցականների կարգում գրավել են երկրորդ տեղը։ «ԴիջիԹեք-2021» ցուցահանդեսին ներկայացված էին նաև տարբեր համայնքների «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների աշխատանքները։  Վեդու «Արմաթ»-ի աշակերտ Գևորգը, որը սովորում է 9-րդ դասարանում, ներկայացրել էր  իր Ժուժու անունով ռոբոտին, որը կարողանում է հետ ու առաջ գնալ, ձեռքերը շարժել և կառավարվում է հեռախոսով։ 11-րդ դասարանցի Ժորան ներկայացրել էր իր պատրաստած սարքը, որը 360 աստիճան պտտվում է և մարդուն տեսանկարահանում։   Վեդու «Արմաթ»-ի աշակերտներից Արմենն էլ ներկայացրել էր իր պատրաստած ձեռքի մեխանիկական պրոթեզը։ 2011-ից  «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը:  «Արմաթ» լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ուսումնասիրում են ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, համակարգչային փայտամշակում և լազերային փորագրություն։ Գլխավոր լուսանկարը՝ DigiTec-ից Աննա Սահակյան  
11:26 - 03 նոյեմբերի, 2021
ԿԳՄՍ-ն առաջարկում է նախարարի խորհրդականին ազատել պարտադիր զինծառայությունից՝ գիտական գործունեությունը շարունակելու համար

ԿԳՄՍ-ն առաջարկում է նախարարի խորհրդականին ազատել պարտադիր զինծառայությունից՝ գիտական գործունեությունը շարունակելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է Արման Գեւորգի Անդրիկյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին տեղեկանում ենք e-draft՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։ Նշենք, որ Արման Անդրիկյանը  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խորհրդականն է։ Նախագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշել է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Անդրիկյանի գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: Ինչպես տեղեկանում ենք նախագծի հիմնավորումից՝ Արման Գևորգի Անդրիկյանը 2003-2010թթ․ սովորել է Երևանի N 32 միջնակարգ դպրոցում, 2010-2013 թթ սովորել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում: 2013-2017 թվականներին գերազանցությամբ սովորել է բակալավրի կրթական ծրագրով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի եկեղեցաբանության բաժինը, իսկ  2017-2019 թվականներին նույն ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոն մագիստրատուրան՝ նույնպես գերազանցությամբ: Այնուհետ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ 2019-2021 թվականները սովորելով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնում: Արման Անդրիկյանը գիտական ակտիվ գործունեությյամբ սկսել է զբաղվել 2018 թվականից՝ աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնում, որպես ավագ լաբորանտ, 2019 թ․-ից դարձել է կրտսեր գիտաշխատող, իսկ 2021 թվականի հոկտեմբերից կամավոր ատետստավորմանը մասնակցելով դարձել է գիտաշխատող։  «Աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում,  ներգրավված է  եղել ՀՀ գիտության կոմիտեի կողմից իրականացվող «Բելառուսի և Հայաստանի փոքր քաղաքներում էթնոմշակութային զարգացումները 20-21 դարերի էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն» խորագրով հայ-բելառուսական միջազգային ծրագրին։ Տվյալ ծրագրի շրջանակում մասնակցել է հետազոտական գործիքակազմի մշակմանն, ինչպես նաև իրականացրել դաշտային հետազոտական աշխատանքներ»,- նշված է նախագծում։ Ներկայումս Արման Անդրիկյանը ներգրավված է «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները․ ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» պետական - նպատակային ծրագրում՝ որպես գիտաշխատող։ Ծրագրի շրջանակներում մասնակցում է հայկական սփյուռքի տարբեր հատվածների վերաբերյալ առկա գրականության և արխիվային նյութերի քննարկումներին, ինչպես նաև մասնակցում դաշտային աշխատանքների նախապատրաստական փուլերին։ Նաև ներգրավված է «Սփյուռքի ներուժի քարտեզագրման մոդելի մշակում ֆրանսահայերի ուսումնասիրության օրինակով» հայագիտական նախագծին, որի շրջանակներում իրականացնում է ֆրանսիայի հայերի վերաբերյալ առկա վիճակագրական, արխիվային, փաստաթղթային, հետազոտական նյութերի որոնման և դասակարգման աշխատանքներ։ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի Պատմագիտություն-068 մասնագիտական խորհրդի որոշմամբ Արման Անդրիկյանին շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:  Անդրիկյանը հանդիսանում է 9 գիտական հոդվածների հեղինակ՝ հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից։ Նախարարությունն ակնկալում է, որ այս որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Անդրիկյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:   «Արման Գևորգի Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
16:36 - 02 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հավելումներ սահմանել ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար: «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման այս նախագծի համար, ինչպես նշում է Նախարարությունը, հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ: Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի հավելումը սահմանել 95%, նրա տեղակալինը՝ 100%, գլխավոր դատախազի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի հավելումը՝ 120%, գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հավելումը՝ 90%, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը՝ 100%: Նախագծի ընդունումը, ԱՆ-ի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում նախարարությունը կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ կարգավորմամբ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված հավելումների նախատեսումը բխում է վերոնշյալ որոշմամբ նախատեսված միջոցառումներից: Ի դեպ՝ ինչպես նկատելի է, առաջարկվող կարգավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալները, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, որոշման ընդունման դեպքում եւս ստանալու են հավելում։ Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ այս պարագայում հավելման սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում, ըստ նախարարության, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։ Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է լինելու շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։
12:59 - 02 նոյեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։ Ըննդիմության ներկայացուցիչները ներկա չէին այսօրվա նիստին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է․ «Ըստ կանոնակարգ օրենքի, պարոն Օհանյանին պետք է հարցեր ուղղենք, բայց պարոն Օհանյանը բացակա է։ Եթե պարոն Օհանյանը այստեղ լիներ, ես իմ հնչեցվելիք հարցը ուզում եմ նրան հնչեցնեմ։ Պարոն Օհանյան, սա Ձեր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն է, որովհետև այս շրջապտուտը արդեն տրամաբանությունից դուրս է։ Այսպես թե այնպես, ինքներդ էլ հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք, և որպեսզի երեքշաբթի օրերը չդառնա ղազինյանական օրեր, ձեզանից կախված քայլ արեք։ Հարգեք Ազգային ժողովի ոչ միայն ձեր գործընկերներին, այլև կանոնակարգ օրենքը»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն էլ ասաց․ «Հայաստան» դաշինքը հոլեբլյանական 10-րդ անգամ պիտի ներկա լիներ նիստին»։  Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։  
12:04 - 02 նոյեմբերի, 2021
Տեղական հանրաքվեներ՝ համայնքների խոշորացումից առաջ․ ի՞նչ են սահմանում օրենքներն ու ՍԴ որոշումը

Տեղական հանրաքվեներ՝ համայնքների խոշորացումից առաջ․ ի՞նչ են սահմանում օրենքներն ու ՍԴ որոշումը

Ընդդիմությունը վիճարկում է համայնքների խոշորացման նոր նախագծի սահմանադրականությունը Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով առաջարկվում է 441 համայնքների միավորմամբ ձևավորել 37 խոշորացված համայնք։ Վարչատարածքային նոր փոփոխություններից հետո Հայաստանում կլինի 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք, որոնք չեն խոշորացվի։ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, երբ քննարկում էր կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը։  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց՝ օրակարգ է բերվել մի հարց, որն, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին։ ԱԺ-ում նախագծերի փաթեթի ընդունումից հետո ընդդիմադիր խմբակցությունները կոչ արեցին նախագահ Արմեն Սարգսյանին դիմել ՍԴ՝ ընդունված օրենքների՝ Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ճեպազրույցներից մեկում նշեց, որ փաթեթն ընդունվել է ՍԴ որոշման խախտմամբ․ «ՍԴ որոշումը՝ երեք ամիս առաջ ընդունված, ուղղակի ասում է, որ համայնքների խոշորացումն ունի կոնկրետ ձև և բովանդակություն։ Տեղական լսումներ պետք է լինեն, տեղական հանրաքվե պետք է անցկացվի կառավարության բյուջետային միջոցների հաշվին։ Դրանցից որևէ մեկը դուք տեսե՞լ եք․ չեք տեսել, որովհետև չեն արել։ Ավելի խոշոր համայնքների դեպքում ՍԴ-ն ասել էր` տեղական հանրաքվե արեք։ ՍԴ որոշումները նրա համար են, որ խստորեն պահպանվեն, ոչ թե խստորեն խախտվեն։ Իսկ խախտվելու դեպքում լինելու են քրեական հետապնդումներ»։ Նախագահը, սակայն, չդիմեց ՍԴ և ստորագրեց կառավարության հեղինակած օրենքները։ «Հայաստան» խմբակցությունը նախագծերի փաթեթը վիճարկեց ՍԴ-ում և փաթեթի գործողությունը կասեցնելու միջնորդություն ներկայացրեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ նշում է՝ ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի խոշորացման գործընթացը չշարունակվի․ «Գործընթանցերն իրենց բնական հունով կընթանան, մինչև ՍԴ-ն կկայացնի որոշումը։ Ես վստահ եմ՝ ինչ որոշում կկայացնի, բայց եթե բարձրաձայնեմ, կասեն՝ իշխանական պատգամավորը կարծիք է հայտնում ՍԴ-ում գտնվող գործի վերաբերյալ։ Ամեն դեպքում, խոշորացման գործընթացը նոր չէ, որ սկսվել է, և դրա սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել։ Այդ նույն գործընթացը շարունակվում է, ուղղակի պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին։ Տեղական հանրաքվեներ և հարցումներ եղել են, այն փաստերը, թե չեն եղել այդպիսիք, իրականությանը չեմ համապատասխանում»։   Տեղական հանրաքվեներ՝ համայնքների խոշորացումից առաջ․ պատմություն Նախ հասկանանք, թե Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախկինում ինչպես էր կարգավորվում համայնքների միացումից և բաժանումից առաջ բնակիչների կարծիքը լսելի դարձնելու հարցը։ Համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրն իրականացվեց 2016-ին։ Այդ ժամանակ ձևավորվեցին խոշորացված առաջին համայքները՝ Դիլիջանը, Թումանյանը և Տաթևը։ 2015-ին գործող Սահմանադրությամբ (ընդունվել է 2005-ին)՝ համայնքների միավորումից և բաժանումից առաջ կառավարությունը պետք է պարտադիր տեղական հանրաքվեներ նշանակեր համապատասխան համայնքներում, և հանրքավեների արդյունքները պետք է կցվեին կառավարության՝ վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը (Հոդված 110)։ Այն ժամանակ գործող «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանվում էր, որ կառավարության նշանակած տեղական հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին (Հոդված 21)։ Այդ տեղական հանրաքվեների արդյունքները, սակայն, ունեին խորհրդատվական բնույթ․ համայնքները կարող էին խոշորացվել՝ անկախ հանրաքվեների արդյունքներից։ 2015-ի վերջին Դիլիջանի, Տաթևի և Թումանյանի կազմում միավորվող համայնքներում անցկացվեցին տեղական հանրաքվեներ (հանրաքվեների արդյունքների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո համայնքների միավորումից և բաժանումից առաջ տեղական հանրաքվեների անցկացումն արդեն պարտադիր չէր։ Սահմանադրության 190-րդ հոդվածում նշվում է հետևյալը․ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ 2016-ի օրենսդրական փոփոխություններով ուժը կորցրած ճանաչվեց «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, ըստ որի՝ համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Միայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 94-րդ հոդվածով սահմանվում էր, որ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում այդ համայնքների ղեկավարներն իրավունք ունեն ԱԺ ներկայացնելու միավորման կամ բաժանման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ ԱԺ-ում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ: 2016-ին և 2017-ին համայնքների խոշորացման երկու ծրագիր իրականացվեց։ Խոշորացվող համայնքներում տեղական հանրաքվեներ չանցկացվեցին, քանի որ օրենքն այլևս չէր պարտադրում հանրաքվեների անցկացումը։ 2018-ին՝ նոր կառավարության ձևավորումից հետո, ընդունվեց «Տեղական հանրաքվեի մասին» նոր օրենք։ Այս օրենքը, ինչպես նախորդը, սահմանում էր, որ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը և համայնքի ղեկավարը: 2019-ին օրենքում փոփոխություններ կատարվեցին։ Սահմանվեց, որ երբ կառավարությունը համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնում, համապատասխան համայնքների բնակիչները կարող են նախաձեռնել տեղական հանրաքվեներ, որոնք, ինչպես մինչև 2015-ի սահմանադրական փոփոխությունները գործող կարգավորումների ժամանակ, ունեն խորհրդատվական բնույթ։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ևս մի փոփոխություն կատարվեց։ 2018-ին ընդունված օրենքն ասում էր․ «Համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին» (Հոդված 8)։ 2019-ի օրենսդրական փոփոխություններով սահմանվեց, որ համայնքի ղեկավարը կարող է մերժել տեղական հանրաքվեի անցկացումը նաև այն դեպքում, եթե չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Նոր փոփոխություններով նաև սահմանվեց, որ  կառավարության՝ համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում տեղական հանրաքվե կարող են նախաձեռնել տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող և մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք: 2019-ի փոփոխություններով, փաստորեն, վերականգնվեց համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Սակայն եթե նախկինում այդ հանրաքվեները պարտադիր էին, ապա այժմ կարող են անցկացվել միայն բնակիչների նախաձեռնությամբ։ Իսկ տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի միջոցների հաշվին (Հոդված 13): Եթե համայնքի բյուջեում չկան համապատասխան միջոցներ, համայնքապետը կարող է մերժել հանրաքվեի անցկացումը։ Ինչ վերաբերում է Հերիքնազ Տիգրանյանի պնդմանը, թե խոշորացվող համայնքներում տեղական հանրաքվեներ և հարցումներ եղել են, պատգամավորը սխալվում է։ Կառավարության հեղինակած օրենսդրական վերջին փաթեթի հրապարակումից հետո որևէ խոշորացվող համայնքում տեղական հանրաքվե անցկացնելու համար նախաձեռնող խմբի ստեղծման մասին հայտարարություն չի եղել։ Իսկ խոշորացումից առաջ տեղական հանրաքվե, հիշեցնենք, կարող են նախաձեռնել միայն տվյալ համայնքների բնակիչները։ Կառավարությունն e-draft հարթակում իր ներկայացրած նախագծերում (1, 2) հայտնել է միայն հետևյալը․ «Միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների  հետ (նաև բնակիչների հետ` «Town Hall» ձևաչափով) կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահե Ղալումյանն էլ ԱԺ-ում փաթեթի քննարկումից առաջ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցել են պատգամավորներ, գործադիրի, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։   ՍԴ որոշումը՝ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Արամ Վարդևանյանը և «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ, խոսելով վարչատարածքային փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթի՝ Սահմանադրությանը հակասելու մասին, հղում են անում ՍԴ որոշումներից մեկին։ 2021-ի գարնանը ՍԴ դիմում էին ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Նոր Հաճն համայնքների ղեկավարները։ Վերջիններիս դիմումի հիման վրա՝ ՍԴ-ն պետք է որոշեր «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի հետևյալ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը․ 4-րդ հոդվածի 1.1-ին մաս- Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ: 6-րդ հոդվածի 2-րդ մաս- Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք: 8-րդ հոդվածի 1-ին մաս- Սույն օրենքի 7-րդ, 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին, կամ չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Համայնքի ղեկավարի` հանրաքվեի նշանակումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Դիմողները, փաստորեն, վիճարկում էին օրենքով կարգավորվող հետևյալ հարցերի սահմանադրականությունը․ համայնքի ղեկավարը համայնքների միավորումից կամ բաժանումից առաջ չի կարող տեղական հանրաքվե նախաձեռնել, համայնքների խոշորացումից առաջ նախաձեռնված հանրաքվեն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով և բյուջեում համապատասխան միջոցների բացակայության դեպքում կարող է մերժվել։ «Չի նախատեսվել օրենսդրական կարգավորում առ այն, որ տեղական հանրաքվեի նախաձեռնման դեպքում Կառավարությունն առնվազն պետք է կասեցնի համայնքների միավորման կամ բաժանման օրենսդրական նախաձեռնության հետագա ընթացքը մինչև տեղական հանրաքվեի արդյունքները ստանալը։ Արդյունքում Կառավարությունը, ծանուցելով համայնքին, որ նախաձեռնել է համայնքների միավորման կամ բաժանման օրենսդրական նախաձեռնություն, կարող է այդ իրավական ակտի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով, նույնիսկ այն ճանաչել անհետաձգելի, իսկ Ազգային ժողովն էլ իր հերթին սահմանված կարգով այն քննարկել և ընդունել՝ առանց սպասելու տեղական հանրաքվեի արդյունքներին՝ փաստորեն, խախտելով համայնքներին լսելու պահանջը»,- նշում էր բողոքող կողմը։ Պատասխանող կողմը (Ազգային ժողովի ներկայացուցիչ) ներկայացրել էր հետևյալ դիրքորոշումները․ Համայնքների միավորման կամ բաժանման նախաձեռնության դեպքում համայնքի ղեկավարի՝ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքով միայն համայնքի բնակչությանն օժտելը չի հակասում Սահմանադրությանը, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ համայնքի ղեկավարն իրավունք ունի իր գրավոր կարծիքը ներկայացնելու Ազգային ժողով։ Կարգավորումը, ըստ որի՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվեի նշանակումը մերժվում է, չի հակասում Սահմանադրությանը, քանի որ տեղական հանրաքվեի անցկացումը համայնքի բնակիչների կարծիքի վերհանման օրենսդրորեն ամրագրված մեխանիզմներից միայն մեկն է, որի իրականացման անհնարինության դեպքում համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ համայնքի բնակիչների համաձայնությունը կամ անհամաձայնությունը կարող է արտահայտվել նաև հանրային լսումների ընթացքում առաջարկություններով և նախաձեռնություններով հանդես գալու միջոցով։ Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին համայնքների ղեկավարներին պաշտոնապես ծանուցելու, իսկ վերջիններիս կողմից էլ համայնքի բնակիչներին իրազեկելու դեպքում նախաձեռնող խմբի ձևավորումը ենթադրում է համայնքի բնակիչների կողմից տվյալ հարցի կապակցությամբ տեղական հանրաքվե նախաձեռնելու մասին, և այդպիսի գործընթացի առկայությունն արդեն իսկ հիմք է տալիս կառավարությանը նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մտցնելը կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի դրա քննարկման ժամանակ նախագծին կից ունենալ նաև հանրաքվեի արդյունքները։ ՍԴ-ն, ուսումնասիրելով հարցը, եկել է հետևյալ եզրահանգումներին։ 2019 թվականի փոփոխություններով, ի թիվս այլնի, օրենսդիրը նեղացրել է համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, և դրանից դուրս են մնացել տեղական ինքնակառավարման մարմինները։ Թեև համայնքի բնակիչները զրկված չեն խնդրո առարկա հարցով տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իրենց կամահայտնությունն արտահայտելու հնարավորությունից, սակայն օրենսդրական այդ կառուցակարգն առավել բարդ և ժամանակատար է ինչպես բնակիչների, այնպես էլ այդ գործընթացում ներգրավված իրավասու մարմինների համար (անհրաժեշտ է գրանցել նախաձեռնող խումբ, օրենքով սահմանված ժամկետներում հավաքել անհրաժեշտ թվով բնակիչների ստորագրություն, ստուգել դրանց վավերականությունը և այլն): Վերջին հանգամանքը գործնականում անխուսափելիորեն նվազեցնում է խնդրո առարկա հարցով տեղական հանրաքվե անցկացնելու հավանականությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում շահագրգիռ համայնքների բնակիչների կարծիքի լսելիությունն ապահովելու վրա։ Հանրային լսումների և քննարկումների կազմակերպման կառուցակարգը կարող է արդյունավետ լինել համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում շահագրգիռ համայնքների բնակիչների կարծիքն ԱԺ-ում լսելի դարձնելու նպատակով այն վեր հանելու համար հիմնականում այն դեպքում, երբ համայնքի բնակիչների թիվը համեմատաբար փոքր է։ Սակայն մեծաթիվ բնակչություն ունեցող համայնքների պարագայում միայն հանրային լսումները կամ քննարկումները չեն կարող տալ բնակիչների օբյեկտիվ կարծիքը վեր հանելու իրական հնարավորություն։ Փաստորեն, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց կողմից նախաձեռնող խումբ չձևավորվելու պայմաններում առանձին դեպքերում առկա չէ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում համայնքների բնակիչների կարծիքը վեր հանելու իրական հնարավորություն, որպիսի պայմաններում ԱԺ-ի կողմից համայնքների կարծիքը լսելը վերածվում է սոսկ հռչակագրային բնույթ ունեցող պահանջի: Այն դեպքում, երբ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի գնահատմամբ առկա չեն այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ համայնքների կարծիքը վեր հանելու այլ արդյունավետ կառուցակարգեր, նախաձեռնվող տեղական հանրաքվեի ֆինանսավորումը պետք է կատարվի պետության կողմից այն դեպքում և այնքանով, որքանով համայնքի բյուջեում բացակայում են տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կամ առկա միջոցները բավարար չեն համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար: Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ Ազգային ժողովում համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի կասեցման հարցին չի անդրադարձել, քանի որ, ինչպես նշում է ՍԴ-ն, այդ հարցը վերաբերում է Ազգային ժողովի գործունեության կազմակերպմանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորման շրջանակում է։ Համայնքապետերը, հիշեցնենք, ՍԴ էին դիմել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի մի քանի հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու  համար։ Այսպիսով, ՍԴ-ն կայացրել է հետևյալ որոշումները․  «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չեն ապահովում համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ նույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո տեղական հանրաքվեի նշանակումն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության հիմքով համայնքի ղեկավարի կողմից մերժման ենթակա լինելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը՝ համայնքի բյուջեում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ այդ միջոցների անբավարարության դեպքում համապատասխան ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարելը չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։ Նշենք, որ Սահմանադրության 179-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է․  «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»: Իսկ 190-րդ հոդվածը սահմանում է․ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ ՍԴ երկու դատավորներ՝ Աշոտ Խաչատրյանը և Արթուր Վաղարշյանը, հատուկ կարծիքներ են ներկայացրել։ ՍԴ երկու դատավորներն էլ նշել են (1, 2), որ համայնքապետերի դիմումի հիման վրա «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի մի քանի հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը ենթակա էր կարճման: Ամփոփելով նշենք, որ համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվեներ անցկացնելու պահանջն առաջին անգամ հանվել է դեռևս 2015-ին, իսկ 2016-ի ու 2017-ի խոշորացման ծրագրերից առաջ տեղական հանրաքվեներ չեն անցկացվել։ Այդ ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար էր դաշնակցական Դավիթ Լոքյանը։ Այժմ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Դաշնակցությունն», ի դեպ, սկզբում դեմ էր համայնքների խոշորացմանը և կառավարության 2015-ի օրենսդրական նախաձեռնությանը դեմ քվեարկեց։ Կուսակցությունը, սակայն, հետագայում սկսեց աջակցել համայքների խոշորացման գործընթացին։ 2016-ին Տարածքային կառավարման նախարար նշանակվեց Դավիթ Լոքյանը, իսկ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն ու Հայաստանի հանրապետական կուսակցությունը կոալիցիա կազմեցին։  Վերադառնալով «Տեղական հանրաքվեի մասին» օրեքին․ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի՝ վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավական ուժը կորցնում է ՍԴ որոշման՝ ուժի մեջ մտնելու պահից։ Բացառություն են այն դեպքերը, երբ ՍԴ-ն, ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշմամբ հետաձգում է այդ ակտի իրավական ուժը կորցնելը: ՍԴ-ն իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի մի քանի հոդվածներ։ ՍԴ որոշումից հետո, սակայն, կառավարությունն այս օրենքում փոփոխություններ չի նախաձեռնել։ Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի  66-րդ հոդվածն ասում է, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո` ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, կառավարությունը ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը և ԱԺ ներկայացնելը: Համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթը հակասո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ՝ հստակ նշել չենք կարող։ ՍԴ-ն ԱԺ-ում համայնքների խոշորացման կասեցման հարցին չի անդրադարձել, քանի որ այդ հարցն այլ օրենքի կարգավորման շրջանակում է։ «Հայաստան» դաշինքի՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմումը ՍԴ մուտքագրվել է, սակայն դատարանի որոշումը դեռևս չի հրապարակվել։  Նշենք միայն, որ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 31.-րդ հոդվածի՝ գործը քննության ընդունելուց հետո ՍԴ-ն դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար: Աննա Սահակյան
22:28 - 01 նոյեմբերի, 2021
Կրթական նախագծերը՝ «ԴիջիԹեք-2021»-ում

Կրթական նախագծերը՝ «ԴիջիԹեք-2021»-ում

Հոկտեմբերի 29-31-ը՝ մեկ տարվա դադարից հետո, անցկացվեց «ԴիջիԹեք-2021» ամենամյա ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ։ Ցուցահանդեսը կազմակերպել էր «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»։ Infocom-ը պատմում է ցուցահանդեսում ներկայացված կրթական նախագծերից մի քանիսի մասին։   «Uteach»․ հարթակ դասավանդողների համար «Uteach»-ը դասավանդման հարթակ է հեռավար կրթություն իրականացնող դասավանդողների համար։ Դասավանդողները հարթակի միջոցով կարող են ստեղծել իրենց սեփական կայքը, որոշել կայքի դիզայնը, ինչի համար տեխնիկական գիտելիքներ  չեն պահանջվում։  «Uteach»-ը հնարավորություն է տալիս կայքում ստեղծելու վիդեոդասեր, կազմելու թեստեր, որոնց ստուգումն ավտոմատ է իրականցվում, գեներացնելու սերտիֆիկատներ ուսանողների համար։ Դասավանդողները կարող են նաև լայվ դասեր անցկացնել։ Դասընթացների համար վճարները ևս իրականացվում են «Uteach»-ի միջոցով։  Լուսանկարը՝ «Uteach»-ի ֆեյսբուքյան էջից Բացի հեռավար դասերից՝ «Uteach»-ը նաև բլոգ վարելու հնարավորություն է տալիս։ Այս պահին կրթական հարթակի մոբայլ հավելված ստեղծելու աշխատանքներ են իրականացվում։  Ավելի քան 10 հոգանոց թիմ ունեցող «Uteach»-ը որոշել է միջազգային հարթակ դուրս գալ և  հայկական արտադրանքն այնտեղ ներկայացնել։   «Թումո լաբեր»․ անվճար կրթություն՝ 18 տարեկանից բարձր անձանց համար ԵՄ Թումո համալիրի «Թումո լաբեր» (Tumo labs) կրթական ծրագրին կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձինք և շաբաթը 7 օր՝ օրը 24 ժամ, անվճար կրթություն ստանալ։ «Թումո լաբերում» կրթությունը ենթադրում է ուղղորդված ինքնուսուցում և նախագծային ուսուցում։ Ուղղորդված ինքնուսուցման դեպքում դիմողները հաշիվ են բացում, ընտրում, թե ինչ պիտի սովորեն (JavaScript, Python, մեքենայական ուսուցում և այլն), և ստանում դասընթացների ցանկ, որի օգնությամբ սովորում են նախընտրած ուղղությունը։  «Թումո լաբեր»-ը հայկական («Krisp») և արտասահմանյան («SpaceChain», SAP) ՏՏ ընկերությունների, ինչպես  նաև համալսարանների հետ գործնական նախագծեր է իրականացնում։ Այս նախագծերին դիմած ուսանողները 3-6 ամիս աշխատում են գործնական նախագծերի վրա և «Թումո լաբեր»-ի հետ համագործակցող ընկերություններում աշխատանքի անցնելու  հնարավորություն ստանում։  Լուսանկարը՝ TUMO Labs ֆեյսբուքյան էջից «Թումո լաբեր»-ի և «Օգնի» (Oqni) ընկերության համատեղ նախագծի ընթացքում ուսանողները ստեղծում են մեխանիկական ու բիոնիկ պրոթեզներ: Մեխանիկական պրոթեզների նախատիպերն արդեն կան, այս պահին աշխատանքներ են տարվում բիոնիկ պրոթեզների ուղղությամբ։ «Թումո լաբերի» ուսանողների խմբերից մեկն էլ Ագրարային համալսարանի հետ  ջերմոցների ջրային մատակարարման ավտոմատ համակարգ է ստեղծել։   «42 Երևան»․ ծրագրավորման անվճար դպրոց  ԵՄ Թումո համալիրի մեկ այլ նախաձեռնություն է «42 Երևան» ծրագրավորման դպրոցը: Դպրոցում չկան դասավանդողներ, այստեղ գործում է «ընկերն ընկերոջ հետ» ուսումնական մեթոդը։ «42 Երևան» հաճախող ուսանողներն ընտրում են ազատ համակարգիչ, մուտք են գործում ծրագիր, ինքնուրույն աշխատում են տարբեր նախագծերի վրա և սովորում են ծրագրավորում։ Հարցեր ունենալու դեպքում նրանք դիմում են մյուս ուսանողներին։ Քանի որ մասնակիցների մեջ կան և՛ սկսնակներ, և՛ արդեն փորձ ունեցող ծրագրավորողներ, որոնք ցանկանում են գիտելիքները խորացնել, ուսանողները, միմյանց օգնելով, գտնում են իրենց հարցերի պատասխանները։ «42 Երևան» ծրագրավորման դպրոցում սովորելու համար նախ պետք է անցնել ընտրության փուլը, որը տևում է մեկ ամիս։ Ընտրության փուլը հաջող անցնելուց հետո սկսվում է հիմնական փուլը, որի ընթացքում նաև տարբեր կազմակերպություններում փորձաշրջան անցնելու հնարավորություն կա։   «Mamble labs»․ տեսականից՝ գործնականի անցում ՏՏ ոլորտում Հայկական «Mamble» կազմակերպության «Mamble labs» կրթական ծրագրի նպատակը ՏՏ ոլորտի կադրեր պատրաստելն է։ Ծրագրին դիմելու տարիքային սահմանափակումներ չկան․ միակ պահանջը ՏՏ ոլորտի բազային և ընտրված մասնագիտության տեսական գիտելիքներ ունենալն է: Ծրագրի ընթացքում դիմողները «Mamble labs»-ում երեք ամիս փորձաշրջան են անցնում, որի ընթացքում մենթորների գլխավորությամբ աշխատում են «Mamble»-ի ներքին նախագծերի վրա։  Լուսանկարը՝ «Mamble»-ի ֆեյսբուքյան էջից Փորձաշրջանին (internship) հաջորդում է juniorship-ի մեկամյա ծրագիրը, որի ընթացքում ուսանողներն աշխատում են «Mamble»-ի գործընկեր կազմակերպությունների նախագծերի վրա: «Mamble labs»-ը  փնտրում է այնպիսի գործընկերների, որոնք իրենց որոշ նախագծերի իրականացումը կվստահեն փարձաշրջան անցնողներին։ Դրանք կարող են լինել նախագծեր, որոնք, օրինակ,  տվյալ կազմակերպությունը չի հասցնում իրականացնել սեփական ռեսուրսներով: Աշխատանքի որակը չի ընկնում, քանի որ «Mamble labs»-ում փորձաշրջան անցնողների հետ աշխատում են ավագ մասնագետ-մենթորները։ Ուսանողներն իրենց աշխատանքի համար վարձատրվում են, իսկ ծրագիրն ավարտելուց հետո «Mamble»-ի և գործընկեր կազմակերպությունների գրասենյակում աշխատանքի անցնելու հնարավորություն ստանում։ Գլխավոր լուսանկարը՝ DigiTec ֆեյսբուքյան էջի Աննա Սահակյան
20:20 - 31 հոկտեմբերի, 2021
Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է․ Հարություն Ղարագյոզյան

Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է․ Հարություն Ղարագյոզյան

Նոյեմբերի 14-ին Ստեփանավանում սպասվող ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը։ Վերջինս, Infocom-ի հետ զրույցում խոսելով քարոզարշավի մասին, պատմում է, որ այն ընթանում է խաղաղ ու հանգիստ․ «Ներկայացնում ենք մեր ծրագրերը ու գաղափարները, կետ առ կետ լուսաբանում ենք այն, ինչ ներառված է մեր ծրագրում։ Բակային հանդիպումներ ենք ունենում բնակչության հետ, նրանք իրենց հարցերն են առաջ քաշում, մենք որքանով կարողանում ենք, պատասխանում ենք հարցերին»։ Ստեփանավանի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը, Ղարագյոզյանի կարծիքով, աշխատատեղերի ստեղծումն է․ «Մեր նախընտրական ծրագրում ունենք մի քանի կետեր, քիչ գրել ենք, շատ պետք է անենք, բայց առաջնահերթ և առաջնային խնդիր այստեղ աշխատեղերի հարցն է, որը շատ լուրջ է։ Ես յոթ կետից բաղկացած ծրագիր եմ ներկայացրել, ծրագրում ամեն ինչ գրված է՝ քաղաքաշինություն, կրթություն, սպորտ, մշակույթ, կանաչապատում, տուրիզմ․ այս ամեը նշված ունենք, բայց եթե մարդը չունենա աշխատելու ունակություն, սոցիալապես անապահով վիճակում գտնվի, նա ինչպե՞ս կարող է բարեկեցիկ կյանքից օգտվել։ Ինչ ուզում ես կառուցի, այդ մարդու «աչքը չի գալու», եթե տանը ունի սոցիալական խնդիր, ապրելու խնդիր, աշխատելու խնդիր»։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես են աշխատատեղեր ստեղծելու Ստեփանավանում, Ղարագյոզյանը հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, գործարաններ ունի, կարող են այդ գործարանների մասնաճյուղերը նաև Ստեփանավանում բացել․ «Ստեփանավանը կունենա այն գործարանների մասնաճյուղերը, որոնք այսօր Գագիկ Ծառուկյանն ունի Աբովյանում։ Օրինակ, սրբիչի գործարանը, կարի արտադրամասերը, որոնք Ստեփանավանում եղել են և կվերականգնվեն։ Մեր ղեկավարի միջոցներով քաղաքում կլինեն այդպիսի աշխատատեղեր։ Ստեփանավանում նաև տուրիզմը կարող է զարգանալ, մեր կլիման, բնական ռեսուրսները այդ հնարավորությունը տալիս են։ Գագիկ Ծառուկյանը գործարարների միջոցով կարող է մեծ ներդրումներ բերել, ինչի արդյունքում քաղաքում կստեղծվեն մշակութային վայրեր, սրճարաններ և այլն»։ Համայնքապետի թեկնածուն կարծում է, որ Աշոտաբերդ թաղամասում առկա խնդիրը կարող է լուծվել բարերարների և կառավարության համատեղ աջակցությամբ․ 1988 թ․-ի երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած քաղաքացիներին Աշոտաբերդ թաղամասում փայտաշեն տներ են հատկացվել։ Դրանք, բնակիչների խոսքով, տրամադրվել են 5-7 տարի ժամկետով, սակայն մարդիկ այնտեղ ապրում են 30 տարուց ավելի։ 2018 թ․-ին բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 3 հոգի էր մահացել, ավելի վաղ ևս մեկ տարեց բնակիչ էր հրդեհի զոհ դարձել։ Բնակիչների խոսքով՝ պատճառը փայտաշեն տների վատ վիճակն է։ «Աշոտաբերդ թաղամասում 24 շենք է՝ 1024 փաստացի բնակիչով։ Պետք է այս մարդկանց համար կառուցվեն բազմաբնակարան շենքեր։ Պետք է հասնել նրան, որ պետական բյուջեի միջոցներով ներդրում արվի՝ կլինի 10%, 20%, 30%, 40% , իսկ մնացած մասը բարերարների աջակցությամբ կարող է արվել։ Մենք հնարավորություն ունենք դրսից ներդրում անելու մեր քաղաքում։ Կան մարդիկ, որ պատրաստ կանգնած են և յուրաքանչյուր պահի կարող են օգնել, եթե, իհարկե ժողովրդի վստահությունը ստանանք»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բարերարների հետ նախնական պայմանավորվածություններ արդեն ունեն, և նրանք խոստացել են մարդկանց բնակարաններով ապահովել։ Ստեփանավանի օդանավակայանի վերաբերյալ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում որևէ կետ ներառված չէ։ Ղարագյոզյանը մեր զրույցում ասում է, որ օդանավակայանի գործարկումը միայն բարերարների աջակցությամբ հնարավոր չէ, պետք է դրսից ներդրումներ արվեն։ Արմանիսի հանքավայրի շահագործման հարցն էլ, Ղարագյոզյանի պատկերացմամբ, պետք է մասնագետների միջոցով որոշվի։ Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ հանքի շահագործումը կարող է վնաս պատճառել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, ապա այն միանշանակ չպետք է աշխատի։ «Նախկինում Ստեփանավան համայնքից մոտ 400 հոգի հանքում աշխատում էին, բայց մենք չպետք է նայենք միայն աշխատատեղին։ Եթե այդ 400 մարդը պետք է աշխատի, բայց կարող է վնաս պատճառվի 10.000 մարդու, բնականաբար չպետք է աշխատի, ինչի՞ մասին է խոսքը»։ Հավելենք, որ Ստեփանավանի բնակիչները բազմիցս ահազանգել են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր։  Ստեփանավանում նոյեմբերի 14-ին սպասվող ընտրություններին մասնակցելու է 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստանը»՝ Հարություն Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Ընտրություններին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսը․ նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը։  2020 թ․-ի օգոստոսին Ստեփանավան համայնքի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարական էին տվել, ինչից հետո ավագանու մյուս անդամները նիստ էին գումարել և արձակված էին համարել ավագանին։ Արտակարգ, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ստեփանավանում ավագանու արտահերթ ընտրություններ չէին նշանակվել։     Նանե Ավետիսյան
18:15 - 30 հոկտեմբերի, 2021
Միջազգային իրավունքն անտեսող զավթիչների հետ նրանց պայմաններով համաձայնություն կնքելը պետական դավաճանություն է․ Արա Պապյան

Միջազգային իրավունքն անտեսող զավթիչների հետ նրանց պայմաններով համաձայնություն կնքելը պետական դավաճանություն է․ Արա Պապյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը այսօր՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում ստորագրել երկու փաստաթուղթ։ «Այդ փաստաթղթերով Նիկոլ Փաշինյանը ամրագրելու է մեր ժամանակավոր պարտությունը, դե յուրե Ադրբեջանին է հանձնելու Արցախը, ստեղծելու է Արդբեջանը Թուրքիայի հետ կապելու անվերահսկելի հնարավորություն, ինչպես նաև լրջագույն հարված է հասցնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավական հիմքերին»։   Արա Պապյանն ընդգծեց, որ իր նշած փաստաթղթերը ստորագրելու համար առ այսօր չկա որևէ հստակեցված իրավական հիմք․ «ՍՍՀՄ վարչատարածքային սահմանները ոչ մի դեպքում չեն կարող հիմք հանդիսանալ միջպետական օրինական սահմանների համար։ Նման հիմք չի կարող լինել «Վարչատարածքային բաժանման մասին» 1995 թ․-ի նոյեմբերի 7-ի օրենքը։ Միջպետական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե ներպետական օրենսդրությամբ, այլ միջազգային իրավունքով։ Միջազգային իրավունքի դաշտում ՀՀ սահմանների վերաբերյալ կա երկու օրինական և իրավական անդրադարձ․ հայ-թուրքական սահմանի առումով դա Վուդրո Վիլսոնի 1920 թ․-ի նոյեմբերի 22-ի իրավարար վճիռն է, որին նախորդում է Սևրի պայմանագիրը, իսկ հայ-ադրբեջանական սահմանների առումով՝ Ազգերի լիգայի խորհրդի ՀՀ սահմանները որոշող հանձնախմբի 1920 թ․-ի փետրվարի 24-ի զեկույցը»։ Նա նաև նշեց, որ որևէ անձ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, իրավունք չունի միանձնյա որոշել Հայաստանի Հանրապետության տարածքին վերաբերող որևէ հարց։ Նման հարցերը, նրա խոսքով,  կարող են քննարկման առարկա դառնալ միայն համապետական հանրաքվեի ժամանակ։ Պապյանը հավելեց՝ եթե Թուրքիան և Ադրբեջանը իրականում ցանկանում են, որ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն և կայունություն, ապա պետք է Հայաստանի հետ միասին սահմանների հստակեցման հայցով դիմեն Արդարադատության միջազգային դատարան։ Այդ հայցով պետք է վճռվեն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան օրինական սահմանները։ Մինչդեռ, Պապյանի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ոչնչացման քաղաքականությունն են առաջ տանում․ «Միջազգային իրավունքն անտեսող այս զավթիչների հետ նրանց պայմաններով համաձայնություն կնքելը պետական դավաճանություն է, որը պատժվելու է խստագույնս, երբ Հայաստանում կհաստատվի ազգային օրինական իշխանությունը»։
16:43 - 30 հոկտեմբերի, 2021
Ստեփանավանում զբոսաշրջության զարգացումը առաջնահերթություն է․ դա կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը․ Արմեն Գրիգորյան

Ստեփանավանում զբոսաշրջության զարգացումը առաջնահերթություն է․ դա կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը․ Արմեն Գրիգորյան

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այս տարվա նոյեմբերի 14-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանն իր թիմի հետ սկսել է քարոզարշավը, ասում է՝ ընտրություններում հաղթելու ակնկալիք ունեն։ Վստահությունը, նրա խոսքով, պայմանավորված է կատարված աշխատանքով․ «Տրամադրված ենք միայն և միայն ծառայելու ի շահ համայնքի, ի շահ մեր բնակիչների։ Արդեն իսկ մի տարի է՝ համայնքապետի պաշտոնակատար եմ, և այդ ընթացքում ահագին ծրագրեր ենք կյանքի կոչել, որոշ բաներ ավարտվել են, որոշ բաներ ավարտական փուլում են»,- ասում է նա՝ հավելելով, որ ճանապարհների բարեկարգման, կապիտալ, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումներ են իրականացրել։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ ճանապարհաշինությունը կարևոր նախապայման է զբոսաշրջության զարգացման համար․ «Զբոսաշրջության ակտիվության հետ կապված նաև աշխատատեղեր կստեղծվեն։ Աշխատատեղերն առաջնային կարևորություն ունեն․ այստեղ մենք չունենք մեծ գործարաններ, արտադրություններ, դրա համար որոշել ենք զբոսաշրջությանը առաջնայնություն տալ, դրանով էլ պայմանավորված է ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների զարգացումը»։ Համայնքապետի թեկնածուն հրատապ է համարում նաև Աշոտաբերդ թաղամասում առկա խնդիրների լուծումը․ 1988 թ․-ի երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած քաղաքացիներին Աշոտաբերդ թաղամասում փայտաշեն տներ են հատկացվել։ Փայտաշեն տները, բնակիչների խոսքով, տրամադրվել են 5-7 տարի ժամկետով, սակայն մարդիկ այնտեղ ապրում են 30 տարուց ավելի։ 2018 թ․-ին բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով 3 հոգի էր մահացել, ավելի վաղ՝ ևս մեկ տարեց բնակիչ էր հրդեհի զոհ դարձել։ Բնակիչների խոսքով՝ պատճառը փայտաշեն տների վատ վիճակն է։ Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ ուսումնասիրել են խնդիրը, կառավարության հետ նախնական որոշ համաձայնություններ են ձեռք բերել, և նպատակ ունեն կառավարության աջակցությամբ լուծել խնդիրը․ «296 բնակարան ունենք, որից տվյալ պահին 168-ն են համարվում պետական։ Մյուս դեպքերում բնակարանները կա՛մ գնել են, կա՛մ վերավաճառել։ Պետությունը չի կարող երկու դեպքերում էլ միանման մոտեցում ցուցաբերել»,- ասում է նա՝ հավելելով, որ պետությունը պարտավորություն ունի այն մարդկանց նկատմամբ, որոնք երկրաշարժի հետևանքով են հայտնվել փայտաշեն տնակներում։ Նրա կարծիքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում կկարողանան բնակարաններով ապահովել աղետից տուժած ընտանիքներին։ Անդրադառնալով Ստեփանավանի օդանավակայանի գործարկման հնարավորություններին՝ Գրիգորյանը պատմում է, որ նախնական ծրագիր ունեն, որը մոտ ապագայում կյանքի կկոչվի․ «Չեխիայից ներդրողներ կան, որոնց հետ բանակցել ենք, ուզում ենք փոքր, տուրիստական ինքնաթիռների արտադրություն սկսել։ Արդեն իսկ կա առաջարկը, որ փորձ ունեցող 6-7 մասնագետների (զոդող և այլն) ուղարկենք Չեխիայում վերապատրաստման։ Չեխական կողմի շահերից էլ է բխում, որ օդանավակայանը գործի, որտեղ իրենց փոքր ինքնաթիռների փորաձարկումները կլինեն։ Կառավարության հետ  նույնպես քննարկումներ կան, մեր շահն էլ առաջնային նրանում է, որ օդանավակայանը վերանորոգվի և գործարկվի»։ Գրիգորյանը հավելում է, որ չեխական կողմի հաշվարկներով՝ այս ծրագրի իրականացման դեպքում Ստեփանավանում մինչև 100 աշխատատեղ կստեղծվի։ Շարունակելով օդանավակայանի թեման՝ նա նշում է, որ ՄԱԿ-ի UNDP-ի հետ համատեղ Ստեփանավանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային կից ֆակուլտետ է բացվելու, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան սովորել ավիացիային առնչվող մասնագիտություններ․ «Տեղը հատկացրել ենք, ավարտվել են շինարարական աշխատանքները, երեք լսարան ենք հատկացրել, նույնիսկ մինչև տարեվերջ կարող է գործի։ Այստեղ կարող են ուսանել ավիացիային առնչվող մասնագիտություններ»։ Խոսելով Արմանիսի բազմամետաղային հանքավայրի մասին՝ Գրիգորյանը նշում է, որ հանքը այս պահին չի աշխատում, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, հանքավայրի պատասխանատուներն էլ վստահեցրել են, որ նոր տեխնոլոգիաներ են կիրառելու․ «Իմ մոտեցումը լինելու է այսպես․ եթե լրիվ միջազգային չափանիշներին կհամապատասխանեցվի, մենք թույլ կտանք գործարկումը, չէ՝ ամբողջ համայնքով դեմ կկանգնենք և թույլ չենք տա։ Եթե բնապահպանական խնդիրներ պետք է առաջանան, միանշանակ դեմ կլինենք։ Ամեն դեպքում պետք է այդ համեմատականը դնենք, թե ինչքանով է գործելու, ինչ վնաս կհասցնի զբոսաշրջությանը, և դրա դիմաց ինչ ենք ստանալու։ Եթե տեսնենք, որ կան վնասներ, դեմ կլինենք»։ Հավելենք, որ Ստեփանավանի բնակիչները բազմիցս ահազանգել են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր։  Ամփոփելով զրույցը՝ Գրիգորյանը ընդգծում է, որ ստեփանավանցիներն են որոշելու՝ ում պետք է ընտրեն, և վստահեցնում, որ իրենք պատրաստ են աշխատել․ «Շատ բաներ կարելի է կյանքի կոչել։ Իմ կարծիքով՝ ժողովուրդը շատ ըմբռնումով կմոտենա այդ ամենին և նաև իմ՝ տարբեր կառույցներւմ երկար տարիներ աշխատելու փորձն էլ պետք է դրական ազդեցություն ունենա»։  Ստեփանավանում նոյեմբերի 14-ին սպասվող ընտրություններին մասնակցելու է 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի ներկայիս պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստանը»՝ Հարություն Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Ընտրություններին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսը․ նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը։ 2020 թ․-ի օգոստոսին Ստեփանավան համայնքի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարական էին տվել, ինչից հետո ավագանու մյուս անդամները նիստ էին գումարել և արձակված էին համարել ավագանին։ Արտակարգ, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ստեփանավանում ավագանու արտահերթ ընտրություններ չէին նշանակվել։     Նանե Ավետիսյան
17:45 - 29 հոկտեմբերի, 2021
Մարինա Խաչատրյանը սխալվում է․ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվելիս արդյունավետ են հոսպիատալացման ու մահվան դեմ և չեն կարող վարակել մարդկանց

Մարինա Խաչատրյանը սխալվում է․ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվելիս արդյունավետ են հոսպիատալացման ու մահվան դեմ և չեն կարող վարակել մարդկանց

«Առողջ հանրություն» հասարակական կամակերպության նախագահ  Մարինա Խաչատրյանը հոկտեմբերի 27-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հարց է բարձրացնում, թե ինչու է պետք պատվաստվել, եթե հիմա գերիշխում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, իսկ պատաստանյութերը նախորդ շտամի դեմ են։ Նույն գրառման մեջ Մարինա Խաչատրյանը պնդում է, թե բոլոր պատվաստվածները պատասխանատու են հիվանդության տարածման համար․ «Դուք դարձել եք հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր, ու դու՛ք եք մարդկանց վարակում։ Երբ որ սա գիտակցեք, վազելով կգնաք տուն, կմտնեք մի թաքուն տեղ ու երկու շաբաթ այդտեղից դուրս չեք գա»։  Գրառումը տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նաև հրապարակվել սունկ կայքերում։ Անդրադառնանք Խաչատրյանի պնդումներին առանձին-առանձին։   Ինչո՞ւ պատվաստվել «Դելտա» շտամի առկայության պայմաններում Նախ հասկանանք, թե ինչեր են կորոնավիրուսի տարբեր շտամերը։ Կորոնավիուսը կամ SARS-CoV-2-ը, ինչպես այլ վիրուսներ, տարածվում է՝ վարակված մարդու օրգանիզմում բազմանալով։ Բազմանալու ընթացքում վիրուսը, այսպես ասած, պատճենում է իր գենոմը (օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն), սակայն երբեմն պատահում է, որ բազմանալու ընթացքում վիրուսի գենոմում որոշ փոփոխություններ են կատարվում։ Եվ հազվադեպ է պատահում, որ վիրուսի բազմացման ընթացքում առաջացած նոր տարբերակները փոխում են վիրուսը՝ դարձնելով այն ավելի հեշտ տարածվող կամ ավելի ծանր հետևանքներ առաջացնող։ Հենց այդպիսի փոխոխության արդյունք է կորոնավիրուսի հայտնի «Դելտա» շտամը։ Երբ տարբեր երկրներում սկսեցին կիրառվել օգտագործման թույլտվություն ստացած պատվաստանյութերը, «Դելտա» շտամը դեռևս դոմինանտ չէր։ Կլինիկական փորձարկումների շրջանում պատվաստանյութերի ցույց տված արդյունավետությունը չէր վերաբերում այս շտամին։ Սակայն դա չի նշանակում, որ ներկայումս օգտագործման թույլտվություն ստացած պատվաստանյութերն անարդյունավետ են «Դելտա» շտամի դեմ։ Infocom-ը պատվաստանյութերի արդյունավետության մասին պատմող հոդվածում այս հարցին արդեն անդրադարձել է։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է․ «Տարբեր երկրներում, որտեղ դոմինանտ է «Դելտա» շտամը, հետազոտությունները ցույց են տալիս՝ ավելի քիչ է հավանականությունը, որ պատվաստված մարդիկ կհայտնվեն հիվանդանոցում»։ Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նշում է, որ ԱՄՆ-ում կիրառվող պատվաստանյութերը («Մոդեռնա», «Պֆայզեր», «Ջոնսոն և Ջոնսոնի» պատվաստանյութ) բոլոր շտամերի դեպքում (այդ թվում՝ «Դելտայի») մեծ արդյունավետություն ունեն մահվան և հոսպիտալացման դեմ, չնայած «Բետտա», «Գամմա» և «Դելտա» շտամերի դեպքում վարակի և սիմպտոմատիկ հիվանդության դեմ արդյունավետությունն ավելի քիչ է, քան «Ալֆա» շտամի դեպքում։ ԱՀԿ-ն նաև որոշ պատվաստանյութերի դեպքում ներկայացրել է, թե քանի տոկոս է արդյունավետությունը «Դելտա» շտամով վարակվելիս։ «Աստրա-Զենեկան», օրինակ, առաջին դեղաչափից հետո «Դելտա» շտամի դեպքում հոսպիտալացման դեմ ունի 71% արդյունավետություն, երկրորդ դեղաչափից հետո՝ 92%։ Ըստ «Սպուտնիկ-Վի»-ի (պավաստանյութը հաստատել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը) պաշտոնական կայքի տվյալների՝ պատվաստանյութն ունի 83․1%։ արդյունավետություն «Դելտա» շտամի դեմ։ Ըստ այս պատվաստանյութը ստեղծած Գամալեայի անվան ինտիտուտի տվյալների՝ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը Մոսկվայում 70% արդյունավետություն է ցույց տվել «Դելտա» շտամի դեմ պատաստումից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Բացի ԱՀԿ-ի և առողջապահական այլ կառույցների ներկայացրած տվյալներից՝ տարբեր շտամերի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը հասկանալու համար նաև անկախ հետազոտություններ են իրականացվում։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ «New England Journal of Medicine» գիտական ամսագրում հրապարակված հոդվածներից մեկի հեղինակներն ուսումնասիրել են Անգլիայում «Պֆայզեր» և «Աստրա-Զենեկա» պատվաստանյութերի արդյունավետությունը «Դելտա» շտամի դեպքում սիմպտոմատիկ (այսինքն՝ ախտանշաններով արտահայտված) վարակի դեմ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երկու պատվաստանյութի դեպքում էլ «Դելտա» շտամի դեմ արդյունավետությունն ավելի քիչ է, քան «Ալֆա» շտամի դեմ։ «Պֆայզերի» երկու դեղաչափն «Ալֆա» շտամի դեմ ունեցել է 93.7% արդյունավետություն, «Դելտա» շտամի դեմ՝ 88.0% արդյունավետություն։ «Աստրա-Զենեկայի» երկու դեղաչափը «Ալֆա» շտամի դեմ ունեցել է 74.5% արդյունավետություն, «Դելտա» շտամի դեմ՝ 67.0% արդյունավետություն։ Հետազոտության հեղինակները նշում են, որ «Ալֆա» և «Դելտա» շտամերի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը քիչ է տարբերվել երկու դեղաչափ ստանալուց հետո։ Այդ տարբերությունը շատ ավելի մեծ է եղել միայն մեկ դեղաչափ ստանալու դեպքում։ Քաթարում անցկացված հետազոտություններից մեկում ուսումնասիրվել է «Պֆայզեր» և «Մոդեռնա» պատվաստանյութերի արդյունավետությունը «Դելտա» շտամի դեպքում սիմպտոմատիկ և ասիմպտոմատիկ վարակի դեմ։ Հետազոտությունը ցույց է տվել հետևյալ արդյունքները․ «Դելտա» շտամի դեմ «Պգայզերի» արդյունավետությունը եղել է 64.2% առաջին դեղաչափից 14 օր անց և 53.5%՝ երկրորդ դեղաչափից 14 օր անց։ «Մոդեռնայի» արդյունավետությունը «Դելտա» շտամի դեմ եղել է համապատասխանաբար 79.0% և 84.8%։ «Դելտա» շտամով վարակված լինելու դեպքում հիվանդության ծանր ընթացքի և մահվան ելքի դեմ արդյունավետությունը երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց «Պյֆայզերի» դեպքում եղել է 89.7%, «Մոդեռնայի» դեպքում՝ 100.0%։  Հետազոտության մեջ նշվում է, որ երկու պատվաստանյութերն էլ «Դելտա» շտամի դեպքում մեծ արդյունավետություն ունեն հոսպիտալացման և մահվան դեմ, բայց պակաս արդյունավետ են վարակը կանխելու հարցում։ Մեկ այլ հետազոտություն էլ իրականացվել է Կանադայում․ ուսումնասիրել է «Պֆայզեր», «Մոդեռնա» և «Աստրա-Զենեկա» պատվաստանյութերի արդյունավետությունը։ Հետազոտությունը ցույց է տվել հետևյալ արդյունքները․ «Դելտա» շտամի դեպքում սիմտպոմատիկ վարակի դեմ առաջին դեղաչափից հետո «Մոդեռնան», «Աստրա-Զենեկան» և «Պֆայզերն» ունեցել են համապատասխանաբար 70%, 68% և 57% արդյունավետություն։ Երկրորդ դեղաչափից հետո պատվաստանյութերն ունեցել են համապատասխանաբար 95%, 87% և 92% արդյունավետություն։ «Դելտա» շտամով վարակվելու դեպքում մահվան դեմ առաջին դեղաչափից հետո «Պֆայզերը», «Մոդեռնան» և «Աստրա-Զենեկան» համապատասխանաբար ունեցել են 81%, 90% և 91% արդյունավետություն, երկրորդ դեղաչափից հետո պատվաստանյութերի արդյունավետությունը 90%-ից բարձր է եղել։ Հավելենք, որ Քաթարում և Կանադայում անցկացված հետազոտությունները դեռևս չեն գրախոսվել։ Գիտական հոդվածները նախ անցնում են գրախոսություն, այսինքն՝ ոլորտի այլ գիտնականներ կարդում են դրանք, կարծիք հայտնում, որից հետո հեղինակներն, ըստ անհրաժեշտության, կարող են փոփոխություններ անել։ Գրախոսություն անցնելուց հետո պարզ կլինեն այս երկու հետազոտությունների վերջնական արդյունքները։   Պատվաստանյութերը մարդկանց չեն վարակում Ինչ վերաբերում է Մարինա Խաչատրյանի այն պնդմանը, թե պատվաստված մարդիկ դարձել են հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր, ապա այս պնդումը կեղծ է։ Infocom-ն իր նախորդ հոդվածներից մեկում արդեն անդրադարձել է այն հարցին, որ ներկայումս կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխարհում և Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերից ոչ մեկը կենդանի չէ, այսինքն՝ չի պարունակում վիրուսի կենդանի, սակայն թուլացած հատված։  Ի-ՌՆԹ տեխնոլոգիայով պատրաստված պատվաստանյութերը՝ «Պֆայզերը» և «Մոդեռնան», պարունակում են ինֆորմացիոն ՌՆԹ մոլեկուլ, որի տված «հրահանգների» միջոցով մեր օրգանիզմը արտադրում է հատուկ սպիտակուց։ Կորոնավիրուսը հենց այդ սպիտակուցի միջոցով է ներթափանցում մեր բջիջներ։ Պատվաստվելուց հետո մեր օրգանիզմն այդ սպիտակուցի դեմ հակամարմիններ է ստեղծում, որոնք հետագայում մեզ պաշտպանում են վարակվելուց։ Մյուս պատվաստանյութերի պատրաստման տեխնոլոգիան այլ է․ դրանք պարունակում են նշված սպիտակուցի որևէ անվնաս հատված, որն էլ մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերից ոչ մեկը չի կարող մարդուն վարակել, հետևաբար պատվաստված մարդիկ ո՛չ վարակի կրող են, ո՛չ էլ տարածող։ Ամփոփելով նշենք, որ Մարինա Խաչատրյանի հարցը, թե ինչու է պետք պատվաստվել, եթե հիմա տարածված է «Դելտա» շտամը, ունի շատ պարզ պատասխան․ պատվաստանյութերի արդյունավետությունը նվազում է «Դելտա» շտամի առկայության պայմաններում, սակայն ԱՀԿ-ի, առողջապահական այլ կառույցների, ինչպես նաև անկախ հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը «Դելտա» շտամով վարակվեու դեպքում արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեմ։  Իսկ պնդումը, թե պատվաստված մարդիկ հիվանդության զարգացման ու տարածման ակտիվ աղբյուր  են, կեղծ է․ պատվաստվելուց հետո հնարավոր է բնական ճանապարհով վարակվել, սակայն պատվաստանյութերը կորոնավիրուսային հիվանդություն առաջացնել չեն կարող։ Աննա Սահակյան
16:47 - 29 հոկտեմբերի, 2021
Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Պատերազմից հետո եւ հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին տարբեր քաղաքական գործիչներ կարծիքներ էին հայտնում, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերագնահատման եւ խորացման լուրջ հնարավորություն է ստեղծվել։ Խոսվում էր նաեւ ռազմական համագործակցության եզրերի մասին այն պնդումներով, որ ի վերջո պետք է բացի ՌԴ-ից նաեւ այլ պետությունների հետ համագործակցել։ Այդ կարծիքների համար, ըստ ամենայնի, հիմք էին դարձել նաեւ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներթափանցումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան զորակից է Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում, եւ որ Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ազգային ժողովում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մակրոնը ոչ միայն վերջին սահմանային լարվածության հարցն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։ Այս տարվա հուլիսին Հայաստանում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը ասել էր, որ Ֆրանսիան, բնականաբար, պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրեն ուղղված բոլոր հայտերը՝ պաշտպանության ոլորտում համագործակցության առնչությամբ։ Միեւնույն ժամանակ, սակայն, Լաքոտը շեշտել էր, որ պետք է հաշվի առնել Ֆրանսիայի եւ Հայաստանի՝ միևնույն ռազմական ալյանսների անդամ չլինելու իրողությունը (Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի,- հեղ․)։ Infocom-ը ՀՀ պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարություններից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից փորձեց ճշտել՝ երկկողմ համագործակցության ինչ առաջարկներ են եղել Հայաստանից եւ Ֆրանսիայից, համագործակցությունները որ ոլորտներում են խորացել կամ ինչ հնարավորություններ են քննարկվել՝ նոյեմբերի 9-ից մինչ օրս։ Դեսպանությունից, շրջանցելով քաղաքական կամ ռազմական համագործակցության հնարավոր առաջարկների մասին հարցը, պատասխանել են, որ Ֆրանսիան շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որոնք ամրանում են հատկապես կրթության, առողջապահության, մշակույթի, ժառանգության և տեխնիկական գործակցության ոլորտներում ունեցած հագեցած համագործակցությամբ․ «Աշխատում ենք էլ ավելի ամրապնդել տնտեսական հարաբերությունները, որոնք թեև նշանակալի են (Ֆրանսիան Հայաստանում ներդրումներ կատարող 2-րդ երկիրն է), սակայն կարող են աշխուժացվել մասնավորապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տնտեսական և ներդրումային պլանի հետ համատեղ»,- ասված է մեր հարցման պատասխանում։ Ի հավելումն՝ շեշտել են, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ շրջանակում ներգրավված պետություններից է՝ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ և Ռուսաստանի հետ միասին նպաստելու Հարավային Կովկասում կայունացման գործընթացին։  Իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ Ֆրանսիայից նոյեմբերի 9-ից հետո ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չեն եղել։ Սակայն, ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 9-ից առ այսօր տեղի են ունեցել մի շարք համապատասխան հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, ռազմական կցորդի և Ֆրանսիայի ՊՆ ներկայացուցիչների միջև: Ֆրանսիական կողմը, նախարարության փոխանցած տեղեկության համաձայն, հայտնել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման պատրաստակամության մասին:  Նույն ժամանակահատվածում Ֆրանսիական կողմի հետ քննարկումների ընթացքում Հայաստանից ներկայացվել են առաջարկություններ՝ մեզ համար առաջնային համագործակցության ուղղությունների վերաբերյալ, սակայն ՊՆ-ն հավելյալ տեղեկություններ չի տվել այդ առաջարկների մասին՝ նշելով, որ դրանք դեռևս գտնվում են քննարկման փուլում և գաղտնիք են պարունակում։ ՊՆ-ից արձանագրել են, որ 2010 թվականից գործում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնությունը»․ համաձայն այդ փաստաթղթի՝ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է համագործակցության ամենամյա պլանների համաձայն, բացի դրանից՝ անցկացվում են կանոնավոր խորհրդակցություններ՝ համագործակցության զարգացման ուղղությամբ: Իսկ ահա էկոնոմիկայի նախարարությունից ստացած պատասխանից տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի ոլորտում 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրվել է «Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման» ծրագրի Ֆինանսավորման համաձայնագիրը․ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, որի իրականացումը, ինչպես նշել են նախարարությունից, կատարվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ: Այդ ծրագիրն ուղղված է ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ լուծումների ապահովմանը, կարողությունների զարգացմանը, կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանն աջակցելուն, խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը:  Ի հավելումն՝ Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրել են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները` Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2020 և 2021 թվականներին առևտրաշրջանառության, ինչպես նաև 2020 թվականին Հայաստանից Ֆրանսիա արտահանված և Ֆրանսիայից Հայաստան ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակների վերաբերյալ: Այդ ապրանքատեսակների ցանկն արտացոլում է Հայաստանի եւ Ֆրանսիայի որոշ նախընտրելի ոլորտները՝ տնտեսական համագործակցության համար։ Այդպիսով Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 46,1. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 41,6 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2020 եւ 2021 թթ․ առաջին կիսամյակում 2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,14 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 1,95 մլն. ԱՄՆ դոլար):  2021 թվականի հունվար-հունիսին Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 40,96 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,3%-ով (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 39,66 մլն.ԱՄՆ դոլար):  Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2020 թվականին կազմել 87,7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,7%-ով (2019 թվականին կազմել է 92,96 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2019 եւ 2020 թթ․ 2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,83 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 33,4%-ով (2019 թվականին կազմել է 8,76 մլն. ԱՄՆ դոլար):  2020 թվականին Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 81,88 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,8%-ով (2019 թվականին կազմել է 84,0 մլն. ԱՄՆ դոլար): 2020 թվականին Հայաստանից Հանրապետությունից Ֆրանսիա արտահանված հիմնական 10 ապրանքատեսակներն են՝ ալյումինե նրբաթիթեղ, հագուստի առարկաներ, ուղեպայուսակ եւ ճամպրուկ,  օծանելիքի և դեղագործական նպատակով օգտագործվող բույսեր, խաղողի բնական գինի, պահածոյացված միրգ, էթիլային սպիրտ, պահածոյացված բանջարեղեն, սարքեր և ապարատուրա, ածիկային գարեջուր։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետություն Ֆրանսիայից ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակները՝ կշռածրարած դեղամիջոցներ, թռչող ապարատներ, բուսական հյութ և խտահյութ, հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ, ամբար/ցիստեռն/բաք, արյուն/հակաշիճուկ/պատվաստանյութ, շիշ/բանկա/ամպուլա, օծանելիք, տրակտորներ, աարքեր թղթե զանգվածից։ Լուսանկարում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով ակցիա, 2020 թվականի հոկտեմբեր Հայարփի Բաղդասարյան
15:55 - 29 հոկտեմբերի, 2021