ԿԳՄՍ-ն առաջարկում է նախարարի խորհրդականին ազատել պարտադիր զինծառայությունից՝ գիտական գործունեությունը շարունակելու համար
16:36 - 02 նոյեմբերի, 2021

ԿԳՄՍ-ն առաջարկում է նախարարի խորհրդականին ազատել պարտադիր զինծառայությունից՝ գիտական գործունեությունը շարունակելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է Արման Գեւորգի Անդրիկյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին տեղեկանում ենք e-draft՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նշենք, որ Արման Անդրիկյանը  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խորհրդականն է։

Նախագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշել է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Անդրիկյանի գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

Ինչպես տեղեկանում ենք նախագծի հիմնավորումից՝ Արման Գևորգի Անդրիկյանը 2003-2010թթ․ սովորել է Երևանի N 32 միջնակարգ դպրոցում, 2010-2013 թթ սովորել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում: 2013-2017 թվականներին գերազանցությամբ սովորել է բակալավրի կրթական ծրագրով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի եկեղեցաբանության բաժինը, իսկ  2017-2019 թվականներին նույն ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոն մագիստրատուրան՝ նույնպես գերազանցությամբ: Այնուհետ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ 2019-2021 թվականները սովորելով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնում: Արման Անդրիկյանը գիտական ակտիվ գործունեությյամբ սկսել է զբաղվել 2018 թվականից՝ աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնում, որպես ավագ լաբորանտ, 2019 թ․-ից դարձել է կրտսեր գիտաշխատող, իսկ 2021 թվականի հոկտեմբերից կամավոր ատետստավորմանը մասնակցելով դարձել է գիտաշխատող։ 

«Աշխատելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում,  ներգրավված է  եղել ՀՀ գիտության կոմիտեի կողմից իրականացվող «Բելառուսի և Հայաստանի փոքր քաղաքներում էթնոմշակութային զարգացումները 20-21 դարերի էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն» խորագրով հայ-բելառուսական միջազգային ծրագրին։ Տվյալ ծրագրի շրջանակում մասնակցել է հետազոտական գործիքակազմի մշակմանն, ինչպես նաև իրականացրել դաշտային հետազոտական աշխատանքներ»,- նշված է նախագծում։

Ներկայումս Արման Անդրիկյանը ներգրավված է «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները․ ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» պետական - նպատակային ծրագրում՝ որպես գիտաշխատող։ Ծրագրի շրջանակներում մասնակցում է հայկական սփյուռքի տարբեր հատվածների վերաբերյալ առկա գրականության և արխիվային նյութերի քննարկումներին, ինչպես նաև մասնակցում դաշտային աշխատանքների նախապատրաստական փուլերին։ Նաև ներգրավված է «Սփյուռքի ներուժի քարտեզագրման մոդելի մշակում ֆրանսահայերի ուսումնասիրության օրինակով» հայագիտական նախագծին, որի շրջանակներում իրականացնում է ֆրանսիայի հայերի վերաբերյալ առկա վիճակագրական, արխիվային, փաստաթղթային, հետազոտական նյութերի որոնման և դասակարգման աշխատանքներ։

2021 թվականի սեպտեմբերի 9-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի Պատմագիտություն-068 մասնագիտական խորհրդի որոշմամբ Արման Անդրիկյանին շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 Անդրիկյանը հանդիսանում է 9 գիտական հոդվածների հեղինակ՝ հաստատված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից։

Նախարարությունն ակնկալում է, որ այս որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի Ա. Անդրիկյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Արման Գևորգի Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել