Միջազգային իրավունքն անտեսող զավթիչների հետ նրանց պայմաններով համաձայնություն կնքելը պետական դավաճանություն է․ Արա Պապյան
16:43 - 30 հոկտեմբերի, 2021

Միջազգային իրավունքն անտեսող զավթիչների հետ նրանց պայմաններով համաձայնություն կնքելը պետական դավաճանություն է․ Արա Պապյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը այսօր՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում ստորագրել երկու փաստաթուղթ։

«Այդ փաստաթղթերով Նիկոլ Փաշինյանը ամրագրելու է մեր ժամանակավոր պարտությունը, դե յուրե Ադրբեջանին է հանձնելու Արցախը, ստեղծելու է Արդբեջանը Թուրքիայի հետ կապելու անվերահսկելի հնարավորություն, ինչպես նաև լրջագույն հարված է հասցնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավական հիմքերին»։  

Արա Պապյանն ընդգծեց, որ իր նշած փաստաթղթերը ստորագրելու համար առ այսօր չկա որևէ հստակեցված իրավական հիմք․ «ՍՍՀՄ վարչատարածքային սահմանները ոչ մի դեպքում չեն կարող հիմք հանդիսանալ միջպետական օրինական սահմանների համար։ Նման հիմք չի կարող լինել «Վարչատարածքային բաժանման մասին» 1995 թ․-ի նոյեմբերի 7-ի օրենքը։ Միջպետական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե ներպետական օրենսդրությամբ, այլ միջազգային իրավունքով։ Միջազգային իրավունքի դաշտում ՀՀ սահմանների վերաբերյալ կա երկու օրինական և իրավական անդրադարձ․ հայ-թուրքական սահմանի առումով դա Վուդրո Վիլսոնի 1920 թ․-ի նոյեմբերի 22-ի իրավարար վճիռն է, որին նախորդում է Սևրի պայմանագիրը, իսկ հայ-ադրբեջանական սահմանների առումով՝ Ազգերի լիգայի խորհրդի ՀՀ սահմանները որոշող հանձնախմբի 1920 թ․-ի փետրվարի 24-ի զեկույցը»։

Նա նաև նշեց, որ որևէ անձ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, իրավունք չունի միանձնյա որոշել Հայաստանի Հանրապետության տարածքին վերաբերող որևէ հարց։ Նման հարցերը, նրա խոսքով,  կարող են քննարկման առարկա դառնալ միայն համապետական հանրաքվեի ժամանակ։

Պապյանը հավելեց՝ եթե Թուրքիան և Ադրբեջանը իրականում ցանկանում են, որ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն և կայունություն, ապա պետք է Հայաստանի հետ միասին սահմանների հստակեցման հայցով դիմեն Արդարադատության միջազգային դատարան։ Այդ հայցով պետք է վճռվեն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան օրինական սահմանները։

Մինչդեռ, Պապյանի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի ոչնչացման քաղաքականությունն են առաջ տանում․ «Միջազգային իրավունքն անտեսող այս զավթիչների հետ նրանց պայմաններով համաձայնություն կնքելը պետական դավաճանություն է, որը պատժվելու է խստագույնս, երբ Հայաստանում կհաստատվի ազգային օրինական իշխանությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել