Ինֆոքոմ

Խառնաշփոթ իրավիճակ է, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի․ Դավիթ Շահնազարյանը՝ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին

Խառնաշփոթ իրավիճակ է, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի․ Դավիթ Շահնազարյանը՝ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին

Անհասկանալի, խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի։ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետով ստեղծված իրավիճակի վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ Շահնազարյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 5-ին Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երեք քաղաքական ուժ էր մասնակցում՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ «Ընտրությունների արդյունքում ձևավորվեց մի իրավիճակ, որտեղ 10 մանդատ ստացավ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, նախնական արդյունքներով 5 մանդատ ստացավ «Միասնական Վարդենիս» դաշինքը, և 12 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կասկածելի վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքի մեկ մանդատը պակասեցվեց և «Միասնական Վարդենիս» դաշինքը ունեցավ 4 մանդատ։ Իհարկե, կասկածելի եմ ասում այն պատճառով, որ այստեղ մեկ մանդատը արժեցավ ընդամենը մեկ քվե, և այս մեկ քվեն որոշիչ եղավ, այդ իսկ պատճառով մեր մանդատների թիվը մեկով պակասեց»։ Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովներին դիմելուց հետո նաև վարչական դատարան են դիմել․ «Վարչական դատարանը վճիռ կայացրեց և անփոփոխ թողնվեց ընտրական հանձնաժողովի արդյունքները, ինչը, մեր կարծիքով, իրավաչափ  չէր, որովհետև հայերեն «բ» տառը, չգիտես ինչու, նմանեցվեց լատինական V տառին և վավեր համարվեց համապատասխան քվեաթերթիկները, այսինքն՝ ակնհայտ շեղումով քվեաթերթիկները, որոնք անվավեր պետք է ճանաչվեին, վավեր ճանաչվեցին, և որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Մեր դաշինքի առաջատարին՝ Արամ Հարությունյանին, ինչպես հայտնի է, կանչեցին քննչական բաժանմունք, ձերբակալեցին, այնուհետև ենթարկեցին երկամսյա կալանքի, ինչը մեր տեսակետից խիստ քաղաքական որոշում էր, որովհետև եթե այն տեղավորովում է քրեական իրավունքի դաշտում, ապա մարդը քրեական դատավարության տեսակետից տարիներ շարունակ որևէ ուշադրության չարժանացավ, և այդ անհրաժեշտությունը առաջացավ այն դեպքում, երբ նա հրաժարվեց կոալիցիոն հուշագիր ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, և սրանից հետո անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրան ձերբակալեն»։ Նրա խոսքով՝ բոլոր որոշումները, որոնք կայացվել են, խիստ քաղաքական որոշումներ են և չեն տեղավորվում իրավական հարթության մեջ․ «Բոլորդ էլ ականատես եղաք Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստին, որտեղ երկու խմբակցությունների ավագանիներին դուրս բերեցին ավագանիների նիստերի դահլիճից, աննախադեպ մի երևույթ, որը երբիցե ՀՀ պատմության մեջ տեղի չէր ունեցել, և այս ամենով հանդերձ դեռ որևէ բան ավարտված չէ, անհասկանալի մի խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի։ Մենք ակնկալում ենք իրավաչափ և իրավական լուծումներ, և ակնկալում ենք, որ այս հարցը ի վերջո իրավական հարթության մեջ իր ճիշտ և համապատասխան գնահատականը կստանա»։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն  Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքում 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին  ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։ Վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսից» մեկ մանդատ տրվել է  ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ։ Անցած տարվա դեկտեմբերի 30-ին տեղի էր ունեցել Վարդենիսի ավագանու առաջին նիստը, որտեղ ընդդիմադիր խմբակցությունները համայնքապետ էին ընտրել Ահարոն Խաչատրյանին։ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը, սակայն, հայտարարել էր, որ դիմելու են վարչական դատարան՝ պահանջելով ավագանու այդ նիստը չեղյալ համարել։
17:26 - 11 հունվարի, 2022
Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ին, այսօր իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Տոկաևը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` երկրում անկարգությունների հետևանքով աջակցության համար: ՀԱՊԿ անդամ երկրնեը՝ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ, խաղաղապահներ են ուղարկել Ղազախստան, որոնց առաջադրանքները ներառում են պետական, ռազմական և սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանությունը։
10:57 - 11 հունվարի, 2022
Ալիխան Սմաիլովը՝ Ղազախստանի նոր վարչապետ

Ալիխան Սմաիլովը՝ Ղազախստանի նոր վարչապետ

Ղազախստանի նոր վարչապետ է դարձել Ալիխան Սմաիլովը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ասկար Մամինին։ Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, որը շարունակում րէր կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը: Այսօր՝ հունվարի 11-ին, Մեջիլիսի՝ երկրի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սմաիլովի թեկնածությանը, որն առաջադրել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը։ Նիստին մասնակցել է107 պատգամավորներից 89-ը։ Երեք խմբակցություններն էլ պաշտպանել են Սմայիլովի թեկնածությունը։  Տոկաևը ստորագրել Ալիխան Սմայիլովին Ղազախստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը։ Ալիխան Սմաիլովը 12-րդ վարչապետն է անկախ Ղազախստանի պատմության մեջ։ Մինչ այս Սմաիլովը զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։
09:44 - 11 հունվարի, 2022
Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

2022-ի առաջին օրերին Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին։ Ցույցերը շարունակվեցին գազի գնի իջեցումից և կառավարության հրաժարականից հետո։ Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Խաղաղապահ ուժերն այս պահին Ղազախստանում են։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ երկրում իրավիճակը կայունացել է։ Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը հաղորդում են՝ հղում անելով մեծամասամբ ռուսական լրատվամիջոցներին, որոնց աղբյուրներն էլ Ղազախստանի պաշտոնական գերատեսչություններն են և ղազախական լրատվամիջոցները։ Սակայն երբեմն կարելի է հանդիպել դեպքերի, երբ հայաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են Ղազախստանում կատարված այս կամ այն դեպքը՝ առանց հստակ նշելու, թե որն է լուրի սկզբնաղբյուրը։ Այդպիսի դեպքերում դժվար է որոշել՝ հավաստի՞ է լուրը, թե՞ ոչ, կամ ինչ շրջանակներ են այն տարածել։ Infocom-ն ուսումնասիրել է հունվարի 5-ից 8-ը ներառյալ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում (1lurer.am, armenpress.am, news.am, auroranews.am) Ղազախստանի դեպքերի վերաբերյալ բոլոր հրապարակումները և առանձնացրել նրանք, որտեղ բացակայում են կամ ոչ լիարժեք են ներկայացված լուրերի սկզբնաղբյուրները։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը հունվարի 6-ին հրապարակել է «Աքթոբեի օդանավակայանի հսկողությունը վերականգնվել է» վերտառությամբ հոդված, որտեղ, հղում անելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, նշում է․ «Աքթոբեի օդանավակայանն ազատել են հանցագործներից և վերադարձրել Ժամբիլի շրջանի ղեկավարության հսկողությանը»։ «ՏԱՍՍ»-ում Աքթոբեի օդանավակայանի վերաբերյալ լուրն իսկապես հրապարակված է, սակայն այլ ձևակերպմամբ։ Գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են օդանավակայանը և նշում, որ այդ տեղեկությունը փոխանցում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի վարչակազմին։ Այնուհետև «ՏԱՍՍ»-ը մեջբերում է հեռուսաալիքի մեկնաբանի խոսքերը․ «Աքթոբեի օդանավակայանն ազատագրել են հանցագործներից»։  Փաստորեն, «ՏԱՍՍ»-ը չի տալիս «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումը, այլ պարզապես նյութում մեջբերում է ղազախական հեռուսատնկերության մեկնաբանի խոսքերը։ 1lurer.am-ը, սակայն, այս ձևակերպումը ներկայացնում է որպես գործակալության ձևակերպում։ Նույն նյութում, կրկին հղում անելով «ՏԱՍՍ»-ին, նշվում է, որ Ալմաթիում ցուցարարները շրջափակել են երկու կլինիկական հիվանդանոց և թույլ չեն տալիս հիվանդներին ու բուժանձնակազմին ներս մտնել։ «Ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա, ավելի քան 10 բուժաշխատող տուժել է հանցագործների գործողություններից, հաղորդում է գործակալությունը («ՏԱՍՍ»-ը- խմբ․)։ Հիմնականում ծանրաբեռնված են վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքները»,- ասվում է 1lurer.am-ի հոդվածում։ «ՏԱՍՍ»-ում այս լուրը ևս հրապարակվել է։ Գործակալությունը նշում է, որ լուրը հաղորդվել է  «Խաբար 24»-ի ուղիղ եթերում՝ հղում անելով Ալմաթիի պարետատան տեղեկություններին։ 1lurer.am-ի հոդվածում նաև նշվում է, որ Ալմաթիում կողոպտիչները հարձակման են ենթարկվել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։  «ՏԱՍՍ» գործակալությունն, ինչպես նախորդ լուրերի դեպքում, այս լուրը ևս հրապարակել է՝ հղում անելով «Խաբար 24» հեռուստաընկերությանը։   Այսպիսով, Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը 1lurer.am-ի հոդվածում ներկայացնում են «ՏԱՍՍ» գործակալությանը վերագրվող որակումներով, սակայն գործակալությունը «ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա», «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումները մեջբերել է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի մեկնաբանից։ Հունվարի 7-ին auroranews.am-ը հրապարակել է «Ղազախստանի իշխանությունները դադարել են օգտագործել «Նուր-Սուլթան» անունը» վերտառությամբ հոդված՝ հղում չանելով որևէ աղբյուրի։ Նյութի սկզբնաղբյուրը «Դոժդն» է, որի եթերում  նման հայտարարություն է արել ղազախական լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Ղազախստանի պաշտոնական հայտարարություններում, սակայն, Նուր-Սուլթան անունը կարելի է հանդիպել հունվարի 7-ին արված այս հայտարարությունից հետո (1, 2)։ Նշենք, որ Ղազախստանի գերատեսչությունների կայքերը երբեմն կարող են անհասանելի լինել։ Auroranews.am-ը հրապարակել է «Նազարբաևն ու իր դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը» վերտառությամբ նյութ՝  նշելով, որ այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Իսկ սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, Orda.kz ալիքն է, որը տեղեկությունը հայտնել է՝ հղվելով իր աղբյուրներին։ Նազարբաևի խոսնակն, ի դեպ, հերքել է այս լուրը։  Կայքը հրապարակել է «ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ցուցարարներին հաց ու ջուր էի տարել, եկա ու խանութս թալանված գտա». ղազախ կինը ցուցադրել է ավերված խանութը» վետառությամբ հոդված և նշել, որ սկզբնաղբյուրը «Риа Новости»-ին է: «Риа Новости»-ի կայքում և տելեգրամյան ալիքում, սակայն, իր թալանված խանութի մասին պատմող ղազախ կնոջ մասին հրապարակում չկա: Սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, riafan.ru-ն է, որտեղ նման բովանդակությամբ լուր է հրապարակվել հունվարի 6-ին։ Ղազախստանում ոստիկանները նույնպես սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ նյութում auroranews.am-ը կրկին սկզբնաղբյուր չի նշում: Այս դեպքում նյութի աղբյուրն, ամենայն հավանականությամբ, տելեգրամյան ալիքներից մեկն է։ Այսպիսով, մեր առանձնացրած հրապարակումներում լրատվամիջոցները ներկայացրել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ՝ առանց նշելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցը, պաշտոնյան կամ անձն է հայտնել լուրը։ Եղել են դեպքեր, երբ լուրը հաղորդվել է միջնորդավորված՝ առանց սկզբնաղբյուրին հղում տալու։ Այս ամենը տեղեկատվական մեծ հոսքի մեջ դժվարացնում է տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկությունները։ Բացի այդ՝ ընթացող գործընթացներն ըմբռնելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է հաղորդվում, այլ նաև՝ թե ով է հաղորդում տվյալ լուրը և ինչ համատեքստում։  Գլխավոր լուսանկարը՝ ria.ru-իցԱննա Սահակյան
17:55 - 10 հունվարի, 2022
Ղրղզստանի խորհրդարանը քննարկում է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցը

Ղրղզստանի խորհրդարանը քննարկում է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցը

Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևի խոսքով՝ երկիրը մտադիր է Ղազախստան ուղարկել 150 զինծառայող։ Այս մասին հայտնում է K-News-ը։ Տաշիևի խոսքով՝ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում Ղրղզստանը որոշել է մասնակցել Ղազախստանում խաղաղապահ գործողությանը։ «Մեր երկրից կուղարկենք 150 անձնակազմ, 8 զրահամեքենա, 11 մեքենա»,- ասել է Կամչիբեկ Տաշիևը։ Մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ ղրղզ զինվորականներին կարող են մեղադրել ղազախների դեմ զենք կիրառելու մեջ։ Եվ դա կարող է դառնալ ղազախների թշնամանքի պատճառը ղրղզների նկատմամբ։ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
10:25 - 07 հունվարի, 2022
Ղազախստանի նախագաը հայտնել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում

Ղազախստանի նախագաը հայտնել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, և տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ուրբաթ օրը հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները։ «Սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Իրավապահ ուժերը քրտնաջան աշխատում են: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում: Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը: Բայց ահաբեկիչները շարունակում են զենք օգտագործել և վնասել քաղաքացիների գույքը: Ուստի հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների լիակատար ոչնչացումը»,- ասել է Տոկաևը։ Նիստին մասնակցել են նաև ՆԳ և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը։ «Ինչպես հաղորդել են անվտանգության գերատեսչությունների ղեկավարները, ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները սկսել են ժամանել Ղազախստան՝ օգնելու կարգի բերելու գործը: օբյեկտներ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։ Ղազախստանի նախագահը նաև մի շարք հրամաններ է արձակել երկրում իրավիճակի հետագա կայունացման համար։
09:41 - 07 հունվարի, 2022
Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում  COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Հունվարի 2-ին medmedia.am կայքում հրապարակվել է «Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է, որ Պիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Կայքը նշում է, որ ամերիկացի գիտնականների հետազոտության մասնակիցներից նրանք, ովքեր շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19 առաջացնող վիրուսով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, ովքեր վարակվել են, գրեթե չեն խմել։ «Նաև, ըստ գիտական ​​ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը»,- ասվում է medmedia.am-ի նյութում, սակայն նշված չէ, թե ովքեր են մեջբերվող հետազոտության հեղինակները, որ ամսագրում է հրապարակված գիտական հոդվածը։ Medmedia.am-ի սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, iz.ru կայքն է, քանի որ medmedia.am-ի հոդվածի տեքստը համընկնում է iz.ru-ում դեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածի տեքստին։ Ռուսական կայքի վերնագրում, սակայն, պնդում չի արվում այն մասին, որ ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-ով վարակվելու ռիսկը։ Medmedia.am-ը ոչ միայն փոխել է նյութի վերնագիրը, այլև թարգմանելիս բաց է թողել որոշ հատվածներ։ Iz.ru-ն ավելի շատ մանրամասներ է ներկայացրել ամերիկացի գիտնականների հոդվածի վերաբերյալ՝ նշելով, թե տարիքային որ խմբում է իրականացվել հետազոտությունը, քանի հոգի է մասնակցել դրան։ Ռուսական կայքը նաև տեղադրել է մեջբերվող հոդվածի հղումը։ Medmedia.am-ի նյութում բացակայում է Iz.ru-ի նյութի առաջին պարբերության հետևյալ նախադասությունը․ «Սակայն ռուս մասնագետները վստահ են, որ այդպիսի կանխարգելումը (ալկոհոլի օգնությամբ- խմբ․) ավելի շատ վնաս կտա, քան օգուտ»։ Ռուսական լրատվամիջոցը, ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացնելուց բացի, հարցազրույցներ է անցկացրել ռուս մասնագետների հետ, որոնք խոսել են ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ «Ես կասկածում եմ, որ ալկոհոլի որևէ տեսակ կարող է լավացնել իմունիտետը։ Այդպիսի հնարավորությունը դեռևս ապացուցված չէ։ Իմ փորձից ելնելով՝ կարող եմ հստակ նշել, որ ալկոհոլն, ընդհակառակը, խաթարում է վարակների դեմ բնական պաշտպանությունը»,- նշել է  Iz.ru-ի զրուցակից բժիշկը։ Ինչ վերաբերում է ամերկացի գիտնականների հետազոտությանը, ապա ո՛չ iz.ru-ն, ո՛չ medmedia.am-ը չեն նշել, որ հետազոտությունը գրախոսված չէ։ Բանն այն է, որ հոդվածը հրապարակված է medrxiv.org հարթակում, որտեղ գիտնականները հրապարակում են իրենց պատրաստի, սակայն չգրախոսված հոդվածները։ Գիտական գրախոսություն անցնելուց հետո միայն հոդվածները հրապարակվում են գիտական ամսագրերում, և կախված նրանից, թե ինչպիսի հեղինակություն ունեցող ամսագրում կհրապարակվի հոդվածը, կարող ենք եզրակացություններ անել այդ հոդվածի հավաստիության վերաբերյալ։ Բայց այդ՝ երբ ոլորտի այլ գիտնականներ գրախոսում են որևէ հոդված, կարող են հեղինակներին փոփոխություններ առաջարկել, այսինքն՝ մեջբերվող հոդվածի վերջնական տարբերակը դեռ առկա չէ։ Դեռևս չգրախոսված այս հոդվածում նշվում է, որ տարեցները COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու տեսանկյունից խոցելի խումբ են, և վարակի վրա ազդող գործոնների, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործման, բացահայտումը կարող է լրացուցիչ միջոցներ տրամադրել այդպիսի անձանց պաշտպանելու համար։  Գիտնականները հետազոտության մասնակիցների հետ 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի նոյեմբերը հարցազրույցներ են անցկացրել, և ի թիվս այլնի՝ հարցրել են, թե արդյո՞ք նրանք օգտագործում են ալկոհոլ։ Հարցազրույցին մասնակցած 90 անձանցից 42-ը եղել են պատվաստված, մասնակիցների 11,1%-ը նշել է, որ վարակված է եղել կոնորավիրուսով։ «Մենք նախնական եզրահանգման ենք եկել, որ COVID-19-ի հաճախականության նվազումը կապված է ալկոհոլի որոշ տեսակների, մասնավորապես՝ սպիրտային խմիչքների օգտագործման հետ։ Սակայն քանակը ոչ մեծ է՝ միջինում օրական մեկ անգամ։ Այս արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են ընդլայնված նմուշներ»,- ասվում է հոդվածի եզրակացության մեջ։ Փաստորեն, հետազոտության ընթացքում գիտնականները հարցարույցներ են անցկացրել 90 մարդու հետ, և նրանցից ստացած պատասխաններից եկել են վերը նշված եզրահանգմանը։ Գիտնականներն իրենք էլ շեշտում են, որ սա նախնական եզրահագնում է։ Ռուսական ria.ru-ն, ի դեպ, նույնպես այս հետազոտության վերաբերյալ նյութ է հրապարակել, սակայն ի տարբերություն նախորդ երկու կայքերի՝ նշել է, որ հոդվածը դեռևս գրախոսված չէ։ Ինչ վերաբերում է medmedia.am-ի պնդմանը, թե ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել COVID-ով վարակվելու ռիսկը, ապա այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Եվրոպայի գրասենյակը դեռևս 2020-ին է հայտարարություն տարածել։ Գրասենյակը խոսել է ալկոհոլի օգտագործման և  COVID-19-ով վարակվելու վերաբերյալ տարածվող միֆերի և այդ միֆերը հերքող փաստերի մասին։ Այստեղ կնշենք գրասենյակի ներկայացրած հիմնական միֆերն ու փաստերը․ ՄԻֆ․ Ալկոհոլի օգտագործումը ոչնչացնում է COVID-19 առաջացնող վիրուսը։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի ոչնչացնում վիրուսը։ Դրա օգտագործումն, ամենայն հավանականությամբ, կարող է մեծացնել առողջական ռիկսերը, եթե վարակվեք վիրուսով։ Ալկոհոլը (առնվազն 60% կոնցենտրացիայով) գործում է որպես ախտահանող միջոց մաշկի վրա, բայց այն նման ազդեցություն չունի օրգանիզմի ներսում։ ՄԻֆ․ Թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործումը ոչնչացնում է վիրուսը օդը ներշնչելիս։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի սպանի վիրուսը օդը ներշնչելիս, այն չի ախտահանի ձեր բերանն ու կոկորդը և ձեզ  չի պաշտպանի COVID-19-ից։ ՄԻֆ․ Ալկոհոլը (գարեջուր, գինի, թորած սպիրտ կամ բուսական սպիրտ) խթանում է իմունիտետը և վիրուսի դեմ դիմադրողականությունը։ՓԱՍՏ․ Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի իմունային համակարգի վրա և չի խթանի իմունիտետն ու վիրուսի դեմ դիմադրողականությունը։ ԱՀԿ-ն, փաստորեն, հերքում է, որ ալկոհոլի օգտագործումը կարող է սպանել կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը կամ խթանել իմունիտետը։ Ամփոփելով վերը նշվածները․ Medmedia.am-ն իր տեքստին հակասող վերնագրով նյութ է հրապարակել, որովհետև ո՛չ այս կայքի, ո՛չ նրա սկզբնաղբյուր կայքի նյութում նշված չէ, որ ակլոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու ռիսկը․ խոսքը ալկոհոլի չափավոր օգտագործման մասին է, սակայն այս պնդումը ևս վիճելի է։ Կայքի նյութում բացակայում են սկզբնաղբյուր հոդվածի այն հատվածները, որտեղ խոսվում է ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ Կայքը հղում է անում չգրախոսված գիտական հոդվածի՝ առանց նշելու այդ մասին։ Մեջբերվող հետազոտության հեղինակներն իրենք էլ նշում են, որ ալկոհոլի օգտագործման և COVID-19-ի հաճախանակության նվազման կապի մասին եզրակացությունը նախնական է։ ԱՀԿ-ն դեռևս 2020-ին է նշել, որ ալկոհոլի օգտագործումը չի սպանում COVID-19 առաջացնող վիրուսը և չի խթանում վիրուսի դեմ դիմադրողականությունը։ Աննա Սահակյան
14:09 - 06 հունվարի, 2022
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Ամանորի առթիվ շնորհավորանքներ փոխանակելուց հետո Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Անդրկովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։
17:14 - 02 հունվարի, 2022
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը․ Քոչարյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը․ Քոչարյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վատ կետերը իրականացված են, և որևէ ողջամիտ մարդ չի գալու և չի ասելու՝ չեղարկենք այս փաստաթուղթը։ Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանության գալու պարագայում կատարելու է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միայն ռազմագերիներն վերաբերող կետը իրականացված չէ․ «Հիմա դա չեղարկելով նաև մեզ մեղադրելու են, ասելու են՝ գերիներին հետ չեն ուզում, որովհետև միակ իրավական փաստաթուղթն է, որտեղ «ռազմագերի» բառն է օգտագործված։ Բրյուսելում ուղղակի շոկ էր, ռազմագերի բառը չօգտագործվեց, ինչի՞ համար ես գնացել այնտեղ»։ Խոսելով Արցախի կարգավիճակի, Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի մասին՝ Քոչարյանն ասաց. «Պետք է  ձգտել ԼՂ-ի տարածքի ամբողջականությունը ինչ-որ տեղ վերականգնել։ Այն, ինչ եղել է, չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց այդ ուղղությամբ քայլեր անելը չի կարող հաջողության գոնե ինչ-որ մասը չիրականցվի»։ Քոչարյանն նշեց նաև, որ քարոզարշավի ընթացքում ժողովուրդը իրենց մեջ տեսել է մի ուժի, որը կարող է փորձել ինչ-որ բան փոխել․ «Սրա վտանգավար հետևանքը կարող է լինել պատերազմը։ Պատերազմից սարսափած ժողովրդի մոտ դա աշխատեց և ամենից մեծ գործոնն էր սա, որ ազդեց ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա մարդիկ տեսնում են, որ, այնուամենայնիվ, անվտանգային հարցերը լուծված չեն, և երկրի հարցումներով 70-80%-ը համարում են այդ հարցերը առաջնահերթ։ Բայց սա մի տարբերակ է, երբ անընդհատ այդ վախը պահելով ժողովրդի գլխին կարելի է գնալ հակաազգային, մեր շահերից չբխող տարբեր լուծումների՝ այդ սարսափը պահելով։ Սա է առկա պահի ամենից մեծ պրոբլեմը, որը պետք է հաղթահարենք, հակառակ դեպքում մենք անընդհատ զիջողի դերում ենք լինելու»։
13:45 - 27 դեկտեմբերի, 2021
Թուրքիայի նախապայմանները կատարվել են, եւ ոչ թե յոթ շրջանն է վերադրարձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ․ Ռոբերտ Քոչարյան

Թուրքիայի նախապայմանները կատարվել են, եւ ոչ թե յոթ շրջանն է վերադրարձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ․ Ռոբերտ Քոչարյան

Թուրքիան միշտ երեք նախապայման դրել է Հայաստանի առջեւ․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, յոթ շրջանի անվերապահ վերադարձը Ադրբեջանին, Ցեղասպանության ճանաչման մասով էնտուզիազմի չդրսեւորում կամ այլ կերպ ասած այդ հարցի փոխանցումը պատմաբանններին։ Հիմա ավելացել է եւս մեկը՝ Զանգեզուրով միջանցքի նախապայմանը։ Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ «Մեր մոտեցումը հետեւյալն էր՝ պատրաստ ենք հարաբերություններ կառուցել՝ առանց նախապայմանների։ Նույնիսկ երբ սահմանից խոսում էին, մենք ասում էինէ՝ մեր կողմից սահմանը բաց է, փակ է մյուս կողմից։ Հիմա ինչ է կատարվել այդ երեք նախապայմանների հետ։ Նախ, ոչ թե յոթ շրջանն է վերադրաձվել, այլ բոնուսով՝ Շուշի եւ Հադրութ։ Ըստ էության այդ նախապայմանն այլեւս գոյություն չունի, քնաի որ բոնուսով իրականացված է։ Ցեղասպանության հետ կապված՝ Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել՝ Հայաստանը որեւէ հաջողության կարող է հասնել Ցեղասպանության ճանաչման գործում․․․ այդ հարցն այսօր իշխանությունները թողել են Հայ դատի գրասենյակների վրա։ Նման հարցերի կարող են դիմել պետություններ, որոնք այս կամ այն պահին կարող են Թուրքիային պատժելու ցանկություն ունենալ։ Հիմա երեք նախապայմաններից երկուսն իրենց համար բարեհաջող լուծված են»,- ասաց Քոչարյանը։ Իսկ ինչ վերաբերում է առաջին նախապայմանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Քոչարյանն ասաց․ «Մինչ Բրյուսել՝ խորհրդարանում վարչապետն ասաց, որ այլեւս չկա 2016-ին նույնիսկ տեսական տարբերակ՝ Ադրբեջանից դուրս Ղարաբաղի համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում որեւէ տարբերակ Ադրբեջանից դուրս։ Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ դա վերահաստատեց։ Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են։ Երբ ասում են պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն ուղղակի դժվար է հորինել, դուք բոլոր նախապայմանները կատարել եք»,- ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավարը։ Նրա խոսքով՝ 2003-ին, երբ 2002-ին Էրդողանի կուսակցությունը հաղթել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ «Վարդան Օսկանյանը բավական ոգեւորված էր, զանգեց,ա սաց՝ ոնց որ Թուրքական կողմը պատրաստ է առանց նախապայամնենրի բանակցությունների, ես ասացի՝ չեմ հավատում, դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանը կխանգարի։ Ասացի՝ դրա մասին մեծ աղմուկ մի հանի, որ չստացվի՝ սպասելիքներ ենք առաջացնում, շարունակեք այդ ոճով։ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել էր՝ առանց նախապայմանների։ Այն ժամանակ իրենց ոմտեցումը սա էր, մի քանի ամիս հետո հանդիպումից հետո Օսկանյանը զանգեց, ասաց՝ ոնց որ հետ են քաշվում, երրորդ հանդիպման ժամանակ ամբողջությամբ վերադարձանք այն կետին, ինչից սկսել ենք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ սա է եղել հայ-թուրքական հարաբերությունների հուսադրող պահը, որեւէ տեւել է, նրա խոսքով, վեց-յոթ ամիս։
13:11 - 27 դեկտեմբերի, 2021
Որոշ ուղղություններով ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել․ Քոչարյանն անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին

Որոշ ուղղություններով ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել․ Քոչարյանն անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ հարցին։ Քոչարյանի կարծիքով՝ պարզ է, թե ՀՀ ներկայիս իշխանությունները ինչպես են պատկերացնում Արցախյան հարցի լուծումը․ «Հիմա արժի՞ փորձել ուղղակի չեզոքացնել այդ վտանգը և մեկ այլ ճանապարհով գնալ, թե՞ չարժի, թե՞ ուղղակի հոսանքի մեջ մտնենք՝ ասենք՝ այս մարդիկ սա են ուզում, գնանք, անենք։ Երկընտրանքը սրա մեջ է։ Մի կողմից արդեն պարզ է՝ սրանք ինչ են ուզում, ուր են մեզ տանում, մյուս կողմից ասում ենք՝ կան ուրիշ ուժեր, որոնք փորձելու են փոխել այս վտանգավոր ճանապարհը։ Հիմա անե՞նք, թե՞ չանենք, ես եմ, ես չեմ, մեկ ուրիշն է, դա արդեն կարևոր չի, մեր ելակետը դա պետք է լինի, մենք թույլ ենք տալիս անել, թե թույլ չենք տալիս»։ Քոչարյանն ասաց, որ տեսնում է դիվանագիտական ակտիվ աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան փրկելու հնարավորություն․ «Տեսնում եմ այդ ճանապարհը։ Այս իշխանությունը չի էլ փորձելու դա անել, որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կյանքը մտածել են այնպես, ինչ այսօր իրենք անում են։ Իրենցից սպասելիքը զրոյական է, հիմա իմ առաջարկը՝ փոխենք։ Հնարավորություն տանք այն մարդկանց, որոնք ամբողջ իրենց կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում։ Այո, ես տեսնում եմ այդ ճանապարհը։  Շատ բարդ է լինելու, առանց կորուստի չի լինելու, չենք ստանալու այն, ինչի հնարավորությունը մենք կորցրել ենք, բայց այո, որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել»,-ասաց նա՝ նշելով, որ նաև Արցախի կարգավիճակի հարցը նկատի ունի։ Նա առաջարկեց համեմատել, թե բանակցային ինչ ժառանգություն են ստացել 1998 թ․-ին և 2008-ին։ Քոչարյանը վստահեցրեց՝ հասկանում է, թե ինչ է պետք անել։ «Չեմ կարող երաշխավորված, 100%-անոց ասեմ, որ` այո, սրան հասնելու ենք, բայց ես տեսնում եմ քայլերի հերթականություն, որով կարելի է ինչ-որ բան փրկել։ Այս իշխանությունը չի էլ փորձելու, որովհետև իրենք այդպես են մտածում, սա իրենց համոզմունքն է, ես չգիտեմ՝ բացի իրենց համոզմունքից՝ ում շահերն են սպասարկում, ես ենթադրում եմ, որ որոշակի շահերի սպասարկման խնդիր, անկասկած, կա։ Հիմա ասում եմ՝ չեզոքացնենք այդ ամենը։ Դետալների մեջ չեմ մտնելու, բայց սա մի հարց է, որը կարող եմ նաև ձեր հետ առանձին հանդիպման ժամանակ, ոչ թե հարցազրույցի ձևով, բայց բացել, թե ինչ կարելի է անել։ Սրանք փորձելու են նաև այդ ճանապարհները փակել»։
12:43 - 27 դեկտեմբերի, 2021
Քոչարյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության՝ միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին չմասնակցելուն

Քոչարյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության՝ միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին չմասնակցելուն

Միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում։ Լրագրողի հարցին՝ եթե դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ինքն է արձանագրում, որ  Հայաստանը արտաքին քաղաքական բնագավառում քարոզչական պատերազմում պարտվում է, ապա որքանով է արդարացի, որ խմբակցությունը որոշել է չմասնակցել նշյալ աշխատանքներին։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ իրենց խմբակցության 12 անդամ երկրից դուրս գալու հնարավորություն չունի՝ հարուցված քրեական գործերի պատճառով․ «Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու, բայց իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է․․․ Երբ Սեյրան Օհանյանը չի կարողանում մասնակցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, քննիչը համաձայնություն չի տալիս, Արմեն Գրիգորյանը չի մասնակցում ԵԽԽՎ նիստին»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց որոշումն այս իշխանությանը այդ արգելքները հանել ստիպելու համար է։ «Այն ինչ արել եք, արել ենք ստիպելու համար այս իշխանությանը, որ հանեն այդ արգելքները «Հայաստան» խմբակցության պատգամավորների համար, որպեսզի այդ ամբիոնները լիարժեք օգտագործենք մեր ազգային շահերը պաշտպանելու համար»։ Քոչարյանը վստահեցրեց, որ հենց այդ արգելքները հանվեն, իրենց պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին։
12:13 - 27 դեկտեմբերի, 2021
Վարչապետը  վերջին հայտարարություններով կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության հիմքում է դրված․ Ռոբերտ Քոչարյան

Վարչապետը վերջին հայտարարություններով կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության հիմքում է դրված․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ տարվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած վերջին հայտարարություններին․ «Ղարաբաղի անվտանգության, ապագայի հետ կապված անորոշությունը մնացել է նույնը այս տարվա ընթացքում, բայց վերջերս մենք ստացել ենք որոշակիություն՝ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը առնչվող։ Արդեն հասկանալի է՝ եթե վարչապետը ասում է, որ 2016 թ․-ից  նույնիսկ որևէ տեսական հնարավորություն այլևս չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է։ Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, և այս վերջին հայտարարություններով վարչապետը նաև, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության հիմքում է դրված, ձևավորման հիմքում է դրված։ Կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված»,-ասաց Քոչարյանը։
12:00 - 27 դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Վերջին օրերին քննարկումների առիթ էր դարձել ինչպես քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը, այնպես էլ քաղաքապետարանի ձեռք բերած և ձեռք բերվելիք ավտոբուսների խնդիրը։ Վերջինիս վերաբերյալ եղան տարատեսակ մեկնաբանություններ, մասնավորապես թե ինչ միջոցներով են ձեռք բերվում ավտոբուսները, քանի հատ պետք է ձեռք բերվեն, տրանսպորտային ցանցի քանի տոկոսն է թարմացվում և այլն։ Եղան նույնիսկ երկկողմանի մանիպուլյացիաներ, ինչին Ինֆոքոմն անդրադարձել է առանձին հրապարակմամբ։ Սակայն քաղաքապետարանի կայքի «Տրանսպորտ» բաժնում դեռևս շարունակում են մնալ տեղեկություններ, որոնք ճիշտ չեն կամ մասամբ են ճիշտ։ Այս բաժնի «Երթուղային ցանց» ենթաբաժնում նշված է․ ««Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց, որի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվել է Երևան համայնքի միջոցներով ձեռք բերել և մայրաքաղաք ներկրել նոր փոքր և միջին դասի քաղաքային ավտոբուսներ: Փոքր դասի ավտոբուսների ողջ խմբաքանակը (100 հատ) ներկրվել է մայրաքաղաք»։ «Ավտոբուսային փոխադրումներ» ենթաբաժնում էլ նշված է․ «Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012-2021 թթ․ մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 472 նոր ավտոբուս (վերջին խմբաքանակը 2020-2021թթ․՝ «Գազել Սիթի» մակնիշի՝ 100 հատ)»։ Այսպես, քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ WYG ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է գնել փոքր և միջին չափի ավտոբուսներ, ինչն էլ, ըստ քաղաքապետարանի, արվում է։ Սակայն Ընկերության ներկայացրած հաշվետվություններից պարզ է դառնում, որ իրականում փոքր դասի ավտոբուսների մասին ոչ մի խոսք չկա։  Ըստ հաշվետվության՝ առաջարկվել է ձեռք բերել 3 տեսակի ավտոբուսներ։ Առաջինը միակցված ավտոբուսն է, որի երկարությունը 18 մետր է, տեղատարողությունը՝ 150 ուղևոր։ Սա նախատեսվել է բարձր թողունակությամբ հիմնական երթուղիների սպասարկման համար։ Երկրորդը մեծ չափի ավտոբուսն է, որի երկարությունը 12 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 90-100 ուղևոր։ Սա նախատեսված է հիմնական որոշ երթուղիների և ծանրաբեռնված սնուցող երթուղիների սպասարկման համար։ Երրորդը միջին չափի ավտոբուսն է, որի երկարությունը 7․5-8․5 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 45-55 ուղևոր։ Սա էլ նախատեսված է սնուցող երթուղիների սպասարկման համար։ Բրիտանական ընկերությունը հաշվի է առել նաև նեղ փողոցները․ այնուամենայնիվ, ընկերությունը խորհուրդ չի տալիս միկրոավտոբուսների շահագործումը։ Ըստ հետազոտության՝ որոշ դեպքերում կարող է օգտակար լինել նաև ավելի նեղ ավտոբուսների օգտագործումը: Նորմալ ավտոբուսի լայնությունը 2.5 կամ ավելի մետր է, բայց կան մոտավորապես 2.2 մետր լայնությամբ տրանսպորտային միջոցների ևս: Դրանք հասանելի են տարբեր երկարություններով: Նման տրանսպորտային միջոցների օգտագործումը ավելի նեղ երթուղիներում կարող է հեշտացնել աշխատանքը: WYG ընկերությունը չի առաջարկել փոքր չափի ավտոբուս, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված, թե ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է ձեռք բերել փոքր և միջին դասի ավտոբուսներ, որոնցից փոքրերը, ըստ իրենց, արդեն ձեռք են բերվել։ Սակայն քաղաքապետարանի նշած տեղեկության մեջ այլ անճշտություն էլ կա։ Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը՝ բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով (կարող եք տեսնել հավելված 6-ում) ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։  Այսինքն՝ ՀՀ օրենսդրության համաձայն ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Քաղաքապետարանի կայքում հատուկ տեղ է հատկացված միկրոավտոբուսներին, որտեղ նշված է, որ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման իրականացումը միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի։ WYG ընկերության վերջին հաշվետվությունը եղել է 2019 թվականի հունվարի 30-ին։ Այս հաշվետվությամբ տվյալներ են եղել նաև  Երևանի ավտոբուսների հավաքակազմի վերաբերյալ։ Սակայն հաշվետվությամբ նշված և քաղաքապետարանի կայքում առկա տվյալներում դարձյալ կան անճշտություններ։ Քաղաքապետարանի կայքի այժմյան տվյալներով՝ ավտոբուսային հավաքակազմում առկա է 525 ավտոբուս, սակայն սա կարող է չհամապատասխանել ընկերության ուսումնասիրության տվյալներին, քանի որ վերջին հաշվետվությունից հետո, գուցե, հավաքակազմում փոփոխված լինեն ավտոբուսների թվաքանակները։ Սակայն ինտերնետային արխիվի միջոցով դիտարկեցինք քաղաքապետարանի էջի տվյալները 2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ՝ վերջին հաշվետվությունից 4 օր անց։ Դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ այն ժամանակ էլ նշված տվյալները չեն համապատասխանել ընկերության հաշվետվության մեջ առկա տվյալներին։ Քաղաքապետարանի էջում նշված է եղել, որ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում եղել է 667 ավտոբուս, իսկ բրիտանական ընկերության վերջին հաշվետվությամբ՝ շահագործվող ավտոբուսները 522-ն են, իսկ ընդհանուր՝ 576։ Հետևաբար հնարավոր է, որ  կայքում նշված տվյալներում և իրականում հիմա էլ լինեն անհամապատասխանություններ։ Այսպիսով՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ Երևանի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ։ Նարեկ Մարտիրոսյան
21:43 - 25 դեկտեմբերի, 2021
Եթե  հաջողվի ձևակերպել խաղաղության մոդել, որը ձեռնտու կլինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին, գուցե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի․ Փաշինյան

Եթե հաջողվի ձևակերպել խաղաղության մոդել, որը ձեռնտու կլինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին, գուցե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ հայկական կողմը շահագրգռված է խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով․  «Էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք իհարկե խաղաղության պայմանագրի կնքման և խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք և վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարակել, որոնց կետերից մեկը հենց խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր, և մենք դրանով, այո, շահագրգռված ենք, և մենք չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժաարվելու այդ թեմայով խոսել, որովհետև իհարկե եթե մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի, որ մենք ասենք՝ գիտեք ինչ, մենք խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացենք, բայց չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին»։ Փաշինյանն ընդգծեց՝  համապարփակ լուծումը համապարփակ խաղաղության պայմանագիրը կարևոր նպատակներից մեկն է․ «Մենք չենք հրաժարվել քննարկումներից և չենք էլ հրաժարվելու։ Մեծ հաշվով, այս բոլոր բանակցությունները, այս ամենը ինչի մասին, որ խոսում ենք, ինչի՞ մասին ենք խոսում․ խաղաղության պայմանագրի նաև հնարավոր դրույթների բովանդակության մասին ենք խոսում և էլի եմ ուզում եմ ընդգծել, որ տեսեք, անընդհատ երևի այդ քարոզչական քաոսի պատճառով նաև փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված դեմ ենք, չենք ուզում։ Ոչ, չկա նման բան։ Ես էլի եմ ասում, եթե հիշում եք, ես դեռ 2021 թ․-ի մայիսին՝ ընտրություններից առաջ, նույնիսկ փաստաթուղթ հրապարակվել, և ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ այդ փաստաթուղթը ստորագրել, տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք իհարկե, դեմ չենք։ Իհարկե, կողմ ենք, իհարկե, շահագրգռված ենք»։ Փաշինյանն ասաց՝ բոլոր ուղղություններով գնալու են առաջ․ «Պարզ է, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերը առավել արտահայտված լինեն, Հայաստանը փորձելու է այնպես անել, որ իր շահերը արտահայտված լինեն։ Բայց իհարկե, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդ պարագայում գուցե թե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու և ինչ-որ նոր սխեմա ձևավորելու հնարավորություն լինի»։ Փաշինյանը նշեց, որ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային․ «Բայց Սոչիից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ դրեցին այդ խոսակցությունը։ Բրյուսելից հետո դեռևս, բարեբախտաբար, այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել, և ես հույս ունեմ, որ դա նշանակում է, որ մենք կարող ենք առաջ շարժվել, որովհետև Բրյուսելի առանձահատկությունը ինչ է․ ես հույս ունեմ՝ դիվանագիտական կոռեկտության սահմանները չեմ հատի, բայց ուզում եմ, որ մեր հանրությանը իսկապես ինչքան հնարավոր է՝ առանց դիվանագիտական կոռեկտությունը խախտելու ես ներկայացնեմ։ Եթե նկատեցիք՝ Բրյուսելում մենք իրականում երկու հանդիպում ենք ունեցել․ շատերն ասում էին՝ երեք՝ ասելով, որ նաև առանձնազրույց է եղել, բայց այդ առաջին հանդիպումը, որը եղել է Շառլ Միշելի միջնորդությամբ, տևել է 4 ժամից ավելի, և այդ առանձնազրույցի հատվածը ուղղակի մի պահ՝ կոնկրետ տեխնիկական խնդիր լուծելու նկատառումով, ԵՄ խորհրի նախագահը դուրս է եկել և վերադարձել, և դա չի եղել է, որ Շառլ Միշելը այստեղ չի, արագ խոսենք, կամ լավ, եկավ, փոխենք խոսակցության  թեման»։ Փաշինյանը կարևորեց նաև Ֆրանսիայի նախագահի հրավերով հանդիպումը, ես ասաց, որ գնահատանքի խոսքեր է ուզում հնչեցնել և՛ Ֆրանսիայի նախագահի հասցեին, և՛ ԵՄ խորհրդի նախագահի հասցեին, նաև ՌԴ նախագահ Պուտինին հասցեին․ «Իրականում խոսակցության այդ նոր ձևաչափը, ըստ էության, հենց Սոչիում տեղի ունեցավ, երբ Ռուսաստանի նախագահը ամեն ինչ արեց, որ  զուտ մարդկային խոսակցության հատվածը մի քիչ ավելի շատ լինի և Սոչիում դա ստացվեց, հետագայում ասեցի՝ որոշ իրադարձություններ մի քիչ էականորեն մթագնեցին դա»։ Վարչապետի խոսքով՝ բրյուսելյան հանդիպումից առաջ էլ հնչեցին նման հայտարարություններ․ «Իրականում այս ամենի մեջ շատ բան հրապարակային է տեղի ունենում։ Իսկ Բրյուսելում եռակողմ խոսակցությունը  լարված սկսեց բայց հընթացս էլի եմ ասում, երբ արդեն ոչ թե հակադրության ռեժիմը, երբ տեսանք, որ փակուղի է տանում, փորձ արվեց հասկանալ դիմացինի տեսակետը, թե ինչու է այս բանը այսպես ասվում, ինչու այն բանը այնպես ասվում, և այդտեղ ի հայտ եկան պրակտիկ խնդիրներ, որոնց լուծման հնարավորությունները գծագրած սկզբունքների շրջանակում ես տեսա։ Եվ այդ հնարավորությունները ես կփորձեմ ծառայեցնել ընդհանուր կարգավորման նպատակին»։ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումն էլ, Փաշինյանի խոսքով սրճարանում է տեղի ունեցել․ «Մենք նստած ուղղակի զրուցում էինք, և այդ զրույցն էլ շատ շերտեր բացեց, որը պաշտոնական բանակցությունների ընթացքում սովորաբար չի բացվում։ ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիի հանդիպումը, Բրյուսելի հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահի միջոնրդությամբ և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, այս երեքը, ըստ էության, մեկը մյուսին լրացրեցին և դրանից հետո է, որ ես մեր ԱԱԾ օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասեցի, որ ես տեսնում եմ հնարավորություն։ Այդ հնարավորությունները շատ կոնրետ չեն, այդ հնարավորությունները աղոտ են, այդ հնարավորությունները դեռևս շոշափելի չեն, բայց կա առաջ գնալու հնարավորություն»։
21:42 - 24 դեկտեմբերի, 2021