Եթե  հաջողվի ձևակերպել խաղաղության մոդել, որը ձեռնտու կլինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին, գուցե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի․ Փաշինյան
21:42 - 24 դեկտեմբերի, 2021

Եթե հաջողվի ձևակերպել խաղաղության մոդել, որը ձեռնտու կլինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին, գուցե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ հայկական կողմը շահագրգռված է խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով․  «Էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք իհարկե խաղաղության պայմանագրի կնքման և խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք և վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարակել, որոնց կետերից մեկը հենց խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր, և մենք դրանով, այո, շահագրգռված ենք, և մենք չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժաարվելու այդ թեմայով խոսել, որովհետև իհարկե եթե մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի, որ մենք ասենք՝ գիտեք ինչ, մենք խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացենք, բայց չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին»։

Փաշինյանն ընդգծեց՝  համապարփակ լուծումը համապարփակ խաղաղության պայմանագիրը կարևոր նպատակներից մեկն է․ «Մենք չենք հրաժարվել քննարկումներից և չենք էլ հրաժարվելու։ Մեծ հաշվով, այս բոլոր բանակցությունները, այս ամենը ինչի մասին, որ խոսում ենք, ինչի՞ մասին ենք խոսում․ խաղաղության պայմանագրի նաև հնարավոր դրույթների բովանդակության մասին ենք խոսում և էլի եմ ուզում եմ ընդգծել, որ տեսեք, անընդհատ երևի այդ քարոզչական քաոսի պատճառով նաև փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված դեմ ենք, չենք ուզում։ Ոչ, չկա նման բան։ Ես էլի եմ ասում, եթե հիշում եք, ես դեռ 2021 թ․-ի մայիսին՝ ընտրություններից առաջ, նույնիսկ փաստաթուղթ հրապարակվել, և ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ այդ փաստաթուղթը ստորագրել, տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք իհարկե, դեմ չենք։ Իհարկե, կողմ ենք, իհարկե, շահագրգռված ենք»։

Փաշինյանն ասաց՝ բոլոր ուղղություններով գնալու են առաջ․ «Պարզ է, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերը առավել արտահայտված լինեն, Հայաստանը փորձելու է այնպես անել, որ իր շահերը արտահայտված լինեն։ Բայց իհարկե, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդ պարագայում գուցե թե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու և ինչ-որ նոր սխեմա ձևավորելու հնարավորություն լինի»։

Փաշինյանը նշեց, որ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային․ «Բայց Սոչիից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ դրեցին այդ խոսակցությունը։ Բրյուսելից հետո դեռևս, բարեբախտաբար, այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել, և ես հույս ունեմ, որ դա նշանակում է, որ մենք կարող ենք առաջ շարժվել, որովհետև Բրյուսելի առանձահատկությունը ինչ է․ ես հույս ունեմ՝ դիվանագիտական կոռեկտության սահմանները չեմ հատի, բայց ուզում եմ, որ մեր հանրությանը իսկապես ինչքան հնարավոր է՝ առանց դիվանագիտական կոռեկտությունը խախտելու ես ներկայացնեմ։ Եթե նկատեցիք՝ Բրյուսելում մենք իրականում երկու հանդիպում ենք ունեցել․ շատերն ասում էին՝ երեք՝ ասելով, որ նաև առանձնազրույց է եղել, բայց այդ առաջին հանդիպումը, որը եղել է Շառլ Միշելի միջնորդությամբ, տևել է 4 ժամից ավելի, և այդ առանձնազրույցի հատվածը ուղղակի մի պահ՝ կոնկրետ տեխնիկական խնդիր լուծելու նկատառումով, ԵՄ խորհրի նախագահը դուրս է եկել և վերադարձել, և դա չի եղել է, որ Շառլ Միշելը այստեղ չի, արագ խոսենք, կամ լավ, եկավ, փոխենք խոսակցության  թեման»։

Փաշինյանը կարևորեց նաև Ֆրանսիայի նախագահի հրավերով հանդիպումը, ես ասաց, որ գնահատանքի խոսքեր է ուզում հնչեցնել և՛ Ֆրանսիայի նախագահի հասցեին, և՛ ԵՄ խորհրդի նախագահի հասցեին, նաև ՌԴ նախագահ Պուտինին հասցեին․ «Իրականում խոսակցության այդ նոր ձևաչափը, ըստ էության, հենց Սոչիում տեղի ունեցավ, երբ Ռուսաստանի նախագահը ամեն ինչ արեց, որ  զուտ մարդկային խոսակցության հատվածը մի քիչ ավելի շատ լինի և Սոչիում դա ստացվեց, հետագայում ասեցի՝ որոշ իրադարձություններ մի քիչ էականորեն մթագնեցին դա»։

Վարչապետի խոսքով՝ բրյուսելյան հանդիպումից առաջ էլ հնչեցին նման հայտարարություններ․ «Իրականում այս ամենի մեջ շատ բան հրապարակային է տեղի ունենում։ Իսկ Բրյուսելում եռակողմ խոսակցությունը  լարված սկսեց բայց հընթացս էլի եմ ասում, երբ արդեն ոչ թե հակադրության ռեժիմը, երբ տեսանք, որ փակուղի է տանում, փորձ արվեց հասկանալ դիմացինի տեսակետը, թե ինչու է այս բանը այսպես ասվում, ինչու այն բանը այնպես ասվում, և այդտեղ ի հայտ եկան պրակտիկ խնդիրներ, որոնց լուծման հնարավորությունները գծագրած սկզբունքների շրջանակում ես տեսա։ Եվ այդ հնարավորությունները ես կփորձեմ ծառայեցնել ընդհանուր կարգավորման նպատակին»։

Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումն էլ, Փաշինյանի խոսքով սրճարանում է տեղի ունեցել․ «Մենք նստած ուղղակի զրուցում էինք, և այդ զրույցն էլ շատ շերտեր բացեց, որը պաշտոնական բանակցությունների ընթացքում սովորաբար չի բացվում։ ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիի հանդիպումը, Բրյուսելի հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահի միջոնրդությամբ և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, այս երեքը, ըստ էության, մեկը մյուսին լրացրեցին և դրանից հետո է, որ ես մեր ԱԱԾ օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասեցի, որ ես տեսնում եմ հնարավորություն։ Այդ հնարավորությունները շատ կոնրետ չեն, այդ հնարավորությունները աղոտ են, այդ հնարավորությունները դեռևս շոշափելի չեն, բայց կա առաջ գնալու հնարավորություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել