Ինֆոքոմ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անխոհեմ և չհրահրված հարձակումը, որը վտանգում է անհաշիվ քաղաքացական անձանց կյանքեր»։ «Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։ «Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է և լուրջ վտանգ եվրատլանտյան անվտանգությանը։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների հետեւանքները։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի պահին։ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին», ասվում է հայտարարության մեջ։
11:33 - 24 փետրվարի, 2022
Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

«Այսօր՝ փետրվարի 24-ին, առավոտյան ժամը 05։00-ից, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են ինտենսիվհրետակոծություն են սկսել արևելյան մեր ստորաբաժանումների ուղղությամբ, նաև հրթիռային հարվածներ և ռմբակոծություններ են իրականացրել Բորիսպիլի, Օզեռնոյեի, Կուլբակինի, Չուգուևի, Կրամատորսկի, Չոռնոբաևկայի օդանավակայանների ուղղությամբ»,- այս մասին նշվում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի զեկույցում։ Ըստ զեկույցի՝ ռուսական կողմը սկսել է նաև Ուկրաինայի տարածքի ու բնակավայրերի հրետակոծությունը։ «Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հետ են մղում հակառակորդի օդային հարձակումը։ Պետական ​​պաշտպանության ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ, գրավել և պահում են պաշտպանական դիրքեր։ Իրավիճակը վերահսկելի է»,- նշված է զեկույցում։ Ընդգծվում է նաև, որ Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոնբասի տարածքում խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։
10:10 - 24 փետրվարի, 2022
Պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ․ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն

Պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ․ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Առավոտյան ժամը 5.00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ Ուկրաինայի պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ: Սահմանապահ ստորաբաժանումների, սահմանապահ պարեկների և անցակետերի վրա հարձակումներն իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի և հրետանային զինատեսակների կիրառմամբ։ Դեպքերը տեղի են ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ, հարձակումը տեղի է ունենում նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից։Արձանագրվում է նաեւ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը։ Կախված սահմանին տիրող իրավիճակից՝ սահմանապահները Ուկրաինայի զինված ուժերի և Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ միասին կրակում են հակառակորդի ուղղությամբ։ Սահմանապահների շրջանում վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»։
09:48 - 24 փետրվարի, 2022
Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարարը հինգ հիմնական գործողություններ է նշել

Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարարը հինգ հիմնական գործողություններ է նշել

Աշխարհը պետք է անհապաղ գործի. որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ նշելով, ըստ նրա, հինգ գլխավոր գործողություններ. 1. Ռուսաստանի դեմ կործանարար պատժամիջոցներ անմիջապես, Ռուսաստանի անջատում SWIFT-ից2. Ռուսաստանի լիակատար մեկուսացում բոլոր ֆորմատներով3. Զենք և տեխնիկա Ուկրաինայի համար4. Ֆինանսական աջակցություն5. Մարդասիրական օգնություն Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Դաշնային խորհրդի թույլտվությամբ որոշել է իրականացնել հատուկ ռազմական գործողություն։ Այս պահին, ըստ Ուկրաինայի ԱԳ նախարարի, հարձակումներ են Ուկրաինայի քաղաքների վրա։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ողջ տարածքում մտցվում է ռազմական դրություն։
09:32 - 24 փետրվարի, 2022
ՊՆ-ն օրենքի փոփոխություն է առաջարկում, որով ԳՇ պետը կհամարվի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

ՊՆ-ն օրենքի փոփոխություն է առաջարկում, որով ԳՇ պետը կհամարվի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով, ի թիվս այլ կարգավորումների, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կհամարվի Պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ։ Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում։ Բացի դրանից՝ խմբագրվում և հստակեցվում են վարչապետի, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ։
11:59 - 23 փետրվարի, 2022
Եթե կար «Եվրանեսթի» բնականոն գործունեությունը ապահովելու պարտավորություն, դա կարելի էր անել օնլայն՝   ադրբեջանցի պատգամավորներին հնարավորություն չտալով գալ ՀՀ․ Ղազինյան

Եթե կար «Եվրանեսթի» բնականոն գործունեությունը ապահովելու պարտավորություն, դա կարելի էր անել օնլայն՝ ադրբեջանցի պատգամավորներին հնարավորություն չտալով գալ ՀՀ․ Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Երևանում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերին, ասաց, որ այդ ընթացքում քվեարկության է դրվել ընդամենը մեկ փաստաթուղթ, որը գոնե մինչ այժմ հրապարակված չէ․ «Այն քվեարկության է դրվել ոչ թե լիագումար նիստում, այլ բյուրոյի նիստում, որտեղ Հայաստանի պատվիրակության ղեկավարից որևէ կերպ հնարավոր չեղավ պարզել, թե վերջին հաշվով ինչ փաստաթուղթ է ընդունվել երեկ բյուրոյի նիստում և այդ հարցի վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում էր հայտնել պատվիրակությունը, իրենք ասում են ձեռնպահ ենք, հետո ասում են՝ դեմ ենք և այլն»։ Ղազինյանի խոսքով՝ հաջորդ ամենակարևոր դրվագը Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն էին․ «Ինքնին փաստը, որ նրանք գտնվում էին պատերազմից  գրեթե 1.5 տարի հետո, որ 2012 թ․-ից մինչև երեկ նրանք բոյկոտում էին «Եվրանեսթի» շրջանակում Հայաստան այցելությունը, երեկ եկել էին Հայաստան ու իրենց բավականին ազատ էին զգում։ Նաև նրանց տրվեց հնարավորություն վարել մեկ սեսիա։ Սա, իհարկե, վրդովեցուցիչ է, որովհետև հաշվի առնելով պատերազմից հետո առկա իրավիճակը և Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ադրբեջանցիները չպետք է գային Հայաստան։ Եթե կար միջազգային պարտավորություն ապահովել «Եվրանեսթի» բնականոն գործունեությունը, դա կարելի էր անել օնլայն ռեժիմով, այսինքն՝ փաստացի չտալ հնարավորություն ադրբեջանական պատվիրակությանը գալ Հայաստան, նկարվել տարբեր տեղերում, իրենց սոցցանցերում տեղադրել լուսանկարներ և ողջույններ հղել իրենց երկրում ընդունված տերմինաբանության շրջանակում»։ Պատգամավորն ընդգծեց՝ դա իրենց համար անընդունելի էր, սակայն փաստ էր, որի հետ պետք էր հաշվի նստել․ «Ընդդիմությունը միասնական հանդես եկավ այդ հարթակում՝ ներկայացնելով ՀՀ ազգային, պետական շահը, հղելով այնպիսի ուղիղ ուղերձներ, որոնք ուղղված էին ադրբեջանական հանրությանը և իշխող քաղաքական էլիտային՝ կապված Արցախի և ՀՀ սահմանին տիրող իրավիճակի հետ։ Արձանագրվեց, որ Արցախի հարցը կարգավորված չէ, և Արցախը եղել է, կա և մնալու է հայկական և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դա կոնկրետ ասվեց իրենց ճակատին, դա իրենց դուրը չեկավ, նրանք անընդհատ փորձում էին ցույց տալ, որ այդ հարցը կարգավորված է, սակայն Եվրոխորհրդարանի պատգամավորները ևս հաստատեցին, որ չեն ընդունում պատերազմի արդյունքները և Արցախի հարցը կարգավորված չէ»։
11:45 - 23 փետրվարի, 2022
Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։ Մասնավորապես, նիստի սկզբի հրապարակային հատվածում, խոսելով հանձնաժողովի գործունեության մասին, նա ասել է, որ որեւէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ (նկատի ունի քննիչ հանձնաժողով,- հեղ․) գալուց։ Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ ամրագրում է, թե հանձնաժողով ներկայանալը ում համար է պարտականություն, ում համար՝ իրավունք։ Մասնավորապես, օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու եւ բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Այսինքն՝ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվել չեն կարող միայն պաշտոնատար անձինք, իսկ այլ անձինք կարող են։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ նախկին պաշտոնատար անձանց համար օրենքը որոշակի բացառություն է նախատեսում։ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1․1 կետի համաձայն՝ պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչեւ պաշտոնից ազատվելը: Այսինքն՝ պատերազմի ընթացքում որեւէ պաշտոն զբաղեցրած, բայց այժմ պաշտոնաթող անձինք կարող են նաեւ չներկայանալ, եթե հրավերը ստացել են պաշտոնը թողնելուց եւ/կամ ազատվելուց հետո։ Իր ելույթի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն նաեւ ասել է․ «Մեր ամբողջ աշխատանքի ընթացքում, ինչպես Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի, ինչպես Մարտի 1-ի փաստահավաք խմբի ժամանակ է եղել, որեւէ դրվագ չի կորելու, այդ բոլոր դրվագները լինելու են մեր երկրի արխիվային կարողությունների մեջ, եւ նաեւ դա է հիմք տալիս, որ որեւէ թաքցնելու բան չի կարող լինել։ Երբ ասում են՝ քվեարկությամբ են կանչելու, չէ, էդպիսի բան չկա, անհրաժեշտությամբ ենք կանչելու, քվեարկությամբ որեւէ մեկին․․․ Եթե եղավ առաջարկ, էդ առաջարկը, ոնց որ եղել է Քառօրյայի ժամանակ․․․ Չի եղել դրվագ, երբ մենք քվեարկենք՝ սրան կանչենք թե չէ։ Եթե եղել է անհրաժեշտություն, պետք է գա»։ Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը այլ կարգավորում է նախատեսում։ Ըստ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հանձնաժողովը կարող է որոշմամբ հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ստացվում է, որ օրենքի համաձայն՝ անկախ անհրաժեշտությունից՝ Հանձնաժողով ներկայանալու հրավեր ուղարկելու համար անհրաժեշտ է որոշում, որը ընդունվում է քվեարկությամբ։  Օրենքը սահմանում է նաեւ, թե որ դեպքում Հանձնաժողովը իրավունք ունի գործել առանց որոշումներ ընդունելու։ Մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանձնաժողովը կարող է անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ։ Հավելենք, որ թեեւ հանձնաժողովի գործունեությունը ամրագրող նորմերում կիրառվում է «կարող է», ոչ թե «պարտավոր է» ձեւակերպումը, այնուհանդերձ, Սահմանադրության  6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար, պատգամավորները չեն կարող առանց որոշման հրավեր ուղարկել, քանի որ օրենքով նման լիազորություն չունեն։ Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանի վերոնշյալ պնդումները սխալ են եւ չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կարգավորումներին։   Միլենա Խաչիկյան
12:11 - 22 փետրվարի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտում է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։ «Ագրեսիվ անջատողականությունը, որը Հայաստանի ԱԳՆ-ն որակում է որպես «վերածնունդ», տասնամյակներ շարունակ հանգեցրել է լայնածավալ աղետի տարածաշրջանում։ Այս իրավիճակը երկար տարիներ լրջորեն խոչընդոտել է տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացումը։ Այն ժամանակ, երբ տարածաշրջանում հաստատվում է միջազգային իրավունքը և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Հայաստանի ԱԳՆ-ի՝ երկու ազգերի միջև ազգամիջյան տարաձայնությունները խրախուսող հայտարարությունը ցույց է տալիս մի կողմից երկրի անպատասխանատու պահվածքը և մյուս կողմից, որ Հայաստանը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Ադրբեջանական կողմից հավելում են, որ «Հայաստանի ԱԳՆ-ի ուշադրությանն ենք ներկայացնում, որ նման ապակառուցողական մոտեցումն ապագա չունի»։
14:05 - 21 փետրվարի, 2022
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը երկրում հարձակումների սպառնալիքների մասին է հաղորդում

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը երկրում հարձակումների սպառնալիքների մասին է հաղորդում

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշում է․ «Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ հարձակումների սպառնալիքներ են եղել առևտրի կենտրոնների, երկաթուղային և մետրոյի կայարանների և հասարակական հավաքների այլ վայրերի վրա խոշոր քաղաքային շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի այն հատվածներում, որտեղ լարված է»։ Դեսպանությունը կոչ է անում հետևել տեղական և միջազգային լրատվամիջոցներին, խուսափել ամբոխներից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատից, զգոն լինել այն վայրերում, որտեղ այցելում են զբոսաշրջիկները/արևմտյանները, վերանայել անձնական անվտանգության պլանները, ունենալ համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ, ներառյալ ԱՄՆ անձնագիր ներկայիս ռուսական վիզայով, ունենալ տարհանման ծրագրեր, որոնք չեն հիմնվում ԱՄՆ կառավարության օգնության վրա:
12:44 - 21 փետրվարի, 2022
Ուկրաինական կողմը հայտնում է մեկ զոհի մասին, իսկ Դոնեցկում պնդում են, որ Ուկրաինան հերթական անգամ գնդակոծել է Հանրապետության տարածքը

Ուկրաինական կողմը հայտնում է մեկ զոհի մասին, իսկ Դոնեցկում պնդում են, որ Ուկրաինան հերթական անգամ գնդակոծել է Հանրապետության տարածքը

Ուկրաինայի «Միացյալ ուժերի գործողության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 19-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ «արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք, որից 16-ը՝ մինսկյան պայմանագրերով արգելված զենքի կիրառմամբ»։ Միացյալ ուժերի գործողությունը Ուկրաինայի իրավապահ մարմինների ռազմական և հատուկ կազմակերպչական և իրավական միջոցառումների շարք է, որն ուղղված է արևելյան Ուկրաինայի պատերազմում ռուսական և ռուսամետ ուկրաինայի պնդմամբ անօրինական զինված խմբավորումների գործողություններին հակազդելուն։ Ըստ հաղորդագրության՝ մեկ ուկրաինացի զինծառայող է զոհվել. «Հակառակորդը կիրառել է 122 մմ տրամաչափի հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ տրամաչափի ականանետեր, տարբեր համակարգերի նռնականետեր։ Հրթիռակոծության հետևանքով ուկրաինացի մեկ զինծառայող կյանքի հետ անհամատեղելի բեկորային վիրավորում է ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունից հայտնել են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը հերթական անգամ գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը։ Ըստ հաղորդագրության՝ ժամը 08:05-ին ուկրաինացի զինվորականները Շիրոկինոյից կրակ են բացել Սախանկա գյուղի վրա․ «Ընդհանուր առմամբ նրանք արձակել են 122 մմ տրամաչափի 16 արկ։Հերթական հրետակոծությունը գրանցվել է ժամը 08:30-ին. կրակը արձակվել է Նովոլասպա, Կոմունարովկա և Գորլովկա ուղղությամբ, նրանց վրա ընկել է ավելի քան 50 ական՝ 82 մմ տրամաչափով։ Բացի այդ՝ գիշերը ուժայինները գնդակոծել են Կրասնի Օկտյաբր, Ստարոլասպա, Բեզիմեննոե, Վեսելոե և Դոկուչաևսկ քաղաքները՝ արձակելով 120 մմ տրամաչափի 38 ական և 122 մմ տրամաչափի 27 արկ»։ Լուսանկարը՝ Ukrainian Independent Information Agency of News-ի
11:55 - 19 փետրվարի, 2022
Նախորդ 18 տարում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հոդվածը ՀՀ-ում չի կիրառվել

Նախորդ 18 տարում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հոդվածը ՀՀ-ում չի կիրառվել

2003 թվականից 2021-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հատկանիշներով պետական կառույցներում հանցագործության որեւէ դեպք չի հաշվառվել։ Քրեական օրենսգրքի ընդունման պահից ի վեր այդ հոդվածով առաջին անգամ գործ է հարուցվել միայն 2022 թվականին։  ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածը այն հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Մի խումբ դատավորներ արտահերթ ժողով հրավիրելու մասին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին ուղղված իրենց դիմումում եւս նշել են, որ ՔՕ 348-րդ հոդվածը մինչ այս պահը փաստացի չի կիրառվել։ Infocom-ը ուսումնասիրել է, թե ՔՕ 348-րդ հոդվածի վերաբերյալ ինչ վիճակագրություն է առկա Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում եւ Դատական դեպարտամենտում։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը կառավարության սահմանած կարգով իրավունք ունի իրականացնել որոշակի տվյալների հաշվառում։ Ըստ այդմ, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը հաշվառում է որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումները, դատարանի դատավճիռները եւ այլն։ Հաշվի առնելով սա՝ գրավոր հարցմամբ ոստիկանությունից խնդրել էինք հայտնել, թե 2003-2021 թթ ընթացքում այդ հոդվածի հատկանիշներով քանի քրեական գործ է հարուցվել, եւ ինչ փուլում է դրանցից յուրաքանչյուրը։ Ոստիկանությունից պատասխանել են, որ այդ ընթացքում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության որեւէ դեպք հաշվառված չէ։ Քրեական գործերի վերաբերյալ առանձին վիճակագրություն է վարում նաեւ Դատական դեպարտամենտը՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին եւ Կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։ Դեպարտամենտի վիճակագրությունը ներառում է ոչ միայն մինչդատական եւ դատական վարույթը, այլ նաեւ քրեական գործի հարուցմանը նախորդող փուլը, երբ, օրինակ, դեռ նյութեր են նախապատրաստվում կամ մերժվում է քրեական գործի հարուցումը։ Օրենքի պահանջով՝ վիճակագրական տվյալների հաշվառումից հետո Դեպարտամենտը դրանք հրապարակում է։ Դատական իշխանության պաշտոնական կայքում, սակայն, հրապարակված տվյալները հասանելի են՝ սկսած միայն 2015 թվականից։ Ուստի գրավոր հարցմամբ դիմել էինք նաեւ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով տրամադրել հիշյալ հոդվածին վերաբերող ամբողջական վիճակագրություն՝ սկսած 2003 թվականից։  Դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Դատական համակարգ» համակարգչային տեղեկատվական ծրագրի միջոցով դատական գործերի առկայության եւ/կամ բացակայության մասին տեղեկությունները հնարավոր է դուրս բերել՝ սկսած միայն 2008 թվականից։ Ըստ այդմ, Դատական դեպարտամենտի տվյալներով՝ 2008-2015թթ․ ընթացքում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ դատարաններում չի  քննվել, չի կասեցվել կամ կարճվել, ինչպես նաեւ չի կայացվել մեղադրական կամ արդարացման դատավճիռ։ Գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել նաեւ, թե հաշվետու ժամանակահատվածում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, ինչպես նաեւ մեղադրանք առաջադրելու քանի որոշում է բողոքարկվել դատական կարգով, եւ բողոքարկման արդյունքում ինչ որոշումներ են կայացվել դատարանների կողմից։  Վարչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ այդպիսի վիճակագրություն եւս առկա չէ, այսինքն՝ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու կամ այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու ոչ մի որոշում դատարաններում չի բողոքարկվել։   Փոխարենը բողոքարկվել է ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու 8 որոշում։ Դա նշանակում է, որ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ վիճարկելով իրեն ձերբակալելու կամ կալանավորելու որոշման օրինականությունը, սակայն իրավապահ մարմինները, այդ հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստելով, մերժել են քրեական գործի հարուցումը։ Այդ որոշումներն էլ հաղորդում տված անձինք հետագայում բողոքարկել են դատական կարգով։ Դեպարտամենտից ստացած պատասխանի համաձայն՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները հիշյալ 8 բողոքներից 7-ը մերժել են, 1-ը՝ բավարարել։  Լրացուցիչ հարցմամբ խնդրել էինք մանրամասնել՝ 8 բողոքներից 1-ը բավարարելու այդ որոշումը ո՞ր թվականին է կայացվել, ո՞ր դատարանի կողմից եւ ՔՕ 348-րդ հոդվածի կոնկրետ ո՞ր մասին՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելո՞ւն թե՞ կալանավորելուն է վերաբերել։ Խնդրել էինք  հայտնել նաեւ՝ այդ որոշման դեմ հետագայում ներկայացվե՞լ են վերաքննիչ, ապա նաեւ վճռաբեկ բողոքներ, եւ ինչպե՞ս է լուծվել դրանց ընթացքը։ Դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից տեղեկացրել են, որ օրենքով իրենց պատվիրակված լիազորության շրջանակներում հայցվող տեղեկության վերաբերյալ վիճակագրություն կամ որեւէ այլ հաշվառում Դեպարտամենտը չի վարում։ Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ բողոքը բավարարելուն չի հաջորդել քրեական գործի հարուցում (որովհետեւ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ հոդվածով հանցագործության դեպք մինչ 2021թ․ չի հաշվառվել)՝ ենթադրվում է, որ իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին են բողոքարկել դատարանի այդ որոշումը։ Արդյունքում, նրանց բողոքը բավարարվել է վերադաս ատյանների կողմից, ինչի հիմքով էլ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել։ Այսպիսով, դատավորների հայտարարությունը, թե ՔՕ 348-րդ հոդվածը մինչ այս պահը փաստացի չի կիրառվել, ճիշտ է։ Նախորդ 18 տարում ՀՀ-ում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հատկանիշներով  քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք չի առաջադրվել, չի կիրառվել որեւէ խափանման միջոց եւ չի ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։    Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի կայքից Միլենա Խաչիկյան
18:48 - 18 փետրվարի, 2022