Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը մինչ Պուտինին ձերբակալելու օրդերն է սկսել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը մինչ Պուտինին ձերբակալելու օրդերն է սկսել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը

Մենք Հռոմի ստատուտի վավերացումը սկսել ենք 2-3 ամիս առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահը ուղևորվի այն պետություններից մեկը, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագրի տակ, ապա նա անմիջապես պետք է ձերբակալվի։ Ալեն Սիմոնյանի խոսքով համաձայնագիրը ստորագրելու աշխատանքները Հայաստանում սկսվել էին մինչ այս որոշումը, և Հայաստանի Հանրապետությանը պետք է այս որոշումը․ «Ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի։ Եթե չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կարծում եմ՝ Դատարանը դրա մասին համապատասխան որոշում կկայացնի»։ Հարցին, որ եթե դա վավերացվի ՀՀ-ի կողմից, և ՌԴ նախագահը գա Հայաստան, ՀՀ քաղաքական ղեկավարությունը ի՞նչ գործողություններ կան, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ ենթադրենք՝ մի համաժողով լինի, տարբեր երկրների նախագահներ են մասնակցում․․․ Ես ուղակի պրակտիկայում չեմ պատկերացնում՝ ինչ գործողություններ պետք է անի երկիրը։ Կարծում եմ՝ ինքը իր իրավական, քաղաքական առումով է ծանրակշիռ»։ Ալեն Սիմոնյանը խուսափեց որևէ հստակ պատասխան տալ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուաստանի նախագահը Հայաստանում ձերբակալվի, եթե Հայաստանը վավերացնի համաձայնագիրը, ու արդյո՞ք Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք կունենան դրա համար։ «Եկեք հլը վավերացնենք, վերջացնենք, Ռուսաստանի նախագահը գա․․․ Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս։ Իրագործումը որևիցե երկրում ես չեմ պատկերացնում։ Դե ես չգիտեմ, հիմա թող իրենք անեն, ես մեծ հաճույքով կհետևեմ՝ ոնց են իրենք դա անելու (նկատի ունի Վլադիմիր Պուտինի ձերբակալությունը որևէ երկրում՝ խմբ․)»,- նշեց Ալեն Սիմոնյանը։ Հարցին, որ այս ստատուտին չմիանալով՝ հնարավոր է՞ նեղացնել Արևմուտքին, Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ բանի չենք միանում ինչ-որ մեկի խաթր, կամ ինչ-որ մեկին նեղացնելու համար․ «Գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, ու պետք է նայենք՝ այն որքանով է ՀՀ-ին ձեռք տալիս։ Եթե ռազմական հանցագործությունների համար դիմենք օրինակ մեր դեմ պատերազմ սանձազերծած որևէ երկրի ղեկավարի Հաագայի դատարանի առջև կանգնեցնել, մեզ դա պե՞տք է, թե՞ պետք չէ»։ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը։ Այն ուժի մեջ է մտել 2002թ․ հուլիսի 1-ին։ Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել է 139 պետություն, բայց համաձայնագիրը ոչ բոլորն են վավերացրել։ Հայաստանը ստորագրել է Հռոմի Ստատուտը 1999թ․ հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չի վավերացրել։ Ռուսաստանը ստորագրել է 2000թ․ սեպտեմբերի 13-ին ու մինչ այժմ չի վավերացրել։
15:35 - 20 մարտի, 2023
Թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, դա չի խանգարի երկու օր հետո գործողություն կատարելուն. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի և կառույցի՝ ՀՀ-ից դուրս գալու մասին |tert.am|

Թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, դա չի խանգարի երկու օր հետո գործողություն կատարելուն. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի և կառույցի՝ ՀՀ-ից դուրս գալու մասին |tert.am|

tert.am: «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ն պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից, այլև իր գլխավոր քարտուղարին է ուղարկում Հայաստան, Հայաստանը պատրաստվո՞ւմ է որոշակի քայլեր կատարել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ Սիմոնյանը պատասխանեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գալը չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն դուրս չի գալու Հայաստանից. «Որ եկել ա, ի՞նչ, ի՞նչ փոխվեց: Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է, չկա որևէ քայլ, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ այս պահի դրությամբ խոչընդոտում, անհանգստություն է պատճառում: Անկախ նրանից՝ որ կազմակերպության մեջ ենք գտնվում՝ մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Հաճախ ՀԱՊԿ-ի կողմից սուր արձագանքները հենց սրա պատճառով են: Իսկ քաղաքական առումով՝ եկավ-գնաց, թող գան-գնան, հարցը դրանով չի լուծվելու, իրենք կգան-կգնան, դա չի խանգարի երկու օր հետո, որ գործողություն անեն, դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոն ունեցողների դեպքում»: Սիմոնյանը նկատեց, որ չգիտի՝ Իմանգալի Տասմագամբետովի Հայաստան այցը որքանով հող կապահովի որևէ գործընթաց կանգնեցնելու համար. «Այդ այցերի ֆոնին, այնուամենայնիվ, եղավ Սև լճի դեպք, Ջերմուկի ուղղությամբ դեպքեր»:
13:54 - 20 մարտի, 2023
ՀՀ-ն մշտապես իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին. Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ-ին հորդորում է ուշադիր լինել Ադրբեջանի արձագանքներին |armenpress.am|

ՀՀ-ն մշտապես իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին. Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ-ին հորդորում է ուշադիր լինել Ադրբեջանի արձագանքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է՝ ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը: «Ռուսական առաջարկները, որոնք մինչև օրս եղել են, մշտապես ընդունվել են ՀՀ-ի կողմից: Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը: Եվ կարծում եմ՝ նույն Խովաևի փաստաթղթի, նույն ռուսական բոլոր առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմից արձագանքին, քանի որ 99 տոկոս դեպքերում Հայաստանը իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին: Եվ, ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին: Հայկական կողմի խղճին է թողնում, լավ, իսկ ի՞նչ արձագանք է եղել Ադրբեջանի կողմից»,-ասաց Սիմոնյանը: Սիմոնյանը նշեց՝ իսկ եթե Զախարովան ի նկատի ունի Ռուսաստանը, ապա ՌԴ-ն ինքն է ստորագրել այս փաստաթուղթն ու ստանձնել պատասխանատվությունը: Անդրադառնալով ռուսական կողմից հնչող այն հիշեցմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի բան, որ ՌԴ-ն ստանձնում է ԼՂ-ի անվտանգության երաշխավորի պարտականությունը՝ ԱԺ նախագահը հարցրեց՝ ապա ինչո՞ւ էր ՌԴ նախագահը ստորագրում այդ փաստաթուղթը և ինչո՞ւ են ռուս խաղաղապահները կանգնած: «Այսինքն՝ կանգնած են, ենթադրենք, Չինաստանի՞ խաղաղապահները, ու մենք ասում ենք, թե պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստա՞նը: Դա Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,-ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ հիմա Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստա՞նն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց՝ այս փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ի խաղաղապահները գտնվում են հենց այդ առաքելությամբ: «Դա մենք հաստատել, վավերացրել ենք: Հետաքրքիր կլինի իմանալ նաև ռուս գործընկերների արձագանքը, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ մինչև հիմա Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը»,-ասաց Սիմոնյանը:
13:51 - 20 մարտի, 2023
Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեն, միևնույն է, ամեն օր զբաղվում ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելով. ԱԺ նախագահ |armenpress.am|

Եթե նույնիսկ ամենալավ բանակցությունները լինեն, միևնույն է, ամեն օր զբաղվում ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելով. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնարավոր հերթական սադրանքը, հետևաբար Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով: Այս մասին վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե  արդյոք փակուղո՞ւմ է խաղաղության գործընթացը: Սիմոնյանը պարբերաբար նոր սադրանքների, նոր ռազմական գործողությունների բավականին բարձր վտանգ է տեսնում: «Սակայն ասել, թե փակուղում է, չեմ կարծում, թե ճիշտ է: Այնուամենայնիվ, գործընթաց կա, տեղում կանգնած չէ: Փակուղի անվանելը, կարծում եմ, սխալ է: Սակայն դա չի նշանակում, թե Ադրբեջանի կողմից հերթական սադրանք անելու առումով ինչ-որ ձևով զսպող գործիք լինել: Հակառակը՝ կարող է այդ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանք իրականացնելու համար»,-ասաց Սիմոնյանը: Նա վստահեցրեց՝ անկախ ամեն ինչից ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործով: «Եթե նույնիսկ ամենալավ, ամենալավատեսական բանակցությունները լինեն, մենք, միևնույն է, ամեն օր զբաղվել ենք ու զբաղվում ենք ու զբաղվելու ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով»,-ընդգծեց ԱԺ նախագահը:  
13:25 - 20 մարտի, 2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, ով Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում: Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում լավ ավանդույթ է դարձել. այն եզակի հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին եւ կոնկրետ քայլեր նախանշելու համար: Առանձնակի կարեւորվել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ փոխգործակցությունը, ընդգծվել միջխորհրդարանական եւ միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարեւորությունը: «Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր, եւ դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ անցկացված նիստին եւ դրա շրջանակում Հայաստանի Տավուշի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադառնալով պաշտոնական Բաքվի գործողություններին՝ ԱԺ նախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված հումանիտար աղետի վտանգը կանխելու նպատակով Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ջանքերի պահանջվածության համատեքստում հատուկ նշեմ, որ մենք գործուն քայլեր եւ հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից եւ առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում»:
13:37 - 18 մարտի, 2023
Ազատություն եմ մաղթում Ադրբեջանի ժողովրդին և մամուլին․ Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի լրագրողներին հարցազրույց տալու մասին

Ազատություն եմ մաղթում Ադրբեջանի ժողովրդին և մամուլին․ Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցի լրագրողներին հարցազրույց տալու մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ պատմել է, թե ինչպես է Բահրեյնում պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին ու հարցազրույցն այդպես էլ չի հեռարձակվել։«Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու. -Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը: Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա: Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ: Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա: Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»:
11:35 - 14 մարտի, 2023
Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Բելգիայի, Հունգարիայի և Եգիպտոսի խորհրդարանների ղեկավարների հետ

Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Բելգիայի, Հունգարիայի և Եգիպտոսի խորհրդարանների ղեկավարների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:  Գործընկերային հանդիպումների եւ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանների ղեկավարներին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը: Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող եւ չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետեւանքներից, քննարկվել են նաեւ տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները: ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ:
16:52 - 13 մարտի, 2023
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում. Ալեն Սիմոնյանի ելույթը Բահրեյնի վեհաժողովում

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում. Ալեն Սիմոնյանի ելույթը Բահրեյնի վեհաժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության և անվտանգության հարցերին: Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում է 136 երկրից ավելի քան 1700 պատվիրակ, ելույթ են ունենալու վեց տասնյակից ավելի խորհրդարանների ղեկավարներ: Համաժողովն ընդգրկում է Միջխորհրդարանական միության բոլոր կանոնադրական մարմինները, ներառյալ Կառավարիչների խորհուրդը, մշտական հանձնաժողովները, խորհրդարանականների, մարդու իրավունքների և Մերձավոր Արևելքի հարցերով հանձնաժողովները, ինչպես նաև կին խորհրդարանականների և երիտասարդ պատգամավորների ֆորումները: Ընդհանուր քննարկումների առարկան հիմնականում  խաղաղ գոյակցության և ներառական հասարակությունների խթանման համատեքստում է: Օրակարգային  է նաև անհանդուրժողականության դեմ պայքարին վերաբերող ազգային օրենսդրությունների առանձնահատկությունների ներկայացումը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մասնավորեցնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած Լաչինի ճգնաժամին առնչվող խնդիրները: «Պարո՛ն նախագահ, գործընկեր խորհրդարանականնե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Բահրեյնի գործընկերներին ջերմ հյուրընկալության և հիանալի կազմակերպված համագումարի համար: Կլիմայի փոփոխություն, պատերազմներ և բնական աղետներ. մարդկությունը պետք է դիմացկուն լինի այս դժբախտություններին դիմակայելու հարցում: Թույլ տվեք իմ ցավակցությունը հայտնել Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդներին՝ վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր զոհերի կապակցությամբ: Խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքները՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունը և ինքնորոշումը, ներքին գործերին չմիջամտելը, պետք է կարգավորեն պետությունների միջև հարաբերությունները: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ սկզբունքները հաճախ խախտվում են: Խաղաղ համակեցությունը զուգահեռ է միասնությանը, ինչն անհրաժեշտ է սոցիալական, տնտեսական և քաղաքական կայունության համար: Անհատներն ու պետությունները միավորվելով՝ կարող են ընդհանուր նպատակներին հասնելու և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատել: Սա կայուն և ներդաշնակ միջավայրի, համընդհանուր բարօրության համար անչափ կարևոր է: Հիմա թույլ տվեք դիմել մեր տարածաշրջանին և իմ երկրին՝ Հայաստանին, որտեղ ազգային փոքրամասնությունները՝ եզդիները, քրդերը, ռուսները, ուկրաինացիները, ասորիները, հրեաներն ու հույները, ապրում են կողք կողքի՝ որպես մեր հասարակության իրավահավասար անդամներ՝ օգտվելով բոլոր իրավունքներից: Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչներ մեր խորհրդարանի անդամներ են: Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել  կայուն աշխարհ կառուցելու գործում: Ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը: Թույլ տվեք բացարձակ պարզություն մտցնել. Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ: Պատմեմ Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է, որը հազար տարուց ավելի բնակեցված է էթնիկ հայերով: Շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով՝ Լաչինի միջանցքով»: Այդ ճանապարհը քաղաքացիական և այլ տրանսպորտային միջոցների համար անհասանելի է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից և արգելափակված է տասնյակ ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք քողարկվում են «բնապահպանական ակտիվիստներ» անվան տակ: Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների: Նրանք զրկված են կենսական նշանակության դեղորայքից և բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող  կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով: Վերջերս Ադրբեջանը կեղծ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին: Ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվում ապատեղեկատվության տարածմամբ և վերը նկարագրված հետապնդումներով: Ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, եւս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հրամանով նախապես ծրագրված դարանակալման հետևանքով: Հարգելի՛ գործընկերներ, ես հարցնում եմ՝ մի՞թե սրանք էթնիկ զտումներ չեն: Մարդկանց դեմ ուղղված ռասայական և կրոնական հողի վրա իրականացվող անհանդուրժողականությունը, բռնությունը չպետք է արդարացվեն: Ըստ Նելսոն Մանդելայի՝ «Ոչ ոք չի ծնվում՝ ատելով մեկ այլ մարդու նրա մաշկի գույնի կամ ծագման կամ կրոնի պատճառով»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շրջափակման հարցում միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել վերացնել այն: «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը: 2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի «անարգել տեղաշարժը» Լաչինի միջանցքով: Առանձին վճռով դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Հայաստանն ականներ է տեղադրել: Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում: Եզրափակելով՝ ես խորապես հավատում եմ, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության և ներդաշնակության մեջ: Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը:
13:11 - 13 մարտի, 2023
ՀՀ վարչապետի այցին կհետևի ԱԺ նախագահի այցը Գերմանիա. դեսպան

ՀՀ վարչապետի այցին կհետևի ԱԺ նախագահի այցը Գերմանիա. դեսպան

Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում մեծ ակտիվություն է գրանցել. Գերմանիա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո Ազգային ժողովը նախագահը ևս այցելություն կկատարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցից:  «Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական երկխոսությունը մեծ ակտիվություն է գրանցել: Տարեսկզբին աշխատանքային այցով Գերմանիա էր ժամանել ԱԳ նախարարը: Եվ վարչապետի այցը կարևորվում է նրանով, որ արտաքին գործերի նախարարի այցից հետո արդեն քաղաքական երկխոսությունն ավելի բարձր մակարդակի վրա է դրվում: Հետո հետևելու է նաև ԱԺ նախագահի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն»,-ասաց Ենգիբարյանը: Ըստ դեսպանի՝ սա վկայում է նրա մասին, որ հարաբերությունները բոլոր ոլորտներում ինտենսիվանում են՝ սկսած տնտեսականից մինչև քաղաքական ոլորտներ, նաև ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության իմաստով: ՀՀ վարչապետի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում խոսվել է մի շարք ոլորտներից: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կհամագործակցենք տնտեսական մի շարք նոր ոլորտներում, օրինակ՝ վերականգնվող էներգիայի ոլորտ, «կանաչ ջրածնային» ոլորտ: Հայաստանն ու Գերմանիան առաջիկայում կիրականացնեն կլիմայական փոփոխությունների վերաբերյալ որոշ ծրագրեր: Եվ դա առաջին հերթին կխթանի Հայաստանի տնտեսական աճն ու Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը»,-ասաց դեսպանը: Ըստ Ենգիբարյանի՝ վարչապետի այցը, բնականաբար, ունի նաև քաղաքական բնույթ՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրները, որոնք այսօր կան Հայաստանում ու տարածաշրջանում: «Եվ այդ իմաստով մենք հույս ունենք, որ Գերմանիան կունենա իր ներգրավվածությունը՝ տարածաշրջանային կայունությունը խթանելու գործում»,-ընդգծեց դեսպանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բեռլին է ժամանել մարտի 2-ին: Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
16:23 - 03 մարտի, 2023
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը |armenpress.am|

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 28-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Մարտի 1-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: 
10:39 - 01 մարտի, 2023
«Մի քիչ ավել եմ համարում Մոսկվայից ջղաձգումները, երբ որևէ այլ կողմ փորձում է դրական բան անել». Ալեն Սիմոնյան |news.am|

«Մի քիչ ավել եմ համարում Մոսկվայից ջղաձգումները, երբ որևէ այլ կողմ փորձում է դրական բան անել». Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Իհարկե, Ռուսաստանը դեր ունի հայ-ադրբեջանկան բանակցություններում, չի կարող չունենալ, որովհետեւ այնուամենայնիվ ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին զարգացումները տեղի են ունենում ԵՄ նախաձեռնությամբ, այլ ոչ Ռուսաստանի: «Միաժամանակ մի քիչ ավել եմ համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, որոնք տեղի են ունենում, երբ որեւէ  այլ կողմ փորձում է որեւէ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից պետք է լինի: Պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն, պետք է հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն իր  շահերն ունի, իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի ի հեճուկս աշխարհաքաղաքական որեւէ ելեւէջի կամ որեւէ մեկի ցանկության կամ խանդի»,-ասաց նա: Ալեն Սիմոնյանը նաեւ հավելեց. «Ռուսները միշտ ասում են, որ եթե ուրիշները կարող են հարցը լուծել, մենք միայն կողմ կլինենք, բայց հարցն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն իրենք: Պետ է լուծած լինեին: Իրենք էին մեր տարածքային ամբողջականությն, անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր պայմանագրերը այս իրավիճակին էին միտված: Բա դուք ո՞ւր եք, ինչի չեք ավելի ակտիվ մասնակցում: Եթե չեք կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասել, միգուցե միասին նստել եւ  ելքեր գտնել: Բայց տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում»:
14:20 - 28 փետրվարի, 2023
Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է մոտ ապագայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, Սիմոնյանը ասաց, որ նման տեղեկություն չունի: «Ես ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչները իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում և մենք կարողանում ենք տարանջատել Արցախի և Հայաստանի ղեկավարություններին։ Արցախի ղեկավարություններն են բանակցում, Արցախի ղեկավարություններն են որոշում կայացնում, հարցը ինձ չի վերաբերում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ որոշում, որ Ադրբեջանը ստուգումներ անի Կաշենի հանքավայրում։ Դիտարկմանը՝ ի՞նչ կարծիք ունի Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, Սիմոնյանն ասաց․ «Երևանը ինչպես նշանակման ժամանակ որևէ տեսակետ չուներ, այնպես էլ ազատման դեպքում։ Ես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է կայացվել Վարդանյանին նշանակելու որոշումը և նույնպես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է նա ազատվել։ ՀՀ իշխանությունները այդ հարցերում որևէ մասնակցություն չեն ունեցել և հետևաբար որևէ հետաքրքրություն չունեն այդ հարցի շուրջ»։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա կոնսենսուսին, ԱԺ նախագահը ասաց, որ կոնսենսուս առկա է։ «Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ։ Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են այդ երկրների հարաբերություններին, Արցախի հարցը իմ ընկալմամբ այդ երկու երկների միջև պայմանագրում որևէ կերպ արտահայտված չպետք է լինի։ Թող չլինի տպավորություն, որ այդ պայմանագրով մենք փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից։ Արդյո՞ք մենք նոր դրույթ դնելով այդ պայմանագրի մեջ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ի՝ մեզ համար կարևոր արձանագրումները, որոնց տակ կա Ալիևի ստորագրությունը»,- ասաց Սիմոնյանը։
13:59 - 28 փետրվարի, 2023
Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Անկախությունից ի վեր ամենամոտն ենք հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մենք խաղաղության պայմանագիր կնքելուն վաղուց ենք պատրաստ և դրա մասին բազմիցս ասել ենք, բայց անընդհատ Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր առաջարկները և նոր իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, հենց իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը: Բայց մենք ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե որ երկիրը կամ կառույցն է լինելու այն միջազգային երաշխավորը, որի մասին խոսում է հայկական կողմը, և որն ապահովելու է Ստեփանակերտի և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Սիմոնյանը պատասխանեց. «Ով կկարողանա դա իրականացնել հողի վրա»: «Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները ինչ-որ երաշխիք ունենան, որովհետև հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություններ հայտնում: Մենք կարծում ենք՝ մեխանիզմ միանշանակ անհրաժեշտ է»,- ասաց ԱԺ նախագահը: Լրագրողներից մեկի հարցին, թե ընդդիմությունը դարձյալ փողոցային պայքարի մասին է հայտարարում, և արդյոք իշխանությունը մտավախություն չունի՞, որ նրանք կարող են հասնել իրենց նպատակին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց: «Ընդդիմության գործողությունները հիմնականում վերջին ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին, այսօր այդ բառապաշարը սպառված է, և նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում»,- ասաց ԱԺ նախագահը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմա ունենք մի իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենից մոտ ենք հարաբերությունների կարգավորմանը:  «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ անկախությունից ի վեր առաջին անգամ ամենամոտն ենք հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորման: Կարծում եմ՝ այդ հնարավորությունները պետք է օգտագործենք, եթե հակառակ կողմի մղումները իրոք անկեղծ են, որովհետև մենք փորձ ենք ունեցել հարաբերությունների կարգավորման, երբ թուրքական կողմը ինչ-որ պահի հետ է կանգնել: Բնական է, իրենք ունեն իրենց շահերը, և մենք պետք է հաշվի առնենք, որ այդ շահերը ոչ հաճախ են համընկնում մեր շահերի հետ»,- պատասխանեց ԱԺ նախագահը:
13:19 - 28 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս է պատճառել Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով, Ադրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ: Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է, լինելու են նաև այլ որոշումներ: «Միջազգային առումով բավականին մեծ հաջողություններ ենք գրանցում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով: Այո, մենք տուժեցինք, այո, մենք ծանր ենք տանում, այո, մեր հայրենակիցները փակված են, մենք խնդիրներ ունենք: Սակայն, իմ գնահատմամբ, քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ սա պետք է օգտագործվի: Անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ Հաագայի դատարանի որոշման կատարումը կարո՞ղ է բանակցություններում նախապայման լինել՝ ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքի վերաբերյալ, որովհետև Լաչինի միջանցքի վերաբերյալ կա բանակցված և ստորագրված փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
12:47 - 28 փետրվարի, 2023
ՀՀ ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը կրում է ռազմավարական բնույթ: Ալեն Սիմոնյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող համակարգային բարեփոխումներին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար աղետի վերաբերյալ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլերից է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նա շեշտել է, որ որոշման իմպլեմենտացիայի հարցում Միացյալ Նահանգները կարող է որոշիչ, ծանրակշիռ դեր ունենալ: Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ, որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:
15:10 - 27 փետրվարի, 2023
Կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը. Ալեն Սիմոնյան

Կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպայում Լյուքսեմբուրգը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր ու բարեկամ երկիր է, և մեծապես կարևոր է երկու երկրների քաղաքական երկխոսության հետագա խորացումը: Ալեն Սիմոնյանը նկատել է, որ նախորդ շաբաթը Հայաստանում Լյուքսեմբուրգի շաբաթ էր. ԱԺ խոսնակը փետրվարի 23-ին խորհրդարանում կարևոր զրույց է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ: «Մենք ուրախ ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց` ի նշանավորումն վերջին տարիներին երկկողմ համագործակցության աննախադեպ խորացման, Լյուքսեմբուրգը դեսպան է (ոչ ռեզիդենտ) հավատարմագրում Հայաստանում: Այս առումով կարծում ենք, որ հաջորդ տրամաբանական քայլը կլինի Հայաստանում Լյուքսեմբուրգի գլխավոր հյուպատոսության բացումը, որը կծածկի նաև Վրաստանը և Իրանը: Տեղեկացնեմ, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը»,- նշել է ԱԺ նախագահը: Երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում երկուստեք ընդգծվել է բարեկամական խմբերի ակտիվությունը: ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել  ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևերի համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առնչվող մարտահրավերները` մասնավորեցնելով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հիշատակվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից անցյալ շաբաթ կայացրած որոշումը, որն իրավական հիմք է ստեղծում միջազգային դերակատարների գործնական քայլերի համար` պարտադրելով Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը: Մտքեր են փոխանակվել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման առաջնահերթության շուրջ` կարևորելով ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: Հիշեցնենք, որ բարեկամ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը ևս ընդգրկված է առաքելության կազմում: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին և այդ հարցում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում` Լյուքսեմբուրգի աջակցությունը:
14:03 - 27 փետրվարի, 2023