Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը մինչ Պուտինին ձերբակալելու օրդերն է սկսել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը
15:35 - 20 մարտի, 2023

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը մինչ Պուտինին ձերբակալելու օրդերն է սկսել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը

Մենք Հռոմի ստատուտի վավերացումը սկսել ենք 2-3 ամիս առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահը ուղևորվի այն պետություններից մեկը, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագրի տակ, ապա նա անմիջապես պետք է ձերբակալվի։

Ալեն Սիմոնյանի խոսքով համաձայնագիրը ստորագրելու աշխատանքները Հայաստանում սկսվել էին մինչ այս որոշումը, և Հայաստանի Հանրապետությանը պետք է այս որոշումը․ «Ես չեմ կարող կանխատեսել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի։ Եթե չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կարծում եմ՝ Դատարանը դրա մասին համապատասխան որոշում կկայացնի»։

Հարցին, որ եթե դա վավերացվի ՀՀ-ի կողմից, և ՌԴ նախագահը գա Հայաստան, ՀՀ քաղաքական ղեկավարությունը ի՞նչ գործողություններ կան, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ ենթադրենք՝ մի համաժողով լինի, տարբեր երկրների նախագահներ են մասնակցում․․․ Ես ուղակի պրակտիկայում չեմ պատկերացնում՝ ինչ գործողություններ պետք է անի երկիրը։ Կարծում եմ՝ ինքը իր իրավական, քաղաքական առումով է ծանրակշիռ»։

Ալեն Սիմոնյանը խուսափեց որևէ հստակ պատասխան տալ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուաստանի նախագահը Հայաստանում ձերբակալվի, եթե Հայաստանը վավերացնի համաձայնագիրը, ու արդյո՞ք Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք կունենան դրա համար։

«Եկեք հլը վավերացնենք, վերջացնենք, Ռուսաստանի նախագահը գա․․․ Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս։ Իրագործումը որևիցե երկրում ես չեմ պատկերացնում։ Դե ես չգիտեմ, հիմա թող իրենք անեն, ես մեծ հաճույքով կհետևեմ՝ ոնց են իրենք դա անելու (նկատի ունի Վլադիմիր Պուտինի ձերբակալությունը որևէ երկրում՝ խմբ․)»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, որ այս ստատուտին չմիանալով՝ հնարավոր է՞ նեղացնել Արևմուտքին, Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ բանի չենք միանում ինչ-որ մեկի խաթր, կամ ինչ-որ մեկին նեղացնելու համար․ «Գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, ու պետք է նայենք՝ այն որքանով է ՀՀ-ին ձեռք տալիս։ Եթե ռազմական հանցագործությունների համար դիմենք օրինակ մեր դեմ պատերազմ սանձազերծած որևէ երկրի ղեկավարի Հաագայի դատարանի առջև կանգնեցնել, մեզ դա պե՞տք է, թե՞ պետք չէ»։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը։ Այն ուժի մեջ է մտել 2002թ․ հուլիսի 1-ին։

Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել է 139 պետություն, բայց համաձայնագիրը ոչ բոլորն են վավերացրել։ Հայաստանը ստորագրել է Հռոմի Ստատուտը 1999թ․ հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չի վավերացրել։

Ռուսաստանը ստորագրել է 2000թ․ սեպտեմբերի 13-ին ու մինչ այժմ չի վավերացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել