Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|

Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, հայտարարեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։ «Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են: «Հաջորդը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ, ինչպես պետք է այդ տարընթերցումները լուծվեն, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի է առնվում և միջազգային մեխանիզմները, և տեղայինը, մասնավորապես զորքերի ետքաշման հետ կապված, արդյոք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Իհարկե, կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա», - նշեց վարչապետը: Հարցին՝ Հայաստանը ո՞ր տարբերակով է շարժվում, որ Արցախի հարցը առկախվի և ռուս խաղաղապահները գնան, թե՝ որ Արևմուտքը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին, Փաշինյանը պատասխանեց՝ Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն․ «հակառակ դեպքում այդ թեման և օրակարգը Ադրբեջանի կողմից կարող է ուղղակի մոռացության մատնվել»։ Միևնույն ժամանակ, վարչապետը պնդեց, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:58 - 05 մայիսի, 2023
Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել. Ադրբեջանի ԱԳՆ
 |factor.am|

Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել. Ադրբեջանի ԱԳՆ |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում  ակտիվորեն տարածվող  տեղեկությունը, որ Թեհրանը Իրանում գտնվող ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։   Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը անցանկալի անձ է հայտարարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում գլխավոր հյուպատոսության 4 աշխատակցի։ Դա տեղի է ունեցել Բաքվի կողմից իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելուց հետո։ «Ադրբեջանի քայլից օրեր անց առանց որևէ հիմքի՝ հիմնվելով միայն փոխադարձության սկզբունքի վրա, Իրանը անցանկալի անձ է հայտարարել Իրանում դեռ հունվարին տարհանված մեր երկրի դեսպանատան 2 և գլխավոր հյուպատոսության 2 աշխատակցի։ Մեր երկրի դեմ արված այդ քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին, որոնցում կան մի շարք խնդիրներ»,-ասել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բաքուն Իրանի դեսպանատան 4 աշխակցի անցանկալի անձ էր հայտարարել ու 48 ժամ տվել Ադրբեջանի տարածքը լքելու համար։ 
15:02 - 05 մայիսի, 2023
Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման հարցում. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն |amerikayidzayn.com|

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման հարցում. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ամփոփոչ ելույթը  Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտից հետո։ «Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու առաջարկել իր աջակցությունը, ներգրավվածությունը, բարի կամքը՝ դեպի կայուն խաղաղություն` այս և ապագայում ցանկացած այլ քննարկումներ հյուրընկալելու համար: Դա է նպատակը։ Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատացած եմ, որ համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կունենա ոչ միայն պատմական նշանակություն, այլև խորապես բխում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից ու շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ երկու այս երկրների սահմաններից դուրս: Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը ստեղծել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք համաձայնության հասնելու ճամփին։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է. մենք դա գիտենք. Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին անցնել վերջնագիծը: Եվ ինչպես ասում եմ, ես կարծում եմ, որ դա չափազանց շատ հասանելի է: Ի վերջո, պետք է ասեմ, որ այն ղեկավարությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ բարեկամներ երկու արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Սրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է: Եվ այս մի քանի օրերից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել։ Վերջնական համաձայնությունը հասանելի է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր բարեկամներին հասնել դրան: Այսպիսով, շնորհակալություն երկու պատվիրակություններին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ձեզ այստեղ ուղարկելու համար։ Շնորհակալ եմ բոլորին, և մենք անհամբեր սպասում ենք շարունակությանը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը՝ եռակողմ բանակցությունների ամփոփիչ իր ելույթում»:
10:04 - 05 մայիսի, 2023
Կա փոխըմբռնման առաջընթաց, սակայն առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ․ ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Կա փոխըմբռնման առաջընթաց, սակայն առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ․ ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ: Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
23:14 - 04 մայիսի, 2023
Չկա համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում. Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման խոչընդոտների մասին
 |1lurer.am|

Չկա համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում. Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման խոչընդոտների մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ առկա խնդիրները բանակցություններով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց տվյալ պահին պայմանագիր ստորագրելու հիմնական խոչընդոտները: «Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցում հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է. անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակում: Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները, և վերջապես, չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Մենք շարունակում ենք մեր ջանքերը նշված բոլոր ոլորտներում հաջողության հասնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
21:23 - 04 մայիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ստորագրել են համատեղ հայտարարություն

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ստորագրել են համատեղ հայտարարություն

Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Պետր Ֆիալան հանդիպումից հետո ստորագրել են երկու երկրների հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն:Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ավարտին,Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում,Հաշվի առնելով բարեկամության և համագործակցության վաղեմի ավանդույթները և հայ ու չեխ ժողովուրդների միջև համերաշխության ուժեղ զգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքում ունենալով պատմական և մշակութային հարուստ ժառանգություն, ժողովրդավարության ընդհանուր արժեքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը,Նպատակ ունենալով բարձրացնել երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը բազմակողմ հարթություններում,Հայտարարում են`Հայաստանի Հանրապետությունը և Չեխիայի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են քաղաքական կապերի կայուն զարգացումն ու ընդլայնումը և հայտնում իրենց անդրդվելի հանձնառությունը՝ շարունակելու ակտիվացնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում:Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Եվրոպական միության նախաձեռնությունների, ներառյալ Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), մասնավորապես Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության համատեքստում՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառության վրա։ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԵՄ-ի վճռականությանը, բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ճանապարհին և լավ կառավարման սկզբունքները, քաջալերում է հետագա առաջընթացը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին բարեփոխումների ճանապարհին։Կողմերն ընդգծում են ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության, ինչպես նաև օրենքի գերակայության կարևորությունը.Կողմերը կարևորում են փոխակերպման փորձի փոխանակումը և քաղաքացիական հասարակության անդամների համագործակցության խրախուսումը և քաղաքացիական հասարակության ներգրավումը բարեփոխումների գործընթացում.Կողմերն ընդգծում են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված բոլոր խնդիրների խաղաղ և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։Հայկական կողմը բարձր է գնահատում Եվրոպական միության շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ։Կողմերը փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով Եվրամիության առաքելության տեղակայումը համարում են էական ներդրում տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում։ Հայաստանը ողջունում և բարձր է գնահատում Չեխիայի զգալի կադրային ներդրումն առաքելությունում:Կողմերը գիտակցում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կարևորությունը, սպառնալիքի կամ ուժի կիրառման անթույլատրելիությունը և հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ։Կողմերը նկատի են առնում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներն առ այն, որ բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Նրանք ընդգծում են բոլոր պետությունների՝ իրենց քաղաքականության ուղին և դաշինքներ ընտրելու անկապտելի իրավունքի կարևորությունը։Կողմերը գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության հարցը կարևոր նշանակություն ունի։Կողմերը Եվրոպական քաղաքական համայնքը համարում են օգտակար ձևաչափ Եվրամիության և նրա գործընկերների համար։ Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում ԵՔՀ-ի անդրանիկ գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։Կողմերը հատուկ կարևորում են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական, ֆինանսական և գիտական կապերը։Կողմերն իրենց աջակցությունն են հայտնում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և պարբերական փոխանակումների հետագա զարգացմանը, այդ թվում՝ համապատասխան բարեկամական խմբերի միջոցով։Կողմերը հատուկ կարևորում են երկու երկրների տեղական իշխանությունների միջև ապակենտրոնացված համագործակցության և գործընկերության ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան։Այս նպատակով Կողմերը հայտնում են իրենց վճռականությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը սույն Հռչակագրում նշված ոլորտներում արդյունավետ համագործակցության համար»:
21:09 - 04 մայիսի, 2023
Ադրբեջանն առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում. Ալեն Սիմոնյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակի գագաթնաժողովում

Ադրբեջանն առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում. Ալեն Սիմոնյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակի գագաթնաժողովում

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում: Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը և կրկին զորակցություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, և մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի: Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամրջով: Նախորդ տարվանից Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար: Գագաթնաժողովի հարգելի՛ մասնակիցներ, 30 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան իրականացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու ակնկալիքները և հաստատեցին իրենց վճռականությունը՝ օգտվելու բոլոր հնարավորություններից տարածաշրջանի երկրների միջև տարբեր ոլորտներում և մակարդակներում համագործակցության ընդլայնման համար: Այսօր էլ այդ ակնկալիքները մնում են նույնքան արդիական: Որպես կազմակերպության հիմնադիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Վեհաժողովի ներուժի լիարժեք օգտագործմանը՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու և կանոնադրական նպատակներն արդյունավետ իրականացնելու համար: Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ի և Խորհրդարանական վեհաժողովի միջև ավելի սերտ համակարգումը, ինչը կնպաստի նրանց միջև ավելի ամուր փոխգործակցության կառուցմանը: Հաշվի առնելով Վեհաժողովի մշտական կոմիտեի և ՍԾՏՀ բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի միջև համատեղ հանդիպումների անցկացման անցյալի փորձը՝ մենք կարծում ենք, որ վաղուց արդեն պետք էր վերսկսել նման հանդիպումները՝ հանգամանորեն քննարկելու սեղանին դրված բոլոր խնդիրները: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, մեր համոզմամբ, պետք է շարունակի գործադրել իր հետագա ջանքերն ապաքաղաքական, կառուցողական և համապարփակ կերպով՝ հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա: Տարածաշրջանային փոխգործակցությունը կարող է զգալիորեն շահել խորհրդարանական համագործակցությունից: Կարևոր ենք համարում, որպեսզի ՍԾՏՀ ԽՎ-ի և ընդհանրապես ՍԾՏՀ-ի գործունեությունը ներդաշնակեցվի գլոբալ, հատկապես՝ ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգի հետ: Հայաստանը հավատարիմ է մնում այս կազմակերպության հռչակած նպատակներին: Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի ժողովուրդը հստակ և բարձրաձայն վերահաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական և սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների նկատմամբ: Հարգելի՛ գործընկերներ, Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար: 2021 թվականին, այնուհետև` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով` ներխուժելով և գրավելով մեր ինքնիշխան տարածքները: Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար: Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից: Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում: Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար: Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ և ակնկալում ենք, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, և ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին: Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության և մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ և Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով: 2021 և 2022 թվականներին Հայաստանի տնտեսությունը կայուն աճ արձանագրեց: Նախորդ տարի այն կազմել է ավելի քան 14 տոկոս, իսկ մեր կազմակերպության անդամ մի քանի երկրների հետ առևտրաշրջանառությունը զգալի աշխուժացավ: Մեր տնտեսությունը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ՝ շնորհիվ առողջ մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացման վրա ազդող օրենսդրական բարեփոխումների: Մենք նաև ձեռնամուխ ենք եղել էական բարեփոխումների, որոնք ուղղված են կոռուպցիայի նվազեցմանը և թափանցիկության բարձրացմանը: Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարևորությունը, ինչպես նաև արժևորում է տարածաշրջանային կապի և կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը: Հայաստանը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության լիարժեք հարգման սկզբունքների հիման վրա: Միջազգային արագ փոփոխվող միջավայրում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի տարածաշրջանային շարժիչ ուժ: Միայն այն դեպքում, երբ մենք՝ խորհրդարանականներս, մեկտեղենք մեր ջանքերը, կկարողանանք հաղթահարել ընդհանուր մարտահրավերները և օգտվել ընդհանուր հնարավորություններից: Եկեք օգտագործենք այս հոբելյանական տարեդարձը՝ անդրադառնալու անցած երեք տասնամյակների դասերին և վերահաստատենք մեր հանձնառությունը՝ առաջ մղելու կազմակերպությունը: Եզրափակելով խոսքս՝ շնորհավորում եմ Ուկրաինային ՍԾՏՀ ԽՎ-ի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթում իրենց ձեռնարկումներում: Շնորհակալություն ընդունող երկրին հյուրընկալության և գագաթնաժողովի կազմակերպման համար»:
17:24 - 04 մայիսի, 2023
Խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերին մոտ դիրքորոշում ունենար. Խանդանյան

Խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերին մոտ դիրքորոշում ունենար. Խանդանյան

Մայիսի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նախօրեին նախկին ոստիկանապետի՝ լրագրողների հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքներին ու խստորեն դատապարտել նման վերաբերմունքը: Սարգիս Խանդանյանն էլ շնորհավորել է լրագրողներին երեկվա՝ Մամուլի ազատության օրվա առթիվ ու հայտնել, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2023 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի դիրքերը նորից բարելավվել են մամուլի ազատության տեսանկյունից: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից: Լրագրողի հարցադրմանը, թե հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդունելի պարամետրերով խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահեցրել է՝ ոչ: «Վարչապետն ասել է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու համար հնարավոր է՝ անընդունելի պայմաններ առաջարկվեն, բայց պետք է անել այնպես, որ դրանք ընդունելի լինեն»,- ասել է պատգամավորը: Քննարկվել է նաև Հնդկաստանից զենքի գնման ու մատակարարման հարցը: Լրագրողը նկատել է՝ իշխանական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնել է՝ ՌԴ-ն խոչընդոտում է, որ ՀՀ-ն Հնդկաստանից գնված զինամթերքը ՀՀ տեղափոխի, ինչին ի պատասխան՝ Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ նման թեմայից տեղյակ չէ, ու հորդորել զենքի գնման ու տեղափոխման թեմաների մասով հանրային քննարկումներ չծավալել: Անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին: Արցախի ժողովրդի անվտանգության ու ինքնորոշման իրավունքի հարցերը քննարկվո՞ւմ են Վաշինգտոնում, տեղացիները հետաքրքրվում են՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելո՞ւ է, թե՝ ոչ հարցին պատասխանելով՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Հայաստանի բանակցողները բոլոր հարթակներում խոսում ու բանակցում են ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման հասցեագրման թեմաների շուրջ: Բանակցությունների բովանդակության ու նրբերանգների մասին տեղեկացվում են նաև ԼՂ իշխանությունները: 4 ամիս է՝ ԼՂ-ն շրջափակված է, տեղացիների հումանիտար խնդիրներն օր առաջ պետք է լուծվեն: Պատասխանատուները, որոնք պետք է ԼՂ հայության իրավունքների պաշտպանությունն ապահովեն, պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկեն: 30 տարուց ավելի է՝ ԼՂ հայությունը դժվար կացության մեջ է: Ակնկալում ենք, որ այս հակամարտությունն ու խնդիրն օր առաջ կլուծվի»: Պատգամավորն անդրադարձել է նաև ամերիկացի պաշտոնյայի գրառմանը, որում ասվում է՝ առաջընթաց կա Հայաստան-Ադրբեջան բանակցություններում: «Ամերիկյան բանակցություններն այսօր ավարտվելու են: Բանակցությունների բովանդակության վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Բանակցողները կվերադառնան ու հավանաբար կխոսեն առաջընթացի մասին: Երեկվա եռակողմ հանդիպումից հետո ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում երևում է, որ բանակցությունների ընթացքում բարձրաձայնվել են ԼՂ հայության իրավունքների, նրանց անվտանգության հասցեագրման ու ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը: Արդեն մի քանի ամիս է՝ հանրային քաղաքական դաշտում ընթանում է ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին խոսակցությունը: Պետք է արձանագրել այսօրվա խնդիրը ԼՂ հայության անվտանգության հարցն է ու առաջ շարժվել դրանք հասցեագրելու ուղղությամբ: Խնդրի լուծմանը պետք է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հասնենք»,- ասել է Սարգիս Խանդանյանն ու նշել, որ մայիսին ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում է սպասվում: «ՀՀ-ն վերահաստատում է դիրքորոշումը՝ երեք սկզբունքները, որոնք ընկած են Ադրբեջանի հետ բանակցությունների հիմքում (ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի հարցում միջազգային երաշխավորի ինստիտուտի ներդնում ու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների ստեղծում), պահպանվում են, դրանց գումարվել են նաև այլ հարցեր: Նախաստորագրվող փաստաթղթի մասին որևէ բան ասել չեմ կարող: Խաղաղության համաձայնագրի նախագիծ կա, տեղյակ չեմ՝ մինչև դրա ստորագրումը կողմերը կուզե՞ն որևէ այլ նախագիծ ստորագրել, թե՝ ոչ: Խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, եթե Ադրբեջանը ՀՀ-ի՝ 3 սկզբունքային հարցերի մասով ՀՀ-ին մոտ դիրքորոշում ունենար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:
17:19 - 04 մայիսի, 2023
Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը ներառվել է Ադրբեջանի պետական ​​սահմանային անցակետերի ցանկում

Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը ներառվել է Ադրբեջանի պետական ​​սահմանային անցակետերի ցանկում

Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը ներառել է Ադրբեջանի պետական ​​սահմանային անցակետերի ցանկում։ Համապատասխան որոշումն ընդունել է Ադրբեջանի նախարարների կաբինետը։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում, այնտեղ անցակետ տեղադրել։ Ապօրինի անցակետի տեղադրումից հետո 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակած «էկոակտիվիստներ»-ը հայտարարեցին, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց ակցիան՝ հաշվի առնելով, որ «ապրիլի 23-ից պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին և, ըստ այդմ, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել»։  
16:37 - 04 մայիսի, 2023
Զաքիր Հասանովն ընդունել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Զաքիր Հասանովն ընդունել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է ԼՂ-ում օպերատիվ իրավիճակը։ Նշենք, որ մայիսի 1-ին հայտնի էր դարձել, որ Արցախի իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ մեկնելու է Բաքու՝ բանակցություններ վարելու։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 
15:58 - 04 մայիսի, 2023
Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում. նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել. Թագուհի Թովմասյան

Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում. նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել. Թագուհի Թովմասյան

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների՝ մասնավորապես անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող բանակցություններին եւ քննարկման դրված փաստաթղթի հնարավոր կետերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  Պատգամավորի համոզմամբ չպիտի ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կարող է Արցախը որեւէ կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում, էթնիկ փոքրամասնության կամ այլ կարգավիճակով արցախցիների հարցը քննարկել ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության համատեքստում: «Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում: Նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել, սպանություններ են իրականացրել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում եւ նրանց հետ խոսել խաղաղության մասին՝ աբսուրդ է: Հետեւաբար, չեմ կարող ասել՝ ինչ փաստաթուղթ պիտի լինի, բայց այդ փաստաթուղթը չպիտի պարունակի Արցախն Ադրբեջանի կազմում թեկուզ տեսական ձեւակերպում»,- ասել է նա: ԱՄՆ-ն այդ բանակցությունների առաջընթացի մասին է խոսել, սա ի՞նչ կարող է նշանակել. լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջընթացը վերաբերում է բանակցությունների կայացմանը: «Մեզ համար առաջընթաց կարող էր լինել, եթե կարողանայինք Արցախի ինքնորոշման հարցը ներառել այդ փաստաթղթում: Եթե մենք կարողանանք մեր միջազգային գործընկերների քաղաքական խոսույթը վերածել իրավական ձեւակերպումների, մենք կունենանք առաջընթաց: Ուրիշ առաջընթացի մասին ես չեմ կարող արձանագրել»,- նշել է պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերին, խոսել 44-օրյա պատերազմի հետեւանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության մասին, նշել, որ արդյունավետ չէ իշխանության կողմից այդ գործընթացի իրականացումը: Նա ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության տարեկան հաղորդման համատեքստում անդրադարձել է մարտի մեկի դեպքերի բացահայտմանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, եւ մինչ օրս այդ գործն ամբողջությամբ բացահայտված չէ: Պատգամավորը տեղեկացրել է նաեւ իր նախաձեռնած ստորագրահավաքի մասին, որով աջակցություն է հայտնում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին: «Մենք պահանջում ենք, որ Բերձորի միջանցքից հեռացվի ապօրինի տեղադրված անցակետը, եւ վերանայվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքների վրա»,- ընդգծել է Թագուհի Թովմասյանը:
13:17 - 04 մայիսի, 2023
Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը
 |civilnet.am|

Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը |civilnet.am|

civilnet.am: Այսօր՝ մայիսի 4-ին, Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը։ Պետդեպարտամենտից հայտնում են, որ վերջին օրը բանակցություններին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Իսկ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: 
10:58 - 04 մայիսի, 2023
ԼՂ հակամարտության նման զգայուն իրավիճակների կարգավորումը չի կարող առանց անհարթությունների ընթանալ. Միխայիլ Գալուզին
 |1lurer.am|

ԼՂ հակամարտության նման զգայուն իրավիճակների կարգավորումը չի կարող առանց անհարթությունների ընթանալ. Միխայիլ Գալուզին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով այն հարցին, թե որքանով է հաջողվել առաջ շարժվել ԼՂ-ում և մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, պատասխանել է. «Նախևառաջ, նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ժամանակին հաջողվեց մարել թեժ հակամարտությունը: ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է»: Գալուզինի խոսքով՝ երկխոսության ճանապարհով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում, երկխոսություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, երկու երկրի միջև սահմանազատում և հարաբերությունների հարթում՝ հանրային ու խորհրդարանական ուղղություններով, առանց որոնց՝ դժվար է խոսել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին: «Հակամարտության կարգավորման հիմնական բաղադրիչները, մասնավորապես՝ կրակի դադարեցումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում առանցքային ուղղությունների ձևակերպումը, ինքնին ձեռքբերում են։ Այդ սկզբունքները ձևակերպված են եղել և սկսել են կյանքի կոչվել բացառապես ՌԴ և նախագահ Պուտինի միջնորդական առաքելության շնորհիվ»,- ասել է նա: Գալուզինը նշել է, որ Ռուսաստանն այս տարիներին չորս ուղղություններով փորձել է պրակտիկ քայլեր ձեռնարկել, յուրաքանչյուրի ուղղությամբ լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար: «Հասկանալի է, որ այնպիսի հին ու զգայուն կոնֆլիկտային իրավիճակների կարգավորումը, ինչպիսին ԼՂ-ում և նրա շուրջ տեղի ունեցողն է, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց անհարթությունների և խնդիրների»,- ասել է Գալուզինը:
10:44 - 04 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում. Ալիև
 |tert.am|

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։ Նրա կարծիքով՝ համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի, օգնողների կամ խանգարողների։ «Կարծում եմ, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցությունները ավելի օգտակար և անհրաժեշտ կլինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է ավելի առաջ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ լինի դրան»,- նշել է Ալիևը: Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Իսկ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: 
10:38 - 04 մայիսի, 2023