Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Տեղեկացված ենք Լաչինի ճգնաժամից. դա ամենեւին բնապահպանների հարց չէ. Սլովակիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Տեղեկացված ենք Լաչինի ճգնաժամից. դա ամենեւին բնապահպանների հարց չէ. Սլովակիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ մեր երկիրը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ՀՀ ԱԺ խոսնակը նշանավորել է նրա անձնական ներդրումը Սլովակիայի խորհրդարանում 2020 եւ 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում: Այդ բանաձեւերը կարեւոր պահանջներ են պարունակում Ադրբեջանի դեմ՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Խոսելով Սլովակիայի միջխորհրդարանական համագործակցության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այս տարի Սլովակիայի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվող կառավարությունը կշարունակի ակտիվորեն նպաստել Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Զրույց է ընթացել այս պահին Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, արցախահայության իրավունքների մասին: «Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ: Չնայած բոլոր մարտահրավերներին` մենք որդեգրել ենք ժողովրդավարության ուղին եւ շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Մարիան Քերին նշել է, որ հակամարտությունների եւ չավարտված պատերազմների ժամանակաշրջանում փոքր երկրները պետք է միմյանց սատարեն: Նա փաստել է, որ չի կարելի կասկածի տակ դնել հայկական ժողովրդավարության ձեռքբերումները, որոնք էլ ավելի ամրացան վերջին ընտրությունների արդյունքում: Նա ընդգծել է, որ լավ տեղեկացված են Լաչինի ճգնաժամից եւ հստակ կարող են ասել, որ դա ամենեւին բնապահպանների հարց չէ, ինչպես ի սկզբանե փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը, եւ պատրաստակամություն է հայտնել հետեւողականություն ցուցաբերել հարցի լուծմանը նպաստելու ուղղությամբ:
16:48 - 04 ապրիլի, 2023
 «Ամեն բան սպասում էի, բայց որ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր»․ Ալեն Սիմոնյան

«Ամեն բան սպասում էի, բայց որ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով վերջինս կոչ էր անում նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը․ «Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է: Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները: Հ.Գ. Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»:
16:41 - 04 ապրիլի, 2023
«Կարող է խոսելու ընթացքում իրեն թվացել է, թե նման բան է եղել». Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացու վրա թքելու մասին
 |news.am|

«Կարող է խոսելու ընթացքում իրեն թվացել է, թե նման բան է եղել». Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացու վրա թքելու մասին |news.am|

news.am: Որեւէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի. երկրորդ, Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի եւ ՀՀ-ում ազատ զբաղվում է իր գործունեությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կասկդում իր մասնակցությամբ միջադեպին, երբ ինքը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա: «Միջադեպի մասին ամեն ինչ ասվել է, առաջին անգամ չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին եւ հետագայում էլ եմ արձագանքելու: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է նման բան անել: Որեւէ մեկը որեւէ մեկին իրավունք չունի վիրավորել, էլ չեմ ասում  ընտրված իշխանություններին: Կա օրենսդրական մեկնաբանություն, այդ առումով որեւէ մեկը մարդ չի ծեծել, զուգարանակոնքին գլուխը չի խթփել, չի ջարդել, որեւէ հետապնդում չկա: Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել: Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է, թե նման բան է եղել»,-ասաց նա:  
15:40 - 04 ապրիլի, 2023
Լեւոն Տեր-Պետրոսյան. Ազգային խայտառակություն

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ազգային խայտառակություն

Ilur.am կայքում հրապարակվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որում առաջին նախագահը անդրադարձել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին՝ անվանելով այն «աններելի արարք»։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․  «Որքան էլ փորձեցի ինձ զսպել, այնուամենայնիվ չկարողացա չանդրադառնալ երկու օր առաջ տեղի ունեցած զազրելի միջադեպին։ Մի երիտասարդ փողոցում տեսնելով թիկնապահներով շրջապատված ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան բարձրաձայն անվանել է «դավաճան»։ Սիմոնյանը, հանգիստ ճեղքելով թիկնապահների շղթան, «հուշիկ քայլերով» մոտեցել է երիտասարդին ու լիաբերան թքել նրա երեսին, ինչն, ի դեպ, նա հպարտությամբ հաստատել է դեպքից հետո տված իր պարզաբանումներում։ Թքել բառը (բացառությամբ բժշկության բնագավառի) ինքնին գռեհկաբանություն է եւ միանգամայն արգահատելի, երբ այն օգտագործվում է անգամ կենցաղային վեճերի պարագայում։ Բայց երբ այն հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելեւս երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է։ Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձվի ոչ թե գռեհիկ խոսքը կամ թուքը, այլ կոռեկտ եւ հիմնավոր պատասխանը, մանավանդ որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության եւ պրոպագանդայի անսահմանափակ միջոցների։ Աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որեւէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։ Կարող է զարմանալի թվալ, եթե, օրինակի համար, հիշեցնեմ, որ ժամանակին իրենց քաղաքական հակառակորդների կողմից դավաճան են հռչակվել նույնիսկ ԱՄՆ-ի այնպիսի ականավոր նախագահներ, ինչպիսիք էին Ռուզվելտը՝ Արեւելյան Եւրոպայի երկրները Սովետական Միությանը զիջելու համար, Տրումենը՝ Չինաստանի կոմունիստականացումը չկանխելու համար եւ Քլինտոնը՝ Ռուսաստանի հետ սիրաբանելու պատճառով իր երկրի ռազմական հզորությունը թուլացնելու համար։ Նրանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել են բոլոր նման մեղադրանքներին։ Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային Ժողովը, եւ, առաջին հերթին, վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջեւ իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենեւին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջեւ մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը։ Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին տարածել սույն հոդվածը, իսկ մեր ողջ հասարակությանը, քաղաքական ուժերին՝ միանալ այս նախաձեռնությանը, ընդ որում ոչ ամենեւին զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով»։
15:02 - 04 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել
 |news.am|

Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել |news.am|

news.am: Գլխավոր դատախազությունում քաղաքացի Կարեն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա իրեն դավաճան կոչելուց հետո, քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Նախաձեռնված վարույթ չկա նաեւ Քննչական կոմիտեում, քանի որ դեպքի մասին պատշաճ հաղորդում չի ստացվել։ Կարեն Մկրտչյանը Ոստիկանություն հաղորդում դեռեւս չի ներկայացրել։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։ « «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը կարծում է, որ դեպքի առնչությամբ պետք է հարուցվի վարույթ խուլիգանության եւ պաշտոնեական դիրքի սահմանազատման հատկանիշներով։
10:43 - 04 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանը Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն չի տեսնում և աբսուրդ է համարում Պուտինին ձերբակակելու քննարկումները
 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն չի տեսնում և աբսուրդ է համարում Պուտինին ձերբակակելու քննարկումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն չունի։ Սիմոնյանը նման կարծիք է հայտնել «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում։ Հայաստանի ԱԺ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանում Հռոմի ստատուտը վավերացնելու հարցի շուրջ քննարկում չեն ունեցել, սակայն հայտնել է իր սուբյեկտիվ կարծիքը, որ այդ հարցում շտապելու անհրաժեշտություն Հայաստանը չունի։ Սիմոնյանը հիշեցրել է, որ Հռոմի ստատուտի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության շուրջ քննարկումը կառավարությունն ունեցել է և եզրակացության համար Սահմանադրական դատարան է ուղարկել 2022 թվականի վերջին։ «Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան պատերազմների ժամանակ մարդկության դեմ արված հանցագործությունների դեպքեր ունենք, և Հայաստանի համար դա անհրաժեշտ գործիք է։ Բայց մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից, և Ռուսաստանի դեմ հատուկ որևէ քայլ մենք չենք արել»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու համատեքստում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման շուրջ քննարկումներին։ Այս համատեքստում նա աբսուրդ է որակել Հայաստանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու քննարկումները։ «Բայց ամբողջ աշխարհի տարբեր երկրների․․․ այնպես չէ, որ հենց Հայաստանը պետք է վերցնի այդ բեռը և գնա դրանով զբաղվի։ Դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես և ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, որը մեզ այսօր թույլ է տալիս նաև քննադատել Ռուսաստանի որոշ գործողություններ, որոնք առնվազն անհասկանալի են մեզ համար։ Մենք մշտապես մեզ որպես ճիշտ դաշնակից ենք պահել և ազնիվ ենք պահել բոլոր մեր գործընկերների հետ։ Քաղաքական որևէ ենթատեքստ ման գալ պետք չէ»,- ասել է Սիմոնյանը։ Նա հավելել է, որ ՌԴ պաշտոնատար անձինք, որոնց հետ ինքը շփումների մեջ է, այդ հարցը չեն էլ բարձրացրել՝ շեշտելով, որ Հայաստանի պարագայում նման հարց բարձրացնելը տեղին չէ, որովհետև Հայաստանը մշտապես ՀԱՊԿ-ի և մնացած բոլոր միջազգային գործընկերների հետ իրեն պահել է պարկեշտ, ազնիվ և դաշնակցային մակարդակում՝ միևնույն ժամանակ իր երկրի շահերը չստորադասելով որևէ այլ շահերի։ Հարցին՝ Հռոմի ստատուտն արագ վավերացնելը ռիսկեր ո՞ւնի, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստը և օգտակար գործողության գործակիցը ես չեմ հասկանում։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք դա վավերացրել են, և Հայաստանը չպետք է այս հարցում պիոներ լինի։ Հասկացանք, որ մենք դժգոհ ենք այն արձագանքներից և գործողություններից, որոնք կան Ռուսաստանի կողմից, և ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկենք, բայց միևնույն ժամանակ, իմ սուբյեկտիվ կարծիքով,  այսօր նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»։
17:52 - 03 ապրիլի, 2023
Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ խորհրդարանական համագործակցությունը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ խորհրդարանական համագործակցությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Մենք հպարտ ենք, որ Դուբրովնիկ քաղաքի ամենահայտնի Սուրբ Վլասի եկեղեցին կառուցվել է ծագումով հայ սուրբ հովանավորի պատվին»,- ողջունելով հյուրերին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Գործընկերներն արձանագրել են, որ հայ-խորվաթական հարաբերությունները հիմնված են փոխվստահության, հարգանքի եւ երկու երկրների միջեւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս մեր երկրների միջխորհրդարանական համագործակցությանը: Ընդգծվել է օրենսդիրների գործակցությունը բազմակողմ խորհրդարանական հարթակներում: «Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցության մասին՝ պետք է ասեմ, որ ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումների իրականացմանն աջակցող հիմնական գործընկերներից է: Կարեւորում ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացումը եւ այս հարցում ապավինում ձեր աջակցությանը եւս»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Պատվիրակների խնդրանքով ծավալուն զրույց է ընթացել Լաչինի միջանցքի ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումների վերաբերյալ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների շրջափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային եւ հումանիտար աղետի վերահաս վտանգի առաջ: Խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից եւ պատանդներից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված եւ ձերբակալված անձանց, ավիրում կամ յուրացնում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղությունն է:
16:50 - 03 ապրիլի, 2023
Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարևոր ձևաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջև արդյունավետ փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խոսելով 2023 թվականին Լեհաստանում կայանալիք ընտրություններից` լեհ գործընկերները հավաստիացրել են, որ դրանք ազդեցություն չեն ունենալու Հայաստանի հետ իրականացվելիք համագործակցության և օրակարգային հարցերի վրա. մասնավորեցվել է հատկապես հայ-լեհական համագործակցությունը Հայաստան-ԵՄ շրջանակում: Լեհ գործընկերները նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ և հետևում են մեր երկրում կատարվող քայլերին: Կողմերը մեծ նշանակություն են տվել նաև միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում երկու բարեկամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջև կառուցողական փոխգործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով: «Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ասել է նա: Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և հույս ունի, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության և համագործակցության իր հայտարարած նպատակին: Այս համատեքստում նա հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձևը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների: «Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում, ընդհուպ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
14:34 - 03 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ այսօրվա միջադեպին

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ այսօրվա միջադեպին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասնակցությամբ այսօրվա միջադեպին՝ նշելով, թե «երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում».  «Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը: Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամաորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազիի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան:   Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախնում հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք», - գրել է ՀՀ ԱԺ նախագահը։   Հիշեցնենք, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Կարեն Մկրտչյանը հայտնել էր, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել իր և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Նրա խոսքով ինքն Ալեն Սիմոնյանին «դավաճան» է անվանել, ապա իրեն են մոտեցել ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերից բռնել, ու Ալեն Սիմոնյանն իրեն ասել է՝ «դավաճանը մամադ է», ու թքել երեսին:
22:15 - 02 ապրիլի, 2023
Կարեն Մկրտչյանը հայտնում է՝ Ալեն Սիմոնյանն իր երեսին է թքել, երբ ինքը ԱԺ նախագահին դավաճան է անվանել |news.am|

Կարեն Մկրտչյանը հայտնում է՝ Ալեն Սիմոնյանն իր երեսին է թքել, երբ ինքը ԱԺ նախագահին դավաճան է անվանել |news.am|

news.am: ՀՅԴ բյուրոյի անդամ Կարեն Մկրտչյանը հայտնել է, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել իր և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, իսկ միջադեպի հետևանքով ինքը վնասվածք է ստացել աչքիս հատվածում:  «Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցվեցին, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այն ընթացքում ինձ մոտեցան  ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գետնին, այնուհետև տարան ոստիկանական բաժանմունք»,- պատմեց միջադեպի մասնակիցը:  Կարեն Մկրտչյանի խոսքով՝ այդ միջադեպին որևէ քաղաքացի չի միջամտել. «Ես, ցավոք, այդ ընթացքում չտեսա քաղաքացիների, որոնք այդ պահին նույն վերաբերմունքը ցույց կտային: Երբ իշխանությունը տեսնում է, որ իր քաղաքացիները կամակատար են ընդունում են անիրավությունները, նրանք շարունակում են այդպես: Ինձ համար ցավալի է, որ ԱԺ նախագահը նման վարվելակերպ ունի քաղաքացիների նկատմամբ»: Նրա խոսքով՝ զարմանալին այն էր, որ ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ իրեն են ոստիկանական բաժանմունք տարել. «Մենք գործ ունենք անօրինության ու օրենքը կիրառվում է ընտրողաբար: Սա փաստ է, որ մեր երկիրն անդունդն է գլորվում: Ժողովրդավարություն կամ օրինականություն, դրանք ընդամենը շղարշ են»:  Դեպքին անդրադարձել են ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Ասպրամ Կրպեյանը։ Նրանք գնացել են Կենտրոնի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Կարեն Մկրտչյանին։ 
21:38 - 02 ապրիլի, 2023
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը

Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր. Մաթիաս Ռյոսլերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունն ու խորհրդարանական դիվանագիտության ծավալման հնարավորությունների տեղաբաշխումը: Այս ուղղությամբ հնչել են կոնկրետ առաջարկներ, մասնավորապես, փորձի փոխանակում Հայաստանի Ազգային ժողովի եւ Սաքսոնիայի Լանդթագի ֆինանսաբյուջետային հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ: Գերմանացի գործընկերը նշել է, որ տարբեր պաշտոնների բերումով առիթ է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի պատմությանը, մշակույթին առնչվող փաստեր: Նա ընդգծել է, որ ժողովրդավարությանն առնչվող հարցերում պատրաստ է փոխանակվել կուտակված փորձով՝ հավելելով, որ կրթամշակութային եւ ակադեմիական կրթության ոլորտներում էլ պատրաստ են ծանոթանալու հայաստանյան ուսանելի փորձին: Լանդթագի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել տարածաշրջանի ու Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային հարցերի վերաբերյալ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական նկրտումները, Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած բազմաբեւեռ խնդիրները: Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված եւ ձերբակալված անձանց:  ՀՀ ԱԺ նախագահը բարձրաձայնել  է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալել միջազգային գործընկերների հասցեական արձագանքները: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը  Մաթիաս Ռյոսլերին հրավիրել է Հայաստան: 
20:27 - 29 մարտի, 2023
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի և հրավիրյալ պատգամավորների, քաղաքական և հասարակական գործիչների հետ: Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարևորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան հաջորդած ՀՀ ԱԺ նախագահի ելույթը նվիրված է եղել ժողովրդավարական արժեքների պահպանմանն ու մարդու իրավունքների և ազատությունների ուղղությամբ տարվելիք անհրաժեշտ քայլերին: Դիմելով ներկաներին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող, հավատում է, որ ազատությունն ու պատասխանատվությունը բաց և ժողովրդավարական հասարակության նախադրյալներն են: «Ժողովրդավարական հասարակության մասնիկն ենք նաև մենք՝ խորհրդարանականներս՝ ազատ խոսքը կրողներս: Ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն արտաքին քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Մեծ է նաև նրա դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկիրն աջակցում է հիմնադրամի որդեգրած արժեքներին՝ անձնական, ընտրության, տնտեսական ազատությանը և իրավունքի գերակայությանը: Խոսելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ստանձնած առաքելությունից՝ ԱԺ նախագահը նշել է, որ հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր մեզ համար այլևս անվտանգ չէ: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդող իրադարձություններին վերաբերող որոշ կարևոր դրվագներ՝ ընդգծելով Հայաստանի և արցախահայության շուրջ կործանարար զարգացումների առկայությունը: ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից և մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս: «Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանն Ադրբեջանը չի ենթարկվում. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում զոհվել է երեք քաղաքացի: Նա նշել է, որ Նաումանի հիմնադրամի քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Եզրափակելով խոսքը՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով: ՀՀ ԱԺ նախագահի ելույթին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը, միջազգային հանրության կողմից Հայաստանին և արցախահայությանը տրվող հասցեական գնահատականներին և աջակցությանը, Հայաստան-սփյուռք կապերին և հայաստանյան հասարակության տրամադրվածությանն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ցուցաբերած հետաքրքրությանը: Գերմանացի գործընկերներին, մասնավորապես, հետաքրքրել են հայաստանյան բարեփոխումների ընթացքը և դրանց շոշափելիության վերաբերյալ համաժողովրդական տրամադրությունները: Հանդիպման ավարտին հիմնադրամի ղեկավար կազմը վերահաստատել է իր պատրաստակամությունը երիտասարդ, բայց հաստատուն ժողովրդավարություն ունեցող Հայաստանին աջակցելու մասին:
11:21 - 29 մարտի, 2023
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:Հանդիպմանը կարեւորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը եւ գնահատում Գերմանիայի աջակցությունն այս հարցում: Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը եւ խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները: Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից եւ հումանիտար բազմաշերտ խնդիրներից: Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը եւ կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը: «Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա: Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար: Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության եւ ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները: Անդրադառնալով աշխարհում տիրող անհանգիստ եւ խաղաղության դեմ սպառնալիք պարունակող իրադրությանը՝ կողմերը փաստել են երկարատեւ խաղաղության անհրաժեշտությունը: Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ եւ բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար: Նա հավելել է, որ պատերազմները մարդկային չարիք են եւ առաջին հերթին ճակատագրեր են խեղում՝ ցավ ու տառապանք պատճառելով, ինչն անթույլատրելի եւ մերժելի է քաղաքակիրթ մարդկության կողմից: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
16:11 - 28 մարտի, 2023