Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ խորհրդարանական համագործակցությունը. Ալեն Սիմոնյան
16:50 - 03 ապրիլի, 2023

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ խորհրդարանական համագործակցությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Մենք հպարտ ենք, որ Դուբրովնիկ քաղաքի ամենահայտնի Սուրբ Վլասի եկեղեցին կառուցվել է ծագումով հայ սուրբ հովանավորի պատվին»,- ողջունելով հյուրերին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Գործընկերներն արձանագրել են, որ հայ-խորվաթական հարաբերությունները հիմնված են փոխվստահության, հարգանքի եւ երկու երկրների միջեւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս մեր երկրների միջխորհրդարանական համագործակցությանը: Ընդգծվել է օրենսդիրների գործակցությունը բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

«Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցության մասին՝ պետք է ասեմ, որ ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումների իրականացմանն աջակցող հիմնական գործընկերներից է: Կարեւորում ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացումը եւ այս հարցում ապավինում ձեր աջակցությանը եւս»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատվիրակների խնդրանքով ծավալուն զրույց է ընթացել Լաչինի միջանցքի ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումների վերաբերյալ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների շրջափակմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային եւ հումանիտար աղետի վերահաս վտանգի առաջ: Խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից եւ պատանդներից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված եւ ձերբակալված անձանց, ավիրում կամ յուրացնում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղությունն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել