Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է ԱԺ նախագահի արձանագրության մեջ: Մարտի 29-ին Գրիգորյանը հայտնել էր, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արդարադատության փոխնախարար:
13:40 - 05 ապրիլի, 2021
Որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ նահանջ լինի ընտրությունների օրակարգից. ԼՀԿ-ական պատգամավոր |armenpress.am|

Որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ նահանջ լինի ընտրությունների օրակարգից. ԼՀԿ-ական պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, խոստացածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո, չի առաջադրի վարչապետի թեկնածու, որ առաջիկայում անցակացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առիթ չի տալու իշխանությանը, որ հետքայլ լինի այդ օրակարգից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ այն դեպքում, երբ առանց ԼՀԿ-ի համաձայնության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեցին, հնարավո՞ր է ԼՀԿ-ն ընտրությունների անցկացման առնչությամբ իշխանության հետ պայմանավորվածություններից ետ կանգնի, առաջադրի վարչապետի թեկնածու: «Մեր միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների: Եվ, եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, ես կարծում եմ՝ տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնել, երբ կա հստակ պայմանավորվածություն»,- ասաց Սամսոնյանը: Նա վստահեցրեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ վարչապետի հետ պայմանավորվածություն չի եղել, վարչապետի կողմից ասվել է միայն, որ եթե կոնսենսուս չլինի խորհրդարանում, չեն ընդունի, բայց կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, որ կարող էր խախտվել: «Մենք որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ որևէ պահից ետքայլ կամ նահանջ լինի այս օրակարգից»,- ասաց Սամսոնյանը: ԼՀԿ-ն այս ընտրություններում ձգտում է առավելագույնին՝ իշխանության հասնելու: «Յուրքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, միշտ ձգտում է առավելագույնին: Մենք չենք գնում այս ընտրություններին մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար: Հետևաբար, բոլոր մեր հնարավորությունները պետք է օգտագործենք»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ յուքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի չկողմնորոշված մարդկանց համոզելու, որ իրենց ընտրեն:
12:39 - 05 ապրիլի, 2021
Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների |armenpress.am|

Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 82 կողմ ձայն:  Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել նախագծի՝ իր կողմից լրամշակված տարբերակը: Նախագծից հանվել են կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների առաջարկները: «Նախագահի աշխատակազմի մեր գործընկերների կողմից արդեն իսկ մեզ տեղեկացվել է, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված իրենք խնդիրներ են տեսնում: Այդ իսկ պատճառով ընդառաջ գնալով՝ բոլոր այդ կարգավորումներից, որոնք պետք է լինեին Ընտրական օրենսգրքում, մենք հրաժարվել ենք»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ նախագծում կատարել են նաև տեխնիկական շտկումներ: Այսպիսով` նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները: Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը: Նախագծի համահեղինակներն են խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը: Մինչև այդ ևս գործում էր համամասնական ընտրակարգ, սակայն ռեյտինգային համակարգի համադրությամբ՝ այսինքն` ռեյտինգային ցուցակներով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր այս փոփոխությանը: ԼՀԿ-ն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների մասին պայմանավորվածությունից հետո խաղի կանոններ չեն փոխում: Իշխանությունը վստահեցնում է, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացքը: ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:
18:44 - 01 ապրիլի, 2021
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի համար քվորում չապահովվեց |armenpress.am|

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի համար քվորում չապահովվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, չսկսվեց քվորում չապահովվելու պատճառով, մինչև 3 ժամվա ընթացքում քվորում ապահովելու դեպքում նիստը կկայանա: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Քվորում ըստ էության չի ապահովվել: Ես առաջարկում եմ ԱԺ կանոնակարգ օրենքով և մեր կանոնադրությամբ սահմանված կարգով սպասել մինչև 3 ժամ: Երբ ապահովվի քվորում, նիստը կսկսենք»: ՀՀ ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով, ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսվում է անցկացնել ապրիլի 1-ին:  
17:08 - 01 ապրիլի, 2021
Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 83 կողմ ձայն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէր նիստին։ Նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով: Այն հեղինակել են ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը,  Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշել էր, որ քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը։ Էդմոն Մարուքյանն էլ նիստի ընթացքում հայտնել էր, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է այլ բան, այժմ քննարկվում է մեկ այլ բան։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ քննարկումը տեղի կունենա այսօր։
13:31 - 01 ապրիլի, 2021
Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն արտահերթ նիստով այսօր քննարկում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով նախագիծը ներկայացնող «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանին, նշեց, թե նա սուտ տեղեկություններ է տարածում ամբիոնում կանգնած. «ԼՀԿ-ի ոչ մի նախընտրական ծրագրում չկա գրված, որ նման օրենսգքրի նախագիծ պետք է ընդունենք: Որքանով տեղյակ եմ մյուս ֆրակցիայի ծրագրում էլ չի եղել նման բան գրված, որտեղից եք նման բաներ խոսում ամբիոնից»: Հիշեցնենք, որ քիչ առաջ Վահագն Հովկիմյանը իր խոսքում նշեց, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանի 3 ուժերի նախընտրական ծրագրերում: Մարուքյանն ընգծեց, որ 2018-ի հեղափոխությունը նոր էր եղել և ԸՕ-ի փոփոխությունը հապճեպ պրոցես էր. «Մենք միշտ պնդել ենք, որ միայն համամասնական ընտրակարգը սխալ է, առաջարկել ենք, որպեսզի լինի բաց համամասնական տարբերակը, դա քննարկվել է նաև «Ելք » դաշինքի ժամանակ»: Անցնելով բուն հարցին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Դուք Վենետիկի հանձնաժողով եք ներկայացրել մեկ այլ բան, այսօր քննարկում եք մեկ այլ նախագիծ: Ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, մտածում եք՝ էնտեղ մարդիկ չեն տեսնում, որ մի բան ուղարկում եք, այլ բան՝ ընդունում»: Վահագն Հովակիմյանն էլ պնդեց, եթե նայեն քարոզարշավի տեսանյութերը, կտեսնեն, որ իր ասածը սուտ չէ. «Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին: Այն ինչ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում: Չկա մի նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: Փոփոխությունները միայն այն է, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունվել»: Էդմոն Մարուքյանն էլ պնդեց՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ, որի հետ ուղարկվել է ԼՀԿ-ի բաց համամասնական ընտրակարգը. «Փաստ է, այն ինչ հիմա բերել եք, չի ուղարկվել հանձնաժողով: Քաղաքական ուժերը կոնսենսուս են արձանագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված: Օրը հայտարարելուց հետո դուք սկսել եք ԸՕ-ն փոխել, որքան է խաղի կանոնները կեսից փոխելը ժողովրդավարական: Ձեր ուզածը օրը ընտրություն անենք, ձեր ուզած ԸՕ-ով, էլ ինչ անենք ձեր համար, որ լավ լինի»,-ասաց ԼՀԿ ղեկավարը: «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ նկատեց. «Հարգելի պարոն Մարուքյան ջան, խաղի կանոները չեն փոխվում: Ընտրակարգը պարզեցվում է: Բաց համամասնականի ձեր առաջարկը կարող է քննարկվել, օրինակ՝ հաջորդ ընտրություններին: Բայց այսօր այդ համակարգով կազմակերպելն անիրատեսական է»:
12:21 - 01 ապրիլի, 2021
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել |armtimes.com|

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովն այսօր պատգամավորներ Արման Բաբաջանյանի,  Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծն է: Նախագծի հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախագծի քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը. «Փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մինչ այդ գործընթացի սկսվելը, հանձնաժողովների ապագա անդամները դասընթացների ընթացքում այդ փոփոխությունները իրացրած լինեն»: Հովակիմյանն անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխություններին, մասնավորապես խոսեց ռեյտինգային ընտրակարգի մասին, նշելով, որ այն միշտ քննադատության է արժանացել.«Այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի: Մյուս կողմից ԱԺ արտահերթ ընտրությունները, տեղի են ունենում մի պայմաններում, որի նպատակն է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը մենք ունենք: Գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի լինի: Ցանկանում եմ ընգծել, որ ԱԺ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն»: «Իմ քայլ»-ի պատգամավորը հիշեցրեց՝  ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանաի 3 ուժերի նախընտրական ծրագրերում. «Ուժերը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին և 29-ին կողմ են քվեարկել ընտրական ԸՕ-ի այն փոփոխություններին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից: Հովակիմյանը հավալեց, որ կան փոփոխություններում կետեր, որոնք վերաբերում են կորոնավիրուսային փաստով ստեղված իրավիճակին. «Աշխարհի շատ երկրներ վերանայում են ընտրությունների կազմակերպման իրենց մոտեցումները: Ըստ այդմ, այս փոփոխություններով առաջրկվում է սահմանել իրավական հիմքներ, կարանտինի պայմանների համահունչ ընտրական գործըթնացները կազմակերպելու համար»: Պատգամավորը շեշտեց, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր առարկությունները: Նա առաջարկեց ԸՕ նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց 24 ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի 3-ական ժամ:
11:53 - 01 ապրիլի, 2021
Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում ներկայացրել են քրգործերի քննության հետ կապված դժգոհությունները |armenpress.am|

Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում ներկայացրել են քրգործերի քննության հետ կապված դժգոհությունները |armenpress.am|

armenpress.am: Զոհված, անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մասնավորապես իրենց մտահոգությունը, դժգոհությունն ու պահանջը հայտնել ընթացող քրեական գործերի քննության ընթացքի առնչությամբ: Թովմասյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողներն են դիմել իրեն: «Ցանկանում են հասկանալ, թե ինչ ընթացք ունեն իրենց որդիների մասով հարուցված քրեական գործերը: Իրենք խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն, ըստ էության, տեղի չի ունենում: Նրանք պնդում են, որ ուզում են ԱԱԾ-ն քննի»,-ասաց Թովմասյանը: Պատգամավորը շեշտեց՝ կան մի շարք հարցեր, որոնք շատ արագ պետք է քննվեն, ու հարցերի պատասխանները տրվեն: Թովմասյանը նշեց, որ օրինակ ծնողներից մեկը պատմել է, որ իր որդու վիրահատության երկու օրը չանցած առաջնագիծ են տարել: «Ի վերջո պատերազմից արդեն չորս ամիս անցել է, և այդ վերքը թողնում ենք բաց, այս մարդկանց ցավը անընդհատ բորբոքում ենք, ես կարծում եմ, որ եթե այդ մարդիկ ուզում են, որ ԱԱԾ-ն քննի, ապա պետք է ԱԱԾ-ն քննի, եթե զինվորների ծնողները  դժգոհ են քննչական ծառայություններից, կարելի է ընդառաջել: Այդ մարդիկ կորցրել են, մեր երկրին տվել են իրենց ամենաթանկը»,-նշեց նա ու հավելեց՝ ծնողների պահանջն է, որ անպայման հրամանատարների մասով կոնկրետ քննություն տեղի ունենա: Զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց. «Գործը միտումնավոր ձգձգվում է, որ մենք էլ ծնողներով պառակտվենք, գործը սրբվի, մաքրվի, գնա: Դիմելու եմ անհնարինին, ամենավերջին քայլին»,-ասաց նա: Ծնողներն իրենց լուրջ դժգոհությունը հայտնեցին որոշ հրամանատարներից:
15:41 - 31 մարտի, 2021
Քրեական պատասխանատվություն` ֆեյքերի կեղծ տեղեկությունների, վիրավորանքի և զրպարտության համար. Ալեն Սիմոնյանի նախագիծը |hetq.am|

Քրեական պատասխանատվություն` ֆեյքերի կեղծ տեղեկությունների, վիրավորանքի և զրպարտության համար. Ալեն Սիմոնյանի նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ֆեյքերի (կեղծ աղբյուրներ) կեղծ տեղեկությունների համար: Իշխող ուժի ներկայացուցիչը փոփոխություններ է առաջարկում քրեական,  քրեական դատավարության և քաղաքացիական օրենսգրքերում, ինչպես նաև` «Զանգվածային լրատվության մասին» օրենքում: Պատգամավորն առաջարկում է քրեական օրենսգրքում առանձին հոդվածներով քրեական պատասխանատվություն նախատեսել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ կեղծանուն աղբյուրի միջոցով (դիտավորությամբ) համացանցում ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու և համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով անձին վիրավորելու կամ զրպարտելու համար: Ըստ այդ նախագծի` վերոնշյալ արարքի համար կարող է սահմանվել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանք (50 հազարից 100 հազար դրամ): Նույն արարքը, որը կատարվել է՝ շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ վարչական ռեսուրսի օգտագործմամբ հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից 1 միլիոն)՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա: Առաջին հոդվածի հատկանիշներով արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ մեկից երեք տարի ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը չորս տարի ժամկետով կամ առանց դրա: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև նաև կեղծանունով անձին վիրավորելու կամ զրպարտելու համար: Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (200հազարից 500 հազար): Նույն արարքը, որը կատարվել է`  շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա: Վերոնշյալ արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ երկուսից չորս տարի ժամկետով: Առաջարկվում է նաև ԶԼՄ օրենքում կեղծանուն աղբյուրի սահմանումը տալ, ըստ որի՝ այն համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ բջջային հավելվածի օգտահաշիվ կամ ալիք է, որի տնօրինողի նույնականացման տվյալները հրապարակված չեն նույն աղբյուրում կամ հանրահայտ չեն: Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության և անձի արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ: «Ըստ էության, վերջին տարիներին ի հայտ եկած դրսևորումներն ունեն բարձր հանրային վտանգավորություն, և առաջացել է դրանք քրեական օրենքով արգելելու կարիքը: Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ անձանց վիրավորելը, վարկաբեկելը, զրպարտելը, բարի համբավը ոտնահարելը, ատելություն տարածելն իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում»,-նշվում է նախագծում: Նշվում է նաև, որ վերջին տարիներին թե՛ աշխարհում և թե՛ Հայաստանի Հանրապետությունում էապես ավելացել են ապատեղեկությունները, որոնց էական մասը պետական անվտանգության համար էական վտանգ են հանդիսանում և խախտում անձանց պատվի ու բարի համբավի իրավունքը: «2020 թվականին այդ ցանկին միացավ նաև հանրության առողջությությունը խոցող ապատեղեկությունները, որոնց արդյունքում էական թվով մարդիկ մահացան, քանի որ հանրության որոշ հատված ապատեղեկատվության թիրախ դարձավ և հավատալով դրան պակաս հետևեց սանիտարական կանոններին՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով»,-ասվում է նախագծում: Ըստ Սիմոնյանի համոզման` Արցախյան պատերազմի ընթացքում պարզ է դարձել նաև, որ նույնականացման ոչ ենթակա ապատեղեկություններ տարածող աղբյուրների էական մասի հետևում կանգնած է Ադրբեջանի Հանրապետությունը և նպատակ է հետապնդում վնասել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը: Իսկ նշված ապատեղեկությունների էական մասը հրապարակվել է այնպիսի աղբյուրների կողմից, որոնց նույնականացումն ընթերցողի կողմից անհնար է, և որոնք ԶԼՄ օրենքի իմաստով չեն հանդիսանում զանգվածային լրատվամիջոց, այլ կերպ կոչվում են «ֆեյք»: Հիշեցնենք, որ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվել են 2010 թվականին, և սահմանվել է զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցում ստանալու իրավունքը: Ըստ նախագծի հեղինակի` անձանց պատվի, արժանապատվության ու գործարար համբավի իրավունքը ոտնահարելու դիտավորություն ունեցող անձինք սկսել են կեղծ տեղեկություններ տարածել հենց ընթերցողի կողմից նույնականացման ոչ ենթակա աղբյուրների միջոցով, որի մեխանիզմները գործնականում ազդեցիկ են դարձել վերջին տարիներին՝ համացանցի և բջջային հավելվածների տարածման արդյունքում: Դրա հետևանքով քաղաքացիները զրկվում են նման աղբյուրներով տարածված զրպարտության ու վիրավորանքի դեմ պայքարի մեխանիզմից, քանի որ քաղաքացիական դատավարության սահմաններում հնարավոր չէ պարզել, թե ով պետք է լինի պատասխանողը: Նախագծում նշվում է, որ ի հայտ եկած այս նոր դրսևորման պայքարը և անձանց՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի պաշտպանության միակ ուղին քրեական քաղաքականությունն է` նման դրսևորումների քրեականացման միջոցով: Խորհրդարանն անցնող քառօրյայի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը, ըստ որի վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը ավելացավ՝ վիրավորանքի համար դառնալով մինչև 3 միլիոն, զրպարտության համար` մինչև 6 միլիոն դրամ: Շարունակությունը՝    hetq.am-ում։ 
13:08 - 27 մարտի, 2021
ԱԺ խմբակցությունները տարբեր տեսակետ ունեն ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու որոշման վերաբերյալ |armenpress.am|

ԱԺ խմբակցությունները տարբեր տեսակետ ունեն ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու որոշման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների աշխատավարձը մինչև 97,5 %-ով բարձրացնելու իշխանության որոշումը համարում են նախընտրական քայլ, իշխանական պատգամավորներն արձագանքում են՝ կոչ անելով տարանջատում չմտցնել ու քաղաքական շահարկում չանել: ԱԺ խմբակցությունների պատգամավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները խորհրդարանական ճեպազրույցներում: «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանն ասաց. «Սա կարծում եմ, որ նախընտրական քայլ է իշխանության կողմից, քանի որ հատկապես ընտրական պրոցեսների ընթացքում նրանց պետք է լինելու ոստիկանների հավատարմությունը»: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը ևս այս կարծիքին էր: «Ես, իհարկե, այստեղ տեսնում եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ուղղված հստակ մեսիջ»,-նշեց պատգամավորը: Նա նշեց, որ երբ իրենք ահազանգեր են ստանում տարբեր հիմնարկներում աշխատավարձերի հետ կապված մտահոգությունների մասին, այս ֆոնին ոստիկանների աշխատավարձերի բարձրացման գնալը, իր կարծիքով, հստակ մեսիջ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել նրանց աշխատավարձը, որոնք ապահովելու են քարոզարշավային իր անվտանգությունը: Պատգամավորը հիշեցրեց կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժող բժիշկների մասին, նա կողմ է, որ բոլորի աշխատավարձերը բարձր լինեն, բայց մեկ սեգմենտ առանձնացնելը՝ անտեսելով մյուսներին՝ ուսուցիչներին, բժիշկներին և այլոց, նա սխալ համարեց: Հարցին, թե առաջնահերթությունը ո՞րն է, որ հենց ոստիկաններինը այդ համամասնությամբ բարձրացավ՝ «Իմ քայլը»-ից Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ չպետք է տարանջատում մտցնել ոստիկանների, բուժաշխատողների, զինծառայողների, ուսուցիչների և մյուս բոլոր աշխատողների միջև՝աշխատավարձի բարձրացման մասով: «Կարծում եմ, որ այդ տարանջատումը քաղաքական շահարկումների տիրույթում է»,-ասաց նա ու հավելեց, որ ոստիկանությունը, հատկապես պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում գործել է ամբողջությամբ օրենսդրության սահմաններում: Ըստ նրա՝ տարանջատումներ մտցնելը ու քաղաքական շահարկումներ անելն ամենևին տեղին չէ: Իշխանությունը ցանկություն ունի հնարավորության դեպքում բոլորի աշխատավարձն էլ բարձրացնել:
14:37 - 26 մարտի, 2021
Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մեր որոշումը անակնկալ չի եղել, դա մեր քաղաքական հանձնառությունն է. Կոնջորյան |1lurer.am|

Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մեր որոշումը անակնկալ չի եղել, դա մեր քաղաքական հանձնառությունն է. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Նա ընդգծեց, որ փոփոխությունների նախագիծը դրվել է շրջանառության մեջ, նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հիմա ակտիվ քննարկումների մեջ են միջազգային կառույցների, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: «Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը եղել է մեր քաղաքական հանձնառությունը, ինչին մենք հավատարիմ ենք: Հանրության մեջ կարող է տպավորություն լինել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի գլխավոր փոփոխությունը ընտրակարգն է, սակայն նախատեսվում են նաև բազմաթիվ այլ փոփոխություններ: Պայմանավորված արտահերթ ընտրություններով՝ ընտրակարգի փոփոխությունը քաղաքական իմաստով դարձել է քննարկումների առաջամարտիկը: Այն, որ մենք պատրաստվում ենք փոփոխել Ընտրական օրենսգիրքը՝ դուրս բերելով ռեյտինգային ընտրակարգը, անակնկալ չի եղել որևէ մեկի համար: Այդ մասով ևս քաղաքական հանձնառություն ենք ունեցել և հրապարակայնորեն հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ մենք պետք է անցում կատարենք համամասնական համակարգի, որի մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետը»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ընտրակարգի փոփոխությունը բացասական տեսանկյունից ներկայացնելը որևէ հիմք չունի:   Ինչ վերաբերում է ընտրակարգի փոփոխության հարցով կոնսենսուսին՝ Կոնջորյանը նշեց, որ իրենց համար ավելի կարևոր էր, որ ընտրության անցկացման որոշումը կոնսենսուսով լիներ, իսկ ընտրակարգի առումով, ըստ պատգամավորի, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարել են, որ երկու ընտրակարգով էլ պատրաստ են գնալու ընտրություններին, ուստի ընտրակարգի մասին թեզը հակասության մեջ է մտնում հրապարակային հայտարարությունների հետ:  «Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, որ այս հարցում նույնպես կոնսենսուս լինի»,- եզրափակեց նա:
12:27 - 26 մարտի, 2021
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց |armtimes.com|

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց |armtimes.com|

armtimes.com: 93 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների բաշխմամբ ԱԺ-ն քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Տվյալ օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող եւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու եւ բնակվելու ժամանակահատվածում: Օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից եւ (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:  Սույն օրենքով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը, կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ: Հիշեցնենք, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նախագծերի փաթեթի հեղինակներն են ՀՀ կառավարությունը և պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Միխայլովը, Կորյուն Մկրտչյանը և Վանիկ Օհանյանը:
12:17 - 25 մարտի, 2021
Կառավարության վարքագիծը դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ. Թագուհի Թովմասյան |tert.am|

Կառավարության վարքագիծը դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության անդամների երեկվա վարքագծին: «Որպես խորհրդարանի նախագահ՝ առնվազն երեկ պետք է միջամտեիք, որ մեր երեք անկախ պատգամավորների հարցերին քմահաճ ձևով կառավարությունը չպատասխանեց: Ես կարծում եմ՝ մենք այնպիսի հարցեր էինք բարձրացրել, որոնց պատասխանն ունի կառավարությունը, և սա դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա՝ դիմելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրոզյանին:   «Ես Ձեզ հորդորում եմ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, որովհետև Դուք բոլոր պատգամավորներին եք այստեղ ներկայացնում և նիստը վարում եք արդարության դիրքերից, համենայնդեպս, օրենքը Ձեզ այդպես է պարտադրում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե Հրանտ Մաթևոսյանի թանգարանի մասին առեղծվածը հրապարակավ պետք է բացահայտվեր: Պատգամավորը նկատեց, որ նրա որդին պարկեշտ անձնավորություն է և երբ գրում է, թե բանակցություններում մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն հետևությունը պետք աներ կառավարությունը: Վերջում Թագուհի Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր եղած շրջանում հայտարարությունը, երբ ասում էր. «Աշխարհի որ ծայրում լինեք, որտեղ լինեք, ինչ պայմաններում  էլ լինեք, պարտավոր եք գալ կառավարությունում պատասխանելու պատգամավորների հարցերին»: «Ես հիմա հիշեցնում եմ, որ կառավարությունը պարտավոր է  պատասխանել պատգամավորների հարցերին»,-ասաց նա: Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը ճշգրտում արեց. «Անկախ պատգամավոր չկա, կան խմբագրությունում չընդգրկված պատգամավորներ, սա որքան էլ ֆորմալ, այնքան էլ խորիմաստ ձևակերպում է»: 
11:59 - 25 մարտի, 2021