«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց |armtimes.com|
12:17 - 25 մարտի, 2021

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց |armtimes.com|

armtimes.com: 93 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների բաշխմամբ ԱԺ-ն քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

Տվյալ օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող եւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու եւ բնակվելու ժամանակահատվածում:

Օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից եւ (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

 Սույն օրենքով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը, կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:

Հիշեցնենք, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նախագծերի փաթեթի հեղինակներն են ՀՀ կառավարությունը և պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Միխայլովը, Կորյուն Մկրտչյանը և Վանիկ Օհանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել