Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մեր որոշումը անակնկալ չի եղել, դա մեր քաղաքական հանձնառությունն է. Կոնջորյան |1lurer.am|
12:27 - 26 մարտի, 2021

Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մեր որոշումը անակնկալ չի եղել, դա մեր քաղաքական հանձնառությունն է. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Նա ընդգծեց, որ փոփոխությունների նախագիծը դրվել է շրջանառության մեջ, նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հիմա ակտիվ քննարկումների մեջ են միջազգային կառույցների, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

«Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը եղել է մեր քաղաքական հանձնառությունը, ինչին մենք հավատարիմ ենք: Հանրության մեջ կարող է տպավորություն լինել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի գլխավոր փոփոխությունը ընտրակարգն է, սակայն նախատեսվում են նաև բազմաթիվ այլ փոփոխություններ: Պայմանավորված արտահերթ ընտրություններով՝ ընտրակարգի փոփոխությունը քաղաքական իմաստով դարձել է քննարկումների առաջամարտիկը:

Այն, որ մենք պատրաստվում ենք փոփոխել Ընտրական օրենսգիրքը՝ դուրս բերելով ռեյտինգային ընտրակարգը, անակնկալ չի եղել որևէ մեկի համար: Այդ մասով ևս քաղաքական հանձնառություն ենք ունեցել և հրապարակայնորեն հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ մենք պետք է անցում կատարենք համամասնական համակարգի, որի մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետը»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ընտրակարգի փոփոխությունը բացասական տեսանկյունից ներկայացնելը որևէ հիմք չունի:  

Ինչ վերաբերում է ընտրակարգի փոփոխության հարցով կոնսենսուսին՝ Կոնջորյանը նշեց, որ իրենց համար ավելի կարևոր էր, որ ընտրության անցկացման որոշումը կոնսենսուսով լիներ, իսկ ընտրակարգի առումով, ըստ պատգամավորի, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարել են, որ երկու ընտրակարգով էլ պատրաստ են գնալու ընտրություններին, ուստի ընտրակարգի մասին թեզը հակասության մեջ է մտնում հրապարակային հայտարարությունների հետ: 

«Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, որ այս հարցում նույնպես կոնսենսուս լինի»,- եզրափակեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել