Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Օրենքով կկարգավորվեն օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավահարաբերությունները

Օրենքով կկարգավորվեն օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավահարաբերությունները

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին: Այն մասին հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ: Այս գործընթացը թույլ է տալու ունենալ հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին` առավել արդյունավետ կերպով վերահսկելով գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը»,- ասաց Ղազարյանը: Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որը լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն է, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ:
17:34 - 30 ապրիլի, 2021
ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, եւ վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armtimes.com|

ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, եւ վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին՝ ասաց, որ ՍԴ-ից մեկնաբանությունը ստանալով կարողանալու են ընդհանուր նորմի վերաորակում իրականացնել, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի:  Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով Քոչարյանը եւ մյուսները մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ։ Դատարանն այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց. դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել է: Մեղադրական կողմը եւ տուժողների իրավահաջորդները, պնդում են, որ արարքը պետք է վերաորակվի, որովհետեւ թեեւ հոդվածը չկա, բայց հանցանքը կա:  Ի պատասխան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցի խոսելով այս մասին՝ Դավթյանը մեկնաբանեց նաեւ, թե ինչու էր Քոչարյանի եւ մյուսների արարքը ի սկզբանե որակվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով. «Մենք հրապարակային ներկայացրել ենք, թե ինչու է ժամանակին արարքի որակման մեջ  հատուկ նորմին տրվել առավելությունը, որովհետեւ դա պարզ իրավական տեխնիկայի կանոն է՝ սահմանված իրավական ակտերի մասին օրենքով: Այլ բան չէր կարող անել վարույթ իրականացնողը, երբ տեսնում է՝ նկարագրված արարքը համապատասխանում է իշխանությունը վերազանցելուն եւ դրա արդյունքում ծանր հետեւանքներ առաջացնելուն, եւ տեսնում է, որ այդ ծանր հետեւանքները ոչ թե գործնականում պարզագույն հետեւանքներ են համեմատության մեջ, այլ սահմանադրական կարգի հիմունքների ուղիղ դադարեցման հետեւանքներ»,- պարզաբանեց Դավթյանը: Այնուհետեւ, անդրադառնալով արարքի վերաորակմանը՝ շարունակեց. «Այսինքն ստեղծված իրավիճակում մենք ի՞նչն ենք վիճարկում Սահմանադրական դատարանում. երբ որ արարքի որակման հետ կապված մենք դատարանում տեսնում ենք փոփոխություն, քրեադատավարական օրենքը մեզ տվել է հնարավորություն՝ վերաորակելու: Բայց այդ հնարավորությունը նախատեսող քրեադատավարական նորմը՝  309.1 հոդվածը եւ դրան Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի մինչ օրս տված մեկնաբանությունները վկայում են, որ այդ վերաորակումը կարող է պայմանավորվել միայն փաստական հանգամանքների հետ, ապացուցողական բազայի՝ պարզ լեզվով ասած: Զուտ իրավական, ոչ փաստական կողմին վերաբերող հարցերով վերաորակման հնարավորություն չի տալիս: Եվ սա առիթ հանդիսացավ, որ մենք ՍԴ առջեւ բարձրացնենք այդ խնդիրը՝ ստանանք մեկնաբանություն Սահմանադրական դատարանից: Մեր ակնկալած մեկնաբանությունն այն է, որ այո՛, դրանով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, դրանով խախտվում են տուժողների իրավունքները եւ այդ մեկնաբանությունը ստանալով մենք կարողանալու ենք վերաորակում իրականացնել ընդհանուր նորմի, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի»:  Անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն, որպեսզի նման իրավիճակներում խնդիրը կարգավորելու հնարավորություն լինի՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Այո՛, 309.1 հոդվածը բարելավման կարիք ունի, որ այս իրավիճակում մենք ունենանք պատշաճ արձագանք՝ արդար դատաքննության իրականացման համար»:
14:29 - 30 ապրիլի, 2021
2020 թ. կոռուպցիոն գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս. ՀՀ գլխավոր դատախազ |1lurer.am|

2020 թ. կոռուպցիոն գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս. ՀՀ գլխավոր դատախազ |1lurer.am|

1lurer.am: Նախորդ տարի կոռուպցիայի դեմ պայքարը եղել է դատախազության առաջնահերթությունների շարքում՝ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով դատախազության 2020 թ. գործունեության մասին հաղորդումը: «Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7.3 տոկոսով: 2020 թվականին մեր ձեռնարկած միջոցներով կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները: Դրական շարժ ունենք  նաև վնասի վերականգնման մասով. 2020 թվականի ընթացքում այդ գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս, այն դեպքում, երբ 2019 թվականին վերականգնվել էր 12.4 մլրդ դրամի վնաս»,- նշեց Դավթյանը:
13:07 - 30 ապրիլի, 2021
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
 |1lurer.am|

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը և դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ և ընդունվել նախորդ տարի սեպտեմբերին, սակայն հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է, իսկ փաթեթը դուրս եկել շրջանառությունից: Հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի խոսքով՝ փաթեթը մշակման երկար փուլ է անցել: Կինոյի ոլորտը մեր երկրում առայսօր օրենսդրորեն կարգավորված չէ` Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ֆիլմի ցուցադրման, ֆիլմի՝ միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման և պետական աջակցության այլ ձևերը: Որևէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանում: Օրենսդրական փաթեթի ընդունումը կապահովի կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանում, կստեղծի բավարար իրավական երաշխիքներ և կաջակցի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաև կինոժառանգության և կինոտարեգրության պահպանմանն ու հասանելիության ապահովմանը: Նշվեց, որ օրենքների նախագծերը մշակվել են` հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի ոլորտի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Կանադայի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտեր: Աննա Կոստանյանն ընդգծեց, որ նախորդ անգամ եղել են առաջարկներ, որոնք հաշվի են առնվել, և կատարվել են որոշակի փոփոխություններ: Հարակից զեկուցող պատգամավոր Արթուր Մանուկյանը նշեց, որ սա երկար սպասված օրենքի նախագիծ է, որի վերաբերյալ ունեցել է բազմաթիվ քննարկումներ: Հանդիպել է ոլորտի մասնագետների հետ, լսել նրանց դրական կարծիքները: Պատգամավորն առաջարկեց գործընկերներին՝ դրական եզրակացություն տալ: Ներկայացնելով Կառավարության կարծիքը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշեց, որ հիմնական առարկությունները, որոնք ներկայացվել են գործադիրի կողմից նախորդ քննարկումների ժամանակ, մնացել են անփոփոխ: Կառավարությունը փաթեթի վերաբերյալ ունի առարկություններ և վերապահումներ, օրինագծերի որոշ դրույթներ խնդրահարույց են և փոփոխման ու հստակեցման կարիք ունեն: Հանձնաժողովի նախագահն առաջարկեց փոխնախարարին՝ Կառավարության ներկայացրած գրավոր կարծիքը դնել մի կողմ և ներկայացնել սեփական տեսակետը՝ որպես ոլորտի մասնագետ: Նա հետաքրքրվեց ոլորտի վերաբերյալ նախարարության երկու տարվա կատարած աշխատանքներով: Փոխնախարարն ընդգծեց, որ ոլորտի ամենալուրջ խնդիրը կինոկրթությունն է: Նախարարությունը մշակում է այդ ուղղությամբ ծրագրեր: Մխիթար Հայրապետյանն առաջարկեց Կառավարության ներկայացուցչին ԱԺ հերթական նիստերի քննարկման ժամանակ ներկայացնել օրենքի այլընտրանքը: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողն առաջարկեց ԱԺ հերթական նիստերում սահմանել քննարկման հատուկ ընթացակարգ: Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: 
18:49 - 29 ապրիլի, 2021
Սյունիքի հատվածում 2 ժամ կանգնել եմ, ոչ մի սահմանապահ չեմ տեսել, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել. Սասուն Միքայելյան |armtimes.com|

Սյունիքի հատվածում 2 ժամ կանգնել եմ, ոչ մի սահմանապահ չեմ տեսել, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել. Սասուն Միքայելյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Մելքոնյանը նշեց, որ 2020 թվականի փետրվարին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա: Նկարահանումների արդյունքում կարող են բացահայտվել ՀՀ պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը: Շատացել են նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը:    Նախագծով առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, սահմապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսելով սահմանների ապահովման մասին, նշեց, որ պատերազմից հետո սահմանային փոփոխություններ են եղել: «Սյունիքում ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել: Մինչև այս նախագիծը ներկայացնելը, մտածե՞լ եք այնտեղի բնակիչների անվտանգությունը ինչպես է ապահովվելու: Պետք է նման դեպք լինի, նոր մտածե՞նք»: Մելքոնյանն էլ պատգամավորի հարցին ի պատասխան նշեց, որ սահմանապահ մեր զորքերի կողմից տեղադրված են ուղեկալներ, ովքեր իրականցնում են ազգաբնակչության անվտանգության ապահովումը. «Այդ հատվածում հատկապես՝ Գորիսից-Կապան, ճանապարհը մի քանի անգամ մտնում  է ադրբեջանական տարածք, այդտեղ նաև տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքեր, և, եթե կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, բանակցություններ են ընթանում դրանք հարթելու ուղղությամբ»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը: Շարունակությունը՝  armtimes.com-ում։
14:24 - 29 ապրիլի, 2021
460 աշխատատեղով Հրազդան-ցեմենտը կփակվի, եթե ներկրվող ցեմենտի համար երկիրը 25 հազար դրամ պետտուրք չսահմանի. քննարկում՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում
 |1lurer.am|

460 աշխատատեղով Հրազդան-ցեմենտը կփակվի, եթե ներկրվող ցեմենտի համար երկիրը 25 հազար դրամ պետտուրք չսահմանի. քննարկում՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում |1lurer.am|

1lurer.am: 460 աշխատատեղով Հրազդան-ցեմենտը կփակվի, եթե ներկրվող ցեմենտի համար երկիրը 25 հազար դրամ պետտուրք չսահմանի: Կառավարության՝ Ազգային ժողով ուղարկած նախագիծը տնտեսական հանձնաժողովում բուռն բանավեճի պատճառ դարձավ:Պատգամավորներն առաջարկեցին հետաձգել նախագծի քննարկումը կամ գոնե պետտուրքը թողնել մինչև այս հունվար եղած 14 հազար դրամի չափով. նախարար Քերոբյանը չընդունեց: Ավելին, պնդեց, որ ներկրվող կլինկերի համար էլ պետք է տուրք սահմանվի, որ դրանից ցեմենտ արտադրող ընկերությունը, ինչպես նա ձևակերպեց, «այլանդակ գերշահույթ» չստանա, իսկ ամբողջական ցիկլով աշխատող Հրազդանի գործարանը 20 մլրդ-ի վնաս կրի: Կողմերից ոչ մեկը չզիջեց, հարցը դրվեց քվեարկության: Թեճ բանավեճ՝ ավելի շատ քաղաքական երանգներով հանձնաժողովում ծավալվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի՝ սենսացիոն հայտարարության թեմայով, թե Ադրբեջանից Հայաստան, ըստ Համաշխարահային բանկի զեկույցի, փողեր են փոխանցվել:Արմեն Եղիազարյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Հաշվետվությունում տրված է, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, այն դեպքում, երբ 2017-ին եղել է շատ քիչ:Հաշվարկը կարող էր կապված լինել միգրանտների՝ տարիներ առաջվա տեղաշարժի հետ, բանկային մեր համակարգով Բաքվից Երևան փող փոխանցել հնարավոր չէ՝ Եղիազարյանին հանգստացրել են Կենտրոնական բանկից: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը քննարկմանը չէր եկել, առեղծվածային հաշվետվությունը կայքից հեռացրել են: Թյուրիմացություն է, դիտավորյա՞լ եք այդ մասին անընդհատ խոսում՝ պատգամավորին մեղադրեցին գործընկերները:Կասկածելի թվերի մասին բարձրաձայնել է, որ հանկած որևէ մեկի մտքով չանցնի միջազգային զեկույցին հղում անելով պնդել, թե Հայաստանն ու Ադրբեջանը ֆինանսապես գործակցող լավ հարևաններ են՝ քննարկումը փակեց Արմեն Եղիազարյանը:Օրակարգի մյուս հարցերը դրական եզրակացություն ստացան աշխատանքային ավելի հանգիստ մթնոլորտում: ՊԵԿ-ն առաջարկում է արտահանողներին վերադարձվող ԱԱՀ-ն հունիսի 1-ից բիզնեսին հետ վճարել շատ ավելի կարճ ժամկետում ու շատ ավելի մեծ գումարով:Տարվա կտրվածքով 40 մլրդ դրամից ավելի արտահանում ունեցած 27 ընկերության շահութահարկի արտոնությունը երկարացնելու Կառավարության առաջարկը պատգամավորները սվիններով ընդունեցին: Մանավանդ, որ պարզվեց՝ խոսքը Հայաստանում գրանցված, բայց Ռուսաստանում 1900 աշխատատեղով շինարարություն անող բիզնեսների մասին է: Ինչո՞ւ է ֆիննախը շահագրգռված այս հարցով՝ հետաքրքրվեցին:Արման Պողոսյան, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - Ապրանքը Չինաստանից գնում է Ռուսաստանի Դաշնություն, դա այստեղից է կազմակերպում ու դրա արդյունքում մենք ունեցել են 2020 թվականին 4.2 մլրդ դրամ հարկ, հրաժարվե՞նք սրանից:Մենք հրաժարվենք՝ Ղրղզստանը հարկային ապաստան կտա այս ընկերություններին, պարզաբանումից հետո միայն նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
22:05 - 28 ապրիլի, 2021
Քաղաքական ուժերին ձեռնտու է, երբ կան քարոզարշավի ֆինանսավորման արգելքներ, սակայն դրանց խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ․ Վարդինե Գրիգորյան

Քաղաքական ուժերին ձեռնտու է, երբ կան քարոզարշավի ֆինանսավորման արգելքներ, սակայն դրանց խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ․ Վարդինե Գրիգորյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր Քրեական օրենսգրքում կատարեց փոփոխություններ, որոնք, մասնավորապես, առնչվում էին ընտրական գործընթացում հնարավոր հանցագործություններին։ Փոփոխություններով քրեականացվեց նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը։ Այս արարքը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:  Իսկ ահա տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով: Իսկ հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով: Վերոնշյալ երկու արարքները բռնության գործադրման կամ դրա սպառնալիքով կատարելու դեպքում պատժվելու են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, հանրային ծառայողի մասնակցության դեպքում՝ մինչեւ հինգ տարի ժամկետով։ Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը պատժվելու է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Նախագծով, ինչպես երեւում է, քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման դեպքում պատասխանատվության վերաբերյալ որեւէ տեղ նշված չէ։ Սա, ի դեպ, դժգոհություն է առաջացրել քաղհասարակությունից նախագծի մշակմանը մասնակցած անձանց շրջանում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ԱԺ-ում նախագծի քննարկումից առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախագծի նախնական տարբերակում եղել են նաեւ քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածներ, որոնք, ի դեպ, արժանացել էին ոչ միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու արտախորհրդարանական ուժերի, այլ նաեւ Վենետիկի հանձնաժողովի հավանությունը։ Իսկ հիմա այդ հոդվածներն, ըստ Իոաննիսյանի, իշխանությունները հանել են՝ ի հեճուկս քաղհասարակության ու հանրային քննարկումների ժամանակ հնչեցրած այն մոտեցումների, որ գալիք ընտրությունների ժամանակ առավել կարեւոր է ֆինանսավորման կարգի ապահովումը, եւ հանել են՝ առանց հանրային քննարկման։ Խորհրդարանում նախագիծը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նա ընդգծեց, որ ընտրական օրինախախտումների վերաբերյալ փոփոխությունների այս փաթեթն ավելի ընդլայնված առկա է Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեծ նախագծում։ Բայց, ըստ Հովակիմյանի, քանի որ հնարավոր է՝ զարգացումներն այնպես ընթանան, որ այդ մեծ փաթեթը ուժի մեջ չմտնի մինչեւ առաջիկա ընտրությունները, ուստի դրանց մեկնարկի համար խիստ անհրաժեշտ բոլոր փոփոխություններն առանձնացվել ու քննարկվում են հրատապության կարգով։  Խորհրդարանում, որն ունի ավելի քան 130 պատգամավոր, նախընտրական գործընթացում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մասին գեթ մեկ հարց չհնչեց, չնայած՝ խորհրդարանական մեծամասնություն Իմ քայլը մշտապես կարեւորել է այս հարցը։  Այսօր ընդունված նախագծի մշակման աշխատանքներին մասնակցած, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի եւ զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի կարծիքով՝ Ազգային ժողովում չխոսվեց այդ հարցի մասին, քանի որ բոլորի համար էլ օգտակար է այդ անորոշ վիճակը, երբ կա արգելքը, սակայն դրա խախտման դեպքում պատասխանատվություն սահմանված չէ։ Infocom-ի հետ զրույցում Գրիգորյանը նկատեց՝ կուսակցությունների ֆինանսավորմանը, նվիրատվությունների խախտումներին վերաբերող հոդվածներն, ըստ էության, նույն ձեւակերպմամբ ընդունելի են եղել «Իմ քայլի» ներկայացուցիչների համար, երբ մշակվում էին «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները։ Մեր զրույցում Գրիգորյանն ասաց, որ ֆինանսավորման արգելքի առնչությամբ փաստարկ է եղել, թե փոփոխությունը կարող է միանշանակ չընդունվել ու կարող է՝ որոշ ընդդիմադիրներ մտածեն, որ դա վերջին պահին կանոնների խստացում է կամ նման մի բան։ Այս մեկնաբանության հետ, սակայն, Գրիգորյանն ինքը համաձայն չէ․ «Իմ կարծիքով՝ այդ փաստարկները տեղին չէին, որովհետեւ արգելքն ամեն դեպքում կա, նոր չէ։ Այսինքն՝ ե՛ւ Օրենսգիրքն է սահմանում ինչ-որ սահմանափակումներ, եւ նման այլ սանկցիաներ են նախատեսված։ Ուղղակի եթե մինչ այս ասվում էր՝ արգելված է, ապա հիմա պետք է խստացվեին սանկցիաները, հիմա հստակեցվելու էր, թե այդ արգելքի խախտման դեպքում ինչ պատասխանատվություն է սահմանվում»,- մեկնաբանեց Վարդինե Գրիգորյանը։ Իսկ հիմա, փաստորեն, ստացվում է՝ ասում ես՝ այո՛, արգելված է, բայց խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ։  «Հիմա եթե կուսակցությունը տարբեր տեսակի ֆինանսավորում ստանա, պատասխանատվության համապատասխան մեխանիզմներ կան, իսկ նախընտրական հիմնադրամին նվիրատվությունների մասով այս պահի դրությամբ պատասխանատվություն չկա»։  Ըստ մեր զրուցակցի՝ լռություն պահպանելով՝ քաղաքական ուժերը փաստացի առաջ են տանում իրենց բոլորի համար օգտակար վիճակը, երբ որոշակի անորոշություն կա քարոզարշավի ֆինանսավորման մասով, իսկ դա նրանց ձեռնտու է՝ հատկապես դրամահավքների ժամանակ․ «Մենք գիտենք, որ կան կուսակցություններ կամ ուժեր, որոնք դրամահավաքի ժամանակ ընդունում են կամ անանուն, կամ անկախնիկ ֆինանսավորում, ինչը, ենթադրաբար, չի թույլատրվում, բայց բոլորն ուզում են, որ դրա հնարավորությունը լինի։ Եւ փորձում են շրջանցել պատասխանատվության մասը, մտածում են, որ քաղաքական ֆինանսավորում այլ ձեւով հնարավոր չէ։ Օրինակ՝ մտածում են, որ եթե պարզ լինի, թե ովքեր են ֆինանսավորողները, այդ մարդիկ կարող են խնդիր ունենալ, ընդ որում՝ կապ չունի՝ իշխանության համար, թե ընդդիմության։ Բայց հարցն այն է, որ ի սկզբանե անանուն ֆինանսավորումն արգելված է։ Այսինքն՝ կամ պետք է ազնվորեն ասել՝ կարծում ենք՝ անոնիմ ֆինանսավորման քաղաքական կամ այլ հետեւանքները ավելի քիչ վնասակար են, քան եթե իմացվի ֆինանսավորման աղբյուրը, ուրեմն եկեք թույլատրենք»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով՝ ավելի լավ է՝ ազնիվ լինել, եւ ասել՝ եթե այդպիսի ֆինանսավորումն ընդունելի է, ուրեմն ընդունեն, որ այսուհետ հնարավորություն տրվի։ Նրա համոզմամբ՝ եթե նախընտրական շրջանում ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ դրույթներն այս ընտրությունների ժամանակ չկիրառվեն, ապա անպայման պետք է ընդունվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթով։  Հայարփի Բաղդասարյան
21:04 - 28 ապրիլի, 2021
Քարոզարշավը և քվեարկության ընթացքը խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության կենթարկվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
 |1lurer.am|

Քարոզարշավը և քվեարկության ընթացքը խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության կենթարկվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր:   Նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը տեխնիկական մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Նա նշեց, որ իր առաջարկությամբ նախագծից հանվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու մասին դրույթը: Ըստ Հովակիմյանի՝  այդ դրույթի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, մասնավորապես՝ այն կարող է երկակի մեկնաբանությունների կամ տարընթերցումների տեղիք տալ:  Հեղինակը հայտնեց, որ նախագծում լրացվել է նաև, որ լռության օրը և քվեարկության օրը համացանցով քարոզչություն կատարելու համար նույնպես վարչական տույժ է սահմանվում: 
18:38 - 28 ապրիլի, 2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ |armenpress.am|

Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ և  օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ: Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը: Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը: Առաջարկվում է նաև սահմանել Հարկ վճարողի օր: Հարկ վճարողի օրը կնշվի ապրիլի 19-ին:  Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ավելացված արժեքի հարկ վճարողները: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթը լրամշակվել է, կատարվել են որոշակի խմբագրական, տեխնիկական հստակեցումներ: Նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ստացվել: «Փաթեթի ընդունման անհրաժեշտությունն այս ընթացքում ևս հիմնավորվել է՝ դրա նկատմամբ հանրային հետաքրքրվածության աճով: Դրա մասին է վկայում նաև վերջին ամիսներին հարկ վճարողների կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար ներկայացված դիմումների քանակական աճը: 2021-ի հունվար-մարտին 2020-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ դիմումների քանակն աճել է 2.4 անգամ, իսկ տրամադրված հավաստագրերի քանակը՝ 2.5 անգամ»,- ասաց Հովհաննիսյանը:
15:36 - 28 ապրիլի, 2021
Նախագիծը ոչ միայն կրճատել են, այլև անգրագետավարի փնթիացրել․ Դանիել Իոաննիսյանը՝ ԱԺ նիստին քննարկվող նախագծերի մասին

Նախագիծը ոչ միայն կրճատել են, այլև անգրագետավարի փնթիացրել․ Դանիել Իոաննիսյանը՝ ԱԺ նիստին քննարկվող նախագծերի մասին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ում այսօր քննարկվելիք ընտրական հանցագործությունների փաթեթով քրեականացվում է՝ 1. Ընտրական տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, 2. Աշխատողին (պետական կամ մասնավոր) պարտադրելը, որ մասնակցի որևէ հանրահավաքի, ինչպես նաև հանրահավաքին մասնակցելու համար փող տալը, 3. Բարձրաստիճան պաշտոնյայի կամ թեկնածույի կողմից օտարերկրյա քաղաքացիության փաստը թաքցնելը, 4. Չնույնականացվող աղբյուրներով թեկնածուներին վարկաբեկող սուտ հրապարակելը: Նախագծով նաև մի շարք հոդվածներով փոխվում են պատժաչափերը, որոշ հոդվածների դիսպոզիցիան փոխվում է՝ առավել հստակության համար: Զավեշտալին այն է, նախագծի ֆորմալ հեղինակը որևէ աղերս չունի դրա ոչ կազմման, ոչ էլ անգամ բովանդակության գեներացիայի հետ: Նշվածներից 1-ին, 3-րդ ու 4-րդ հոդվածների մտքի հեղինակը ես եմ, 2-րդինը՝ Վարդինեն (բնականաբար, բոլորը Համազասպի և այլոց հետ քննարկումներով): Դրանց իրավական ձևակերպումն էլ տվել են Հասմիկը, Վարդինեն, այլ մարդիկ ու ձեր խոնարհ ծառան: Բայց մեր ու Համազասպի կազմած նախագիծը ոչ միայն կրճատել են (հանելով քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման բոլոր հոդվածները), այլև անգրագետավարի փնթիացրել: Մասնավորապես, փաթեթից կորցրել են քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որով վերևում նշվածներից 4-րդ հոդվածով նախատեսված արարքը մասնավոր մեղադրանքի հոդված էր դառնում: Անվճար լեկցիա կկարդամ «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներին, թե ինչու որևէ մեկի մասին սուտ տեղեկություն հրապարակելը տեխնիկապես ու բովանդակապես չի կարող լինել հանրային մեղադրանքի հոդված: Ի տարբերություն շատ տաղանդավոր պատգամավորների, ես այդ հարցը ամիսներ շարունակ ուսումնասիրել և քննարկել եմ իրավապահների հետ: Հ.Գ. Այո, կասկածի տակ եմ դնում մեծն ռեֆորմատոր ու ժողովրդավարության մերօրյա լավագույն մասնագետ Վահագն Հովակիմյանի կոմպիտենտությունը ու վերահաստատում եմ «Իմ քայլի»՝ նույնսիկ գրած-պատրաստ ռեֆորմները տապալելու բացառիկ կարողությունը»։
11:43 - 28 ապրիլի, 2021