460 աշխատատեղով Հրազդան-ցեմենտը կփակվի, եթե ներկրվող ցեմենտի համար երկիրը 25 հազար դրամ պետտուրք չսահմանի. քննարկում՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում
 |1lurer.am|
22:05 - 28 ապրիլի, 2021

460 աշխատատեղով Հրազդան-ցեմենտը կփակվի, եթե ներկրվող ցեմենտի համար երկիրը 25 հազար դրամ պետտուրք չսահմանի. քննարկում՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում |1lurer.am|

1lurer.am: 460 աշխատատեղով Հրազդան-ցեմենտը կփակվի, եթե ներկրվող ցեմենտի համար երկիրը 25 հազար դրամ պետտուրք չսահմանի: Կառավարության՝ Ազգային ժողով ուղարկած նախագիծը տնտեսական հանձնաժողովում բուռն բանավեճի պատճառ դարձավ:

Պատգամավորներն առաջարկեցին հետաձգել նախագծի քննարկումը կամ գոնե պետտուրքը թողնել մինչև այս հունվար եղած 14 հազար դրամի չափով. նախարար Քերոբյանը չընդունեց: Ավելին, պնդեց, որ ներկրվող կլինկերի համար էլ պետք է տուրք սահմանվի, որ դրանից ցեմենտ արտադրող ընկերությունը, ինչպես նա ձևակերպեց, «այլանդակ գերշահույթ» չստանա, իսկ ամբողջական ցիկլով աշխատող Հրազդանի գործարանը 20 մլրդ-ի վնաս կրի: Կողմերից ոչ մեկը չզիջեց, հարցը դրվեց քվեարկության: 

Թեճ բանավեճ՝ ավելի շատ քաղաքական երանգներով հանձնաժողովում ծավալվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի՝ սենսացիոն հայտարարության թեմայով, թե Ադրբեջանից Հայաստան, ըստ Համաշխարահային բանկի զեկույցի, փողեր են փոխանցվել:

Արմեն Եղիազարյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր - Հաշվետվությունում տրված է, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, այն դեպքում, երբ 2017-ին եղել է շատ քիչ:

Հաշվարկը կարող էր կապված լինել միգրանտների՝ տարիներ առաջվա տեղաշարժի հետ, բանկային մեր համակարգով Բաքվից Երևան փող փոխանցել հնարավոր չէ՝ Եղիազարյանին հանգստացրել են Կենտրոնական բանկից: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը քննարկմանը չէր եկել, առեղծվածային հաշվետվությունը կայքից հեռացրել են: Թյուրիմացություն է, դիտավորյա՞լ եք այդ մասին անընդհատ խոսում՝ պատգամավորին մեղադրեցին գործընկերները:

Կասկածելի թվերի մասին բարձրաձայնել է, որ հանկած որևէ մեկի մտքով չանցնի միջազգային զեկույցին հղում անելով պնդել, թե Հայաստանն ու Ադրբեջանը ֆինանսապես գործակցող լավ հարևաններ են՝ քննարկումը փակեց Արմեն Եղիազարյանը:

Օրակարգի մյուս հարցերը դրական եզրակացություն ստացան աշխատանքային ավելի հանգիստ մթնոլորտում: ՊԵԿ-ն առաջարկում է արտահանողներին վերադարձվող ԱԱՀ-ն հունիսի 1-ից բիզնեսին հետ վճարել շատ ավելի կարճ ժամկետում ու շատ ավելի մեծ գումարով:

Տարվա կտրվածքով 40 մլրդ դրամից ավելի արտահանում ունեցած 27 ընկերության շահութահարկի արտոնությունը երկարացնելու Կառավարության առաջարկը պատգամավորները սվիններով ընդունեցին: Մանավանդ, որ պարզվեց՝ խոսքը Հայաստանում գրանցված, բայց Ռուսաստանում 1900 աշխատատեղով շինարարություն անող բիզնեսների մասին է: Ինչո՞ւ է ֆիննախը շահագրգռված այս հարցով՝ հետաքրքրվեցին:

Արման Պողոսյան, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - Ապրանքը Չինաստանից գնում է Ռուսաստանի Դաշնություն, դա այստեղից է կազմակերպում ու դրա արդյունքում մենք ունեցել են 2020 թվականին 4.2 մլրդ դրամ հարկ, հրաժարվե՞նք սրանից:

Մենք հրաժարվենք՝ Ղրղզստանը հարկային ապաստան կտա այս ընկերություններին, պարզաբանումից հետո միայն նախագիծը դրական եզրակացություն ստացավ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել