Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

ՀԱԿ-ը դիմում է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ

ՀԱԿ-ը դիմում է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ դիմելով ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև՝ «Հիշյալ անձն այնպիսի նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեզ է փակցնելու աշխարհի՝ արժանապատվությունից զուրկ ամենահետին ազգի «պատվանունը»։ Պատմության մեջ եղել են բազմաթիվ բռնակալներ, որոնք գնդակահարել, կախել, մորթել, նույնիսկ կերել են իրենց քաղաքական հակառակորդներին, բայց չի եղել մեկը, որ քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ թքի մարդու դեմքին (այս առումով Ալեն Սիմոնյանի անունը արժանի է տեղ գտնելու Գինեսի գրքում): Դիմելով իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին եւ լրատվամիջոցներին՝ մենք գիտակցում ենք, անշուշտ, որ Սիմոնյանի շուտափույթ պաշտոնանկությունը ոչ թե նրանց, այլ, առաջին հերթին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խնդիրն էր։ Այնինչ, նշված կուսակցությունն արդեն երկու շաբաթից ավելի այդ խայտառակ միջադեպի վերաբերյալ քար լռություն է պահպանում։ Ավելին, որոշ կարկառուն ՔՊ-ականներ նույնիսկ փորձում են արդարացնել Սիմոնյանի արարքը։ Իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ականները սիրահոժար կերպով իրենց վրա են վերցնում նրա զազրելի պահվածքի պատասխանատվությունը։ Հետեւաբար, մենք իրավունք ունենք ՔՊ կուսակցությունը այսուհետեւ կոչելու ԹՔՊ, այսինքն՝ Թքողների Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն։ Ընտրությունն իրենցն է։ Եթե համակերպվում են այդ դերին, թող շարունակեն վայելել թքողների «պատիվը»։ Անշուշտ, ներկայիս ծանրագույն պայմաններում մեր ժողովուրդն ունի բազմաթիվ գոյաբանական խնդիրներ, մեր անվտանգությանն սպառնացող արտաքին լուրջ մարտահրավերներ, որոնց նկատմամբ մեր իշխանությունների արձագանքները ամենեւին բավարար չեն՝ ի մասնավորի նաեւ այն պատճառով, որ դրանց անհամարժեք դիմագրավումը, իշխանությունների անկարողությունից բացի, բացատրվում է մեր ժողովրդի նկատմամբ իրենց ամբարտավան եւ նվաստացուցիչ վերաբերմունքով։ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը դրա ամենախայտառակ դրսեւորումն է»։
18:49 - 17 ապրիլի, 2023
Ջնջելով հայկական տառերը՝ Ադրբեջանը չի կարող փոխել պատմությունը. Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում

Ջնջելով հայկական տառերը՝ Ադրբեջանը չի կարող փոխել պատմությունը. Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ԱԺ նախագահը ծավալուն ելույթ է ունեցել լիագումար նիստում, ինչին նախորդել է Ադրբեջանական Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթը:  Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն ամբողջությամբ՝ «Մեծարգո՛ Վալենտինա Իվանի, Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է համագործակցության կարեւոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փորձը: Դրա հետ մեկտեղ, այժմ մենք պետք է ուղենիշներ սահմանենք հետագա համատեղ աշխատանքի համար՝ ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման: Գործընկերնե՛ր, Այսօր աշխարհը, այդ թվում եւ մեր տարածաշրջանը, կանգնած է նոր մարտահրավերների առջեւ: 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետեւանքով առաջացած անվտանգության ճգնաժամն ու իրողությունները նոր սպառնալիքներ են խոստանում ամբողջ տարածաշրջանի համար: Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը եւ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները՝ ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանման եւ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ կենսական բժշկական սպասարկման հասանելիությունից: Ռուսական խաղաղապահ զորակազմի, որի մանդատը, ի դեպ, մինչ օրս չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը դեռեւս չի վերաճել հումանիտար աղետի: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կեղծ էկոլոգիական քողի տակ իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում, քանի որ գազի եւ էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չպլանավորված անտառահատումների, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի լուրջ համակարգային եւ երկարաժամկետ դեգրադացիայի: Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը: Հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ: Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաեւ խոշոր տրամաչափի զենքից հրահրել եւ կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ադրբեջանցի զինվորականների բոլոր գործողությունները փաստագրված են օպերատիվ տեսանկարահանմամբ, որը հասանելի է համացանցում: Իրականացված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները: Պետք է արձանագրեմ, որ նշված հատվածում Բաքվի գործողությունները սադրիչ են եւ հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններին: Անհրաժեշտ է իրականացնել երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը սահմանից անվտանգ հեռավորության վրա՝ որպես իրավիճակի կայունության հուսալի երաշխիք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս հարցում 2021 թվականից, բացի այդ, նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից: Հայկական կողմը, ինչպես եւ նախկինում, հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մեկի նկատմամբ եւ պատրաստ է տեղում ընթացիկ հարցերը լուծել կառուցողական բանակցությունների միջոցով: Գործընկերնե՛ր, Մեր հարեւանը չի դադարեցնում այլատյաց քաղաքականությունն ու հռետորաբանությունը: Պահանջներ են հնչում Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Չեմ կարող չնշել բոլորիս առջեւ ծառացած չափազանց կարեւոր հումանիտար հարցերը: Մինչ օրս Ադրբեջանն անօրինական կերպով պահում է ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Հրատապ է մնում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը: Արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ այն դեպքում, երբ արդեն ոչնչացվել են բազմաթիվ եկեղեցիներ, գերեզմաններ, Հայրենական մեծ պատերազմի մարշալների եւ գեներալների հուշարձաններ: Տպավորությունն այնպիսին է, որ ջնջելով հայկական տառերը եւ փշրելով խաչքարերը, որոնք արդեն մի քանի հարյուր տարեկան են, կարելի է փոխել պատմությունը: Պարզ է, որ դրանով Բաքուն ոչնչացնում է Արցախի բնիկների դարավոր ներկայության հետքերը: Ամփոփելով վերը նշվածը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ եւ դրանով իսկ կանխել իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է տարածվել աշխարհի այլ տարածաշրջաններ: Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
21:17 - 14 ապրիլի, 2023
Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի. Մատվիենկո
 |tert.am|

Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի. Մատվիենկո |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակում հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:«Ռուսաստանն արել և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից», - ուրբաթ կայացած  ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) գարնանային նստաշրջանի արդյունքներով ճեպազրույցում ասել է Մատվիենկոն:Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ 
16:47 - 14 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կայացած մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը բարեկամական է, որի կարևոր գործոնն է ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափով: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շեշտելով խորհրդարանականների համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Մաուլեն Աշիմբաևն Ալեն Սիմոնյանին է փոխանցել իրենց երկրում առաջիկայում իրականացվելիք օրենսդրական փոփոխություններին առնչվող տեղեկատվություն, որի արդյունքում առավել ճկուն համագործակցություն է ուղենշվելու ԱՊՀ երկրների խորհրդարանների հետ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին հաջորդած և մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը: Նա նշել է, որ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են Հայաստանի Հանրապետության զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը. կան զոհեր և վիրավորներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում և ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ Ղազախստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա այդ հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նաև մտահոգություն է հայտնել պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում Ղազախստանում հայ համայնքի դերակատարությանը: Ղազախ գործընկերն ընդգծել է հայ համայնքի ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքում:
14:48 - 14 ապրիլի, 2023
ՀՀ-ում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը. ՄԻՊ թեկնածուն անդրադարձավ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպին
 |armenpress.am|

ՀՀ-ում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը. ՄԻՊ թեկնածուն անդրադարձավ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը։ Այս մասին հայտարարեց ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, նշեց, որ քաղաքացին պարզապես օգտվել է ազատ կարծիք արտահայտելու իր իրավունքից: Պատգամավորը հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածուի գնահատականով այդ երևույթի վերաբերյալ: Անահիտ Մանասյանը նշեց, որ խոսքի ազատության իրավունքն ու կարծիքի արտահայտման ազատությունը միմյանց փոխկապված երևույթներ են: «Խոսքի ազատության իրավունքը, այո, հիմնարար իրավունք է, սակայն չի կարող լինել առանց որևէ սահմանների: Այդ սահմանների առնչությամբ ևս գոյություն ունեն հստակ ձևավորված միջազգային չափանիշներ»,-ասաց Մանասյանը: ՄԻՊ թեկնածուն ընդգծեց՝ համերաշխության կողմնակից է, դեմ է ատելության խոսքին, բռնության քարոզին և այլն: Թեկնածուն նշեց, որ շատ պատասխանատու է վերաբերվում իր խոսքին և չի խոսելու որևէ գործի վերաբերյալ, եթե ծանոթ չէ դրա բոլոր հանգամանքներին: Ընդ որում, դա չի վերաբերում միայն բացառապես վերոնշյալ գործին:  Թեկնածուն վստահեցնում է, որ ընդդիմադիր ուժը ներկայացնող տարբեր անձանց վերաբերելի գործերի մասին ևս իրեն թույլ չի տալու տեսակետ արտահայտել՝ գործի հանգամանքներն ամբողջությամբ չիմանալով: «Ես կարող եմ ընդհանուր ձևակերպում անել, որը հետագայում կկարողանամ շատ ավելի մանրամասնել կոնկրետ գործերի պարագայում, երբ ունենամ մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի գործիքակազմ: Այս պահին որևէ փաստ ստուգելու և այլ գործիքներ չունեմ: Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը»-ասաց Մանասյանը: Նա վստահեցրեց, որ, երբ հետագայում ունենա այլ հնարավոր գործիքներ՝ շատ ավելի մանրամասների տեղեկացված լինելու, կոնկրետ գործերի առնչությամբ կկարողանա տեսակետներ հայտնել: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր վրա այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։ Ավելի ուշ մի շարք հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որով պահանջում էին Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում։  Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։ Միջադեպից օրեր անց Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով ՀՀ քաղաքացիներից։   
11:54 - 11 ապրիլի, 2023
Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ լրագրող Անի Գևորգյանի

Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ լրագրող Անի Գևորգյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք լրատվամիջոցներով Ալեն Սիմոնյանի դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակի մասին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է։ Դատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Դատարանը պարտավորեցրել է Անի Սեյրանի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում «Հերքում» վերնագրով և հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից Ալեն Սիմոնյանի վերաբերյալ կատարված այն արտահայտությունը, որ նա իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում է պատվիրել, չի համապատասխանում իրականությանը»: Դատարանը պարտավորեցրել է նաև Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար: Հարգելի՛ գործընկերներ, Ալեն Սիմոնյանի համար կարևորը զրպարտություն պարունակող տեղեկատվության հերքումն է։ Հիշեցնենք, որ դատարան ներկայացված 11 գործերից արդեն երեքը բավարարվել են և հերքվել են զրպարտություն պարունակող տեղեկությունները, այժմ դատարանում քննվում է նրա կողմից ներկայացված 8 դատական հայց»,- ասված է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի տարածած հաղորդագրությունում։
15:56 - 10 ապրիլի, 2023
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի (Մհեր Սահակյան-խմբ․) նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ն, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նախագահ Վ.Վ.-ին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով: Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը): ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                      
11:27 - 10 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11-հոգանոց պատվիրակությունը ապրիլի 12-15-ը գործուղվելու է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Պատվիրակության կազմում, բացի ԱԺ նախագահից, ընդգրկված է 3 պատգամավոր`Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը և Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաև խորհրդարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, օգնական Աշխեն Հայրապետյանը։ Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը, որն Սանկտ Պետերբուրգում կլինի ապրիլի 10-15-ը, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ–օպերատոր Դավիթ Հակոբյանը և նույն բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։ Նրանք մասնակցելու են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին։ Գործուղման մեկնողներից 4-ի ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի և գիշերավարձի վճարն արվելու է ՀՀ պետբյուջեից ԱԺ–ին այդ նպատակի համար հատկացված միջոցներով, իսկ մյուս 8 անձի գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարելու է ԱՊՀ ՄԽՎ–ն։
16:16 - 08 ապրիլի, 2023
Թքելու միջադեպի համար Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից

Թքելու միջադեպի համար Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից։  Սիմոնյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ. հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։ Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։ Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է եւ կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։ Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա: Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ: Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ: Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»,- գրել է Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։ Ավելի ուշ մի շարք հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որով պահանջում էին Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում։  Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։
16:51 - 06 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա
 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ էլ խմբակցությունում  նման հարց չի քննարկվել։ Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է Ազգային ժողովի նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա։ Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտություն կա»,- ասաց Խանդանյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։ Ավելի ուշ մի շարք հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որով պահանջում էին Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում։ 
15:48 - 06 ապրիլի, 2023
Միջադեպը պատիվ չի բերում որևէ երկրի. ԿԳՄՍ նախարարը՝ Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին
 |armeniasputnik.am|

Միջադեպը պատիվ չի բերում որևէ երկրի. ԿԳՄՍ նախարարը՝ Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի, և պետք է անենք հնարավորը, որ այդպիսի դեպքեր առաջիկայում չկրկնվեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքին։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: «Ես այստեղ տեսնում եմ կրթական համակարգի մեծ դերը։ Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության և մեր վերաբերմունքի հարցով։ Կարծում եմ` այստեղ մեծ անելիք ունենք, և առաջին հերթին դա ընկալում եմ իբրև անելիք»,–ասաց Անդրեասյանը։ Հարցին, թե ի՞նչ կաներ Անդրեասյանն ինքը, եթե փողոցում որևէ մեկը «դավաճան» անվաներ նրան` նախարարը պատասխանեց, թե իրավիճակները խիստ տարբեր են և մարդու արձագանքն էլ կարող է տարբեր լինել. «Կարծում եմ` պետական պաշտոնն ու դիրքը որոշակի հանրային վարքագիծ են ենթադրում»։  
12:48 - 06 ապրիլի, 2023
Քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել. Դանիել Իոաննիսյան

Քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով: Իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ: Նշեմ, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքով փոփոխվել է խուլիգանության դիսպոզիցիան և այժմ դրա մաս է կազմում անձին ստորացնելու միջոցով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերումունք ցուցաբերելը: Մեր գնահատմամբ, անվտանգության աշխատակիցների միջոցով անձին անշարժացնելն ու, ապա, նրա դեմքին թքելը, ոչ այլ ինչ է, քան բարոյական նորմերի բացահայտ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերում, որն արտահայտվել է անձին ստորացնելու միջոցով»: Հիշեցնենք, որ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:
17:56 - 05 ապրիլի, 2023
Մի շարք ՀԿ-ներ պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում

Մի շարք ՀԿ-ներ պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում

Մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում․  Հիշեցնենք, որ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:  «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը։ Համաձայն մամուլի հաղորդումների՝ 2023 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ վերջինս Ա. Սիմոնյանին տեսնելիս նրան անվանել է «դավաճան»։ ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել Մկրտչյանին, իսկ ինքը, մոտենալով քաղաքացուն, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով դեմքին։  Դեպքից հետո, Ա. Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ոչ միայն չի զղջացել, այլև արդարացրել է իր արարքը։ Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել  պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է  հակահասարակական վարվեցողությունը։ Խստորեն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահվածը՝ պահանջում ենք Ազգային Ժողովի պատգամավորներից, և հատկապես քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը: Հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։ Տեղի ունեցածը նաև պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում՝ խուլիգանության հանցակազմի մասով: Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերջ դրվի խուլիգանական մեթոդներով հարցեր լուծելու պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ արձագանքելու համար: ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ինֆորմացիայի ազատության կենտրոն  Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ  Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Էկոլուր ՀԿ Իրավունքի ուժ ՀԿ «Փինք» իրավապաշտպան ՀԿ  Հանրային լրագրության ակումբ»։   
13:15 - 05 ապրիլի, 2023
Արդյոք պատրաստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ ԱԺ․ Ալեն Սիմոնյանի խոսնակն արձագանքել է Արման Մուսինյանի գրառմանը

Արդյոք պատրաստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ ԱԺ․ Ալեն Սիմոնյանի խոսնակն արձագանքել է Արման Մուսինյանի գրառմանը

Ափսոս, որ ընկալումների հնամաշությունը, պարզունակությունը և բառապաշարի խեղճությունը, փաստորեն, ոչ մի կերպ չի ստացվում վերանայել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի գրառմանը։ «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի արձագանքը ՀՀ ԱԺ նախագահի գրառմանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ ինչ-որ պահից կտրված իրականության կապը, ցավոք, չի կարողացել վերականգնել: Ափսոս, որ ընկալումների հնամաշությունը, պարզունակությունը և բառապաշարի խեղճությունը, փաստորեն, ոչ մի կերպ չի ստացվում վերանայել: Հուսանք ՀՀ ԱԺ նախագահի գրառումն ընթերցելուց հետո նա կպատասխանի այն հարցին, թե արդյոք պատրաստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար: Լավատես լինենք, որ ՀՀ առաջին նախագահը կընդունի հրավերը և կարձագանքի ողջամիտ ժամկետում, այս հարցում գուցե խոսնակին հարկ լինի օգտագործել իր բոլոր, այդ թվում՝ պահեստային հունարներն ու շնորհները»,-գրել է նա:
20:59 - 04 ապրիլի, 2023
Տեղեկացված ենք Լաչինի ճգնաժամից. դա ամենեւին բնապահպանների հարց չէ. Սլովակիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Տեղեկացված ենք Լաչինի ճգնաժամից. դա ամենեւին բնապահպանների հարց չէ. Սլովակիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ մեր երկիրը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ՀՀ ԱԺ խոսնակը նշանավորել է նրա անձնական ներդրումը Սլովակիայի խորհրդարանում 2020 եւ 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում: Այդ բանաձեւերը կարեւոր պահանջներ են պարունակում Ադրբեջանի դեմ՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Խոսելով Սլովակիայի միջխորհրդարանական համագործակցության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այս տարի Սլովակիայի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվող կառավարությունը կշարունակի ակտիվորեն նպաստել Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Զրույց է ընթացել այս պահին Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, արցախահայության իրավունքների մասին: «Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ: Չնայած բոլոր մարտահրավերներին` մենք որդեգրել ենք ժողովրդավարության ուղին եւ շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Մարիան Քերին նշել է, որ հակամարտությունների եւ չավարտված պատերազմների ժամանակաշրջանում փոքր երկրները պետք է միմյանց սատարեն: Նա փաստել է, որ չի կարելի կասկածի տակ դնել հայկական ժողովրդավարության ձեռքբերումները, որոնք էլ ավելի ամրացան վերջին ընտրությունների արդյունքում: Նա ընդգծել է, որ լավ տեղեկացված են Լաչինի ճգնաժամից եւ հստակ կարող են ասել, որ դա ամենեւին բնապահպանների հարց չէ, ինչպես ի սկզբանե փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը, եւ պատրաստակամություն է հայտնել հետեւողականություն ցուցաբերել հարցի լուծմանը նպաստելու ուղղությամբ:
16:48 - 04 ապրիլի, 2023