Թքելու միջադեպի համար Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից
16:51 - 06 ապրիլի, 2023

Թքելու միջադեպի համար Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ՀՀ քաղաքացիներից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից։ 

Սիմոնյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ.

հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։

Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։

Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է եւ կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։

Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:

Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:

Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:

Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:

Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։

Ավելի ուշ մի շարք հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որով պահանջում էին Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում։ 

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել