ՀՀ-ում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը. ՄԻՊ թեկնածուն անդրադարձավ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպին
 |armenpress.am|
11:54 - 11 ապրիլի, 2023

ՀՀ-ում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը. ՄԻՊ թեկնածուն անդրադարձավ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը։

Այս մասին հայտարարեց ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, նշեց, որ քաղաքացին պարզապես օգտվել է ազատ կարծիք արտահայտելու իր իրավունքից: Պատգամավորը հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածուի գնահատականով այդ երևույթի վերաբերյալ:

Անահիտ Մանասյանը նշեց, որ խոսքի ազատության իրավունքն ու կարծիքի արտահայտման ազատությունը միմյանց փոխկապված երևույթներ են: «Խոսքի ազատության իրավունքը, այո, հիմնարար իրավունք է, սակայն չի կարող լինել առանց որևէ սահմանների: Այդ սահմանների առնչությամբ ևս գոյություն ունեն հստակ ձևավորված միջազգային չափանիշներ»,-ասաց Մանասյանը:

ՄԻՊ թեկնածուն ընդգծեց՝ համերաշխության կողմնակից է, դեմ է ատելության խոսքին, բռնության քարոզին և այլն: Թեկնածուն նշեց, որ շատ պատասխանատու է վերաբերվում իր խոսքին և չի խոսելու որևէ գործի վերաբերյալ, եթե ծանոթ չէ դրա բոլոր հանգամանքներին: Ընդ որում, դա չի վերաբերում միայն բացառապես վերոնշյալ գործին:  Թեկնածուն վստահեցնում է, որ ընդդիմադիր ուժը ներկայացնող տարբեր անձանց վերաբերելի գործերի մասին ևս իրեն թույլ չի տալու տեսակետ արտահայտել՝ գործի հանգամանքներն ամբողջությամբ չիմանալով:

«Ես կարող եմ ընդհանուր ձևակերպում անել, որը հետագայում կկարողանամ շատ ավելի մանրամասնել կոնկրետ գործերի պարագայում, երբ ունենամ մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի գործիքակազմ: Այս պահին որևէ փաստ ստուգելու և այլ գործիքներ չունեմ: Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը»-ասաց Մանասյանը:

Նա վստահեցրեց, որ, երբ հետագայում ունենա այլ հնարավոր գործիքներ՝ շատ ավելի մանրամասների տեղեկացված լինելու, կոնկրետ գործերի առնչությամբ կկարողանա տեսակետներ հայտնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր վրա այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:

Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։

Ավելի ուշ մի շարք հասարակական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որով պահանջում էին Ալեն Սիմոնյանի վարքագիծը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում։ 

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։

Միջադեպից օրեր անց Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով ՀՀ քաղաքացիներից։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել