ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը
 |1lurer.am|

Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Քանդահարը |1lurer.am|

1lurer.am: «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը հայտարարել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քանդահարի գրավման մասին՝ փոխանցում է BBC-ն: Նշվում է, որ սա լուրջ ձախողում է երկրի կառավարության, սակայն, մեծ հաղթանակ՝ թալիբ գրոհայինների համար: Աֆղանստանի երկրորդ խոշոր քաղաքը ժամանակին եղել է թալիբների վերահսկողության տակ. այն ռազմավարական կարևոր առևտրային հանգրվան է: Այժմ թալիբների վերահսկողության տակ է գտնվում Աֆղանստանի հյուսիսային շրջանների մեծ մասը և երկրի շրջանային մայրաքաղաքների 1/3-ը: BBC-ն հաղորդում է, որ Աֆղանստանից ամերիկյան և դաշնակից երկրների զորքերի դուրսբերման ֆոնին, թալիբ գրոհայիններն արագ են գործում ու գրավում են նորանոր տարածքներ: Միաժամանակ, նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 3000 զինվորական ուղարկել Աֆղանստան ԱՄՆ դեսպանության աշխատակազմի տարհանման գործընթացին աջակցելու համար:
11:33 - 13 օգոստոսի, 2021
Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով |1lurer.am|

Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 25 անդամ միացել է հանրապետականներ Դեյվիդ Չիչիլինեի և Գաս Բիլիրակիսի՝ պետքարտուղարությանն ուղղված երկկուսակցական ուղերձին, որով կոչ է արվում դադարեցնել ամերիկյան ԱԹՍ-ների տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերի գործունեությունը: Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ իշխանություններից պահանջում են հետաքննություն անցկացնել, քանի որ թուրքական ԱԹՍ-ների նախագծի պատճառով խախտվել է Կովկասի, Հարավային Ասիայի, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանների կայունությունը: Կոչին աջակցել են միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված երկկուսակցական նամակում կոնգրեսականները պահանջել են զեկույց ներկայացնել Թուրքիայի ԱԹՍ-ների արտադրության հետևանքների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արտադրությունում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման հավանականությանը:
13:44 - 10 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ը չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. Ադամ Շիֆ |armenpress.am|

ԱՄՆ-ը չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) խիստ մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա: Հարցմանն ի պատասխան կոնգրեսականը ասել է, որ անթույլատրելի է Միացյալ Նահանգների կողմից սպառազինության մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունեց Փալոնի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խոսքով, պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ն աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա: «Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու աջակցությանը: Ահա թե ինչու ես հպարտությամբ միացա իմ գործընկերների նախաձեռնությանը՝ առաջարկելով վերջերս ընդունված Փալոնի ուղղումը, որը պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ Ամերիկան աչք չի փակելու այն բանի վրա, որ Ադրբեջանը բռնություն է գործադրում Հայաստանի և Արցախի նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է չմատակարարի սպառազինություն մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի դեմ», - հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով, որ ինքը մի՛շտ կլինի Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին՝ Ադամ Շիֆը ասել է, որ նախագահ Բայդենի որոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին պատմական իրադարձություն էր իր հազարավոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների և ամբողջ երկրի հայության համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում և աղոթում էին ճանաչման համար: «Ես շատ ոգևորված էի նրանից, որ այդ հայտարարությունը արվեց այն ժամանակ, երբ դեռևս կան ցեղասպանությունից փրկվածներ, որոնք ողջ են և կարող են վկայություն տալ», - ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
09:43 - 10 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ճապոնիայի Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ողջունել Է սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ձգտումը: «Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության համոզվածությունն այն բանում, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել եւ այն չի կարելի թույլ տալ,- նշել Է գլխավոր քարտուղարը:- Ես նաեւ ողջունում եմ սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ նրանց ձգտումը»: Գուտերիշը պաշտպանել Է «Միջուկային զենքի արգելման պայմանագրի բոլոր մասնակիցներին»՝ հույս հայտնելով, որ երկխոսության միջոցով կհաջողվի «խստացնել նորմաները միջուկային սպառազինությունների նկատմամբ»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խսքով՝ նույնիսկ Նագասակիի ռմբակոծությունից 76 տարի անց աշխարհը շարունակում Է գոյություն ունենալ «միջուկային սնկի ստվերում»: «Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր Է, որքան սառը պատերազմի առավելակետին»,- կարծում Է նա: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել Է 2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ 122 պետությունների օգնությամբ բանակցությունների արդյունքներով, որոնց չեն մասնակցել միջուկային տերությունները, ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Փաստաթղթի տեքստին համապատասխան դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի կարգի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն եւ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք: Հոկտեմբերի 25-ին Միջուկային զենքի ագելման միջազգային ընկերությունը (ICAN) հայտարարել Է, որ պայմանագիրն ուժի մեջ Է կմտնի 2021 թվականի հունվարի 22-ին, քանի որ այն արդեն վավերացրել Է 50 երկիր: ՌԴ-ն մեկ անգամ չԷ դիրքորոշում հայտնել, որ հավանություն չի տա, չի ստորագրի կամ վավերացնի այդ պայմանագիրը: Ինչպես հունվարի 21-ին նշել Է ՌԴ-ի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում Է, որ Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ունակ չԷ ավանդ ներդնելու միջուկային սպառազինությունների կրճատման բնագավառում, եւ մտադիր չԷ միանալ այդ փաստաթղթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:29 - 09 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

 |armenpress.am|

ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը |armenpress.am|

armenpress.am: Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ: «ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտվելով հասանելի չվերթներից: Հաշվի առնելով անվտանգային պայմաններն ու անձնակազմի կրճատումը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են անգամ Քաբուլում»,-  ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:  Դեսպանությունն անգամ պատրաստակամություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր ներկայում չունեն դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնելու հնարավորություն, փոխառությամբ գումար տրամադրել: Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և թալիբների միջև հակամարտությունը: Վերջին ամիսներին թալիբները կարողացել են զգալի տարածքներ գրավել: Լարվածությունը հատկապես ուժեղացել է երկրից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումից հետո:
14:34 - 07 օգոստոսի, 2021
Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|

tert.am: Սև ծովում սկսվել են «Դայվ-2021» բազմազգ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի և Ռումինիայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է корреспондент-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:Ինչպես նշվում է, մարտավարական ստորաբաժանումների կազմում հնարքների մշակում է տեղի ունենում անդամ երկրների՝ սուզվելու համար նախատեսցված նորագույն սարքավորումների, ուկրաինական ռազմածովային ուժերի որոնողափրկարարական նավի հատուկ սարքավորումների և ռումինական նավի հիդրոգրաֆիկ համալիրի կիրառմամբ:Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:  
19:56 - 05 օգոստոսի, 2021
Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում |armenpress.am|

Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ: Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը: Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում: ԱՄՆ-ն ուրախ էր աջակցել Ադրբեջանից հայ ռազմագերիների ազատ արձակմանը, և մենք շարունակում ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,-Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝  ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: «Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:
20:43 - 04 օգոստոսի, 2021