Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնաիին Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտությունը նոր վտանգավոր շրջադարձ արձանագրեց երեքշաբթի՝ Թուրքիայի կողմից հայկական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված: ՀՀ վարչապետը հարցազրույցի ժամանակ մտավախություն հայտնեց, որ արդյունքում Թուրքիան և Հայաստանն ավելի լայնածավալ պատերազմի մեջ կարող են ներքաշվել:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ Թուրքիան «անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ Հարավային Կովկասում: Դա ահագնացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»: Նա ասաց, որ բացի հիշյալ F-16-ի դեպքից, կիրակի օրվանից հակամարտության վերսկսումից ի վեր Թուրքիան օգնում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերով և վարձկաններով: Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան կողմերին կոչ են անում անցնել դիվանագիտության: Փաշինյանն ասաց, որ ինքը և իր գործընկերներն արդեն զրուցել են այդ բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցվել հրադադարի կամ կարգավորման բանակցությունների ուղղությամբ: Պետդեպարտամենտն ավելի ու ավելի է մտահոգվում ԱՄՆ կարևոր դաշնակցի (ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա) և Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջև դիմակայությամբ: Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը բուն Հայաստանի վրա «այժմ իրականություն է դարձել» Հայաստանի մայրաքաղաք Երևանից արևելք գտնվող Վարդենիսի շրջանի հրետակոծմամբ: Նա ասաց, որ թուրքական F-16- ը, որն ըստ հաղորդումների խոցել է հայկական S-25 կործանիչը, աջակցում էր Վարդենիսի տարածքում ադրբեջանական հարձակմանը: Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդում տվեց հայկական օդանավի խոցման մասին՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է», - պնդում է Փաշինյանը: Նա ասաց, որ Թուրքիայի հետ ունեցած պատմական հակամարտության պատճառով իր երկիրն այսօր կանգնած է «էքզիստենցիալ սպառնալիքի» առջև: Պատասխանելով Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվող ադրբեջանական Նախիջևանից հնարավոր հարձակման սպառնալիքի մասին, Փաշինյանն ասաց, որ նա ռազմական դրություն է հայտարարել և շեշտեց. «Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար»: Մասնավորելով թուրքական սպառնալիքի մասին ասվածը՝ Փաշինյանը վկայակոչեց Օսմանյան կայսրության մայրամուտին՝ 1915 թվականին ավելի քան 1 միլիոն հայերի կոտորածը, որը թեև ԱՄՆ Կոնգրեսի և շատ այլ երկրների կողմից ընդունված բանաձևերում որակվում է որպես «ցեղասպանություն», սակայն շարունակում է մերժվել Թուրքիայի կողմից: «Թուրքիայի նախագահը ժխտողականությունը վերածել է իր պետության պաշտոնական քաղաքականության», - ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Ժխտողականությունը նոր ցեղասպանության նախապայմաններից մեկն է»: Հայաստանի վարչապետն ասաց, որ կիրակի մարտերը վերսկսվելուց ի վեր Հայաստանն ունեցել է տասնյակ զոհեր և շուրջ 200 վիրավոր: Նա նշեց, որ ադրբեջանցիները կորցրել են մի քանի հարյուր զինվոր, գումարած ավելի քան 100 տանկ, մի քանի ուղղաթիռ և այլ տեխնիկա: Նա նաև ասաց՝ քանի որ հայկական ուժերը հետ են մղել հարձակումներն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ, ապա «հուսով եմ, որ ի վերջո Ադրբեջանի նախագահը կհասկանա, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»: Փաշինյանի խոսքով՝ շաբաթվա ընթացքում հնարավոր դիվանագիտական կարգավորման մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «անհանգստացած են Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից» և նախազգուշացրել են «արտաքին ուժերին՝ զերծ մնալ սրվող հակամարտությանը մասնակցելուց»՝ անուղղակիորեն ակնարկելով Թուրքիային: Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բայգունը զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ «երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»: Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում են հետագա բանակցություններ ԱՄՆ պաշտոնյաների հետ»: Վարչապետի հարցազրույցը՝ այստեղ:
11:40 - 30 սեպտեմբերի, 2020
Կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ դեսպան Արտաշես Թումանյան

Կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ դեսպան Արտաշես Թումանյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական TASNIM գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև․ - Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ սկսվելու պատճառը:   Պատճառն Ադրբեջանի ծայրահեղ կոշտ դիրքորոշման, խաղաղ բանակցային գործընթացից հրաժարվելու և Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունն է:   - Նման բախումները, որպես կանոն, արագ կարգավորվել են և հրադադար է հաստատվել: Ինչու՞ է այս անգամ այն հասել այսպիսի լարվածության:   Ռազմական բախումներից հետո հրադադարի հաստատումը մշտապես կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ և երբեք այն դյուրությամբ տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է այս վերջին իրադարձություններին, ապա պետք է արձանագրել, որ ռազմական գործողությունների մասշտաբները, ընդգրկման սահմանները կանխորոշել է հարձակվող կողմը՝ Ադրբեջանը: Եվ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է փաստացիորեն դուրս գալ խաղաղ գործընթացից և փորձում է հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով: Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է և միջազգային հանրության համար ընդունելի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը չունի ռազմական լուծում:   - Արդյո՞ք վերջին շաբաթների զարգացումները չեն նշանակում, որ կողմերը պատրաստվում են երկարատև պատերազմի:   Հայկական կողմը խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծման կողմնակից է, սակայն մենք պատրաստ ենք ընդունել մեզ պարտադրված մարտահրավերները և այս իմաստով Հայաստանի, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և ողջ հայության ներսում լիակատար միասնություն կա: Իհարկե պատերազմը մարդկային կյանքեր է խլում և սա մեր ամենամեծ և անդառնալի կորուստն է: Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու Ադրբեջան-Թուրքիա դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը: Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսել ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։   - Ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբը մինչ օրս հակամարտության կարգավորման հարցում հաջողություն չի ունեցել: Արդյո՞ք Դուք լավատես եք այս հարցում:   ԵԱՀԿ կողմից ստեղծված Մինսկի խումբը և դրա եռանախագահող երկրները Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ միջազգային ձևաչափն է: Հայկական կողմն այսօր էլ համագործակցում է վերոնշյալ երկրների հետ: Ի հավելումն դրա՝ պետք է նշել, որ ՌԴ-ը մեր ռազմավարական գործընկերն է և Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առանցքային անդամը, մի կազմակերպություն, որը Հայաստանի միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն կառույցն է:   - Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դերն այս զարգացումներում: Վերջերս Թուրքիան զորավարժություններ անցկացրեց Նախիջևանում և ըստ երևույթին՝ այդ ուժերը դուրս չի բերել այնտեղից: Արդյո՞ք Թուրքիայի նպատակը Նախիջևանում ռազմաբազա ստեղծելն է: Որքանո՞վ դա կարող է մեծացնել լարվածությունը կամ հակառակը՝ նպաստել խնդրի լուծմանը:   Ինչպես կարող է Ղարաբաղյան հակամարտության հարցում բացարձակ միակողմանի և Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսևորող երկիրը նպաստել խնդրի լուծմանը: Ձեր նշած զորավարժությունները մեր և ձեր երկրի սահմանների մերձակայքում ուժի ցուցադրումից զատ այսօր արդեն դարձել են ռազմական բախմանը մասնակցության էական գործոն: Կարծում եմ՝ այս իրողությունները նաև անհանգստության պատճառ պետք է լինեն Իրանի համար: Ի դեպ, լրատվական դաշտում (այդ թվում նաև՝ իրանական) բազմաթիվ տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկչական խմբերի ներգրավման մասին: Արդյո՞ք իրանական կողմին չի մտահոգում, թե նրանք որտեղ կարող են հայտնվել ռազմական գործողությունների ավարտից հետո:   - Ո՞րն է Ձեր տեսակետն Իրանի միջնորդական առաքելության վերաբերյալ: Թվում է, թե իր պատմական կապերով, հարևանության հանգամանքով և անկողմնակալ դիրքորոշմամբ Իրանը կարող էր այս հակամարտության կարգավորման համար օգտակար լինել:   Չափազանց կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հատկապես, նկատի ունեմ խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու Իրանի անփոփոխ դիրքորոշումը: Մեզ համար խիստ դրական ուղերձ էր նաև այս օրերին հրապարակված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրապարակումն՝ ուղղված հակամարտող կողմերին՝ խաղաղ բանակցությունների վերսկսմանն աջակցության պատրաստակամության մասին: Կապված Իրանի միջնորդական գործունեության հնարավորության հետ՝ պետք է նշել, որ ներկայումս գործող միջազգային միջնորդական հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է և այն որևէ կերպ փոխարինելու օրակարգ գոյություն չունի:   - Ո՞րն է ԱՄՆ-ի և ՌԴ-ի դերն այս վերջին զարգացումներում:   Երկու երկրներն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամներն են և հանդես են գալիս ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների անցնելու կոչով:   - Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվեն ռազմական գործողությունները: Ինչպե՞ս եք տեսնում իրական և մնայուն լուծումը:   Շատ դժվար է որևէ կանխատեսում անել, երբ ընթանում են լայնածավալ մարտական գործողություններ, երբ Ադրբեջանը հարձակում է գործել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ:   Ցանկանում եմ ընդգծել, որ մենք՝ Հայաստանը և Արցախը վճռական ենք մեր ողջ կարողությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը:  
11:21 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից. Արցախի ԱԳՆ

Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից. Արցախի ԱԳՆ

Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: «Եթե նախկինում Թուրքիան ստվերային տիկնիկավարի դեր էր խաղում, որն ուղղորդում էր Ադրբեջանի գործողությունները, ապա այժմ Անկարան անմիջական մասնակցություն ունի Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների միջազգային հակաիրավական գործողություններին՝ խրախուսելով Բաքվի հանցավոր գործողությունները, ցուցաբերելով ռազմաքաղաքական և տեղեկատվական աջակցություն, տրամադրելով զենք, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր և համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ուղարկելով ռազմական մասնագետներ և հավաքագրելով վարձկաններ Մերձավոր Արևելքից՝ Արցախի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Թուրքիայի այսօրինակ ագրեսիվ վարքագծի ցայտուն օրինակ է ՀՀ օդային տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը: Թուրքիայի տարածաշրջանային դերի վտանգի աստիճանն աճում է թուրքական ղեկավարության ծավալապաշտական նկրտումների աճի ֆոնին՝ հիմնված կայսրության ֆանտոմային հիշողությունների վրա, որը, նախքան իր գոյությունը դադարելը, 1915թ. իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը: Հավակնությունների հետ մեկտեղ, Թուրքիայի ներկայիս իշխանությունները մոռացության մատնված կայսրությունից ժառանգություն են ստացել ոչ միայն նրա քաղաքականությունը, այլև դրա իրականացման հանցավոր եղանակներն ու միջոցները: Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ծագել է 1918թ.-ին` հենց Հարավային Կովկասում թուրքական զորքերի ռազմական միջամտության արդյունքում: Շարունակելով 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, 1918թ.-ին թուրքական զորքերը ներխուժել են Արցախ և իրականացրել Շուշիի հայ բնակչության կոտորածը: Սակայն Արցախը անկախության կարճատև պատմություն ունեցած Ադրբեջանին հպատակեցնելու թուրքական զորքերի բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ: Ավելի քան հարյուր տարի անց, Թուրքիան փորձում է հետ շրջել պատմության անիվը: Թուրքիայի էական դերը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում ունի բավարար փաստագրական ապացույցներ և կասկածից վեր է: Անկարայի պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի իշխանությունների ձեռքերով հանցագործությունների ուղղակի կատարմամբ, այլև ներառում է հանցավոր գործողությունների վերահսկում և ղեկավարում ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց կատարման ընթացքում: Թուրքիայի գործողությունները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ավելին են, քան պարզապես օգնությունն ու Ադրբեջանին նոր հանցագործությունների դրդումը: Թուրքիայի ղեկավարների այս դիրքորոշումը հանցավոր վարքի բաղկացուցիչ մասն է և վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության առկայության մասին` համակարգված քայլերի և նրանց զավթողական ծրագրերի իրականացման վրա համատեղ վերահսկողության միջոցով ընդհանուր նպատակի հասնելու համար: Միջազգային հանրությունը պետք է լիովին գիտակցի, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, կրում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խախտման համար ողջ պատասխանատվությունը և պետք է հավասարապես էլ պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հետևողական խախտման համար: Այս բոլոր գործողություններից հետո Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես նաև որևէ ձևով մասնակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ շրջանակներում միջնորդական առաքելության իրականացման հետ կապված գործողություններին: Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, քանի որ նրա ներկայությունը այս միջազգային միջնորդական կառույցում կնշանակի Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելուն ուղղված ապակառուցողական և հանցավոր գործողությունների խրախուսում: Մենք կրկին շեշտում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ուղղորդմամբ, անտեսում է միջազգային հանրության կոչերը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և հետևողականորեն հրաժարվում է լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև բանակցությունների միջոցով մնացած բոլոր հարցերի լուծման համար պայմաններ ստեղծելու գործում: Բացի այդ, կայուն իրավական հիմքերի և Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման օրինական արդյունքների ճանաչումը կդառնա արդյունավետ գործոն Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը զսպելու համար, որից ոչ Բաքուն, ոչ էլ Անկարան չեն պատրաստվում հրաժարվել: Կարծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհհ և առաջին հերթին այն երկրների քաղաքական և մարդասիրական պարտավորությունների շրջանակներում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը»,-ասված է հայտարարության մեջ:
10:58 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Սարո Սարոյան

Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Սարո Սարոյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը, եւ այս ողջ ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, այս պետությանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի Հանրապետությունը։ Միջազգային կառույցներ, տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ արդեն անդրադարձել են Ադրբեջանի հրահրած ագրեսիային՝ որոշ դեպքերում անդրադառնալով նաեւ Թուրքիայի գործոնին։ Այսօր երեկոյան էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 27 տարի անց դարձյալ անդրադառնում է Արցախի հարցին՝ արտակարգ եւ դռնփակ նիստում։ Այս քննարկումը նախաձեռնել է ՄԱԿ-ի ոչ մշտական անդամ Էստոնիան: Արցախի եւ Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների, միջազգային հանրության արձագանքի ու հայկական երկու պետությունների անհրաժեշտ քայլերի մասին զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ - Պարո՛ն Սարոյան, 27 տարի անց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր դարձյալ անդրադառնալու է Արցախի հարցին․ ի՞նչ կարող ենք սպասել այսօրվա նիստից, մենք ինչ-որ բանաձեւ կամ փաստաթուղթ կարո՞ղ ենք ակնկալել։ - Ինչ-որ հայտարարության տեքստ գուցե լինի, բայց ես կցանկանայի, որ մեր հանրությունը դրան այդքան չնայեր։ Մեր խնդիրը մենք ինքերս պիտի լուծենք ու առաջին հերթին պիտի լուծենք ռազմի դաշտում, եւ դա լուծվում է ու շատ լավ է լուծվում։ Ամբողջ աշխարհն էլ տեսնում է՝ ինչ է կատարվում, մեզ միայն կարող է թվալ, թե չի տեսնում, բայց դա այդպես չէ։ Եւ, ըստ էության, արձագանքը խաղաղասիրական նոտաներով է լինելու. պահանջելու են դադարեցնել ռազմական գործողությունները եւ այլն, բայց բոլորս էլ գիտենք՝ մեր թշնամին ով է եւ ինչպիսի մտածողությամբ է այս ամենին մոտենում։ Մենք հնացած այդ շրջանակներից պիտի դուրս գանք՝ աշխարհից ինչ-որ բան մուրալ եւ սպասել՝ ինչ կասի, ոնց կասի, կպատժի՞, թե՞ ոչ եւ այլն։ Վաղուց արդեն անցել ենք այդ շրջափուլը եւ մեր խնդիրներն ինքներս ենք լուծում․ ով ինչ կասի՝ արդեն երկրորդական է։ - Այսինքն՝ կարծում եք՝ անկախ միջազգային կառույցների արձագանքից կամ նրանց հայտարարությունների բովանդակությունից՝ մենք պետք է հասկանանք, որ այս պատերազմում մենա՞կ ենք եւ մենա՞կ ենք լուծելու այս հարցը։ - Նախ պետք է արձանգրել, որ մենք պատերազմում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ՝ երկու պետության դեմ։ Պետք է հասկանանք, որ տվյալ դեպքում Թուրքիայի դեմ պատերազմելով՝ մենք արդեն իսկ մենակ չենք․ Թուրքիան շրջապատված է թշնամիներով, այնպիսի երկրներով, որոնք կցանկանային եւ ամեն ինչ կանեն, որ Հայաստանն այս պատերազմում հաղթանակած դուրս գա։ Դա արդեն իսկ փաստում է, որ մենք մենակ չենք, դիվանագիտական, քաղաքական աջակցություն լինելու է, մենք պիտի հասկանանք, որ այս խնդիրը մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու, եթե որեւէ մեկը գա ու լուծի, ապա դա կանի իր շահերի համար։ Դրա կարիքը չկա, այստեղ այն գիտակցումն է, որ դա քո խնդիրն է եւ դու էլ պիտի լուծես եւ վերջ։Եւ եթե լուծում ես քո խնդիրը, մենակ չես, կգտնվեն այնպիսի ուժեր, որոնք ամեն ինչ կանեն քեզ աջակցելու համար եւ որը արվում է հիմա։ Այսինքն՝ այնպես չէ, որ մենք անելանելի իրավիճակում ենք հայտնվել, որ աշխարհը մեր դեմ է եւ այլն։ Ո՛չ, խնդիր ունի Ադրբեջանը, խնդիր ունի Թուրքիան։ Բայց մենք մեր գործը պիտի շարունակենք անել եւ աջակցությունները ինքնաբերաբար կլինեն։ - Իսկ ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում մեր գերատեսչությունների կոմունիկացիան միջազգային հանրության հետ։ - Աշխարհի հետ հարաբերվելու տեսակետից թերացումներ շատ կան։ Ի տարբերություն բանակի, որը կայացած ինստիտուտ է եւ իր առջեւ դրված խնդիրները կատարյալ լուծում է, մնացած ինստիտուտները թերանում են, ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ տեղեկատվական պատերազում, ե՛ւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս։ - Ի՞նչ պիտի արվի, որ չի արվում։ - Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ բանակը հիմա անում է, պատերազմը ավարտելու համար քիչ է։ Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանը հոգեբանորեն կպարտվի։ Այդ պարտության համար բանակի գործողությունները գործի կեսն են։ Իսկ հանրությունը խնդիր ունի տեղեկատվական դաշտը լցնելու, սոցիալական ցանցերում քո բանակի կերպարը ձեւավորելու։ Այսպիսի խնդիրների դեպքում հատուկ ծառայությունները պիտի գործեն եւ անեն այնպիսի քայլեր, որոնք կխորացնեն ընկճվածությունը ադրբեջանական հանրության մեջ, եւ հաղթանակը արագացված տեմպերով կմոտեցնեն։ Սա է որ պետք է արվի՝ տարբեր ինստիտուտների ներգրավմամբ տարբեր գործիքակազմերով։ Այստեղ մենք թերանում ենք։ - Պարո՛ն Սարոյան, Reuters գործակալությունն ու The Guardian-ը փաստում են, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան։ Սա, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, քանակական առավելություն է տալիս թշնամուն։ Չնայած Դուք նշեցիք, որ բանակը կատարյալ է իրականացնում իր առջեւ դրված առաջադրանքը, սակայն այս հանգամանքը կարո՞ղ է հավելյալ բարդացնել իրավիճակը, թե՞ կարեւորը ոգին է, որի ամրությունը մենք այսօր տեսնում ենք։ - Նախ ասեմ, որ իրենք այսպես թե այնպես բանակի մարդուժի քանակով առավելություններ ունեն եւ նախկինում էլ ունեցել են, բայց դա վճռորոշ հանգամանք չէ, վճռորոշ հանգամանքը զինվորի հոգեբանական կառուցվածքն է։ Զինվորը կռվում է՝ հասկանալով՝ ինչի համար է կռվում, հոգեբանական ինչ տրամադրվածությամբ է կռվում։ Վարձկանների հանգամանքը միայն թվում է առավելություն, վարձու բանակը շատ վտանգավոր է՝ նույնիսկ օգտագործողի համար․ մի քանի անհաջողություն, եւ վարձու բանակն արդեն գլխացավանք է դառնալու օգտագործողի համար։ Մենք պիտի հասկանանք սա ու այս եղանակով հաղթանակը մոտեցնենք։ Վարձու բանակը, որի նպատակը ոչ թե հայրենիքի պաշտպանությունն է, գոյաբանական, այս էքզիստենցիալ խնդիրը լուծելը, այլ փող աշխատելը։ Այդ բանակը, դեմ գալով ուժեղ եւ իրապես կռվող բանակի, միանգամից փոշիանում է։ - Այս պատերազմի առաջին օրվանից Ազգային ժողովում պատգամավորները կոնսենսուսով եկան մի ընդհանուր հայտարարի, որ պետք է հանրային լայն քննարկման դրվի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Հայաստանն այս ճանապարհո՞վ պիտի գնա, եւ եթե այո, ի՞նչ հետագա զարգացումներ կարող են լինել։ - Ձեր նշած խնդիրը Ղարաբաղյան խնդրի մաս է կազմում։ Այն խնդրի, որի էությունն է միանալ Հայաստանին։ Միացում կարգախոսի տակ է սկսվել այս ամենը, եւ բոլորի մտքում կա սա։ Այս խնդիրը ժամանակին չի լուծվել մեր կառավարության վախկոտության պատճառով, չի լուծվել շահային ներգործությունների պատճառով, շատ այլ տարբեր պատճառներով։ Հիմա մենք երեսուն տարի հետո նորից լայնածավալ պատերազմի մեջ ենք ներգրավվել։ Իհարկե, բուն էությունը լուծելու խնդիր կա, այլ հարց է՝ մենք միացման խնդիրը ինչպե՞ս ենք լուծում։ Կա բանավեճ. միանա՞լ, թե՞ ԼՂՀ ճանաչում տալ։ Եթե միայն ԼՂՀ ճանաչում պիտի տրվի՝ առանց միացման խնդիրը լուծելու, ապա դա կարող է ավելի խճճել իրավիճակը։ Միայն ինքնանպատակ ճանաչումը ոչինչ է։ Եթե մենք հիմա գնում ենք ճանաչման ճանապարհով, պիտի հասկանանք, որ պետք է մինչեւ վերջ գնալ, հասկանալ՝ ի՞նչ ընթացակարգով ենք լուծելու միացման խնդիրը։ Այստեղ արդեն բավական մեծ խնդիրներ կա ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ իրավական տեսանկյունից։ - Երկարաժամկե՞տ գործընթաց է ենթադրելու ճանաչում-միացում ճանապարհը, եթե, իհարկե, այդ ուղղությամբ գնանք։ - Կարող է կարճաժամկետ լինել։ Օրինակ՝ Ռուսաստանն իր կազմի մեջ մտցրեց Ղրիմը ընդամենը մեկ օրում՝ հանրաքվե անելով։ Կարեւոր է խելամիտ ծրագիր կազմելը, հանրությանը նախապատրաստելը, ինստիտուտները նախապատրաստելը, ինչը բավական աշխատատար է։ Այս աշխատանքները կատարելու համար պետք է մինչեւ վերջ մշակվի ամբողջ գործընթացը։ Եվ այս ամենին մի ամբողջ կոնցեպտուալ մոտեցում է պետք ցուցաբերել։ - Պարոն Սարոյան, այսօր Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մի գրառում էր կատարել, որով չէր բացառում Հայաստան-Արցախ ռազմական պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Սա Արցախը ճանաչելու պրոցեսի մա՞ս կարող է լինել, առաջին քա՞յլը, թե՞ ընդհանրապես կարող է հետաձգել ճանաչման-միացման հարցը։ - Չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, որ առանց երկրի անկախությունը ճանաչելու այդպիսի պայմանագիր կնքես այդ երկրի հետ։ Ես կարող եմ հասկանալ, որ այդ գործընթացը շղթայի մի մաս է, մի օղակ․ դու ճանաչում ես պետությանը, հետո կնքում ես պայմանագիր, դաշինք եւ այլն, մնացած առումով դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, կիսաքայլ է։ Այդպես չի կարելի, պիտի կոնցեպտուալ լինի մոտեցումը, ծրագրային պիտի լինի, հասկանալի լինի, իրավունքը չի կարելի ոտնահարել։ Հիմա այդ իրավական փաստաթղթի արժեքը ո՞րն է, եթե պետությունը չես ճանաչում, բայց հետը պայմանագիր ես կնքում։ Եթե ճանաչում ես, դրանից հետո պայմանագրի հարցը հասկանալի է, բայց սայլը ձիուց առաջ չեն դնում։ Փաստորեն, վախենում են ճանաչել, բայց չեն բացառում, որ կգնան պայմանագիր կնքելու ճանապարհով։ Իրենք վախենում են ճանաչել, որովհետեւ դա միջազգային իրավունքի հետ կապված խնդիր է եւ իրանց անորոշությունը թույլ չի տալիս իրավական գնահատական տալ, քաղաքական պատասխանատվություն վերցնել եւ այդ քայլն անել։ Եթե մենք ԼՂՀ ճանաչման ճանապարհով ենք գնում, պիտի հստակ լինի՝ միացման խնդիրը ոնց ենք լուծում, քայլերի հաջորդականությունը պիտի հստակ լինի, օդում կախված չի կարելի թողել։ Պիտի հստակեցվի ժամանակահատվածը, գործիքակազմը, հանրությունը պիտի իմանա այդ պատասխանատվության մասին։ - Իսկ ի՞նչ հետեւանքններ կարող են լինել Արցախի ճանաչման ու Հայաստանին միանալու դեպքում՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առումով։ Կարծիքներ կան, որ Թուրքիան այդ պարագայում արդեն կոնկրետ Հայաստանի հետ կսկսի լայնածավալ ռազմական գործողություններ։  - Թուրքիան արդեն պատերազմում է Հայաստանի դեմ՝ ղարաբաղյան ճակատում, եւ արդեն չկա փաստարկը, որ եթե մենք գնանք այդ ճանապարհով, Թուրքիան պատերազմ կսկսի։ Սկսել է արդեն, վերջ, լայնածավալ պատերազմ է։ Միջուկային զենք էլ չունեն, որ վախեցնեն, թե օգտագործելու են մեր դեմ, մնացածն արդեն հեքիաթ է։ Ճանաչման արդյունքում ոչինչ էլ չի լինի։ Եթե Թուրքիան պիտի Հայաստանի վրա հարձակվի, նա ճանաչման պատրվակին չի սպասելու։ Մենք արդեն լայնածավալ պատերազմի մեջ ենք, այլ բան չի կարող լինել։ Հայաստանին սպասում է քաղաքական լուրջ գործընթաց միայն, որից գլուխ չեն հանում եւ որից վախենում են, բայց անհիմն ձեւով։ Եթե ուզում են լայն քննարկումներ իրականացնել, թող իրականացնեն, տեսնենք՝ ի վերջո այդ կամքը կձեւավորվի՞ իրանց մոտ, թե՞ չէ, թե՞ կմնան նույն հին 30 տարվա կամքի շրջանակում, այդ ՀՀՇ-իզմի կամքի շրջանակում։  - Փաստորեն, ըստ Ձեզ, սա այն վճռորոշ կետն է, որից հետ, այսպես ասած, ՀՀՇ-իզմն է, մյուս կողմում․․․ - Քաղաքական առումով․ ռազմական առումով մենք հետ գնալու բան չունենք, ռազմական առումով առաջ ենք գնում ու գնալու ենք, դա՝ անխոս, բայց քաղաքական առումով խնդիր ունենք աճելու, քաղաքական աճ ապահովելու։ Եւ բանակը մեզ այդ հնարավորությունը տալիս է, բանակը տալիս է, քաղաքական ղեկավարությունը 30 տարի հետ է ընկած, 30 տարի առաջվա մտածողությամբ է շարժվում։ Աշխարհը փոխվել է, քո բանակը Թուրքիային է ընկճում արդեն, բայց քաղաքական մտածողությունը նույնն է մնացել։ Այս խնդիրը պիտի լուծվի։ Իսկ բանակն իր խնդիրը լուծում է, կրկնում եմ, հանրությունն էլ համախմբված է, պառակտում չի լինելու պատերազմի ժամանակ, անխոս, մեր հանրությունը խելամիտ է, ես քաղաքական մտքի աճի մասին եմ խոսում եւ կառավարողների։ Բայց իրենք էլ կաճեն, իրենք էլ կհասկանան, որ նոր ժամանակները բոլորովին այլ պահանջներ են դնում մեր առջեւ։ Հայարփի Բաղդասարյան 
00:55 - 30 սեպտեմբերի, 2020
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը |armenpress.am|

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նիստի սկզբում, Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է ԵԱՀԿ նախագահողի տագնապի մասին, որը կապված է տեղում իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների հետ: Մտահոգված լինելով զոհերի թվի աճով, նա կրկնել է ԵԱՀԿ նախագահության կոչը` անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Ճեպազրույցի ընթացքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել է, որ ինքը տեղեկատվություն է ստանում անմիջապես տեղից և տեղի զրուցակիցներից` ամենաբարձր մակարդակով: Դեսպան Կասպշիկն ասել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նշել, որ իր թիմը պատրաստ է վերսկսել դաշտային մոնիտորինգը, երբ իրավիճակը թույլ կտա: Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչն ուղղված բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը կրկին հայտարարել է բանակցային լուծման կարևորության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և դեսպան Կասպշիկի աշխատանքներին աջակցության մասին` տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված իրենց ջանքերում:
23:12 - 29 սեպտեմբերի, 2020
Տիգրան Համասյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը |armenpress.am|

Տիգրան Համասյանը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը |armenpress.am|

armenpress.am:  Անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը դատապարտել է Արցախի և Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի և Թուրքիայի ռասիստական ու ֆաշիստական գործելաոճը: Համասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի խղճին:  «Հարգելի ընկերներ, սովորաբար ես չեմ սիրում անել որևէ քաղաքական հայտարարություն, քանի որ իմ աշխատանքն է` համախմբել մարդկանց, սեր տարածել երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռել, երբ ամբողջովին զինված Ադրբեջանը իմ հայրենիքը` Հայաստանն է թիրախավորել հարձակվում է խաղաղ և անմեղ բնակչության վրա, կրակում, ռմբակոծում, հրետակոծում: Հայաստանը հենց հիմա ենթարկվում է հարձակման Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանից: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սկսել է ագրեսիա Արցախի նկատմամբ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, կրակ բացելով Ստեփանակերտի և այլ շրջանների ուղղությամբ: Հայաստանը վճռականորեն դատապարտում է այս գործողությունը: Հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի վրա, ինչպես նաև Թուրքիայի, որը 4000 վարձկանների է տեղակայել, կարծես ցանկանալով շարունակել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Համասյանը: Դաշնակահարը նշել է, որ այս պահին էլ Արցախի սահմանի ողջ երկայնքով մղվում են թեժ մարտեր` Ադրբեջանի մարտավարական գրոհների պատճառով, որոնք հակասում են Ժնևյան կոնվենցիային: «Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական և ֆաշիստական տարրեր է պարունակում, այլև ցույց է տալիս ցեղասպանական տենդենցներ, և աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքի վրա: Ի հակառակ Հայաստանի, Ադրբեջանը, ավտորիտար ռեժիմը նախընտրում է բռնությունը և պատերազմը և պատրաստ չէ խաղաղ բանակցությունների ու ուրախությամբ պատրաստ է նայել, թե ինչպես են երկու կողմից երիտասարդ զինվորներ զոհվում: Այդ զինվորների արյունը մնալու է Ալիևի խղճին (եթե նա առհասարակ խիղճ ունի) և ես շատ ափսոսում եմ իրենց զինծառայողների համար, որոնք հրաման են կատարում: Հուսով եմ, որ Աստված կների նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում: Իմ աղոթքներն ուղղված են բոլոր ընտանիքներին»,- նշել է Տիգրան Համասյանը: Համասյանն իր գրառումը եզրափակել է` «Թուրքիա’, դադարիր օգնել Ադրբեջանին` ներխուժել Արցախ» կոչով:
22:43 - 29 սեպտեմբերի, 2020
Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ասյօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ հակառակորդը, հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում, փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչությանը։ «Դրա վառ օրինակն են Վարդենիսի ուղղությամբ հրթիռային հարվածները, որոնց ընթացքում տուժել է նաև խաղաղ ազգաբնակչությունը»,- նշեց նա։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք թուրքական F-16-եր նկատվել են նաև Արցախի տարածքում, Արթուր Սարգսյանը նշեց․ «Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում»։ Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք ռազմական գործողությունների ինտենսիվության նվազում նկատվում է, Արթուր Սարգսյանը հայտնեց․ «Ո՛չ։ Այսօր այն ուղղություններում, որտեղ մենք ունեցել ենք հաջողություններ, հակառակորդը ջանքերը, կարելի է ասել, կրկնապատկել է։ Առավել ևս Ստեփանակերտում՝ կենտրոնական ուղղությամբ, Ասկերանի շրջանում դուք տեսել եք հրթիռային հրետակոծության հետևանքները»։  ՊԲ հրամանատարի տեղակալը, խոսելով շփման գծի մասին, նկատեց․ «Արդեն իսկ չի կարելի անվանել առաջնագիծ, կարելի է անվանել ամբողջությամբ ռազմաճատային գիծ․ ամբողջ ընթացքում ամբողջ ճատակով ընթանում են մարտեր։ Առանագիծ նշանակում է որոշակի գիծ, որը հաստատված է, և երկու կողմերի ստորաբաժանումների կողմից իրականացվում է պահպանություն։ Հիմա պահպանություն չի իրականացվում․ այս վայրկյանին էլ ընթանում են մարտեր, այդ առաջնագիծ կոչվածը կարող է և՛ խորանալ դեպի մեր կողմ, և՛ խորանալ դեպի հակառակորդի կողմ»։
22:40 - 29 սեպտեմբերի, 2020
Թուրք սպաները ուղղակի ներգրավված են Արցախի դեմ Ադրբեջանի գործողություններում. Փաշինյանը՝ BBC-ին

Թուրք սպաները ուղղակի ներգրավված են Արցախի դեմ Ադրբեջանի գործողություններում. Փաշինյանը՝ BBC-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր ագրեսիային, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ, ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը: «Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները: Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական հրահանգիչները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները: «Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- նշել է Հայաստանի վարչապետը: Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն: «Դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով նման հայտարարություն է արել»,- ասել է ՀՀ վարչապետը: Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը: Վարչապետի հարցազրույցի ձայնագրությունը BBC-ի լրատվական ծառայությանը՝   https://www.bbc.co.uk/sounds/play/p08sw5px  
21:31 - 29 սեպտեմբերի, 2020
Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը, եւ այս ողջ ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, այս պետությանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի Հանրապետությունը՝ ոչ միայն դիվանագիտական հարթակում․ այսօր երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն, ցավոք, զոհվել է։ Այս էսկալացիան, սակայն, անսպասելի չէր, ինչի մասին խոսել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, եւ ինչի մասին վկայում են մի շարք փաստեր։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի կարծիքով՝ նաեւ երկու կարեւոր պատճառ կա, թե ինչու Ադրբեջանը հենց այս շրջանում սկսեց ռազմական գործողությունները։ Առաջինն այն հանգամանքն է, որ Իլհամ Ալիեւի վարչակարգը վերջին տարիներին, այսպես ասած, իր լավագույն ժամանակները չէր ապրում, ճգնաժամային երեւույթներն էլ կուտակվում էին։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, պատգամավորի խոսքով, պարզ դարձավ, որ Ալիեւի վարչակարգի փրկության վերջին շանսը, իրենց պատկերացմամբ, փոքրիկ հաղթական պատերազմն է․ «Տարածված այսպիսի արտահայտություն կա, ըստ որի՝ բռնապետերը փորձում են իրենց ժողովրդի ուշադրությունը շեղել եւ պատերազմի միջոցով ներքին կոնսոլիդացիա ապահովել։ Եւ այս գործընթացը Ադրբեջանում շատ ակնհայտ էր վերջին ամսիներին։ Բավական է ուղղակի վերհիշել հուլիսյան դեպքերից հետո Բաքվում տեղի ունեցած ցույցը, որից եւ պարզ դարձավ, որ Ադրբեջանում կուտակված ատելությունը վաղ թե ուշ կարող էր ուղղվել հենց այդ իշխանությունների դեմ։ Ալիեւի վարչակարգն այսպիսով որոշեց, որ այդ ատելությունն, այնուամենայնիվ, պետք է ուղղել հայերի, Հայաստանի եւ Արցախի դեմ, ու մենք ունենք այն, ինչ ունենք»,- մեր զրույցում ասաց Զոլյանը։  Մյուս գործոնը, որը Թուրքիային է վերաբերում, ըստ պատգամավորի՝ վերջին տարիներին այս պետության ագրեսիվ քաղաքականության նոր փուլն է։ Զոլյանի խոսքով՝ թեեւ Էրդողանը երբեք էլ շատ խաղաղասեր չի եղել, բայց վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին տեսում ենք աննախադեպ ակտիվացում, իր գրեթե բոլոր հարեւանների հետ կոնֆլիկտների սրում՝ Սիրիա, Իրաք, Կիպրոս, եւ այլն։ «Հիմա էլ տեսնում ենք, որ, փաստորեն, Հարավային Կովկասում էլ Էրդողանը ունի որոշակի նկրտումներ, բայց Թուրքիան 90-ականներից ի վեր չի ունեցել այսպիսի ագրեսիվ քաղաքականություն՝ Հարավային Կովկասում եւ կոնկրետ Հայաստանի հանդեպ։ Թուրքիան, փաստորեն, փորձում է ըստ էության հաստատավել Հարավային Կովկասում եւ ինչ-որ չափով դուրս մղել Ռուսաստանին եւ Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցությունը ինչ-որ չափով փոխարինել իր ազդեցությամբ»։  Թե այս պահին որն է զսպող գործոնը, որ Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա, եւ որ պարագայում ռազմական գործողություններ կսկսի մեր սահմանին, պատգամավորը պատասխանեց՝ Թուրքիան այս պահին էլ ակտիվ օգնում է Ադրբեջանին, եւ, ըստ էության, արդեն կարելի է կոնֆլիկտի մի կողմ համարել նրան։ Սակայն ինչ վերաբերում է բուն Հայաստանի տարածքին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ կլինեն ոչ միայն Արցախում, այլեւ այստեղ, ապա, ինչպես Զոլյանը նկատեց, ուժի մեջ կմտնի ՀԱՊԿ պայմանագիրը, եւ ՀԱՊԿ դաշնակիցները պարտավոր կլինեն աջակցություն տրամադրել Հայաստանին։  «Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել, թե դա ինչպիսի անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ ընդհանրապես համաշխարհային խաղաղության համար։ Իհարկե, կան որոշակի սահմանափակումներ, եւ ինչքան էլ Էրդողանը ագրեսիվ լինի եւ ինչքան էլ ադեկվատ, միեւնույն է՝ այդ սահմանափակումները օբյեկտիվ են եւ դրանք ոչ ոք չի կարող հաշվի չառնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ եթե Թուրքիայի ղեկավարները հոգեկան հիվանդությամբ չեն տառապում եւ ադեկվատ են ընկալում իրականությունը, ապա դժվար թե Հայաստանի վրա հարձակվելու փորձ անեն։  Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեցին Արցախը ճանաչելու հարցը հանրային լայն քննարկման դնելու անհրաժեշտությունը։ Միքայել Զոլյանի դիտարկմամբ՝ Արցախի ճանաչման հարցը նոր չի առաջանում, եւ այսօր տեղի ունեցողն արդեն վաղուց կանխատեսելի էր․ «Եւ, ընդհանրապես, Հայաստանի քաղաքականության մեջ Արցախի ճանաչման հարցի բոլոր տարբերակները վաղուց քննարկվում են եւ քննարկվել են, սակայն այդ քննարկումը վերջին իրադարձությունների բերումով նոր ծավալ եւ ուժ է ստանում։ Մենք որեւէ տարբերակ չենք բացառում, պետք է առաջնորդվենք զուտ պրագմատիկ հաշվարկով, պետք է հասկանանք այս պահին Արցախի ֆորմալ ճանաչումը մեզ օգնելո՞ւ է, թե՞ ոչ, կամ ավելի հեռանկարում մեզ համար նպաստավո՞ր է լինելու, թե՞ ոչ։ Մենք զուտ այդ տեսակետից պետք է որոշում ընդունենք, կամ ճանաչենք, կամ, օրինակ, ռազմաքաղաքական դաշինք կնքենք, կամ կարող ենք այս պահին այդ ուղղությամբ ինչ-որ բան չձեռնարկել։ Այդ ամենը հաշվարկ է. պետք է իրադրությունը գնահատենք, տարբեր կողմերի մոտեցումները, դիվանագիտական իրավիճակը, ռազմական իրավիճակը եւ այդ բոլոր գործոնների հիման վրա ընդունենք որոշում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պետք է առաջնորդվենք չվնասելու սկզբունքով։ Պատգամավորը հայտարարեց՝ թեեւ շատ կարեւոր է նաեւ միջազգային հանրության հետ աշխատանքն ու նրանց արձագանքը, սակայն, ի վերջո, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ «Այս փորձությունից պետք է դուրս գանք մեր քաղաքացիների ուժերով։ Միջազգային հանրությունը, իհարհե, շատ կարեւոր է, եւ մենք աշխատում ենք, որպեսզի նրանք դատապարտեն Արդրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները, բայց հիմնական կոչը մենք պետք է ուղղենք մեզ»։  Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին, ապա, Զոլյանի խոսքով, քանի որ ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Արցախի շփման գծում, այստեղ ՀԱՊԿ-ն անմիջական անելիք չունի, բայց մենք աշխատում ենք նաեւ ՀԱՊԿ-ի հետ, տեղյակ ենք պահում զարգացումների մասին, եւ կդիմենք միայն անհրաժեշտության դեպքում՝ սահմանված կարգով։  «Մինսկի խմբի համանախագահներն էլ, պարզ է, որպես միջնորդ պետք է որոշակի միջնորդական կեցվածք ցուցաբերեն, բայց, միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք մեր գործընկերների հնարավորինս հստակ գնահատականներն ու գործողությունները։ Սակայն, նորից եմ կրկնում, վճռական նշանակություն ունեն Հայաստանի եւ Արցախի զինվորները, մեր բանակը եւ Հայաստանի ու Արցախի քաղաքացիները։ Իսկ Հայաստանի զինված ուժերը իրենց խնդիրները կատարում են փայլուն, եւ մենք անհանգստանալու կարիք չունենք»,- եզրափակեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։ Հայարփի Բաղդասարյան
21:20 - 29 սեպտեմբերի, 2020
Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան |armenpress.am|

Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը: «Օրեր առաջ Ադրբեջանի ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները, շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները` վիրավորվել»,- նշել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները: «Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- հայտնել է վարչապետը: Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն: «Դառնալով Հայաստանի վարչապետ, ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ նման բան է ասել»,- նշել է Փաշինյանը: Հայաստանի վարչապետը հավելել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:
19:41 - 29 սեպտեմբերի, 2020
Անկարան հերքում է, թե Թուրքիան Հայաստանի տարածքում ինքնաթիռ է խոցել |azatutyun.am|

Անկարան հերքում է, թե Թուրքիան Հայաստանի տարածքում ինքնաթիռ է խոցել |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Անկարան հերքում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թուրքական Habertürk TV-ի լրագրողին ասել է, թե «Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել»: Այսօր առավոտյան էլ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը F-16 տիպի կործանիչներ չունի և մարտերում դրանք չի կիրառում: Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ խոսնակը հաղորդել էր. «Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան: Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը»: Նաև նշել էր, որ օդաչուն զոհվել է:
19:23 - 29 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։ 
17:57 - 29 սեպտեմբերի, 2020
Արցախի հայ բնակչությունը խտրականության է ենթարկվել, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ փոխանցվել է Ադրբեջանին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour լրատվականին

Արցախի հայ բնակչությունը խտրականության է ենթարկվել, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ փոխանցվել է Ադրբեջանին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour լրատվականին

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour լրատվականին․ Հարց. Պարոն նախարար, առաջին հարցս վերաբերում է Ադրբեջանի կողմից այն մեղադրանքներին, որ Հայաստանի գործողություններն են հրահրել այս բախումը: Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը և Արցախը որևէ շահագրգռվածություն կամ  մտադրություն չունեն իրավիճակը սրելու: Մենք մերժել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը: Ուստի` միանգամայն անընդունելի է այս մեղադրանքների խաղի մեջ մտնելը: Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը և լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր: Հարց. Երբ Դուք ասում եք, որ լարվածությունը բարձր է, արդյո՞ք դիտարկում եք լայնամասշտաբ պատերազմի վերածման հնարավոր տարբերակը: Զոհրաբ Մնացականյան. Մենք պետք է ներդնենք բոլոր հնարավոր ջանքերը դրանից խուսափելու համար, քանի որ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ մենք մերժում ենք նմանօրինակ տարբերակը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական կարգավորման տարբերակը: Հարց. Երբ ասում եք, որ մերժում եք ռազմական տարբերակը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա ի ցույց դնելու համար:  Զոհրաբ Մնացականյան. Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները և պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան: Հարց. Հակամարտության վերջին բռնկման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել: Դուք ընդունու՞մ եք, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Զոհրաբ Մնացականյան. Արցախն իրացնում է ինքնորոշման իր իրավունքը: Արցախը Հայաստանի պատմական տարածքն է: Արցախի հայ բնակչությունը զանգվածային խտրականության է ենթարկվել ամբողջ ժամանակահատվածում, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ այն փոխանցվեց Ադրբեջանին: Հարց. Այսպիսով՝ այդ հարցի պատասխանը «ոչ» է: Դուք չեք ընդունում, ինչպես  ամբողջ աշխարհն է ընդունում, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:  Զոհրաբ Մնացականյան. Արցախի կարգավիճակը բանակցային փաթեթի առանցքային հարցերից մեկն է. կարևորագույն խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի բանակցությունների և փոխզիջման միջոցով:  Հարց. Դուք պետք է, որ շատ անհանգստացած լինեք, որ սա կարող է վերածվել շատ վտանգավոր, լուրջ և միջնորդավորված պատերազմի: Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև ասել է, որ հենց Հայաստանն է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ամենամեծ սպառնալիքը: Զոհրաբ Մնացականյան. Նախագահ Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում: Թուրքիան արդյունավետ կերպով արտահանում է իր ազդեցությունը և իրականացնում ապակայունացնող քաղաքականություն, ինչին մենք ականատես ենք եղել Թուրքիայի ամբողջ հարևանությամբ` Արևելյան Միջերկրականից մինչև Մերձավոր Արևելք:  Նրանք, ըստ էության, այդ ապակայունացումն արտահանում են Հարավային Կովկասի տարածաշրջան: Մենք դա չենք ողջունում և մենք դա միանգամայն մերժում ենք:  Հարց. Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի կառույցները և պաշտոնատար անձինք խիստ մտահոգված են Հայաստան ուղարկված ռուսական զենքի մեծ քանակով: Ռուսաստանն այժմ Հայաստանին սպառազինություն մատակարարո՞ւմ է: Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի լիովին ապահովված լինի իրեն պաշտպանելու բոլոր կարողություններով: Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Եվ մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ:  Հարց.  Այսինքն, սա նշանակո՞ւմ է «այո», երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանից զենք ստանալուն։  Զոհրաբ ՄՆացականյան. Մենք աշխատում ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ` Հայաստանի պաշտպանության համար բավարար կարողություններով ապահովելու նպատակով:  Եվ ուղղակի անհեթեթ է լսել այդպիսի մեղադրանքներ Ադրբեջանի կողմից, որը միլիարդներ է ծախսում զինվելու համար` ի ցույց դնելով այս հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու իր մտադրությունը:  Հարց. Որքանո՞վ եք մտահոգված, որ այս հակամարտությունում կարող է լինել թուրքական միջամտություն, թուրքական ֆիզիկական միջամտություն:  Զոհրաբ Մնացականյան. Դա ավելի մեծ ռիսկ է, որը լիակատար աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար. դա ողջունելի չէ այս տարածաշրջանում: Հարց. Եվ ինչպիսի՞ն կլիներ Ձեր պատասխանը, եթե դա պատահեր:Զոհրաբ Մնացականյան. Այդ դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ: Հարց. Թշնամին Թուրքիա՞ն է։  Զոհրաբ Մնացականյան. Եթե նրանք այդպես վարվեն։  Հարց. Եվ այդ համատեքստում, որքանո՞վ է Հայաստանը ապավինում Ռուսաստանին։ Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ապավինում է Ռուսաստանին, ապավինում է իր մյուս բոլոր գործընկերներին, որոնց հետ համագործակցում է պաշտպանական առումով։ Հայաստանն աշխատում է շատ այլ գործընկերների հետ։ Եվ նրանք պետք է հիշեցնեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ընթանում է միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Եվ այս երկրներից յուրաքանչյուրն ունի շատ կարևոր դերակատարություն՝ զսպելու ցանկացած լարվածության աճ, իրավիճակի ցանկացած վատթարացում։ Եվ մենք շատ սերտորեն  աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ մասնավորապես, համանախագահող երկրների հետ։ Հարց. Ենթադրվում է, որ երբ 2018թ․ Ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նոր խթան պիտի հաղորդվեր տևական ժամանակ փակուղի մտած խաղաղ բանակցություններին։ Եվ այնուամենայնիվ պարզվում է, որ նա որդեգրում է Ադրբեջանի հանդեպ նույն անզիջում դիրքորոշումը։ Զոհրաբ Մնացականյան․ Դեռևս 2018թ․ ամուր վճռականությամբ մենք ներգրավվել ենք բանակցային գործընթացում։ Այնուամենայնիվ, այն, ինչին շարունակում ենք բախվել Ադրբեջանի կողմից, վերջինիս առավելապաշտական դիրքորոշումն է, որում Արցախի և Հայաստանի շահերը և անվտանգության խնդիրները հիմնովին մերժվում են:
17:30 - 29 սեպտեմբերի, 2020
Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում․ Արմեն Սարգսյան

Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում․ Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահն այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հայտարարել է` ղարաբաղյան խնդրի կարգավորումը ոչ բանական ճանապարհից՝ պատերազմից անհրաժեշտ է բերել ավելի բանական տարբերակի, որը երկխոսությունն է: Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասսել է. - «Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի: Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ մինչև դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա»:
17:18 - 29 սեպտեմբերի, 2020