Կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ դեսպան Արտաշես Թումանյան
11:21 - 30 սեպտեմբերի, 2020

Կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ դեսպան Արտաշես Թումանյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական TASNIM գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև․

- Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ սկսվելու պատճառը:

 
Պատճառն Ադրբեջանի ծայրահեղ կոշտ դիրքորոշման, խաղաղ բանակցային գործընթացից հրաժարվելու և Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունն է:
 
- Նման բախումները, որպես կանոն, արագ կարգավորվել են և հրադադար է հաստատվել: Ինչու՞ է այս անգամ այն հասել այսպիսի լարվածության:
 
Ռազմական բախումներից հետո հրադադարի հաստատումը մշտապես կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ և երբեք այն դյուրությամբ տեղի չի ունեցել:
Ինչ վերաբերում է այս վերջին իրադարձություններին, ապա պետք է արձանագրել, որ ռազմական գործողությունների մասշտաբները, ընդգրկման սահմանները կանխորոշել է հարձակվող կողմը՝ Ադրբեջանը: Եվ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է փաստացիորեն դուրս գալ խաղաղ գործընթացից և փորձում է հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով:
Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է և միջազգային հանրության համար ընդունելի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը չունի ռազմական լուծում:
 
- Արդյո՞ք վերջին շաբաթների զարգացումները չեն նշանակում, որ կողմերը պատրաստվում են երկարատև պատերազմի:
 
Հայկական կողմը խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծման կողմնակից է, սակայն մենք պատրաստ ենք ընդունել մեզ պարտադրված մարտահրավերները և այս իմաստով Հայաստանի, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և ողջ հայության ներսում լիակատար միասնություն կա:
Իհարկե պատերազմը մարդկային կյանքեր է խլում և սա մեր ամենամեծ և անդառնալի կորուստն է:
Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու Ադրբեջան-Թուրքիա դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:
Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսել ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։
 
- Ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբը մինչ օրս հակամարտության կարգավորման հարցում հաջողություն չի ունեցել: Արդյո՞ք Դուք լավատես եք այս հարցում:
 
ԵԱՀԿ կողմից ստեղծված Մինսկի խումբը և դրա եռանախագահող երկրները Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ միջազգային ձևաչափն է:
Հայկական կողմն այսօր էլ համագործակցում է վերոնշյալ երկրների հետ: Ի հավելումն դրա՝ պետք է նշել, որ ՌԴ-ը մեր ռազմավարական գործընկերն է և Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առանցքային անդամը, մի կազմակերպություն, որը Հայաստանի միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն կառույցն է:
 
- Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դերն այս զարգացումներում: Վերջերս Թուրքիան զորավարժություններ անցկացրեց Նախիջևանում և ըստ երևույթին՝ այդ ուժերը դուրս չի բերել այնտեղից: Արդյո՞ք Թուրքիայի նպատակը Նախիջևանում ռազմաբազա ստեղծելն է: Որքանո՞վ դա կարող է մեծացնել լարվածությունը կամ հակառակը՝ նպաստել խնդրի լուծմանը:
 
Ինչպես կարող է Ղարաբաղյան հակամարտության հարցում բացարձակ միակողմանի և Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսևորող երկիրը նպաստել խնդրի լուծմանը: Ձեր նշած զորավարժությունները մեր և ձեր երկրի սահմանների մերձակայքում ուժի ցուցադրումից զատ այսօր արդեն դարձել են ռազմական բախմանը մասնակցության էական գործոն:
Կարծում եմ՝ այս իրողությունները նաև անհանգստության պատճառ պետք է լինեն Իրանի համար:
Ի դեպ, լրատվական դաշտում (այդ թվում նաև՝ իրանական) բազմաթիվ տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկչական խմբերի ներգրավման մասին: Արդյո՞ք իրանական կողմին չի մտահոգում, թե նրանք որտեղ կարող են հայտնվել ռազմական գործողությունների ավարտից հետո:
 
- Ո՞րն է Ձեր տեսակետն Իրանի միջնորդական առաքելության վերաբերյալ: Թվում է, թե իր պատմական կապերով, հարևանության հանգամանքով և անկողմնակալ դիրքորոշմամբ Իրանը կարող էր այս հակամարտության կարգավորման համար օգտակար լինել:
 
Չափազանց կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հատկապես, նկատի ունեմ խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու Իրանի անփոփոխ դիրքորոշումը:
Մեզ համար խիստ դրական ուղերձ էր նաև այս օրերին հրապարակված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրապարակումն՝ ուղղված հակամարտող կողմերին՝ խաղաղ բանակցությունների վերսկսմանն աջակցության պատրաստակամության մասին:
Կապված Իրանի միջնորդական գործունեության հնարավորության հետ՝ պետք է նշել, որ ներկայումս գործող միջազգային միջնորդական հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է և այն որևէ կերպ փոխարինելու օրակարգ գոյություն չունի:
 
- Ո՞րն է ԱՄՆ-ի և ՌԴ-ի դերն այս վերջին զարգացումներում:
 
Երկու երկրներն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամներն են և հանդես են գալիս ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների անցնելու կոչով:
 
- Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվեն ռազմական գործողությունները: Ինչպե՞ս եք տեսնում իրական և մնայուն լուծումը:
 
Շատ դժվար է որևէ կանխատեսում անել, երբ ընթանում են լայնածավալ մարտական գործողություններ, երբ Ադրբեջանը հարձակում է գործել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ:
 
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք՝ Հայաստանը և Արցախը վճռական ենք մեր ողջ կարողությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել