Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ․Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ․Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը: Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:
19:57 - 16 նոյեմբերի, 2021
ԵԽ ղեկավարը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին |armenpress.am|

ԵԽ ղեկավարը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին: Լայն աջակցություն ունեցող համաձայնագիրը համավարակների վերաբերյալ թույլ կտա մեզ ամրապնդել միջազգային համագործակցությունը. տեղեկատվության ավելի լավ փոխանակում, համավարակների ավելի լավ հայտնաբերում և համապատասխան որոշումների հայթայթման ավելի լավ շրջանակներ»,- ասել է Միշելը: Եվրախորհրդի ղեկավարը անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեմային: Նա ընդգծել է, որ G20-ի երկրները բարոյական պարտավորություն, ինչպես նաև հավաքական տնտեսական հետաքրքրություն ունեն ողջ աշխարհով պատվաստանյութերի տարածման հարցում: Շառլ Միշելը կարևորել է նաև պատվաստանյութերի արտադրության սկսումն Աֆրիկայում, ինչպես նաև տնտեսական խնդիրների հետ բախվող երկրներին աջակցության տրամադրումը:
16:32 - 30 հոկտեմբերի, 2021
Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում. Ալիև |tert.am|

Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է minval.az-ը։ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում», - ասել է Ալիևը: Նա «իմաստուն քայլ» է որակել Շառլ Միշելի կողմից «կարգավիճակ», «Լեռնային Ղարաբաղ» բառերի չօգտագործումը և նշել, որ Հայաստանը դրանից պետք է եզրակացնի, որ «չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ»։ Ալիևն ասել է, թե եթե հայերին դուր է գալիս այդ անվանումը, նրանք կարող են Հայաստանում այդ անվանմամբ շրջան ունենալ:
09:29 - 23 հուլիսի, 2021
«Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ». Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին |tert.am|

«Եվրամիությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունությամբ և ծաղկմամբ». Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ հանդիպման ավարտին |tert.am|

tert.am: Ադրբեջանը վերջ է դրել երկար հակամարտությանն ու ինքնուրույն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: Minval.az-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում:«Հակամարտությունն ավարտվել է, այժմ խաղաղության մասին մտածելու ժամանակն է»,- նշել է Ալիևը:Միշելն իր հերթին հայտարարել է, որ «Եվրոպական միությունը շահագրգռված է ամբողջ տարածաշրջանի կայունության և ծաղկման հարցում»:«Եվրամիությունը պատրաստ է դրական, կառուցողական դեր կատարելու: Մենք հարգում ենք Մինսկի խմբի կատարած աշխատանքը, սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն չի կարող իր աջակցությունը տրամադրել, նպաստել հնարավոր բարեփոխումներին՝ ապահովելու համար կայունությունը և համոզվելու, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,- շեշտել է Եվրախորհրդի ղեկավարը:
20:31 - 18 հուլիսի, 2021
Նախագահ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Նախագահ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցության խորացումը էական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և խոսելով այցի նպատակների մասին՝ Շառլ Միշելը նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է առավել սերտացել փոխգործակցությունը Հայաստանի հետ, աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու երկարատև զարգացմանը: Նախագահ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Երկուստեք կարևորվել է բոլոր գերիների վերադարձի ապահովման խնդիրը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գերիների վերադարձի հարցը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի և ցավով է արձանագրել, որ պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը չի ցանկանում խնդրին վերջնական լուծում տալ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերը՝ հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորման գործում: Հանդիպմանն արծարծվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է Եվրոպական միության դերը երկրի հզորացմանն աջակցելու հարցում և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի իրականացումը։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմում ցավալի կորուստներից հետո Հայաստանի համար կարևոր է կենտրոնանալ երկրի ապագա զարգացումն ապահովող ուղղությունների վրա, որոնցից մեկը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է: Այս համատեքստում նա կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը հնարավորություն կտա ունենալ հավասարակշռված սահմանադրություն, ինչպես նաև երկրի զարգացման համար օգտագործել ողջ սփյուռքի ներուժը: Նախագահն առանձնացրել է նաև մարդակային կապիտալի և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտները՝ ընդգծելով, որ արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը մեծ նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար:
20:01 - 17 հուլիսի, 2021
Հայկ Մարությանն ու Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում

Հայկ Մարությանն ու Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:    «Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն: Մեր համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական:   Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ:   Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին»,- գրել է Մարությանը:    
18:31 - 17 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել նրանց հարցերին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Շառլ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Գործընկերոջս հետ տեղի ունեցած արդյունավետ և կառուցողական զրույցների ժամանակ մտքեր ենք փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում սա իմ երկրորդ հանդիպումն է պարոն Միշելի հետ, և հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրոպական միության շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին: Ինչպես միշտ, կայացած քննարկումների առանցքում էին մեր ներկա և ապագա ծրագրերը: Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը: Անդրադարձել ենք նաև 2020 թ. ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ ի դեմս նոր տիպի կորոնավիրուսի և 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և դրա հետևանքներին: Այս համատեքստում, հատուկ ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը և գոհունակությունը նախագահ Միշելին թե՛ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի, և թե՛ դրա հետևանքների մեղմման, և թե՛ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար: Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն: Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում, կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին, լավ հայտնի սկզբունքների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Նախագահ Միշելի հետ մեր բանակցություններում՝ որպես առաջնահերթ գերակայություն, կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Մենք ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը: Այս համատեքստում, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին: Ինչպես արդեն հայտնի է, այդ միջոցներով իրականացվելու են յոթ ուղենշային ծրագրեր, որոնք ի դեպ, ի սկզբանե այդ ուղենշային ծրագրերը հինգն էին, բայց հետագայում նաև ֆինանսական աջակցության ծավալի մեծացմանը զուգընթաց այդ ծրագրերի թիվն ավելացավ, որոնց թվում են նաև Հյուսիս-հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը: Այդ ծրագրերի իրականացումը, հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար: Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, չնայած պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկիրը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին: Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների այս հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ակտիվ համագործակցությունը Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ՝ կիզակետում ունենալով մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, օրենքի գերակայության հաստատումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Այս համատեքստում հարկ է հիշատակել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կարևորությունը: Համաձայնագրի վավերացման գործընթացի հաջող ավարտը և վերջինիս ուժի մեջ մտնելը կարևորագույն իրադարձություն է Հաայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Մենք կարևորում ենք նաև «Արևելյան գործընկերությունը», որը Եվրամիության հետ մեր հարաբերությունների առանցքային նախաձեռնությունն է, և մենք լրջորեն ենք նախապատրաստվում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին՝ հույս ունենալով, որ այն կլինի արդյունավետ: Շնորհակալություն: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել - Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ, մեծ հաճույք և մեծ պատիվ է ինձ համար վերադառնալ Ձեր գեղեցիկ երկիր: Երեք տարի առաջ առիթ էի ունեցել պաշտոնական այցով այստեղ լինել որպես Բելգիայի վարչապետ:Այսօր այցելեցի Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ երեք տարի առաջ մի ծառ էի տնկել: Ցանկանում եմ նախ և առաջ Ձեզ ողջունել և շնորհավորել ընտրության արդյունքների կապակցությամբ, ինչի արդյունքում Դուք մանդատ եք ստացել, որը Ձեզ լեգիտիմություն է տալիս գործելու և բարեփոխումներ իրագործելու, կառուցողական մոտեցումներով շարունակելու Ձեր աշխատանքները: Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Եվ այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել Եվրամիության ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին խոսելու: Ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում. մենք Հայաստանի կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ. աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը: Մենք առիթ ունեցանք խոսելու նաև այդ առաջնահերթությունների մասին, որոնց շուրջ Ձեր թիմերը կհամագործակցեն Եվրամիության հետ, որպեսզի այդ ֆինանսական միջոցները տեսական կամ վիրտուալ չլինեն, այլ հնարավորինս արագ կյանքի կոչվեն, կոնկրետ ծրագրերի միջոցով իրագործվեն, պատասխանեն Հայաստանի կարիքներին տարբեր ոլորտներում՝ լինեն ենթակառուցվածքները, թվային ոլորտը, կլիմայական, տրանսպորտի բնագավառներին կամ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի իրականացմանն ու առաջ մղմանը: Աշխարհում ամենուր առճակատվում ենք համավարակին՝ COVID-19-ին: Մենք այստեղ ևս, ինչպես նշեցիք, ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել համերաշխ լինելու Հայաստանի հետ: Եվրամիությունն աշխարհի մեծ ժողովրդավարական տարածաշրջան է: Եվ Եվրոպան փորձում է արտահանել պատվաստանյութեր և շարունակելու է այդ գործընթացը: «Կովակս» ծրագիրն ենք իրագործում, որպեսզի ամբողջ աշխարհի համար հասանելի դառնան այդ պատվաստանյութերը: Որոշվել է առնվազն մինչև տարվա վերջ 100000 դեղաչափ մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք պատասխանել համաշխարհային այս մարտահրավերին: Քանի դեռ այս առումով բոլորն անվտանգության մեջ չեն, աշխարհն ամբողջությամբ անվտանգության մեջ չի լինի: Տարածաշրջանում իմ ներկայության մեկ այլ պատճառը հետևյալն է. վաղը լինելու եմ Ադրբեջանում, երկուշաբթի՝ Վրաստանում: Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերն այս տարածաշրջանի երկրների և Եվրամիության միջև: Ցանկանում ենք նախապատրաստել գագաթնաժողովը, որի մասին խոսեցիք, Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ, բացառությամբ՝ Բելառուսի, որի մասնակցությունը դեռ առկախված է: Գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբեր ամսին: Այս առումով ինձ համար կարևոր է միաժամանակ լսել տարբեր երկրների պատասխանատուներին և փորձել հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք համատեղ աշխատել այդ գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի նոր լիցք հաղորդենք մեր հետագա աշխատանքներին: Եվ առաջիկա ամիսներին ցանկանում ենք շարունակել Ձեզ հետ աշխատել, պարոն վարչապետ, որպեսզի կարողանանք առաջ գնալ որոշակի հարցերի շուրջ: Բնականաբար, բոլորս ազդված ենք պատերազմից, որը հարվածել է Հայաստանին, բոլոր նրանց իրավիճակից, ովքեր այս կամ այն կերպ տուժել են դրանից: Ի դեպ, այստեղ ցանկանում եմ իմ հարգանքի տուրքն արտահայտել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին: Այս առումով կարևոր է որոշ թեմաներ առանձնացնել, և ցանակում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել աշխատանքները և տեսնում ենք չորս թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն և բարգավաճում բերվի այս տարածաշրջանին և լուծվեն լուրջ հիմնախնդիրներ: Առաջին կետը՝ չափավոր դիսկուրսն է, չափավոր հռետորաբանությունն է, փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կարևոր օրինակ՝ գերիների հարցը. վերջին շաբաթների ընթացքում առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը: Եվրամիությունն այլ գործընկերների հետ խոսել է գերիների հետ կապված, ինչպես նաև ականապատման քարտեզների շուրջ: Հուսով ենք՝ պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ: Երկրորդ կետը՝ սահմանների սահմանազատումն է: Հուսով ենք, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսությունների գործընթաց սկսել: Կարծում ենք՝ օգտակար է, որ երկու կողմերի զինված ուժերը նահանջեն, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել: Երրորդ կետը, որ կուզեի նշել, մեր կարծիքով, կարևոր է կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները, տրանսպորտի ոլորտի հարցը: Գուցե կան այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու տնտեսական աճին և երկխոսությանը: Եվ չորրորդ կետը՝ ավելի ընդհանուր, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաև արծարծել: Եվ ես նշում եմ նաև, շատ ուշադիր եմ այն թեմաների շուրջ, որ Դուք ներկայացրեցիք, ինչպես օրինակ, մշակութային ժառանգության հարցը, որը թերևս պետք է հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ: Պարոն վարչապետ, տիկնայք և պարոնայք, տեսնում եք, որ մենք առիթ ենք ունեցել շատ լուրջ խորքային քննարկումներ ունենալ տարբեր թեմաների շուրջ: Ցանկանում եմ վարչապետին շնորհակալություն հայտնել անկեղծության, համագործակցության համար: Ես վաղն առիթ կունենամ լինելու Ադրբեջանում և այդ երկրի իշխանությունների հետ մտքերի փոխանակում ունենալ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վստահեցնել, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի կողքին լինել, կառուցողական և հավատարիմ գործընկեր լինել, որպեսզի աջակցի՝ կարգավորելու հարցերը, ինչպես նաև նպաստի ժողովրդավարության, մարդկային արժեքներն առաջ տանելուն, վերջապես հասնելու բարօրության և կայունության: Շնորհակալություն: Հարց. «Արմենպրես» լրատվական գործակալություն, Աննա Գզիրյան - Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ պարոն Փաշինյանին ու պարոն Միշելին, այն վերաբերում է տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորություններին: Ադրբեջանի նախագահը մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից՝ տեսնում ենք Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունները: Դրանից բացի, չեն դադարում կրակոցներն ու սադրանքները սահմանին: Այստեղ արդյոք հակասություններ չե՞ք տեսնում, և ի՞նչ անելիք ունի Եվրոպան: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իհարկե, այդտեղ հակասություն չտեսնել պարզապես հնարավոր չէ, և հենց այսօրվա իմ ելույթում անդրադարձա դրան: Երկու օր առաջ Կառավարության նիստում մանրամասն անդրադարձել եմ այդ թեմային և ուզում եմ ընդգծել, որ մենք հստակ դիրքորոշում ունենք սահմաններին ստեղծված իրադրության վերաբերյալ և պատրաստ ենք այդտեղ կառուցողական դիրքորոշում ունենալ: Ես Անվտանգության խորհրդի նիստում առաջարկ եմ արել, խոսքը վերաբերում է զորքերի հայելային դուրսբերմանը՝ վերադարձին մշտական տեղակայման վայրեր, ապա սահմանագծի երկայնքով, մենք հիմա նաև բանակցում ենք այդ ուղղությամբ ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայմանն ու միջազգային հովանու ներքո սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնելուն: Կրկին ասում եմ, որ Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունն այն է, որ ինքն ուզում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը, թե Հայաստանը դեմ է սահմանազատմանը, բայց իրականությունը բոլորովին այլ է: Ամեն դեպքում ես ասում եմ և այսօր էլ պարոն Միշելի հետ հանդիպման ժամանակ նույնպես վերահաստատել եմ, որ ողջունում ենք և պատրաստակամություն ենք հայտնում գործել ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության: Ըստ էության, այստեղ էլ կարող ենք ասել, որ միջազգային հանրության ու մեր պատկերացումները լիովին համընկնում են, որովհետև մայիսի 12-ից հետո հայտարարություններով և գնահատականներով հանդես են եկել մի շարք երկրներ, նաև Եվրոպական խորհրդարանն է բանաձև ընդունել այդ թեմայի վերաբերյալ, ու ձևակերպված մոտեցումները, ընդհանուր առմամբ, համահունչ են մեր պատկերացումներին: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. երբ ուսումնասիրում ենք Ադրբեջանի քաղաքականությունը, տեսնում ենք, որ նա տարածքային նկրտումներ ունի իր հարևաններից մեծամասնության նկատմամբ, և այստեղ հարցը միայն Հայաստանը չէ: Հիմա նրանք խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, չգիտեմ՝ ունեն Հարավային Ադրբեջան, ունեն Հյուսիսարևմտյան Ադրբեջան և այլն, և այդպես շարունակ: Ադրբեջանների ցանկը շատ լայն է, և կարծում եմ՝ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես տարածաշրջանի անվտանգությանը: Կարծում եմ՝ այստեղ ընդամենը քաղաքական հռետորաբանության հարց չէ, և երբ ուսումնասիրում ենք, թե ինչ են դասավանդում Ադրբեջանի դպրոցներում, տեսնում ենք, որ հարևանների նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը միայն Հայաստանի նկատմամբ չէ, այլ Ադրբեջանի հարևանների մեծամասնության նկատմամբ է: Էլ չեմ ասում, որ վերջերս բացված խայտառակ, այսպես կոչված, «ավարների պուրակի» մասին, որտեղ երեխաներին տանում են էքսկուրսիա, դա, իհարկե, Ադրբեջանի հարևանների նկատմամբ ատելության շարքում Հայաստանը և հայությանը դնում է առաջին տեղում: Ինչի՞ համար եմ սա բարձրաձայնում, բարձրաձայնում եմ՝ ընդգծելու տարածաշրջանում տևական կայունություն, խաղաղություն հաստատելուն ուղղված մեր պատրաստակամությունը: Իհարկե մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության համաձայն բանակցություններ սկսել, ինչպես համանախագահներն են ձևակերպել, կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա: Եվ ուրախ եմ, որ պարոն Միշելը նույնպես այսօր խոսեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման ու որոշման կարևորության մասին, որովհետև հենց դա է հակամարտության կարգավորման անկյունաքարը: Մենք պատրաստակամ ենք նաև սկսել աշխատանքը սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք խոսել ենք նաև, որ գերիների առկայությունն այն պայմաններում, երբ Ադրբեջանն ունի գրավոր պարտավորություն՝ վերադարձնել բոլորին, իհարկե, էականորեն խաթարում է համագործակցային մթնոլորտը տարածաշրջանում, և սա կարևոր օրակարգ է, որի շուրջ պետք է ջանքերը մեկտեղենք: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել - Մի քանի բան նշեմ: Պետք է զերծ մնանք ագրեսիվ հռետորաբանություն օգտագործելուց, որպեսի հնարավորություն ընձեռվի անդրադառնալ բոլոր բաղադրիչներին և տարրերին, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ: Ես բացատրեցի, թե իմ կարծիքով որոնք են 4 տարրերը, որոնց հարկ է անդրադառնալ, որպեսզի առաջընթաց ապահովվի՝ դեպի ավելի շատ կայունություն, ավելի շատ անվտանգություն: Ինչպես հասկացաք, վաղը նաև հանդիպում ունեմ Ադրբեջանի նախագահի հետ: Կփորձեմ տեսնել, թե ինչ դրական և կառուցողական դեր կարող է խաղալ Եվրոպական միությունը՝ ի նպաստ դնելու մեր փորձառությունն ու սատարելու, իհարկե, Մինսկի խմբին: Եվրոպական միության պատմությունը նույնպես հիմնված է նախկին հակամարտությունների հաղթահարման վրա, բայց այդ նախկին հակամարտություններից հետո շատ լուրջ առաջընթաց է եղել: Եվրոպական միության մակարդակով մենք հաջողեցինք, դա հեշտ չէր, մենք կարողացանք քայլ առ քայլ առաջընթաց արձանագրել՝ կառուցելու այս եզակի քաղաքական ծրագիրը, հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա: Հիշատակվեց մի կարևոր տարր, որն իմ կարծիքով շատ կարևոր է, ամենայն հարգանքով, որ ըստ ինձ՝ պետք է լինի հենց տարածաշրջանային համագործակցության խթանումը: Օրինակ՝ տրանսպորտային հատվածի խնդիրները. ես գիտեմ, որ կան երկաթգիծը ներառող ծրագրեր: Սա կարող է լինել մեկ հնարավոր հատված, որով կարող է երկխոսություն ծավալվել: Ես չեմ թերագնահատում դժվարությունները, ես քաջ գիտակցում եմ, թե որոնք են խոչընդոտները և դժվարությունները, բայց քաղաքական կամքի առկայությունը, թերևս այստեղ կարևոր է: Դա չի նշանակում մեկ օրվա մեջ ամեն ինչ և ամեն հարց լուծել, սա ժամանակ կպահանջի, դժվարություններ ու խոչընդոտներ կլինեն, բայց առաջինը փորձելն է՝ ավելի լավ փոխադարձ ըմբռնում ձևակերպել, հասկանալ, որոնք են տարամետ կարծիքները, փաստարկները և փորձել գտնել որոշակի հնարավոր լուծումներ: Հարց. «Ազատություն» ռադիոկոյան, Սարգիս Հարությունյան - Հարցս ուղղում եմ Հայաստանի վարչապետին և Եվրոպական խորհրդի նախագահին: Դուք նշեցիք, որ Եվրոպական միությունը 2.6 մլրդ եվրոյի աջակցություն է ցուցաբերելու, և հպանցիկ անդրադարձաք այդ ոլորտներին: Խնդրում եմ, եթե հնարավոր է ավելի մանրամասն ներկայացրեք ոլորտները, որոնց ուղղված ծրագրերն ի վերջո նաև նպաստելու են Հայաստանի տնտեսական, ինստիտուցիոնալ զարգացմանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Իհարկե, կարող եմ ներկայացնել: Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին աջակցությունն է, ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այդտեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Այսինքն՝ մենք ոչ միայն պարզապես աջակցելու ենք, այլ աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականացմանը, նորացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը: Շատ կարևորում եմ, ինչպես արդեն նշեցի, կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության քաջալերումը, որովհետև ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. նախկինում էլ այս թեմայի մասին խոսել եմ, մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում:Հաջորդ ուղղությունը, որը շատ կարևորում եմ, հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Այդտեղ նախնականորեն նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագրեր իրականացնել: Այնտեղ էլ ամենատարբեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ գյուղատնտեսական, զարգացման մասին է խոսքը: Մենք նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքագրել ենք առանցքային խնդիրներ՝ խմելու ջրի մատակարարման, արոտավայրերին հասանելիության, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ:Կարծում ենք՝ հարավային շրջանները հատկապես տուրիզմի շատ մեծ պոտենցիալ ունեն, և այս ոլորտին նույնպես աջակցություն պիտի ցուցաբերվի:Հաջորդ ուղղությունը՝ Հյուսիս-հարավն է, որը կրկին մեծ մասամբ կապվում է և՛ հարավային, և՛ հյուսիսային շրջանների հետ: Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ և կամուրջներ կան, ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն: Եվ այստեղ Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել, ինչը չափազանց կարևոր է:Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտին է վերաբերում: Եվ մենք մտածում ենք այս ուղղության մի հատվածը նույնպես ուղղել կրթությանը, որովհետև կրթությունը լավագույն միջոցն է: Մենք ծրագրերը ոչ ամբողջ ծավալով ենք համաձայնեցրել Եվրամիության հետ: Այսինքն՝ վեկտորալ ուղղությունն ենք առայժմ քննարկում: Գիտեք, որ շատ լուրջ ծրագրեր ունենք կրթության ոլորտում, մասնավորապես, դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Կարևորում ենք նաև ջրամբարների կառուցման ծրագրերը:Կարևոր եմ համարում այն, որ բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի՝ Կանաչ Երևանի և խելացի կառավարվող քաղաքի, մասնավորապես, երթևեկության ոլորտում կառավարմանը, մետրոպոլիտենի զարգացմանը, որտեղ Եվրամիությունը բավականին շոշափելի դեր է ունեցել, և այդ ուղղություններով մենք կշարունակենք համագործակցությունը:Այժմ հետևյալ փուլում ենք. Եվրամիության կայացրած որոշումից հետո ինտենսիվ աշխատանք ենք իրականացնում: Արդեն իսկ, ըստ էության, պատրաստել ենք ճանապարհային քարտեզի նախագիծը և համոզված ենք, որ ակտիվ կոմունիկացիայի միջոցով այդ ծրագրերը պիտի առաջ տանենք: Այո, պիտի առաջիկա 4-5 տարվա ընթացքում 2,6 մլրդ եվրոյի ծրագրերն իրականացնենք, ինչը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար:Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել - Միանգամայն համաձայն եմ վարչապետի ասածի հետ, կուզենայի ասել ևս մի քանի բան: Նախ, իմ կարծիքով, սա եզակի հնարավորություններ է ընձեռում Հայաստանին: Սա հսկայական ֆինանսական փաթեթ է, հստակ գերակայությունները սահմանված են, մեկ-երկուսը կուզեի շեշտել:Մենք համարում ենք, որ ամեն օր աշխարհում բախվում ենք կլիմայի փոփոխության մարտահրավերին, միաժամանակ, սա կարող է նաև հետաքրքիր լծակ ծառայել՝ սատարելու տնտեսական զարգացմանը և հնարավորություն տալ մասնավոր հատվածին՝ դառնալ կիրառելի ու գրավիչ՝ համահունչ Եվրամիության գերակայություններին:Բավականին բուռն երկխոսություն ենք ծավալում Հայաստանի իշխանությունների հետ, չեմ թերագնահատում այն մեծածավալ աշխատանքը, որը կպահանջվի իրականացնելու այս ամենը: Երաշխավորում ենք, որ այս հսկա ֆինանսական փաթեթը կոնկրետ և տեսանելի արդյունքներ կբերի ՓՄՁ-ների, քաղաքացիների համար՝ հավելյալ արժեք ստեղծելով:Եվ վերջինը, որը կարևոր է մեր կարծիքով, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն է՝ երաշխավորելու, որ հնարավոր է կոնսոլիդացնել ժողովրդավարական հաստատությունները: Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ելնելով այն ուժեղ ազդակներից, որոնք մենք հղում ենք Հայաստանին: Սա նաև ապագայի վստահության հանդեպ ազդակ է առ այն, որ մենք միասին, համատեղ, սերտորեն կաշխատենք իրականացնելու այս ամենը և երաշխավորելու, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները դրական ազդեցություն կզգան այս ծրագրերից՝ ի շահ իրենց:
17:14 - 17 հուլիսի, 2021
ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդմանը |armenpress.am|

ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդում, փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցություն, «Կանաչ Երևան» ծրագիր. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Երևանում կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ դոլարի աջակցությունը որ ուղղություններով է ծախսվելու:  Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցությունն է:   «Ընդ որում, ուզում եմ ընդգծել այն, որ այստեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Մենք աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականացմանը և միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը: Կարևորում եմ նաև կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության  քաջալերումը: Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, ու շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը: Հաջորդ ուղղությունը Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախընտրական  քարոզարշավի ընթացքում հավաքագրել են առանցքային խնդիրներ՝ կապված խմելու ջրի մատակարարման, արոտավայրերի հասանելիության և այլ հարցերի հետ: Նա նկատեց, որ տուրիզմի զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, ինչ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են նախատեսված: «Հաջորդ ուղղությունը «Հյուսիս-Հարավ» ծրագիրն է: Մենք առաջիկայում կհայտարարենք Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածի հետ կապված մրցույթը, որտեղ թունելներ, կամուրջներ կան: Դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն, և Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել: Դա չափազանց կարևոր է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների թվայնացման ոլորտին է վերաբերում և ՀՀ կառավարությունը նախատեսում է այս ուղղության ֆինանսավորման մի հատվածը ուղղել կրթությանը: Լուրջ ծրագրեր կան դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ջրամբարների կառուցման հարցը: Բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի համար՝  «Կանաչ Երևան» և «Խելացի կառավարվող քաղաք», մասնավորապես, երթևեկության կառավարում արհեստական բանականության միջոցով: «Մետրոպոլիտենի վերականգնումը նույնպես կառանձնացնեմ, որտեղ, իմիջայլոց, Եվրամիությունը բավական շոշափելի դեր է ունեցել և այդ ուղղություններով մենք կշարունակենք աշխատանքը:  Մենք այդ ծրագրերը պետք է առաջ տանենք և, այո, առաջիկա 4-5 տարիների ընթացքում 2.6 մլրդ եվրոյի ծրագրերը պետք է իրականացնենք և դա շատ լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
16:13 - 17 հուլիսի, 2021
Փաշինյանն Ադրբեջանի քաղաքականությունը սպառնալիք է համարում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համա |armenpress.am|

Փաշինյանն Ադրբեջանի քաղաքականությունը սպառնալիք է համարում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին, խաղաղությանը, սահմանազատմանը, այնինչ՝ իրականությունը բոլորովին այլ է: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Երևանում կայացած  ճեպազրույցին՝ անդրադառնալով այն հարցին, որը վերաբերում էր տարածաշրջանային խաղաղության հաստատման հնարավորություններին, Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին: «Մենք հստակ դիրքորոշում ունենք սահմանային իրավիճակի վերաբերյալ, մենք պատրաստ ենք կառուցողական դիրքորոշում ունենալ: Ես անվտանգության խորհրդի նիստում առաջարկ եմ արել, խոսքը զորքերի հայելային դուրսբերման ու մշտական տեղակայման վայրեր վերադառնալու մասին է: Մենք հիմա նաև բանակցում ենք այդ ուղղությամբ, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման, և միջազգային հովանու ներքո սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար: Ես պարոն Միշելի հետ հանդիպմանը վերահաստատեցի, որ մենք ողջունում ենք ու պատրաստակամություն ենք հայտնում գործել ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության: Ըստ էության, այստեղ մենք կարող ենք ասել, որ միջազգային հանրության ու մեր պատկերացումները համընկնում են, որովհետև մայիսի 12-ից հետո հայտարարություններով և գնահատականներով հանդես են եկել մի շարք երկրներ, Եվրոպական խորհրդարանն է բանաձև ընդունել այդ թեմայի վերաբերյալ: Ու այդ ձևակերպված մոտեցումները համընկնում են մեր պատկերացումներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:    Վարչապետի պաշտոնակատարն ուշադրություն հրավիրեց  այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ըստ էության, տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ: Նա ընդգծեց, որ այստեղ հարցը միայն Հայաստան չէ: «Հիմա նրանք խոսում են արևմտյան Ադրբեջանի, հարավային Ադրբեջանի մասին և այդպես շարունակ: Այդ ադրբեջանների ցանկը լայն է, և ես կարծում եմ, որ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համար: Այստեղ միայն քաղաքական հռետորաբանության հարց չէ: Երբ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ են դասավանդում Ադրբեջանի դպրոցներում, ապա տեսնում ենք, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն: Էլ չեմ ասում վերջերս բացված, այսպես կոչված, ավարների խայտառակ պուրակը, որտեղ երեխաներին տանում են էքսկուրսիայի: Դրանով հարևանների ատելության շարքում Ադրբեջանը Հայաստանը և հայությանը դնում է առաջին տեղում: Ես սա բարձրաձայնում եմ՝ ընդգծելու տարածաշրջանում տևական խաղաղություն, կայունություն հաստատելուն ուղղված մեր պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության համաձայն բանակցություններ սկսել կողմերին հայտնի, ինչպես համանախագահներն են ձևակերպել, սկզբունքների հիման վրա: Եվ ես ուրախ եմ, որ պարոն Միշելն այսօր նույնպես խոսեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման և որոշման կարևորության մասին, որովհետև դա է հակամարտության կարգավորման անկյունաքարը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև նշեց, որ պատրաստ են սկսել աշխատանքը սահմանների սահմանագծման ու սահմանազատման ուղղությամբ համապատասխան պայմանների առկայության դեպքում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գերիների առկայությունն այն պայմաններում, երբ Ադրբեջանը բոլորին վերադարձնելու գրավոր պարտավորություն ունի, իհարկե, էականորեն խաթարում է համագործակցության մթնոլորտը: Սա կարևոր օրակարգ է, որի շուրջ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է ջանքերը մեկտեղել:
16:06 - 17 հուլիսի, 2021
Շառլ Միշելը հուսով է, որ հայ ժողովուրդը կզգա ԵՄ 2.6 մլրդ եվրոյի աջակցության դրական ազդեցությունը |armenpress.am|

Շառլ Միշելը հուսով է, որ հայ ժողովուրդը կզգա ԵՄ 2.6 մլրդ եվրոյի աջակցության դրական ազդեցությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական Միության կողմից 2.6 միլիարդ եվրոյի աջակցությունը Հայաստանին եզակի հնարավորություն է համարում երկրի համար: Այս մասին Շառլ Միշելն ասել է Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան առանձնացրեց փաթեթում ներառված մի քանի ծրագիր կլիմայի փոփոխության, ՓՄՁ-ների զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ: «Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ելնելով այս ուժեղ ազդակներից, որը մենք հղում ենք Հայաստանին: Սա նաև ապագայի նկատմամբ վստահության ազդակ է առ այն, որ մենք միասին համատեղ սերտորեն կաշխատենք իրականացնելու համար այս ամենը, երաշխավորելու համար, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները կզգան այս ծրագրերի դրական ազդեցությունը»,- եզրափակեց Միշելը:
15:32 - 17 հուլիսի, 2021
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում. Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում. Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի տրամադրման որոշումը և նշել, որ այն նոր խթան կհանդիսանա մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի ակտիվ իրագործմանը, ինչպես նաև տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկայումս ՀՀ կառավարությունը ԵՄ գործընկերների հետ աշխատում է նախատեսվող ծրագրերի օրակարգի մշակման և դրանք արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և վերահաստատել այն խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում իր հնչեցրած առաջարկությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում ավելի ինտենսիվ կերպով հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության փաստը, որը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների ամբողջական վերադարձի ապահովումը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի իրականացումը: Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստելու գործին: ԵԽ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի օժանդակության փաթեթն ուղղված է խորքային բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը: Նա նկատել է, որ փաթեթով նախատեսվող միջոցառումների շրջանակի իրականացման ուղղությամբ Հայաստանն ունի լայն ներուժ և ԵՄ-ն պատրաստ է նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերել այդ հարցում: «ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար»,- ասել է Շառլ Միշելը: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2021 թվականի ապրիլի 13-ի հայտարարությունը, դրանով նախանշված սկզբունքները, որոնց շրջանակում էլ պետք է տեղի ունենա հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Զրուցակիցները կարևորել են բանակցությունների հնարավորինս արագ վերականգնումն ու հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատումը: Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ռազմագերիների վերադարձի ապահովումը, հրաժարումը ագրեսիվ հռետորաբանությունից, տարածաշրջանի ապաշրջափակումը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ևս իր հերթին պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը և հավելել, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ բազմաթիվ հայկական մշակութային կոթողներ ոչնչացրել ու ձևախեղել է: Այս համատեքստում, Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ դերակատարությունը և հետևողական աշխատանքը: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի նախագահին՝ Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերվող մեծ և շարունակական ուշադրության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:39 - 17 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանին գոհունակությամբ ընդգծում է ՀՀ-ԵՄ շփումների ինտենսիվությունը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանին գոհունակությամբ ընդգծում է ՀՀ-ԵՄ շփումների ինտենսիվությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրամիության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին 1.5 ամսվա ընթացքում սա իր երկրորդ հանդիպումն է Շառլ Միշելի հետ: «Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ներկա և ապագա համատեղ ծրագրերը: «Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը»,- հավելեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, ի դեմս նոր տիպի կորոնավիրուսի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա հետևանքների: «Այս համատեքստում հատուկ ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը և գոհունակությունը նախագահ Միշելին, թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների մեղման, և թե Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում` գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 միլիարդ եվրո տրամադրելու մտադրության համար: «Ինչպես արդեն հայտնի է այդ միջոցներով իրականացվելու են 7 ուղենշային ծրագրեր, որոնց թվում է նաև Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը, Հայաստանի հարավայի շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և տնտեսական, քաղաքական առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը»,- ասաց Փաշինյանը: Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` այդ ծրագրերի իրականացումը հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար:
14:18 - 17 հուլիսի, 2021
Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար |1lurer.am|

Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ընթացքում: «Ադրբեջանն այս գործընթացը խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Մենք, ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այս հարցում չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը»,- ասաց Փաշինյանը: 
13:50 - 17 հուլիսի, 2021