Նիկոլ Փաշինյանին գոհունակությամբ ընդգծում է ՀՀ-ԵՄ շփումների ինտենսիվությունը |armenpress.am|
14:18 - 17 հուլիսի, 2021

Նիկոլ Փաշինյանին գոհունակությամբ ընդգծում է ՀՀ-ԵՄ շփումների ինտենսիվությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրամիության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին 1.5 ամսվա ընթացքում սա իր երկրորդ հանդիպումն է Շառլ Միշելի հետ:

«Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության շփումները երբևիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ներկա և ապագա համատեղ ծրագրերը:

«Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը»,- հավելեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, ի դեմս նոր տիպի կորոնավիրուսի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա հետևանքների:

«Այս համատեքստում հատուկ ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը և գոհունակությունը նախագահ Միշելին, թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների մեղման, և թե Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում` գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2.6 միլիարդ եվրո տրամադրելու մտադրության համար:

«Ինչպես արդեն հայտնի է այդ միջոցներով իրականացվելու են 7 ուղենշային ծրագրեր, որոնց թվում է նաև Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը, Հայաստանի հարավայի շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և տնտեսական, քաղաքական առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` այդ ծրագրերի իրականացումը հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսական աճի ու զարգացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել