Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հունգարիայի համագործակցությունը ՍԵՊԱ-յի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել են միջազգային այլ հարթակներում փոխգործակցային առկա ներուժի իրականցման հեռանկարներին: Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը: Զրույցի ընթացքում Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է մասնակցել Բուդապեշտի ժողովրդագրական գագաթաժողովին, որը նվիրված է եվրոպական երկրներում ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծման ուղիներ գտնելուն: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը:
11:38 - 18 հունիսի, 2023
Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում է. հայ համայնքի հետ նա խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին

Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում է. հայ համայնքի հետ նա խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի: Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հիմանական ուղղությունների իրականացման սկզբունքներին և հայեցակարգերին:Հանդիպմանը Հանրապետության նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար դրության, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայումս առկա իրավիճակի և դրա հանգուցալուծման հնարավորությունների և ուղիների մասին, ապա անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:  
11:11 - 16 հունիսի, 2023
Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հստակ դիրքորոշում. ՀՀ նախագահ

Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հստակ դիրքորոշում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:Ողջունելով հյուրին՝ նախագահն ասել է. «Շատ ենք կարևորում Ձեր այցելությունը Հայաստան: Անկախության շրջանից հետո հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, և դրանք ընդգրկել են տարբեր բնագավառներ: Այս ամենը նպաստել է մեր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը: Միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը և ակտիվացումը կարևոր են նաև մեր երկրի կառավարման համակարգի բարելավման համար:Վստահ եմ՝ Ձեր այցելությունը կնպաստի ոչ միայն խորհրդարանական մեր կապերի ամրապնդմանը, այլև նպաստող կլինի Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխայել Ռոթը նշել է. «Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, Ձեր հյուրընկալության համար: Այն հարաբերությունները, որ մենք ունենք խորհրդարանականների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ, շատ լավ և արդյունավետ են, սակայն, կարծում եմ՝ դրանք բավարար չեն այնպիսի ժամանակներում, որոնցում ապրում ենք, մասնավորապես՝ անորոշության, ճգնաժամերի և պատերազմների ժամանակաշրջանում: Ուստի կցանկանայի, որ իմ այս այցն ընկալեիք որպես մի համեստ քայլ, համերաշխության նշան մի երկրի նկատմամբ, որը ժողովրդավարական արժեքներով ընթանում է դեպի եվրոպական համընդհանուր արժեհամակարգերի ընտանիք»: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Գերմանիայի միջև անկախությունից հետո հաստատված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, Հայաստանի անվտանգային խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշում: Այս կապակցությամբ Միխայել Ռոթը հավաստիացրել է, որ Գերմանիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի և Հայաստանի Կառավարության ջանքերին, որոնք միտված են տարածաշրջանային խնդիրների լուծմանն ու վերջնական խաղաղության հաստատմանը:Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն ընտրել է ժողովրդավարության ուղին և անշեղորեն ընթանում է այդ ճանապարհով: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ:
20:15 - 07 հունիսի, 2023
ՀՀ նախագահը Գրեմ Ջոնսոնի հետ քննարկել է ՀՀ-ում հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտի խնդիրները

ՀՀ նախագահը Գրեմ Ջոնսոնի հետ քննարկել է ՀՀ-ում հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտի խնդիրները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է  հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավար Գրեմ Ջոնսոնին և ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Սարկիսովին ու Ներսես Կարամանուկյանին: Այս ընկերությունը զբաղվում է Հայաստանի տարածքում նավթի և գազի պաշարների որոնողական աշխատանքների իրականացմամբ: Հյուրերը Հանրապետության նախագահին մանրամասներ են ներկայացրել ընկերության գործունեության վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներ և դրանց հաղթահարման շուրջ «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից առաջարկվող լուծումները: Երկուստեք շեշտվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը նվազեցնում է բնապահպանական ռիսկերը:
18:40 - 05 հունիսի, 2023
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է նրանց ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաև երեխաների համար կազմակերպվել է ժամանցային ու մշակութային միջոցառում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և հյուրերի հետ ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով և զրուցել երեխաների հետ: Միջոցառման ավարտին ցուցահանդեսի մասնակիցները նկարչական պարագաներ են նվեր ստացել:
16:39 - 03 հունիսի, 2023
Վահագն Խաչատուրյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահը քննարկել են ՏՏ արդյունաբերության զարգացման հարցեր

Վահագն Խաչատուրյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահը քննարկել են ՏՏ արդյունաբերության զարգացման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ AGBU-Silicon Valley մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանին:Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտի, կառավարության և գործարար համայնքի փոխգործակցության խթանման և միասնական օրակարգի ձևավորմանը:Հանրապետության նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել բարձ տեխնոլոգիական արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին:
11:53 - 03 հունիսի, 2023
Վահագն Խաչատուրյանը և Մայքլ Աբրամովիցը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները

Վահագն Խաչատուրյանը և Մայքլ Աբրամովիցը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Freedom house կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների և հիմնախնդիրների առկայության պայմաններում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող գործոնների հաղթահարման ուղիներին:Երկուստեք շեշտվել է Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական զարգացման համար:Մտքեր են փոխանակվել վերջին տարիներին պետական և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ հայաստանյան իշխանության նախաձեռնությունների և ընդհանուր մոտեցումների վերաբերյալ:
19:33 - 02 հունիսի, 2023
ՀՀ նախագահը և ՌԱԿ ատենապետը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման հարցեր

ՀՀ նախագահը և ՌԱԿ ատենապետը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը:Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է կուսակցության ատենապետին և նորընտիր ղեկավար կազմին ՌԱԿ 29-րդ համագումարի արդյունավետ աշխատանքի և կուսակցության նոր ղեկավարության ընտրության կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Հանրապետության նախագահը ՌԱԿ ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրության վերաբերյալ:Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակին, տարածաշրջանային իրողություններին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի որդեգրած դիրքորոշումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգային խնդիրների և վերջիններիս հաղթահարման գործում Սփյուռքի կազմակերպությունների դերակատարության վերաբերյալ:Ըստ աղբյուրի՝ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց բոլոր հնարավորություններով կանգնած են պետության կողքին և իրենց ջանքերն ուղղելու են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործին:
19:24 - 31 մայիսի, 2023
Ժողովրդավարության եւ անվտանգության հակադրությունն անհիմն է. Վահագն Խաչատուրյան
 |news.am|

Ժողովրդավարության եւ անվտանգության հակադրությունն անհիմն է. Վահագն Խաչատուրյան |news.am|

news.am: Երեւանում արդեն երկրորդ անգամ Ժողովրդավարության հայկական ֆորումի անցկացումը վկայությունն է նրա, որ Հայաստանն անշեղորեն եւ հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ուղու վրա, եւ այդ քայլն անդառնալի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Մեր հանրապետությունն ի ստեղծման օրից հռչակեց իր հավատարմությունը ժողովրդավարական  ու համամարդկային արժեքներին ու սկզբունքներին: Անկախության տարիներին ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում կերտվում էր բազմաթիվ ու տարաբնույթ խոչընդոտների, պետական կառավարման ապարատում արատավոր երեւույթների, կիսապատերազմական իրադրության, անվտանգության լրջագույն մարտահրավերների պայմաններում: Բայց ի պատիվ ՀՀ քաղաքացիների, այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն արդեն կայացած փաստ է մեր երկրում: Իհարկե, 2020-ի պատերազմը, դրան հաջորդած արտաքին ու ներքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները լուրջ փորձություն էին ժողովրդավարության գաղափարների համար: Բայց ամենակարեւորն այս իրադրության մեջ այն էր, որ ՀՀ իշխանությունները չնահանջելով ժողովրդավարության էությունից ու սկզբունքներից,  գնացին խնդիրների հանգուցալուծման ամենաժողովրդավարական ճանապարհով: Նկատի ունեմ 2021-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները»,-հայտարարեց ՀՀ նախագահը: Նա ընդգծեց, որ մեր երկրի արտաքին մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի առկայության պայմաններում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգության խնդիրներին. «Ամենաբարձր մակարդակով անտեսվել է ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որը փորձ է արվել ներկայացնել որպես սպառնալիք: Նման հակադրությունը ոչ միայն անհիմն է, այլեւ հակառակը՝ ժողովրդավարությունը պետության ամրության եւ հզորացման առաջնային երաշխիքներից է: Ի վերջո, Հայաստանի անկախության հանրաքվեն, առաջին խորհրարանական ու նախագահական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում: Ասել է, թե մեր պետությունն ինչ-որ իմաստով նաեւ ժողովրդավարության ծնունդ է: Նույն իրավիճակն է նաեւ այսօր: Ես հավատացած եմ, որ ժողովրդավարությունն է այն զենքը, որով մենք կարող ենք եւ պետք է ներկայանանք աշխարհին: Ժողովրդավարությունը ենթադրում է նաեւ խաղաղություն, քանի որ առանց դրա հնարավոր չէ կամ շատ դժվար է ունենալ կայացած ժողովրդավարական ինստիտուտներ: Այս առումով Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն եւ դեպի խաղաղություն»,-ընդգծեց Վահագն Խաչատուրյանը:
11:42 - 31 մայիսի, 2023
Ճակատագրական պահին լինել հայ ժողովրդի կողքին, սա մեր դիրքորոշումն է. Գիժերմո Անդրադան՝ ՀՀ նախագահին

Ճակատագրական պահին լինել հայ ժողովրդի կողքին, սա մեր դիրքորոշումն է. Գիժերմո Անդրադան՝ ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է. «Արգենտինան Հայաստանի Հանրապետության համար և ընդհանրապես հայերիս համար յուրահատուկ երկիր է: 1991 թվականից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն անկախություն ձեռք բերեց, մենք հնարավորություն ունեցանք արդեն որպես երկու երկներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դա ևս մեկ խթան էր մեր հարաբերություններն այլ մակարդակով զարգացնելու համար, ինչը մենք այս տարիների ընթացքում մեծ հաջողությամբ իրականացնում ենք: Ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել, այն է, որ մեր հարաբերություններում փոխվստահության մթնոլորտ կա, որն էլ օգնում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում տարբեր հարցերի լուծմանը, այլ նաև միջազգային տարբեր հարթակներում միմյանց հետ համագործակցելուն: Համոզված եմ, որ ձեր այցելությունն իր նպաստը կբերի մեր հարաբերությունների առավել զարգացման գործում: Սա, փաստորեն, մեր 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձեր առաջին այցելությունն է՝ որպես պատգամավորական խումբ»: Սենատոր Գիժերմո Անդրադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է. «Այս կարճ օրերի ընթացքում, ինչ գտնվում ենք Հայաստանում, մենք կարողացել ենք մեզ զգալ ինչպես տանը: Այստեղ մարդիկ մեր նկատմամբ շատ բարյացկամ և հոգատար են: Այս 31 տարիների ընթացքում մեր հարաբերությունները շարունակաբար խթանել ենք: Մեր երկու երկրների միջև հարաբերությունների հիմքերը դրվել են օրենսդրական մակարդակում, և շարունակում ենք հարաբերությունները զարգացնել առևտրային և տնտեսական մակարդակներում ևս: Մեզ համար այդքան էլ դժվար չէ այդ գործն իրականացնել, քանի որ ունենք բավականին մեծ հայ համայնք, որն ինտեգրված է մեր երկրի կյանքում, և դա մեզ հնարավորություն է ընձեռում կապերի առումով գործուն լինել: Երկու կողմի դիվանագիտական կառույցները նույնպես մեզ աջակցում են, որպեսզի այս կապերն ավելի ամուր լինեն: Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ մենք ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մեր հարաբերությունները առավել զարգանան և լինեն փոխշահավետ՝ ի օգուտ մեր երկու երկրների ժողովուրդների: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հայ ժողովրդի համար այս դժվարին և ճակատագրական պահին լինել հայ ժողովրդի կողքին, որպեսզի կարողանաք պաշտպանել խաղաղությունը և մարդկանց իրավունքները»: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-արգենտինական բազմաշերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվել է մշակույթի, առևտրատնտեսական կապերի և այլ ոլորտներում առկա փոխգործակցային մեծ ներուժն ու դրա իրականացման կարևորությունը:
18:35 - 30 մայիսի, 2023
Իմ հնարավորությունների սահմաններում աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին

Իմ հնարավորությունների սահմաններում աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյան – Նախ և առաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ ևս իմ աջակցությունը հայտնել Ձեզ և կառավարությանը՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից: Սա կարծում եմ՝ շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը: Իրականում այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան: Ինչպես գիտեք, ես աշխատանքային ուղևորության էի և Կատարում հանդիպել եմ տարբեր գործիչների և իմ կոլեգաների հետ: Ամենակարևոր հանդիպումներից մեկն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հետ էր: Ինձ համար ուրախալի էր լսել իր տեսակետը, որն ուզում եմ փոխանցել նաև Ձեզ: Հայաստանն իրենք ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության և պարտականությունների կատարման առումով: Մեր հանդիպման ընթացքում լրացուցիչ պայմանավորվեցինք, որ կշարունակենք նույն ոճով աշխատել: Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ: Նույնն արձանագրեցինք նաև իմ գործընկերների, Կատարի էմիրի հետ հանդիպումների ժամանակ, իրենք պատրաստակամ են և սպասում են մեր առաջարկներին: Կատարը շատ դինամիկ զարգացող երկիր է, զարմանալի կարճ ժամանակում հաջողություններ է ունեցել: Բոլորիս թվում է, թե միայն ռեսուրսային երկիր է, բայց ըստ էության, իր զարգացման տրամաբանությամբ Կատարը ժամանակակից, բարձր տեխնոլոգիական, գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր է, և հանձինս նրա՝ մենք ունենք համագործակցության պատրաստակամ գործընկերոջ: Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել Ձեզ, որ ինքս իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ և աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, նախ շնորհակալ եմ աջակցության խոսքերի, ինչպես նաև նաև հրավերի համար: Այո, մենք պարբերաբար հրապարակային ֆորմատով հանդիպումներ ենք ունենում, բայց, իհարկե, անգամներով շատ նաև ոչ պաշտոնական հանդիպումներ ենք ունենում՝ քննարկում, խորհրդակցում ենք, փորձում հասկանալ, որոնք են լավագույն լուծումները մեր երկրի համար: Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հրապարակային հանդիպումներն էլ կարևոր են, որպեսզի նաև մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թևերի միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն: Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում: Նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված և խորհրդակցված են խորհրդարանի, Հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենևին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է և պետք է ստանձնի, բայց իմանալ նաև պետության կարևորագույն ինստիտուտների կարծիքն այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է: Նաև ուրախ եմ արձանագրել, որ մեր հանդիպումներում, ըստ էության, մի այսպիսի թրենդ է ձևավորվել՝ մենք առայժմ որքան հանդիպել ենք՝ արձանագրել ենք մեր երկրում բավականին լավ տնտեսական ցուցանիշները: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր այս ավանդույթը որևէ կերպով չի փոխվի: Այդ առումով, կարևոր եմ համարում նաև մեր համագործակցությունը միջազգային տնտեսական և ֆինանսական ինստիտուցիոնալ կառույցների հետ, որովհետև մենք շատ նախանձախնդիր ենք վերաբերվում Հայաստանի վարկին: Իսկապես դա կարևոր է, որովհետև բոլորը չէ, որ բոլոր մանրամասներով հետազոտում են երկիրը: Շատ դեպքերում հենց միջազգային ինստիտուտներից կարծիք են հարցնում, կամ էլ ծանոթանում նրանց հրապարակած կարծիքներին: Այնպես որ, մենք փորձում ենք դրսևորել ինքներս մեզ որպես պատասխանատու գործընկեր: Տարածաշրջանային իրադրության հետ կապված, իհարկե, ես այսօր առիթ ունեցել եմ ասելու, որ հատկապես մեր վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, և կարծում եմ՝ մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է, որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական: Պարոն նախագահ, ես էլ կկիսեմ իմ տպավորությունները, տեղեկությունները վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումներից, բանակցություններից: Իհարկե, մի հատվածը հասցրել ենք քննարկել, հիմա շատ ինտենսիվ է այդ գործընթացը, բայց նաև առաջիկա պլանների մասին Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ է նախատեսվում մեր միջազգային օրակարգում:
21:30 - 29 մայիսի, 2023
«Ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994թ․ պատերազմի ժամանակ»․ ՀՀ նախագահը Կատարի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի իրավիճակը

«Ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994թ․ պատերազմի ժամանակ»․ ՀՀ նախագահը Կատարի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի իրավիճակը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Հիմա մենք ունենք մեծ մարտահրավերներ, և փորձում ենք այդ մարտահրավերները լուծել։ Ասեմ ձեզ, որ հեշտ չէ, բարդ է։ Բարդ է այն պատճառով, որովհետև տարիներ շարունակ մեր պատկերացումները՝ Հայաստանի ապագայի հետ կապված, այլ են եղել, և շատ դեպքերում մենք չենք ուզել այդ ապագան մինչև վերջ պատկերացնել և ձևակերպել, թե ինչպես կլինի այն, թողել ենք, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ժամանակի ընթացքում ինքնուրույն լուծվելուն, կամ ասել ենք՝ ապագայում նոր սերունդ թող գա, թեղ հարցը լուծի»,- նշել է նա։  Խաչատուրյանի խոսքով, սակայն, պարզվում է՝ ժամանակը սահմանափակ է, և ժամանակի ընթացքում այնպիսի նոր խնդիրներ են առաջանում, որ չէի էլ կարող կանխատեսել․ «Այն, ինչ տեղի ունեցավ 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, որը կանխատեսելի էր դեռևս 1991 թվականին կամ 90 թվականին, երբ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով, շատ տեսանելի էր, որ էդպիսի մի իրավիճակ լինելու է։ Բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ»։ ՀՀ նախագահը հայտնեց, որ ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ․ «[Ասել՝] մայիսին կնքել էինք (խաղաղության չասեմ, որովհետև դա խաղաղության չէր), պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր, հետո ասենք կգա ժամանակ, կլուծենք։ 20 և ավելի տարի բանակցային, այսպես կոչված, գործընթացի մեջ էինք։ Այդ բանակցային գործընթացի ժամանակ էլի ճշմարտության հետ չէին ուզում առերեսվել, որովհետև պարզ էր՝ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի։ Եվ մենք փորձում ենք այսօրվա իրավիճակում որպես Հայաստան պետություն արդեն նաև Հայաստանի անվտանգության հարցը լուծել»։
13:08 - 26 մայիսի, 2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի խոսք է հղել ՌԱԿ 29-րդ համագումարի պատվիրակներին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի խոսք է հղել ՌԱԿ 29-րդ համագումարի պատվիրակներին

 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսք է հղել ՌԱԿ 29-րդ համագումարի պատվիրակներին՝ նշելով, որ Հայաստանի անկախացումից հետո ավանդական կուսակցությունն իր սկզբունքային վարքագծով մշտապես կանգնած է եղել մեր պետականության կողքին՝ սերմանելով այնպիսի արժեքներ և ավանդույթներ, որոնք միտված են միմիայն մեր պետականության ամրապնդմանն ու մեր երկրի և քաղաքացիների միասնականությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սրտանց ողջունում եմ Ռամկավար ազատական կուսակցության 29-րդ համագումարի բոլոր մասնակիցներին:Ավելի քան մեկ դար կուսակցությունն իր գործունեությամբ անմնացորդ ծառայել է աշխարհասփյուռ հայության և Սփյուռքի հայկական համայնքների հասարակական կյանքի հիմնահարցերի լուծմանը:Ստեղծման օրվանից Ռամկավար ազատական կուսակցությունը ձեռնամուխ եղավ ինչպես համահայկական օրակարգի խնդիրների լուծման, այնպես էլ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործին՝ հետագայում նշանակալի դեր ունենալով հայերի ներգաղթի կազմակերպման մեջ:Անուրանալի է կուսակցական նշանավոր գործիչներ Վահան Թեքեյանի, Արշակ Չոպանյանի, Միհրան Տամատյանի և այլոց վաստակը հայ քաղաքական, հրապարակախոսական և գրական մտքի զարգացման գործում:Ռամկավար ազատական կուսակցությունն իր ուրույն դերակատարությունն է ունեցել և ունի հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում և իր պատմությամբ ու անցած ճանապարհով արժանի է բարձր գնահատանքի: Հայաստանի անկախացումից հետո ավանդական կուսակցությունն իր սկզբունքային վարքագծով մշտապես կանգնած է եղել մեր պետականության կողքին՝ սերմանելով այնպիսի արժեքներ և ավանդույթներ, որոնք միտված են միմիայն մեր պետականության ամրապնդմանն ու մեր երկրի և քաղաքացիների միասնականությանը:ՌԱԿ 29-րդ համագումարը լավ առիթ է անցած ճանապարհը նորովի արժևորելու, զարգացման նոր ուղենիշեր սահմանելու համար: Համոզված եմ, որ կուսակցությունը շարունակելու և ընդլայնելու է իր ստեղծարար ներկայությունը Հայաստանի և ողջ հայության կյանքում:Համագումարի պատվիրակներին մաղթում եմ բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր հայրենակիցների բարօրության»:
22:03 - 24 մայիսի, 2023